Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2006 թվականին`

2006թ. նոյեմբեր
ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի պատասխանները Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հանրային կապերի եւ կազմակերպական զարգացման պատասխանատու Մերի Եգանյանի հարցերին

ԻՐԱՎՈՒՆՔԸ ԻՐԱՎՈՒՆՔ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱՅՆ ՀՍՏԱԿ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ Է

-Պարոն Հարությունյան, սահմանադրական փոփոխությունների արդյունքում զգալիորեն փոփոխվեցին նաեւ Սահմանադրական դատարանի լիազորությունները, ընդունվեց «Սահմանադրական Դատարանի մասին» նոր օրենքը։ Խնդրում եմ հայտնել Ձեր տեսակետը այս կապակցությամբ։

-Հարցին մոտենանք մի փոքր ճշգրտումով, որ լիազորությունների դաշտը էապես չի փոխվել, փոխվել են ՍԴ-ի լիազորությունների իրականացման նախադրյալները։ Եվ այդ փոփոխությունները էական են։ Էական են, քանի որ ընդհանրապես սահմանադրական արդարադատություն իրականացնելիս անկախության այլ բաղադրատարրերի շարքում բացառիկ կարեւոր նշանակություն ունի Սահմանադրական դատարանների գործառնական ու կառուցակարգային անկախության երաշխավորումը։ Այստեղ խոսքը գործառնական անկախության եւ գործունակության մասին է։ Եթե դատարանն ունի լիազորություն, որը չի իրացվում, ապա այդ լիազորությունը դառնում է վերացական լիազորություն։ Ինչպես, օրինակ, մարդը, եթե ունի իրավունք, եւ այն չի իրացվում, նշանակում է մարդն այդ իրավունքը պարզապես չունի։ Իրավունքը իրավունք է դառնում միայն այն ժամանակ, երբ դա հստակ իրագործելի իրավունք է, իրացվող իրավունք։ Նույն, բավականին ծանր վիճակում, հայտնվել էինք մենք, եւ այդ վիճակը պայմանավորված էր նրանով, որ, ասենք, ՍԴ-ն իրավասություն ուներ գնահատելու նորմատիվ ակտերից օրենքների, կառավարության, ԱԺ-ի որոշումների, Նախագահի իրավական ակտերի սահմանադրականությունը, բայց այդ ակտերի գծով տաս տարի ոչ մի դիմում չէր ստացվել, իսկ որոշ հարցերով, օրինակ օրենքի սահմանադրականության հարցով, ընդամենը 8 գործ էր քննվել։ Սա բավարար չէ սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար։ Սահմանադրական արդարադատությունը պետք է լինի անընդհատ, ընդգրկուն եւ գործուն, որպեսզի վերահսկողության առարկան գտնվի այդ դաշտում։ Հակառակ պարագայում` այդպիսի էպիզոդիկ գնահատումով սահմանադրական արդարադատություն չի իրականացվի։

-Խնդրում ենք ասել, թե ըստ Ձեզ որո՞նք են կատարված ամենաէական փոփոխությունները։

-Մեր Սահմանադրության առանցքային փոփոխություններից մեկը մարդու իրավունքների վերաբերյալ մոտեցման մեթոդաբանության փոփոխումն է։ Դա չափազանց կարեւոր է, որ շատերը դեռ չեն ընկալում եւ գիտակցում, որ մեր Սահմանադրության նախորդ տարբերակում մարդու իրավունքների վերաբերյալ ըստ էության տեղ էր գտել այսպես կոչված ձեւախեղված պոզիտիվիստական մոտեցումը, երբ խոսքը վերաբերում էր ոչ թե իրավունքի, այլ օրենքի գերակայությանը, եւ մարդկանց իրավունքները չէին ճանաչված որպես բարձրագույն արժեք եւ անմիջական գործող իրավունքներ։ Սահմանադրականորեն փոփոխվեց մարդու իրավունքի գերակայության սկզբունքը, եւ այդ իրավունքները ճանաչվեցին ոչ միայն որպես անմիջական գործող իրավունքներ, այլ նաեւ որպես բարձրագույն արժեք, այդ թվում մարդու արժանապատվությունը` որպես այդ իրավունքների հենք, եւ այլեւս այդ իրավուքները պետության համար դարձան պետական գործառույթների սահմանափակիչներ։ Պետությունը սահմանափակված է այդ իրավունքներով` որպես անմիջական գործող իրավունքներ։ Սա մեթոդաբանական բոլորովին այլ մոտեցում է եւ այս մոտեցումը համահունչ է ոչ միայն այսօրվա եվրոպական չափանիշներին, այլ նաեւ մեր պատմական զարգացումների շատ հետաքրքիր ընդհանրացումներին՝ սկսած 1184թ.-ի Գոշի Դատաստանագրքով, Որոգայթ փառացով այս հարցը շատ խորը ընկալում եւ իրացում է գտել մեր պատմության մեջ։ Եվ բարեբախտաբար այսօր մենք ոչ միայն եվրոպական ավանդույթների, այլ նաեւ մեր պատմական ավանդույթների շարունակողն ենք դառնում, եւ սա պատմությունից ճիշտ դասեր քաղելու օրինակներից մեկն է։ Սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով առանցքային փոփոխությունը, որ կատարվեց, այն էր, որ ՍԴ լիազորությունները դարձվեցին գործուն լիազորություններ` փոփոխություն կատարելով հատկապես 101 հոդվածում եւ ընդլայնելով ՍԴ դիմող սուբյեկտների ցանկը։ Այժմ Սահմանադրական դատարան դիմում են ոչ միայն երկու սուբյեկտներ, այլ դրանց ցանկը բավականին ընդլայնված է, եւ դիմելու հնարավորությունը բավականին հեշտացված եւ հստակեցված է։ Նախկինում դիմում էին պատգամավորների 1/3-ը, ներկայումս այդ թիվը փոխվեց 1/5-ի, եւ փոփոխությունն անմիջապես իրեն զգացնել տվեց. այս 3 ամսվա ընթացքում արդեն ԱԺ պատգամավորներից երկու դիմում է ներկայացվել ՍԴ։ Քաղաքացիները ՍԴ դիմելու հնարավորություն չունեին, այժմ նրանք կարող են դիմել ՍԴ, երբ դատական բոլոր մակարդակներում իրենք սպառել են պաշտպանության հնարավորությունները, վերջնական դատական ակտը ուժի մեջ է մտել, եւ այդ ակտով նրանց նկատմամբ կիրառվել է օրենքի նորմ, որի սահմանադրականությունը նրանք վիճարկում են։ Խնդիրը թողնվել է միայն այս նեղ շրջանակում` օրենքի նորմի սահմանադրականության վիճարկումը կոնկրետ դատական գործով։ Չնայած դրան, այս ընթացքում արդեն մեզ դիմել են շուրջ 430 քաղաքացի, որոնց մի մասը ծանոթանալով, ճշտելով պայմանները, դիմելու կարգը, իրավունքները եւ այլն, հրաժարվել է գրավոր դիմել։ Պատկերացրեք, օրենքի սահմանադրականության հարցով 10 տարում դատարանը քննության է առել ընդամենը 8 գործ, իսկ միայն երեք ամիսների ընթացքում արդեն շուրջ 20 այդպիսի գործ է ընդունել քննության։ ՍԴ-ի դիրքորոշումները իրականում կդառնան սահմանադրական իրավունքի եւ ընդհանուր օրենսդրության համար իրավունքի աղբյուր, եւ ներազդեցությունը սահմանադրական գործընթացների վրա կլինի շոշափելի ու արդյունավետ։ Բացի դրանից, կարեւոր պարագաներից մեկն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանը հնարավորություն ունեցավ դիմել ՍԴ։ Վերջինս արդեն երկու դիմում է ներկայացրել ՍԴ։ Մեկը քննության է առնվել եւ որոշումը կայացվել է սեփականության օտարման հարցերի վերաբերյալ, որի պահանջով այսօր օրենսդրական կարգավորումներ են փորձում իրականացնել, եւ երկրորդ դիմումի քննությունն էլ նշանակվել է դեկտեմբերի 12-ին, որտեղ մարդու իրավունքների պաշտպանը քննության առարկա է դարձրել Կուսակցությունների մասին օրենքը։ ՍԴ դիմելու հնարավորություն են ստացել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, գլխավոր դատախազը, դատարանները։ Դատարաններից մեկ դիմում արդեն ստացվել է, եւ ՍԴ-ն որոշում կայացրել է։ Այսինքն, դիմողների շրջանակն այսօր կարելի է բավարար համարել` արդյունավետ սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար։

-Կատարված սահմանադրական փոփոխություններն արդյո՞ք բավարար են Հայաստանում սահմանադրական արդարադատության լիարժեք իրականացման համար։

-Ես չէի համարի, թե սահմանադրական այդ փոփոխություններով այս ոլորտում խնդիրներն ամբողջությամբ լուծված են։ Այն լուծումները, որոնք արվել են, անհրաժեշտ էին, բայց իմ կարծիքով` ոչ բավարար։ Ոչ բավարար, որովհետեւ առանցքային երկու խնդիր դուրս է մնացել այսօրվա լուծումներից, թերեւս երեքը կարելի է ասել։ Առաջինն այն է, որ սահմանադրական լիազորությունների հարցով վեճերի լուծման խնդիրը մնացել է օդում կախված։ Բոլոր երկրները, հատկապես 21-րդ դար թեւակոխած առաջադիմական մոդել ունեցող երկրները, այդ խնդիրը լուծել են։

Առաջինը գերմանացիները դեռեւս 1949 թվականին իրենց հիմնական օրենքում անդրադարձան այս հարցին` որպես կարեւորագույն խնդիրներից մեկը, եւ առաջին լիազորությունը, որ վերապահեցին դաշնային ՍԴ-ին, այն էր, որ վերջինս պետք է լուծի սահմանադրական մարմինների լիազորությունների հարցով առաջացած վեճերը, եւ այդ վեճերը լուծի Սահմանադրությունը մեկնաբանելով։ Այսինքն` առաջ է գալիս նաեւ այսպես կոչված վերացական մեկնաբանման անհրաժեշտություն, որը ծագում է վեճերի լուծման ժամանակ, եւ մեկնաբանելով սահմանադրության նորմը, լուծվում են այդ վեճերը, եւ այդ մեկնաբանությունը դառնում է պաշտոնական մեկնաբանություն վեճերի լուծման ժամանակ։

Երկրորդ կարեւոր խնդիրը այն էր, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ցուցաբերվեց վախվորած մոտեցում։ Այս մոտեցումը կա միջազգային սահմանադրական պրակտիկայում՝ սա ունեն Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը, Ռուսաստանի ՍԴ-ն, եւ սահմանափակվում է միայն օրենքի նորմի սահմանադրականության գնահատմամբ, սա թերեւս բավարար չէ այն առաջադիմական մոդելների առումով, որ այսօր կան Գերմանիայում, Իսպանիայում, մի շարք այլ երկրներում։ Դասական մոդելն այն է, որ եթե սահմանադրական իրավունքներն անմիջական գործող իրավունքներ եւ բարձրագույն արժեք են ճանաչվում, (ՍԴ-ի մասին մեր օրենքում էլ ասվում է, որ ՍԴ-ն երաշխավորում է սահմանադրության գերակայությունն ու անմիջական գործողությունը), անմիջական գործողությունը չես կարող երաշխավորել, առանց իրավունքները որպես անմիջական գործող իրավունքներ անհրաժեշտ ձեւով պաշտպանելու եւ ապահովելու։ Այսինքն` դատարանը պետք է քննության առներ ոչ միայն օրենքի նորմի սահմանադրականությունը, այլ նաեւ այն, թե մարդու իրավունքներն արդյո՞ք վերջնական ձեւով պաշտպանվել են, թե ոչ։

Երրորդ հարցը կապված է շատ նուրբ եւ խորքային պրոբլեմի հետ։ Ինչպես նախկին խորհրդային, այնպես էլ արեւելյան Եվրոպայի շատ երկրներ, երբ ժողովրդավարացման այս նոր ալիքի պայմաններում փորձեցին իրենց դատաիրավական բարեփոխումներն իրականացնել, կանգնեցին հետեւյալ հարցի առջեւ. սահմանադրական արդարադատությունը լիարժեք ներդնելն անհրաժեշտություն է։ Այս պարագաներում ինչպե՞ս վարվել ենթաօրենսդրական ակտերի` օրենքին համապատասխանության հարցի լուծման հետ։ Արդյո՞ք անրաժեշտ է ստեղծել հատուկ վարչական դատարաններ եւ դրանց միջոցով փորձել խնդիրը լուծել, կամ դա վերապահել ընդհանուր իրավասության դատարաններին, թե՞ այստեղ որոշակի տարանջատում կատարել։ Երկրների մեծ մասը, հատկապես փոքր երկրները, որոնք եւ մարդկային, եւ ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտություն ունեն եւ չեն ձգտում ստեղծել գաճաճ դատարաններ, որոնք ավելի շատ ներարկման օբյեկտ են դառնում, նաեւ Լեհաստանում, Սլովենիայում եւ այլն, գնացին այն ճանապարհով, որ հիմնականում ենթաօրենսդրական ակտերի` օրենքին համապատասխանության հարցը վերապահեցին ՍԴ-ներին։ Այսինքն ՍԴ-ն ինչո՞վ է տարբերվում այլ դատարաններից. սա իրավունքի դատարան է, մյուս դատարանները փաստի դատարան են, որ կիրառման կամ սխալ կիրառման հանգամանքներն են քննում, իսկ ՍԴ-ն քննում է, թե հենց ակտն ինքը որքանո՞վ է սահմանադրական, իրավունք ունի՞ գոյություն ունենալ, թե ոչ։ Եվ, ելնելով այս տրամաբանությունից, առանձնացրեցին. ՍԴ-ներին վերապահեցին ոչ միայն օրենքի սահմանադրականության հարցը, ոչ միայն նորմատիվ ակտերի` Սահմանադրությանն համապատասխանության հարցը, այլեւ այդ ակտերի` օրենքին համապատասխանության հարցը, միջագային պայմանագրերին համապատասխանության հարցը, իսկ կիրառման հետեւանքների հետ կապված հարցերը թողեցին ընդհանուր իրավասության դատարաններին կամ Վարչական դատարաններին։ Մեզ մոտ հրաժարվեցին այս մոտեցումից՝ պատճառաբանելով, թե ցանկություն կա ստեղծել Վարչական դատարանների համակարգ, իսկ այսօր կա նույնիսկ որոշակի իրավական բաց այս հարցում։ Վարչական դատարանը չկա, քաղաքացին ենթաօրենսդրական ակտերին վերաբերող հարցերով ՍԴ դիմել չի կարող, ընդհանուր իրավասության դատարանները նորմատիվ իրավունքով ունեն իրավասություն գնահատել բոլոր ակտերի` օրենքին համապատասխանության հարցը, բայց դատավարական օրենսգրքերն այստեղ որոշակի արգեքներ են դնում։ Այսինքն չկա որեւէ հստակություն, որի արդյունքում տուժում է անձը, նրա իրավունքները, նրա իրավունքների պաշտպանությունը եւ վերջին հաշվով արդարադատությունը։

Հարցեր կան, որոնք դեռեւս լուծման փուլում են եւ պետք է լուծվեն։ Ընդ որում պետք է լուծվեն ոչ թե հեծանիվ հայտնաբերելով, այլ միջազգային փորձը խորությամբ հաշվի առնելով եւ տեսնելով, թե հատկապես նույնատիպ երկրներում, որոնք արդեն ինչ-որ տեղ ժողովրդավարական զարգացումների ճանապարհին առաջընթաց քայլեր են կատարել, արձանագրել արդյունքներ, ինչպե՞ս, ի՞նչ արդյունավետությամբ են աշխատում այս ինստիտուտները, որ հնարավոր լինի կատարելագործել։ Այսինքն, այս փոփոխությունները առնչվում են նաեւ սահմանադրական արդարադատության համակարգի հետ, եւ ես համոզված եմ, որ համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա։

 

2006 թ. Հոկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԽ իրավական հարցերի տնօրինության ղեկավար Գի դե Վելին, ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տկն. Բոյանա Ուրումովային՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության բաժնի վարիչ տկն. Նարինե Նիկոլյանի։

Զրույցի հիմնական թեման ՍԴ մասին ՀՀ օրենքի ընդունման հետ կապված ՍԴ դիմող սուբյեկտների թվի ավելացումն է, որն, անշուշտ, շատ դրական է եւ դրա հետեւանք՝ ՍԴ գործունեության նկատելի փոփոխությունը։

Երկուստեք կարեւորվեց Եվրոպական խորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը, ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը։

 

2006թ. թվականի հոկտեմբերի 7-ին

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ՝ ՓՈՐՁԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանն իր կազմավորման առաջին իսկ տարվանից (1996թ. փետրվարի 6) մի շատ նկատելի ավանդույթի սկիզբ դրեց` երեւանյան միջազգային ամենամյա սեմինարների կազմակերպում։ Առաջին սեմինարի (1996թ. հոկտեմբերի16-18-ը) թեման` «Սահմանադրական վերահսկողությունը եւ ժողովրդավարական գործընթացները նորանկախ երկրներում» բնավ էլ պատահական չէր ընտրված` պետության կայացման ճանապարհին առաջնահերթ էր դառնում սահմանադրական արդարադատության հաստատման ուղիների որոնումը` օգտագործելով այլ երկրների կուտակած փորձը։ Այդ մտահոգությամբ եւ աշխարհի առաջավոր երկրների փորձի յուրացման ու դրա աստիճանաբար կիրառման ճանապարհով էլ ՀՀ սահմանադրական դատարանը ներկայացավ աշխարհին` առաջին մուտքն ունենալով Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով), որի հետ համագործակցությունը սկսվեց 1996 թվականից` հիշյալ սեմինարով։ Մեկ տարի անց, 1997թ. հոկտեմբերին, հիմնադրվեց «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, որի գործունեության համակարգող ընտրվեց ՀՀ ՍԴ-ն։

Հիմնականում այս երկու կազմակերպությունների եւ ՀՀ ՍԴ-ի ու ՀՀ սահմանադրական իրավունքի Կենտրոնի միջոցով էլ ավանդաբար կազմակերպվում են երեւանյան միջազգային խորհրդաժողովները։

Եվ ահա հոկտեմբերի 5-ին մեկնարկեց հերթական՝ 11-րդ-ը՝ մերօրյա պահանջներից բխող արդիական թեմայով՝ «Սահմանադրական դատարանների դերը ժողովրդավարական ընտրությունների ապահովման գործում»։ Արդիական, որովհետեւ երկիրը խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախաշեմին է, եւ այս առումով շատ կարեւոր է միջազգային փորձը, որի տարածման հրաշալի առիթ են նման խորհրդաժողովները։

Ընտրությունների ազատ, թափանցիկ ու ժողովրդավարության չափանիշներով անցկացման առաջին նախապայմանն, ինչ խոսք, կատարյալ օրենք ունենալն է ու դրա ճիշտ կիրառումը։ Հատկապես այս էր շեշտում առաջին նիստը նախագահող, Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիոանի Բուքիքիոն՝ «օրենքը պետք է լինի պարզ, հստակ, մատչելի»։

Ասել է՝ ընտրական վեճերի լուծման ճանապարհին առաջին նախապայմանը կատարյալ օրենք ունենալն է։ «Սահմանադրական խորհուրդն ու ընտրական վեճերը» իր զեկուցման մեջ այս էր շեշտում նաեւ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի անդամ Ժակլին դե Գիենշմիդտը՝ ներկայացնելով ընտրական վեճերի լուծման իրենց փորձը։ Ընդհանրապես խորհրդաժողովի առաջին օրը հագեցված էր հետաքրքիր զեկուցումներով, որոնցում ներկայացված էին եվրոպական երկրների առաջավոր փորձը, այն ուղիները, որոնք օգտակար եւ ուանելի են գործընկերների համար։ Միայն առաջին օրվա չորս նիստերում Լսվեց 9 զեկուցում։ Նիկոլայ Բոնդարը Ռուսաստանի Դաշնությունից, Մարիան Գրզիբովսկին Լեհաստանից, Պիտեր Կովաչը Հունգարիայից, Լյուբոմիր Դոբրիկը Սլովակիայից, Ֆելիքս Թոխյանը Հայաստանից եւ այլք ներկայացրին իրենց երկրների սահմանադրական դատարանների փորձը, եւ հընթացս կազմակերպվող հարցերի, քննարկումների միջոցով համեմատվեցին, համադրվեցին կուտակած փորձը եւ տվյալ երկրներին առանձնահատուկ մոտեցումներն ու գործերի քննության նրբությունները։

Վերադառնալով խորհրդաժողովի քննարկմանը դրված թեմային, ավելացնենք, որ բացի առաջիկայում մեզ սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից, կա նաեւ մի շատ կարեւոր հանգամանք, որը ներկայացրեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը. -Այս խորհրդաժողովին հրավիրվել են պատվիրակներ հատկապես այն երկրներից, որտեղ դատարաններն օժտված են ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցի քննարկման լիազորություններով։ Շատ երկրներում սահմանադրական դատարաններն այս հարցով չեն զբաղվում, կան առանձին մասնագիտացված դատարաններ, նաեւ ընտրական վեճեր լուծող դատարաններ, մեզանում այդ առանձնահատկությունը չկա, եւ մենք պարտավոր ենք այդ փորձն ուսումնասիրել։ Սահմանադրական փոփոխություններից հետո արմատապես փոխվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը, որով ՍԴ-ի կողմից ընտրական վեճերի քննարկման բոլորովին նոր կարգ է սահմանված։ Այս պարագայում ՍԴ-ն պարտավոր է լինելու բոլոր հանգամանքները քննության առնել` առանց կախվածության մեջ լինելու այլ դատարանների քննությունից եւ կայացնել որոշում։ Եվ ահա այս առանձնահատկությունները նույնպես ցանկանում ենք մեր գործընկերների հետ քննարկել, տեսնել, թե դա ինչպես է իրացվում իրենց մոտ, որպեսզի կարողանանք նաեւ իրացման ռացիոնալ մոտեցումներ մշակել, հետագայում հեշտ իրագործելու առումով։ ...Այն օրենսգրքերը, որոնց մենք անդրադարձել ենք ՍԴ-ում գործերի քննության ընթացքում, ունեցել են թե ներքին հակասություններ, թե անհարթություններ եւ թե ոչ հստակ դրույթներ, որոնք էական դժվարություններ են առաջացրել ընտրությունների ժամանակ։ Օրինակ՝ վստահված անձանց եւ դիտրդների իրավունքները ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցում։ Մենք ստիպված եղանք ՍԴ-ի դիրքորոշում մշակել, որ ընտրական որեւէ հանձնաժողով իրավունք չունենա քվեարկությամբ մերժելու արդյունքները ստուգելու հետ կապված դիմումը։ Այդպիսի բազմաթիվ դեպքեր կային։ Այնինչ ստուգումը նրանց պարտականությունն է, իսկ իրավունքը՝ վստահված անձինն ու այն հանձնաժողովի անդամինը, ով պետք է օրենքով առաջադրի այդ խնդիրը։ Եթե չի իրացվել այդ իրավունքը, նշանակում է իրավունք է խախտվել, եւ այդ տեղամասում անցկացված ընտրությունների արդյունքները պետք է համարել ոչ հավաստի. այդ թվերը հանվում են ձայների տարբերությունից կամ ավելանում են անճշտություններին չափին, որն էլ կարող է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք ծառայել։ Ասել է՝ օրենսդրական նման անհարթությունները հաղթահարելու անհրաժեշտոււթյուն է առաջանում։

-Կախարդական փայտիկի վրա պետք չէ հույս դնել,-ավելացրեց պարոն Հարությունյանը,-այլ պետք է ձգտել համակարգը դարձնել ամբողջական, ներդաշնակ եւ անխոցելի աշխատող մարմին։ Սա առաջին հերթին վերաբերում է ամբողջ ընտրական համակարգին՝ օրենսդրական հիմքեր, կառուցակարգային մեխանիզմներ, դրանց իրացման եղանակներ։ Այս ամենի մեջ ՍԴ-ն իրականացնում է վերջնական որոշման նկատմամբ վերահսկողություն։ Ես վստահ եմ, որ օրենսդրական վերջին հիմնարար փոփոխությունները ՍԴ-ին հնարավորություն կտան լիարժեք ասելու իր խոսքը՝ առանց որեւէ կախվածության որեւէ ինստիտուտի գործունեությունից կամ դրա անգործությունից։

Խորհրդաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում պարոն Հարությունյանը կարեւորեց ՍԴ դիմող սուբյեկտների ընդարձակումը՝ հայաստանյան ժողովրդավարության համար դա համարելով որակապես մի նոր փուլի թեւակոխում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հնարավորություն ստացավ սահմանադրական արդարադատության իր իրավունքն իրացնել, հասնել Սահմանասրական դատարան եւ օրենքի սահմանադրականության հարց վիճարկել եւ լուծում ստանալ։

-Սա հիրավի որակական նոր իրավիճակ է, որը կոնկրետ խնդրի լուծան առումով ոչ միայն դրական հետեւանքներ կունանա, այլեւ կանխարգելիչ դերակատարություն։ Այլեւս արգելափակված չէ այդ հարցերի սահմանադրականության գնահատման մեխանիզմը, եւ շատ դրական քայլ է։

...Խորհրդաժողովի հյուրերն իրենց հետաքրքիր զեկուցումներով եւ հարցերի քննարկման իրենց ակտիվ մասնակցությամբ ոչ միայն առաջավոր փորձ ներկայացրին ու յուրացրին, եւ այսօր էլ դեռ շարունակելու են փորձի փոխանակման այդ խրախուսելի ձեռնարկումը, , այլեւ առաջիկա երկու օրերին տարբեր հանդիպումների, Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու հաճելի առիթներ կունենան։

ՍԴ մամլո ծառայություն

 

2006թ. Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում իր առաքելությունը շարունակող Ագոյի խմբի անդամներին։ Հյուրերին հետաքրքրում էին սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ գործունեության եւ իրավասությունների շրջանակի ընդլայնման, մասնավորապես, քաղաքացիների` մարդու իրավունքների պաշտպանի միջոցով ՍԴ դիմելու հնարավորության հետ կապված հարցեր։ Ներկայացնելով նոր իրավիճակում ՍԴ գործունեության առանձնահատկությունները, պարոն Հարությունյանը մասնավորապես նշեց, որ ՍԴ գործունեության բնույթը զգալիորեն փոխվել է։ Մինչ ՍԴ մասին ՀՀ օրենքի ընդունումը, ինտենսիվ աշխատանք է տարվել Վենետիկի հանձնաժողովի հետ։ Դեռեւս մարտ ամսին Հանձնաժողովին է ներկայացվել հիշյալ օրենքի նախագծի 1-ին տարբերակը։ Ապրիլի 26-ին ՍԴ-ում կազմակերպված քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը դրական գնահատական է տվել նախագծին՝ ներկայացնելով ընդամենը 5 նկատառում, որոնցից 3-ը վերաբերում էին սահմանադրական լուծումներին, եւ օրենքով հնարավոր չէր ուղղել, միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով պիտի կարգավորվեին, իսկ 2-ի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց` փոփոխությունները կատարել կանոնակարգով։ Հետագայում Վենետիկի հանձնաժողովը տեղեկացվեց, որ այդ 2 դիտողությունները հաղթահարված են։ Իսկ որո՞նք էին դրանք։

Առաջինը վերաբերում է հանձնաժողովներ կազմավորելու կարգին։ Զեկույցը ներկայացնում է ՍԴ անդամը, իսկ մյուսները կարող են արտահայտել իրենց կարծիքները, որոնք կարող են գնահատվել ՍԴ-ի կողմից։ Երկրորդն այն էր, որ ՍԴ նախագահը միաձայն չի կազմում կարծիք։

Տվյալ պահին ՍԴ են դիմել 380 քաղաքացի, 132-ը գործեր են հանձնել, որոնցից քննության են ընդունվել 12-ը՝ ընդունված գործերի 8,2%-ը։ 2 գործի քննություն սկսել ենք, մեկը հետաձգվել է։ 2 գործ է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանը, մեկ գործով որոշումը կայացվել է իսկ մյուս դիմումն ընդունվել է քննության։

Ունենք 1 դիմում առաջին ատյանի դատարանից, որը քննվել է եւ բավարարվել դիմումատուի պահանջը։

Ի դեպ, զրույցի ընթացքում պարոն Հարությունյանը չափազանց բարձր գնահատեց մարդու իրավունքների պաշտպանի դերը` երկրում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման գործում։

 

2006 թ. Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Վենետիկի հանձնաժողովի` ընտրությունների եւ հանրաքվեների բաժանմունքի մասնագետ Գայել Մարտին-Միկալեֆին։ Խոսվեց Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ ՍԴ-ի համագործակցության մասին` կապված միջազգային խորհրդաժողովի կազմակերպման եւ անցկացման խնդիրների հետ։

 

2006թ. Սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սոնյա Սմիթին։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին ՍԴ մասին նոր օրենքի ընդունումից հետո ՍԴ դիմող սուբյեկտների շրջանակի ընդլայնման արդյունքում ստեղծված իրավիճակը եւ որպես համակազմակերպիչներ` ավանդական երեւանյան միջազգային 11-րդ խորհրդաժողովի կազմակերպական հարցեր։ Սոնյա Սմիթը պատեհ առիթն օգտագործեց մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելու երեւանյան 11-րդ ավանդական խորհրդաժողովին իր մասնակցության եւ ողջույնի խոսքով հանդես գալու հնարավորության համար։

 

2006թ. Սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեցԵվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածքային կառավարման համակարգող Սյուզան Ռութլեջին՝ ուղեկցությամբ տարածքային կառավարման հայաստանյան համակարգող Կարեն Գրիգորյանի։ Սյուզան Ռութլեջը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման վիճակի մասին իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորված պատկերը, որը, նրա կարծիքով, այնքան էլ գոհացուցիչ չէ։

Երկուստեք հույս հայտնեցին, որ կգտնվեն հնարավոր լուծումներ` մեր երկրի տնտեսության հետագա զարգացման համար։ Պարոն Հարությունյանն այդ զարգացումները հնարավոր համարեց եւ կարեւորեց երկրում ժողովրդավարության, հատկապես սահմանադրական ժողովրդավարության հաստատման հեռանկարը։

2006թ. հուլիս

ՀՀ Սահմանադրության ընդունման 11-րդ տարելիցը առանձնակի շուքով նշվեց Սահմանադրական դատարանում։ Այս դատարանի համար աշխատանքային գործունեության նոր փուլ է սկսվում` նախ զգալիորեն ավելացել է դիմող սուբյեկտների ցանկը, ապա եւ ՍԴ ամբողջ համակարգը վերակառուցվել է նոր փոփոխություններին, մասնավորաբար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխան։

Հուլիսի 4-ին` Սահմանադրության ընդունման տարելիցի նախորդ օրը, հանդիսություն էր ՍԴ-ում, որին մասնակցեցին պետական ու քաղաքական այրեր, իրավագետներ։

Հյուրերին ողջունեց եւ «Սահմանադրական փոփոխություններն ու սահմանադրական արդարադատությունը ՀՀ-ում» թեմայով հակիրճ զեկուցում ներկայացրեց ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանը։

Ելույթներ ունեցան ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը եւ այլոք։

Հընթացս միջոցառման, կայացավ Գ. Հարությունյանի ճեպազրույցը լրագորղների հետ։

Russian flag2006 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատանը, կայացավ Գ. Հարությունյանի եւ Մ. Բագլայի կողմից համահեղիակությամբ գրված եւ մոսկովյան «Նորմա» հրատարակչության կողմից հրատարակված որի ծնունդը «Սահմանադրական հիմնական հասկացությունների հանրագիտական բառարան» գրքի շնորհանդեսը։ Դա իր նախադեպը չունեցող կոթողային մի աշխատություն է, համահեղինակների 7-ամյա աշխատանքի արդյունք։

Շնորհանդեսին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության պետական գործիչներ եւ իրավագետներ, որոնք ըստ ամենայնի արժեւորեցին բառարանը, եւ հեղինակների հասցեին գնահատանքի ու դրվատանքի խոսքերն ասացին։

2006թ. հունիսի 2-ին ՍԴ դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը՝ ՍԴ նախագահի տեղակալի պաշտոնում անբասիր աշխատանքի համար, պարգեւատրվեց «Սահմանադրական արդարադատության խորհրդանիշ» մեդալով։ /«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ նոր օրենքով ՍԴ նախագահի տեղակալի պաշտոնը վերացվում է/։

2006թ. փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանում կազմակերպվեց հանդիսություն՝ նվիրված ՍԴ ստեղծման 10-ամյակին։

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը ողջունեց հյուրերին, հակիրճ զեկուցումով ներկայացրեց ՍԴ անցած ճանապարհը, առաջիկա անելիքները, ի մասնավորի՝ փոփոխված Սահմանադրության եւ «ՍԴ մասին ՀՀ օրենք»-ի պահանջներով Սահմանադրական դատարանի գործառույթում կատարված ու կատարվելիք փոփոխությունները։

ՍԴ 10-ամյա հոբելյանի առիթով ողջույնի խոսքեր ասվեցին հյուրերի կողմից։

Նկարներ 1 | 2 | 3

ԽՐՈՆԻԿԱ

1996թ. փետրվարի 6-ին Գերագույն խորհրդում կազմավորվեց ՀՀ սահմանադրական դատարանը։ Հայ նոր իրականության մեջ ծնվեց իր նախադեպը չունեցող առաջին կառույցը, որը կոչված էր երկրում սահմանադրական արդարադատության ապահովմանը, իրավունքի ի գերակայության հաստատմանը։

Գոյության 10 տարիների ընթացքում սահմանադրական դատարանն առանձնակի առաջընթաց ունեցավ հատկապես սահմանադրական արդարադատության հիմնախնդիրների վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների մշակման, համանման ինստիտուտների առաջավոր փորձի ներդրման ու, արդեն նաեւ, իր փորձը վերջիններիս հաղորդելով։ Միայն այն փաստը, որ երեւանյան ամենամյա ավանդական խորհրդաժողովները ձեռք են բերել միջազգային նշանակություն, անցնում են միջազգային համարում ունեցող կազմակերպությունների եւ պետական ինստիտուտների համատեղ ջանքերով, իրավական հաստատությունների առաջին դեմքերի եւ ճանաչված սահմանադրագետների մասնակցությամբ, վկայություն է այն բանի, որ ՀՀ սահմանադրական դատարանն այլեւս իր ծանրակշիռ դերն ու տեղն ունի արտաքին աշխարհում։

Կարծիքներ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին

Ներկայացնում ենք միջազգային մեծ համարում ունեցող մի քանի սահմանադրագետների կարծիքներ՝ որպես ՀՀ ՍԴ-ի գործունեության առավել համոզիչ բնութագրում։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Լյուսիուս Վայլդհաբեր. «Միջազգային խորհրդաժողովների փորձը, որ ունի Հայաստանի սահմանադրական դատարանը, շատ ուսանելի է՝ թեմաների ճիշտ ընտրություն, ներկայացուցչական մասնակցություն, փորձի տարածման միջոցների լայն օգտագործում։ Այդ ամենը հարուստ եւ օգտակար փորձ է մեզ

համար։ Շնորհիվ ՀՀ ՍԴ-ի, մենք խորապես ճանաչեցինք հայ ժողովրդին, նրա մշակույթն ու պատմությունը»։

Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդեն. «Շնորհակալություն պարբերաբար մեզ տրվող վերլուծական հարուստ տեղեկատվության համար. դրանք մեծ օգնություն են Վեհաժողովի Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեին»։

Լեհաստանի սահմանադրական տրիբունալի նախագահ, պրոֆեսոր Մարեկ Սաֆյան. «Հայաստանի սահմանադրական դատարանն իր փորձով եւ վերլուծական հարուստ տեղեկատվությամբ սահմանադրական դատարանների համար դարձել է կարեւոր օգնական ու բարեկամ»։

Լիտվայի ՍԴ նախագահ Էգիդիյուս Կուրիս. «Մենք այսօր հպարտությամբ ենք նշում, որ ի դեմս սահմանադրական դատարանի, Հայաստանը դարձել է սահմանադրական արդարադատության հարցերով միջազգային ճանաչված կենտրոններից մեկը»։

Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախկին նախագահ, պրոֆեսոր Ռոզենֆելդը, ծանոթանալով «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» քառալեզու տարեգրքի նյութերին, գրել է. «Չեմ կարող իմ թե հիացմունքը եւ թե զարմանքը չարտահայտել, թե ինչպես է մի փոքրիկ երկրում միջազգային հնչեղության նման կարեւոր ծրագիր է կյանքի կոչվում»։

Դանիայի Թագավորության խորհրդարանական օմբուդսմեն Հանս Գամելթոֆթ-Հանսեն. «Ես լավ ծանոթ եմ ՀՀ Սահմանադրական դատարանի գործունությանը, մանավանդ սահմանադրական իրավունքի կենտրոնի ջանքերին, որոնք նպաստում են երկրում սահմանադրական արդարադատության ապահովման եւ Հայաստանը միջազգային ճանաչման հասցնելու գործին։ ՀՀ ՍԴ-նախագահ Գագիկ Հարությունյանի եւ Սլովենիայի ՍԴ-ի խորհրդական, իրավական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Առնե Մալչիչի համահեղինակությամբ լույս տեսած «Սահմանադրական վերահսկողությունը եւ նրա զարգացումը ժամանակակից աշխարհում» (Համեմատական սահմանադրական վերլուծություն)` նախադեպը չունեցող ստվարածավալ աշխատությունն արդեն ինքնին հարուստ փորձի հաղորդման միջոց է եւ միջազգային ճանաչման օրինակ։ Ինձ համար գնահատելի է նման վերաբերմունքը դեպի օրենքը»։

Երբ 2000 թվականին ՀՀ ՍԴ-ն ընտրվեց Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի լիիրավ անդամ, նախադեպը չունեցող այդ փաստին այն ժամանակ յուրահատուկ գնահատական տվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ պարոն Գենան` «Հայաստանի սահմանադրական դատարանն արդեն կայացած ինստիտուտ է, եւ նման բացառությամբ կոնֆերանսի լիիրավ անդամ նրա դառնալը ապացուցվել է եվրոպական այս խոշոր կառույցին իր գործուն մասնակցությամբ, իր ակտիվությամբ եւ բազում հետաքրքիր իրատեսական առաջարկներով»։

Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով»Եվրոպական հանձնաժողովի քարտուղար Ջիոանի Բուքիքիո. «Սահմանադրական դատարանի գործունեության շնորհիվ Հայաստանը դարձել է սահմանադրական վերահսկողության փորձի եւ դեմոկրատիայի դպրոց։ Մենք առաջարկել ենք Վենետիկի հանձնաժողովում ստեղծել ինտերնետ ֆորում, որի միջոցով բոլոր ՍԴ-ները հնարավորություն կունենան միմյանց հետ բանակցելու, բանավիճելու, իրենց մոտ քննարկվելիք գործերի առնչությամբ առաջավոր փորձերի մասին տեղեկատվություններ տարածելու եւ ստանալու։ Այս հարցում ՀՀ ՍԴ-ն անակնկալ մատուցեց` պարզվեց, որ այդ ծրագիրն արդեն իսկ իր կողմից պատրաստված է, որի միջոցով հնարավոր է անմիջական կապի մեջ մտնել, երբ համանման գործ քննելու ընթացքում կարիք կլինի տեղեկանալ այլ ՍԴ-ների կայացրած որոշումներին։ Այս փաստը Հայաստանի սահմանադրական դատարանի կողմից տարվող արդյունավետ եւ օրինակելի աշխատանքների վկայություն է»։

ՌԴ սահմանդրական դատարանի նախագահ.Մարատ Բագլայ. «Ձեր երկրի սահմանադրական դատարանը շատ կարեւոր գործ է ձեռնարկել (Նկատի ունի միջազգային խորհրդաժողովները։), փաստորեն իր վրա է վերցրել Եվրախորհրդի ճանապարհին ընկած եւս մեկ դժվարություն իր ձեռնարկումով հաղթահարելու։ Ես կարեւորում եմ հատկապես ծավալված բանավեճերը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել բոլորիս համար էլ մտահոգիչ խնդիրներ: Նորանկախ երկրներից յուրաքանչյուրն ունի այդ խնդիրները, եւ երբ այսպես համատեղ քննարկումներ են կատարվում եւ լուծման ուղիներ մատնանշվում, այսօրինակ ձեռնարկումներն ավելի են կարեւորվում: ՀՀ ՍԴ-ի հետ մեր համագործակցությունը շատ ամուր է, որն իր հերթին դրական ազդեցություն է թողնում մեր երկու երկրների բարեկամական հարաբերության վրա»:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի տեղակալ Քրիստոս Ջակումոպուլուս. «ՀՀ ՍԴ-ի գիտաժողովները կազմակերպվում են Եվրոպական ստանդարտներին համապատասխան, արդիական թեմայով, մասնագետների ընտրանիով, բաձր մակարդակ ապահովող զեկուցումներով: Իսկ Հայաստանին ծանոթանալու առումով պարզապես մեզ հիացրեց այս դժվարին պայմաններում անգամ հյուրերին արժանիորեն ընդունելու, երկրի զարգացման ընթացքին, նրա անփոխելի արժեքներին ծանոթացնելու կարողությունը... Մենք մշտապես պետք է սովորենք մեկս մյուսից, քանի որ գոյություն ունեն մեզ միավորող արժեքներ, որոնք պետք է պահպանենք»:

Ուկրաինայի սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Նիկոլայ Սելիվոն. «Հայաստանում առանձնակի ուշադրություն է դարձվում սահմանադրական վերահսկողության գործին, ասես ամեն ինչ արվում է, որ հայ իրավաբանները, դատավորներն ու փաստաբանները Եվրախորհուրդ տանող ճանապարհը պատրաստված անցնել»:

...Գնահատականներ, որ տրվել են նաեւ ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինի, Եվրախորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատար Ալվարես Խիլ-Ռոբլեսի, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ Շերիլ Սանդերսի եւ շատ այլոց կողմից, եւ խրախուսանք է, եւ ՀՀ ՍԴ-ի հետ օգտակար համագործակցության ցանկություն, համագործակցություն, որն իր դրական ազդեցությունն է թողնում տարբեր երկրներում սահմանադրական արդարադատության խնդիրների լուծման ճանապարհին։

«Սահմանադրական վերահսկողության հատուկ մասնագիտացված այս ինստիտուտը Հայաստանի Հանրապետության անկախության ծնունդ է, ժողովրդավարության մեծագույն նվաճումներից մեկը: Սա այն հատուկ մարմինն է, որը կոչված է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների սահմանադրորեն ամրագրված լիազորությունների ներդաշնակ իրականացմանը, նորմատիվ ակտերի սահմանադրականության ապահովմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների կայուն երաշխիքների ստեղծմանը: Այն նորանկախ երկրի կայուն առաջընթացի երաշխավորողներից է, որը նպաստում է քաղաքացիական հասարակության ակտիվ ձեւավորմանը, օրենքի գերակայության հաստատմանը:

Սահմանադրական դատարանի կայացումը պետք է միտված լինի դարերին՝ կայանա մեր տաճարների կառուցման տրամաբանությամբ»:

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՍԴ նախագահ

 

ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀՀ Սահմանադրական դատարանն իր ձեւավորման (1996թ.) հենց առաջին տարվանից երկրում սահմանադրական արդարադատության հաստատման լուրջ քայլեր կատարեց` յուրացնելով եւ տարածելով հատկապես եվրոպական երկրների առաջավոր փորձը։ Արդյունքում՝ անդամակցեց Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)։ Մեկ տարի անց՝ 1997թ. հոկտեմբերին, ՀՀ եւ ՌԴ սահմանադրական դատարանների նախաձեռնությամբ Երեւանում հիմնադրվեց «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, որի գործունեության համակարգող անընդմեջ ընտրվում է ՀՀ ՍԴ-ն։ 1998թ. ապրիլից Կոնֆերանսը հրատարակում է «Սահմանադրական արդարադատություն» ռուսալեզու միջազգային ամսագիրը, որի խմբագրական խորհրդի նախագահն է Գագիկ Հարությունյանը։ ,Ամսագիրն առաքվում է աշխպարհի 36 երկիր:

Կազմավորման երկրորդ տարվանից ստեղծվել է ՍԴ ինտերնետային կայքը եւ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որ այս ոլորտում միջազգային առումով լավագույններից մեկն է ճանաչվել։

1997թ. հոկտեմբերին ՀՀ ՍԴ-ն ընտրվեց նոր հիմնադրված «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության դիտորդ անդամ։ Իսկ 2000 թվականին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր, ՍԴ-ն ընտրվեց Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի լիիրավ անդամ` դառնալով նաեւ կոնֆերանսի գործունեության համակարգողը։

Այդ վստահությունն ամրապնդվեց եւս մեկ փաստով` 2004թ. հոկտեմբերին Նիկոսիայում կայացած հիշյալ կառույցի 13-րդ նախապատրաստական Կոնֆերանսում 2005 թվականի մայիսին հրավիրվելիք կոնգրեսի քննարկման համար ընտրվեց հենց ՀՀ ՍԴ-ի նախագահ Գ. Հարությունյանի առաջարկած «Մարդու իրավունքների սահմանափակման գնահատման չափանիշները սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեման։ Եվ դա այն դեպքում, երբ նախկին թեմաները հիմնականում առաջադրվել են եվրոպական ավանդական մասնակից երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի կողմից։ Սա նաեւ ապացույց է այն բանի, որ Եվրոպական երկրների հարաբերություններում ՀՀ ՍԴ-ն ո`չ միայն սոսկ կոնֆերանսի մասնակցի, այլեւ հարաբերությունների լիարժեք եւ իրավահավասար սուբյեկտի դեր է կատարում։ Մեր երկրի համար այլեւս նախընտրելի մի իրավիճակ է, երբ եվրոպական այդ հեղինակավոր կառույցի հետագա գործունեության եւ զարգացման կողմնորոշիչները ընդունվում-ճանաչվում են նաեւ ՀՀ ՍԴ-ի ներկայացրած մոտեցումներից ելնելով։

ՍԴ-ում մշակվել է եւ առանձին խտասկավառակ է պատրաստվել, ուր ներառում են աշխարհի 150 երկրների սահմանադրությունները եւ դրանց համեմատական վերլուծությունը։ Այդ ծրագիրը Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի կողմից ընդունվել է որպես կարեւոր նորույթ եւ տեղադրվել «Ինտերնետի» միջազգային ասոցիացիայի թղթածրարում։ Այն ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ծրագրային եզակի փաթեթ է՝ հիանալի ամփոփ նյութ սահմանադրագետ գիտնականների եւ սահմանադրական դատարանների համար։

Մշակվել է նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պաշտոնական փաստաթղթերի համեմատական վերլուծության համալիր ծրագիր, որտեղ ներառված է ՄԱԿ-ի եւ Եվրոպական միջազգային բոլոր կառույցների կողմից ընդունված 1500 փաստաթուղթ՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Ավարտվել են նաեւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նյութերի եւ եվրոպական դատարանի փորձի ուսումնասիրման ու վերլուծության, որոշումների տարածման աշխատանքները։ Այս եւ նման շատ այլ աշխատանքներով ծանրաբեռնվելը բնավ էլ չի նշանակում լրացուցիչ բեռ վերցնել իր վրա. պարզապես ՍԴ-ն դարձել է սահմանադրական իրավունքի գերակայության՝ միջազգային փորձը գործառող ու նաեւ (այլեւս վստահաբար) իր փորձը տարածող հաստատություն։

Սահմանադրական իրավունքի կենտրոնը մասամբ իր վրա վերցրեց հանրակրթական դպրոցներում իրավական թեմաներով դասավանդվող առարկաների գծով դասագրքեր պատրաստելու գործը. ուսուցիչների համար պատրաստվեցին մեթոդական հատուկ ձեռնարկներ, զուգահեռաբար՝ ուսանողների համար հրատարակվեց Գ. Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական վերահսկողություն» ձեռնարկը։ Նոր սերնդին սահմանադրական արդարադատության սկզբունքներին ծանոթացնելու միջոցներից են ՍԻԿ-ի կողմից կազմակերպվող «Սահմանադրություն եւ իրավունք»աշակերտական եւ ուսանողական ամենամյա ավանդական օլիմպիադաներն ու ուսանողական կոնֆերանսները։

ՍԴ անդամների ու աշխատակիցների կողմից հրատարակվել են 55 մենագրություն, 191 գիտական հոդված, միջազգային խորհրդաժողովներում կարդացվել է 48 զեկուցում, Հայաստանում հրավիրվել է միջազգային 17 խորհրդաժողով, որոնց ընդհանուր թվով մասնակցել են տարբեր երկրների սահմանադրական դատարանների 155 անդամ, 52 միջազգային փորձագետ։

Անցած 10 տարիների ընթացքում ՍԴ մուտքագրվել է շուրջ երկուսուկես հազար տարաբնույթ դիմում, ընդունվել է 754 աշխատակարգային որոշում, դատական նիստերում սահմանադրականության հարցերով քննության է առնվել 617 գործ։

Անցած տարիներին հրատարակվել են «Սահմանադրական դատարանի տեղեկագրի» 36 համար, "Конституционное Правосудие" միջազգային հանդեսի 30 համար եւ 8 հավելված, որոնք առաքվում են 50-ից ավելի երկիր, «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» քառալեզու տարեգրքի 5 համար, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսեւորում 100-ից ավելի երկրների` այս ոլորտի բազմաթիվ մասնագետներ ու սահմանադրական արդարադատության մարմիններ։

Շարունակաբար կազմակերպվել են «Սահմանադրություն եւ իրավունք» հանրապետական օլիմպիադաներ, որոնց յուրաքանչյուր տարի մասնակցել են 20 հազարից ավելի աշակերտ եւ ուսանող։ Հրատարակվել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ուսանողական լավագույն աշխատանքների 3 ժողովածու, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնում ստեղծվել է երիտասարդ հետազոտողների խորհուրդ, ստեղծվել է ՍԴ հարուստ ու ժամանակակից գրականությամբ հագեցած գրադարան։ Սերտ համագործակցություն է հաստատվել բազմաթիվ դպրոցների հետ, կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ։

Նկարներ 1 | 2 | 3


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]