Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2005 թվականին՝

Դեկտեմբերի 6-10-ին

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Russian flagԱյս օրերին պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Հանդիպումներ են կայացել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի եւ ՍԴ դատավորների հետ։ Երկու դատարանների միջեւ վաղուց ի վեր սերտ համագործակցություն կա՝ ՀՀ ՍԴ-ի կազմակերպած ամենամյա երեւանյան միջազգային գիտաժողովներին ռուսաստանցի գործընկերները միշտ մասնակցել են ՍԴ նախագահի մակարդակով, եւ փոխադարձ այցելություններն այսօր էլ շարունակվում են։

ՍԴ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաեւ ՌԴ Գերագույն եւ արբիտրաժային դատարանների նախագահների հետ։

Այս տարվա հուլիսին Մոսկվայում վախճանվեց մեր հայրենակից, Սոցիալական եւ իրավական փիլիսոփայության միջազգային ասոցիացիայի ռուսաստանյան ազգային խմբի նախագահ, ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցը, որը նաեւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի պատվավոր անդամ էր։ Մեր պատվիրակությունը այցելեց Ներսեսյանցի գերեզմանին, որտեղ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հոգեւոր թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ հոգեհանգստի արարողություն կատարվեց։

ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակության պաշտոնական այցի ծրագիրը (ռուսերեն)

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 2-ին՝

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

LogoՍեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի ունեցավ երեւանյան միջազգային ավանդական X խորհրդաժողովը, որն այս անգամ հոբելյանական էր նաեւ նրանով, որ նվիրված էր ՀՀ Սահմանադրության ընդունման եւ ՀՀ Սահմանադրական դատարանի կազմավորման տասնամյակներին։ Քննարկման էր դրված շատ արդիական թեմա՝ «Իրավական սկզբունքներն ու քաղաքական իրողությունները սահմանադրական վերահսկողություն իրականացնելիս»։

Խորհրդաժողովը հոբելյանին արժանի ներկայացուցչական էր նախ կազմակերպիչների առումով (ՀՀ սահմանադրական դատարանը միջազգային 3 կազմակերպության հետ համատեղ), ապա եւ՝ մասնակիցների՝ 25 երկրի ներկայացուցիչներ։ Առաջին անգամ երեւանյան խորհրդաժողովին մասնակցում էր Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցությունը՝ նախագահի (Շերիլ Սանդերս) մակարդակով։ Դա քննարկվող թեմայի արդիականության, այդ թեմայի քննարկման մակարդակի, միջազգային հնչեղության վկայություն էր։ Մասսայական հրապարակայնության պայմաններում ոչ միայն մասնագետները, այլեւ հասարակության լայն շերտերը մոտիկից շփվեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Լյուսիուս Վայլդհաբերի, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիոանի Բուքիքիոյի, ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի, Լեհաստանի, Լատվիայի, Սլովակիայի, Վրաստանի ՍԴ նախագահների ու համաշխարհային ճանաչում գտած մեծ թվով իրավագետների, սահմանադրագետների հետ։ Եվ բնավ էլ պատահական չէր ԶԼՄ-ների մեծ ուշադրությունն ու երկօրյա լուսաբանումը՝ դրական արձագանքներով։ Նաեւ երկրի ղեկավարության համար առանձնակի ուշադրության առարկա էր խորհրդաժողովը, մանավանդ, որ ընթանում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, եւ ՀՀ նախագահը մասնակցեց ու ողջույնի խոսք ասաց. «Հայաստանը նախապատրաստվում է սահմանադրական լուրջ բարեփոխումների... Արդյունավետ աշխատանքը եվրոպական կառույցների, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի հետ, տարիներ տեւած քննարկումները մոտենում են եզրագծին... Կարծում եմ, որ խորհրդաժողովի քննարկումները կառնչվեն նաեւ մեր իրականությանը եւ հանրությանը կօգնեն խորությամբ ընկալելու սահմանադրական զարգացումների մեծ կարեւորությունը։ Չեմ կասկածում, որ խորհրդաժողովը կունենա նաեւ միջազգային լուրջ հնչեղություն»։

Միջազգային հնչեղությունն արդեն իսկ երկրորդ օրվանից էր զգացվում, երբ մասնակիցները ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին խնդրանքով դիմեցին՝ հետագայում ստանալու խորհրդաժողովի նյութերի էլեկտրոնային տարբերակները։ Նրանք շտապեցին ասել մի բան, որ Հարությունյանն արդեն նախատեսել էր։ Այս խորհրդաժողովի նորություններից մեկն էլ դա կլինի։ Իսկ արդեն ավանդական է դարձել յուրաքանչյուր խորհրդաժողովից հետո, զեկուցումների ու քննարկված թեմայի շուրջ ծավալված բանավեճի նյութերով ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից «Ալմանախ» քառալեզու ամենամյա տարեգրքի հրատարակումը (2002 թվականից), որն ուղարկվում է աշխարհի 107 երկիր։

Վերադառնալով բուն Խորհրդաժողովին, ասենք, որ վերը նշյալ հիմնական թեմայի շրջանակներում քննարկվեցին «Սահմանադրական դատարանն իշխանության այլ ճյուղերի եւ միջազգային դատարանների հետ փոխհարաբերություններում», «Քաղաքական հիմնախնդիրները սահմանադրական արդարադատության պրակտիկայում», «Անցումային շրջանում գտնվող երկրների սահմանադրական զարգացումների եւ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրները» եւ «Առանձին իրավունքների շուրջ բանավեճեր, լուծումներ» ենթաթեմաները։

Ինչո՞վ է այդքան կարեւորվում ողջ աշխարհում սահմանադրական վերահսկողությունը, որի շուրջ նման մակարդակի բանավեճեր ու քննարկումներ են տարվում։ Լրագրողների այսօրինակ հարցադրումներին ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց հետեւյալը.

-Սահմանադրական արդարադատություն կամ սահմանադրական վերահսկողություն ասելով պետք է հասկանալ մի կարեւորագույն խնդրի լուծում՝ երաշխավերել Սահմանադրության գերակայություն։ Այդ գործընթացն իրականացնելու համար սահմանադրական դատարանները պետք է կարողանան լուծել կարեւորագույն երեք խնդիր՝ վերահսկել օրենքների եւ նորմատիվ ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, ապահովել ու պաշտպանել մարդու իրավունքները, լուծել սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերը։ Բոլոր երեք ուղղություններով էլ փնտրվում են առավել արդյունավետ լուծումներ։

Իսկ ինչպիսի՞ն է վիճակը մեզանում։

Մեր դատարանին վերապահված է միայն առաջին խնդիրը լուծելու լիազորությունը, բայց դա էլ իրագործվում է ոչ ամբողջությամբ՝ դիմող սուբյեկտների նեղ շրջանակի պատճառով։ Օրինակ, սահմանադրական դատարանն իրավունք ունի քննել նաեւ կառավարության որոշումները, բայց 10 տարվա ընթացքում այդպիսի գոնե մի դիմում չի մտել սահմանադրական դատարան։

Ընթերցողի համար պարզաբանենք, որ ՀՀ ՍԴ-ն գործեր քննում է միայն ստացված դիմումների հիման վրա, իսկ դիմող սուբյեկտների ցանկը չափազանց փոքր է, մի բացթողում, որն անշուշտ, Սահմանադրական բարեփոխումների արդյունքում կլրացվի։

Ամենամյա միջազգային երեւանյան խորհրդաժողովներից զատ մեր երկրում սահմանադրական արդարադատության հաստատման խնդրին առնչվող թեմաների բազում առանձին քննարկումներ են կատարվել ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից, նաեւ՝ այդ թեմայի ուսումնասիրությունների (համաշխարհային փորձի համեմատական վերլուծությամբ) արդյունքում սահմանադրական իրավունքի խորհրդի նախագահ Գ. Հարությունյանի հեղինակած մի շարք գրքեր են հրատարակվել, ուր առաջարկվում են հայեցակարգային մոտեցումներ՝ Հայաստանում սահմանադրական զարգացումների անհրաժեշտ քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու, երկրում սահմանադրականություն հաստատելու խնդրով մտահոգ։ Եվ պատահական չէր ընտրված խորհրդաժողովում նրա ունեցած զեկուցման թեման՝ «Սահմանադրականության որոշ իրավաքաղաքական ձեւախեղումները վերափոխվող հասարակական համակարգերում»։ Այդ զեկուցման նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր ոչ միայն խորհրդաժողովի մասնակիցների, այլեւ լրագրողների մոտ, որոնց համար Գ. Հարությունյանը որոշ մեկնություններ ներկայացրեց. «Սահմանադրականությունը գործնական իրականության մեջ որոշ ձեւախեղումների է ենթարկված։ Դրա վկայությունը ոչ միայն հասարակական բացասական էներգիայի կուտակումներն են ու որպես հետեւանք՝ տարաբնույթ գունավոր հեղափոխությունները, այլեւ այն, որ հիմնական կարգախոս դարձնելով իրավական պետության եւ ժողովրդավարության սահմանադրական սկզբունքները, գործնականում դրանցից շեղման ակնհայտ միտումներ են առկա»։

...Խորհրդաժողովի հյուրերն իրենց հետաքրքիր զեկուցումներով եւ հարցերի քննարկման իրենց ակտիվ մասնակցությամբ ոչ միայն առաջավոր փորձ ներկայացրին ու նոր փորձ յուրացրին, այլեւ տարբեր հանդիպումների, Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու հաճելի առիթներ ունեցան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

(Լուսանկարները 1 | 2 | 3 | 4 |՝ հեղինակի)

Մակագրություններ։

1. Խորհրդաժողովի մասնակիցների հրաժեշտի լուսանկարը։

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լ. Վայլդհաբեր եւ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վ. Պողոսյան։

3. Լրագրողներից «պրծում» չկա։

4. (Շապիկի համար, հոդվածի բնաբանի հետ)

Սեպտեմբերի 15-ին՝

logo Գ. Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների առաջատար փորձագետ Վիլլիամ Բարքերին եւ ՄԱԿ-ի՝ Եվրոպային եւ ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի խորհրդական Սերգեյ Սիրոտկինին։ Նրանք Հայաստանում են գտնվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ՀՀ ԱԺ-ի կողմից համատեղ իրականացվող՝ «Հայաստանում մարդու իրավունքների իրազեկման եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման» ծրագրի շրջանակներում։

Հյուրերը կարեւորեցին ՀՀ սահմանադրական դատարանի դերը Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի (ՄԻԳԾ) մշակման գործում՝ իրենց այցելությունը պայմանավորելով ՍԴ-ի հետ Հայաստանում ՄԻԳԾ իրականացման հնարավորությունները քննարկելու անհրաժեշտությամբ։

Պարոն Հարությունյանը կարեւորեց հյուրերի առաքելությունը եւ ծրագիրը, որի իրականացումը մեծ կարեւորություն կունենա մեր երկրի համար։ Նա մտահոգություն հայտնեց, որ մարդու իրավունքները դեռեւս չեն ճանաչված որպես անօտարելի, հիմնարար իրավունք, հետեւաբար չի ճանաչված նաեւ իրավունքի գերակայությունը։ Ներկայացրեց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, եւ շուտով ՍԴ-ն կհրատարակի «Սահմանադրական դատարանի դիրքորոշումները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում» գիրքը։ Հարությունյանը շեշտեց նաեւ սեպտեմբերի վերջին կայանալիք երեւանյան միջազգային գիտաժողովի մեծ նշանակությունը, որին մասնակցելու են 28 երկրի պատվիրակներ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար։

Մայիսի 13-ին

logoԳ. Հարությունյանն ընդունեց ԵԽԽՎ դիտարկման (մոնիտորինգի) հանձնաժողովի համազեկուցողներ Եժի Յասկերնիային եւ Ժորժ Կոլումբիեին։ Նրանք պատրաստելու են Հայաստանի մասին նոր զեկույց։ Պարոն Յասկերնիան ՍԴ-ում եղել էր անցյալ տարի 2004թ. Հունիսի 11-ին։

Այս անգամ հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի իրավունքների հետ կապված գործի քննության արդյունքում ՍԴ կայացրած որոշումից։ Պարզեցվեց այն հարցը, որ այդ որոշմամբ ՍԴ-ն Օմբուդմենի իրավունքների սահմանափակման խնդիր դրված չի դրել. հստակեցվել է այն հարցը, թե որքանով է այդ իրավասությունը հատում այն սահմանը, որից հետո համարվում է միջամտություն դատական գործերին։

Զրույցի ընթացքում քննարկվեցին սահմանադրական բարեփոխումների, այդ խնդրում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության, բարեփոխումների ճանապարհով դատական համակարգի բարելավման, Երեւանի քաղաքապետի ընտրության եղանակների եւ շատ այլ հարցեր։

Մարտի 18-ին

logo ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական համագործակցության բաժնի պետ Սիմոնա Գրանադա Մենգինիին եւ Իռլանդիայից Վենետիկի հանձնաժողովի անդամ, փորձագետ Ֆինոլա Ֆլանագային։ Պարոն Հարությունյանը հյուրերին հակիրճ ծանոթացրեց ՍԴ գործունեությանը, ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների հետ կապված իր տեսակետները։

Մարտի 4-ին

logoՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կազմում ՀՀ ընտրական օրենսգրքի գրավոր փորձագիտական եզրակացության քննարկմանը մասնակցելու առիթով Հայաստանում գտնվող Պիեռ Գարոնին։

Պարոն Գարոնն իր տեսակետները հայտնեց Հայաստանի ընտրական համակարգի մեխանիզմների հստակեցման, դրանք օրենքով ամրագրելու, նախընտրական քարոզչության փուլը վերահսկելի դարձնելու, քաղաքական համաձայնության եւ ընտրությունները արդար ու թափանցիկ անցկացնելուն ուղղված շատ այլ խնդիրների կարգավորման շուրջ։ Կարեւորվեց ընտրություններում միջազգային փորձը ներդնելու խնդիրը։

Հունվարի 31-ից փետրվարի 3-ը

logoՖրանսիայի Սահմանադրական Խորհրդի պաշտոնական հրավերով Փարիզում էր գտնվում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը՝ կազմով նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյան, դատավորներ Ֆ. Թոխյան, Զ. Ղուկասյան։

Այցի առաջին օրը սահմանադրական արդարադատության երկու ինստիտուտների՝ Ֆրանսիայի ՍԽ-ի եւ ՀՀ ՍԴ-ի պարվիրակության միջեւ խորհրդաժողովի եւ փորձի փոխանակման ձեւով քննարկումներ տեղի ունեցան սահմանադրական արդարադատության արդիական հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ կատարվեց Եվրաինտեգրման, Եվրամիության Սահմանադրության ընդունման հետ կապված խնդիրներին (նախատեսված է մոտակա ժամանակներում Եվրամիության Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացում Ֆրանսիայում, ինչի գործընթացի նկատմամբ նույնպես սահմանադրական վերահսկողություն է իրականացվելու)։

Քննարկումների ժամանակ մանրամասն ներկայացվեց ընտրական ամբողջ գործընթացների նկատմամբ Ֆրանսիայի ՍԽ-ի կողմից իրականացվող սահմանադրական վերահսկողության փորձը։ Արծարծվեցին նաեւ սահմանադրական խորհուրդ դիմող սուբյեկտների շրջանակին առնչվող հարցերը, ինչը խիստ կարեւոր նշանակություն ունի սահմանադրական արդարադատության իրականացման համար։

Նախորդ երկկողմանի այսօրինակ այցելությունների համեմատ, որոնք մեծամասամբ ճանաչողական բնույթ ունեին, այս հանդիպումը հիմնականում գործնական խնդիրների քննարկում էր, փորձի փոխանակում, նոր հազարամյակի մարտահրավերներին ընդառաջ գնալու ուղիների ճշտում։ Ֆրանսիացի գործընկերներն այս անգամ նախապատրաստական մեծ աշխատանք էին տարել։ Նրանք լավ ծանոթ են ՀՀ ՍԴ-ի գործունեությանն ու նրա միջազգային կապերին, լայնորեն օգտվում են ՍԴ վեբ-կայքում տեղադրված հսկայածավալ նյութից՝ շեշտելով վեբ-կայքի եւ բովանդակային, եւ նյութերի բազմազանության առավելությունը։ Եվ բնավ էլ պատահական չէ, որ աշխարհի Սահմանադրական դատարանների եւ համարժեք մարմինների վեբ-կայքերի շարքում ՀՀ ՍԴ-ինը 13-րդն է։ Ֆրանսիացիների մոտ դրական մեծ արձագանք են գտնում Սահմանադրական իրավունքի կենտրոնի հրատարակած գրքերն ու ամսագրերը, ի մասնավորի՝ քառալեզու «Ալմանախ»-տարեգիրքը։

Այցի շրջանակներում մեր պատվիրակությունն այցելեց նաեւ Ֆրանսիայի Պետական խորհուրդ, վճռաբեկ դատարան, Եվրաինտեգրման պետական հանձնաժողով։

Երկկողմ մեծ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումները կազմակերպված էին բացառիկ ջերմ ընդունելությամբ եւ բարձր մակարդակով։

[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]