Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2008 թվականին՝

12 դեկտեմբերի 2008թ.
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

flag2008թ. դեկտեմբերի 12-ին Կրեմլի մեծ սրահում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախագահությամբ հրավիրվել էր գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ընդունման 15-ամյակին։ Կոնֆերանսի առաջին մասում նախատեսված էր չորս հիմնական զեկույց։
ՌԴ Նախագահ Դ. Մեդվեդեւն անդրադարձավ 1993թ. ընդունված ՌԴ Սահմանադրության պատմական դերին եւ այն հիմնախնդիրներին, որոնք անհրաժեշտ է լուծել երկրի իրավական զարգացման ներկա փուլում։
ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինի զեկույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական զարգացումների առանձնահատկություններին եւ սահմանադրական արդարադատության առջեւ ծառացած խնդիրներին։ Վերջիններիս անդրադարձավ նաեւ Գերմանիայի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Ի. Պապիեռը։
Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային կոնֆերանսի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական մշակույթի զարգացման առանձնահատկությունների ու հիմնական միտումների բացահայտմանը (ելույթի տեքստը տես ստորեւ
Կոնֆերանսի երկրորդ բաժնում նախատեսված էին նաեւ տարբեր գիտնականների (թվով 10) ելույթներ։
Դեկտեմբերի 13-15-ը շարունակվեց ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնական այցը ՌԴ սահմանադրական դատարան։ Այցի ընթացքում հանդիպումներ կայացան ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի ամբողջ կազմի հետ։ Քննարկվեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային առաջին կոնգրեսի հրավիրման նախապատրաստական աշխատանքներին, երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային կոնֆերանսի շրջանակներում՝ 2009 թվականին նախատեսվող աշխատանքներին։
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հանդիպում ունեցավ նաեւ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ելույթ ունեցավ «Նոր հազարամյակում սահմանադրական արդարադատության զարգացման հիմնական խնդիրներն ու միջազգային միտումները» թեմայով, պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։
2009թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան։

ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկույցը գիտագործնական կոնֆերանսում՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ընդունման 15-ամյակին
(Մոսկվա, 12 դեկտեմբերի 2008թ., ռուսերեն)

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

5 դեկտեմբերի 2008թ.
ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ՓՈՐՁԸ

flagԵրրորդ՝ եզրափակիչով ավարտվեց ՀՀ սահմանադրական դատարանի սեմինարների շարքը, որ այս տարվա սեպտեմբեր ամսից սկսած կազմակերպվում էր «Հայաստանում իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի (GTZ) հետ համագործակցությամբ։
«Ի պաշտոնե քննության սկզբունքը սահմանադրական դատավարությունում» թեմայով երկօրյա սեմինարը նախագահում էր ՀՀ ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը։
Սեմինարի գլխավոր բանախոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի նախկին դատավոր, դոկտոր Հանս-Յոախիմ Յենչն էր։
Ողջույնի խոսքերով հանդես եկան GTZ-ի իրավաբան Գ. Մուրադյանը, ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Հանս-Յոախիմ Յենչը։ Կարեւորվեց խնդրո առարկա թեման, որը հայկական դատավարական իրավունքի պրակտիկայում առաջին անգամ ամրագրվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում։
Հանս-Յոախիմ Յենչը ներկայացրեց ի պաշտոնե քննության սկզբունքի էությունն ու բովանդակությունը եւ դրա սահմանափակումները, խոսեց տնօրինման (դիսպոզիցիոն) սկզբունքի, դիմումներ ներկայացնելու եւ հիմնավորման պարտականության մասին, պարզաբանեց ապացույցների ձեռքբերման, սահմանադրական դատարանի եւ մասնագիտացված դատարանների միջեւ լիազորությունների տարանջատման հիմնախնդիրների, վերահսկողության մասշտաբի, վերահսկողության ծավալի, ՍԴ որոշումների գերակայության՝ Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի փորձը։ Բանախոսը սահմանադրական դատավարությունում ի պաշտոնե քննության սկզբունքի կիրառման մի շարք օրինակներ բերեց իր երկրի արդարադատության պրակտիկայից։
Սեմինարի երկրորդ օրը հարց ու պատասխանի, քննարկումների օր էր, որը հրաշալի առիթ հանդիսացավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի փորձի ուսումնասիրման եւ մեր ունեցած գիտելիքների ու փորձի հետ դրանք զուգահեռելու ու եզրահանգումներ անելու համար։
ՀՀ ՍԴ նախագահը շնորհակալություն հայտնեց բանախոսին, կազմակերպիչներին, շեշտեց սեմինարների կարեւորությունն ու արդյունավետությունը, եւ գոհունակություն հայտնեց նման քննարկումների հնարավորության ընձեռման համար։ «Մենք հնարավորություն ունեցանք,-ամփոփելով սեմինարի աշխատանքները՝ ասաց նա,- ուսումնասիրել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի ողջ փորձը, մեզ համար բացահայտել շատ նրբերանգներ, որոնք կարեւոր են սահմանադրական արդարադատության համար։ Գերմանացիների փորձը մեզ հնարավորություն կտա հետագա քայլեր իրականացնել մեր երկրում սահմանադրական արդարադատության համակարգային զարգացումների ուղղությամբ»։

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

20 նոյեմբերի 2008թ

Նոյեմբերի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանում Հայաստանի տարբեր բուհերի հիսունից ավելի ուսանողներ հանդիպում ունեցան Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանի եւ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեի հետ։
Ուսանողներին հետաքրքրում էին սահմանադրական զարգացումների Եվրոպական արդի միտումները, ինչպես նաեւ Եվրոինտեգրման գործընթացները։ Երկժամյա հանդիպման ընթացքում ուսանողներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Հայաստանից ընտրված դատավոր Ալվինա Գյուլումյանին եւ Սլովակիայից ընտրված դատավոր Յան Շիկուտային։

Նկար 1

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

6-7 նոյեմբերի 2008թ.

ԵՐԿՐՈՐԴ ՍԵՄԻՆԱՐԸ
2008թ. նոյեմբերի 6-7-ը

flagՀամատեղ միջոցառումների անցկացման առումով արդեն ավանդույթ է դառնում Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտի (Գերմանիա) եւ «Հայաստանում իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի (GTZ) համագործակցությունը ՀՀ սահմանադրական դատարանի հետ։
Այս տարվա սեպտեմբերին վերոնշյալ կազմակերպությունները ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակիցների համար անցկացրին «Մարդու՝ որպես անմիջական գործող իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» խորագրով առաջին սեմինարը։ Եվ ահա երկրորդը՝ «Սահմանադրության մեկնաբանում» խորագրով։ Որպես փորձագետ, սեմինարին հրավիրված էր Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր Մաթիաս Հարտվիգը։
ՀՀ ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը, ողջունելով երկրորդ սեմինարի մասնակիցներին, կարեւորեց «Սահմանադրության մեկնաբանում» թեմայի քննարկման անհրաժեշտությունը, շեշտելով, որ այն արծարծում է սահմանադրական արդարադատության պրակտիկայի ամենաբարդ պրոբլեմը։ Գործնականում անհնարին է իրականացնել սահմանադրական արդարադատություն՝ առանց մեկնաբանման ինստիտուտի։ Աշխարհի 42 սահմանադրական դատարաններ իրենց երկրների Սահմանադրության, նաեւ օրենքների ու նորմատիվ այլ ակտերի պաշտոնական վերացական մեկնաբանման լիազորություն ունեն։ Մեկնաբանումը վերաբերում է եւ սահմանադրական նորմի իրավական բովանդակության եւ թե օրենքի նորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը։ Դրանց համադրման արդյունքում է հնարավոր որոշակի եզրահանգման հասնել։
«Սահմանադրության մեկնաբանումը եւ պետության պրակտիկան» թեմայով զեկուցումով հանդես եկավ դոկտոր Մաթիաս Հարտվիգը։
Երկօրյա սեմինարի ընթացքում, մեկնաբանություններով, հարց ու պատասխաններով, երկխոսություններով քննարկվեցին «Մեկնաբանման դասական մեթոդները», «Սահմանադրության մեկնաբանում եւ իրավունքի համեմամատական վերլուծություն» թեմաները։
Հնարավորություն տրվեց տեսական ու գործնական մակարդակներով անդրադառնալ քննարկվող հրատապ թեմայի բոլոր ասպեկտներին՝ հաշվի առնելով, անշուշտ, Գերմանիայի Դաշնության կոլեգաների փորձը։ Սեմինարը ծառայեց իր հիմնական, գործնական նպատակին՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների, աշխատակազմի ուշադրությունը սեւեռել շատ կարեւոր հարցերի վրա, այն է՝ ցանկացած նորմ քննության նախապատրաստելիս սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները պետք է ձեւավորվեն օրենքի նորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման եւ սահմանադրական նորմերի համալիր վերլուծության ու մեկնաբանման արդյունքում։

Նկար 1 | 2

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

28 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի աշխատանքային այցն Ալժիր

2008թ. հոկտեմբերի 29-31-ը Ալժիրում հրավիրվում է Սահմանադրական արդարադատության համաշխարհային առաջին կոնգրեսի կազմկոմիտեի նիստը, որի անդամ է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը։ Համաշխարհային առաջին կոնգրեսը կայանալու է 2009թ. հունվարի 23-24-ին՝ Քեյպտաունում, որին կմասնակցեն աշխարհի 125 երկրների պատվիրակություններ։ Նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմկոմիտեի 10 անդամներն Ալժիրում կքննարկեն կոնգրեսի ծրագիրը, հռչակագրի նախագիծը, տարածաշրջանային խմբերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Նույն օրերին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ Ալժիրի սահմանադրական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել է միջազգային խորհրդաժողով՝ քննարկելու սահմանադրական նորմերի մեկնաբանման վերաբերյալ համաշխարային արդի մոտեցումները։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հանդես կգա զեկույցով՝ «Սահմանադրական նորմերի մեկնաբանման հայեցակարգային մոտեցումները ՀՀ սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով։

Սահմանադրական նորմերի մեկնաբանման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետության սահմանադրական արդարադատության պրակտիկայում։
Գ. Հարությունյանի զեկույցը սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսում, Ալժիր, 30 հոկտեմբերի, 2008թ.
(հայերեն, անգլերեն)

Նկարներ 1 | 2 | 3

 

8 հոկտեմբերի 2008թ.

flagՀոկտեմբերի 8-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Մարեկ Բենդան, Ստանիսլավ Կրեցեկը, Հանա Սեդիվան, Ռոբին Բոհնիշը, Դանա Պոկորնան։
Հյուրերի խնդրանքով պարոն Հարությունյանը համառոտ ներկայացրեց ՀՀ ՍԴ ստեղծման պատմությունն ու գործունեությունը, խոսեց Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի հետ ՀՀ ՍԴ-ի ունեցած կապերի մասին։
Պատվիրակությունը հետաքրքրվեց Հայաստանի քաղաքացիների՝ ՍԴ դիմելու հանգամանքով, որին ի պատասխան ներկայացվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետով քաղաքացիներին տրված հնարավորությունների, նրանց դիմումների հիման վրա մի շարք օրենքների՝ ՀՀ սահմանադրականությանը համապատասխանության հարցով քննության առած գործերի մասին մանրամասն տեղեկություն։ Պարոն Հարությունյանը, որ քաջածանոթ է Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի գործունեությանը, բերեց երկու ՍԴ-ների գործառույթների նմանություններ եւ տարբերություններ, ի մասնավորի՝ Չեխիայի Հանրապետության քաղաքացին իր երկրի ՍԴ կարող է դիմել կոնկրետ գործով՝ բողոքարկելով ցանկացած նորմատիվ ակտ, այնինչ ՀՀ ՍԴ-ն կարող է քննության առնել միայն օրենքի սահմանադրականության հարցը։ Չեխիայի ՍԴ-ում գործերի քննության որեւէ ժամկետ չի նշանակված, մեզ մոտ՝ յուրաքանչյուր գործի քննության համար սահմանված է վեց ամսյա ժամկետ։
Երկուստեք կարծիք հայտնվեց, որ ըստ երեւույթին որոշ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի քաղաքացին իր խնդիրները կարողանա երկրի ներսում լուծել եւ ստիպված չլինի դիմել Եվրոդատարան։ «Մանավանդ, -շեշտեց պարոն Հարությունյանը, -որ Եվրոդատարանում այսօրվա դրությամբ 150 հազարից ավել գործեր են կուտակվել»։
Զրույց ընթացավ նաեւ երկու երկրների հարաբերությունների էլ ավելի բարելավման խնդիրների շուրջ, որոնց լուծմանը, անշուշտ, կարող են մեծապես նպաստել փոխայցելությունները, փորձի փոխանակումները։

Նկար 1

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

3-5 հոկտեմբերի 2008թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XIII ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

2008 թ հոկտեմբերի 3-5-ը կայացավ Երեւանյան XIII միջագային Խորհրդաժողովը։
Այն կազմակերպել էին ՀՀ Սահմանադրական դատարանը, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովը, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս»-ը, մասնակցությամբ «Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության»։

Թեման՝
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ»

Խորհրդաժողովը բացեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Նա ողջունեց մասնակիցներին, կարեւորեց Միջազգային մի շարք կառույցների եւ մոտ երեք տասնյակ երկրների սահմանադրական դատարանների կողմից խորհրդաժողովի հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը եւ մեր երկրի իշխանությունների վերաբերմունքը, որի վկայություններից է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ իրավունքի ոլորտի մեծ թվով մասնագետների, նախարարների, պատգամավորների, դատախազության աշխատակիցների, գիտնականների, դասախոսների, քաղաքական գործիչների մասնակցությունը։
Իր ողջույնի խոսքում պարոն Հարությունյանը մասնավորապես ասաց.
-Հանրային կյանքի կայուն ու դինամիկ զարգացումը երաշխավորելու նպատակով հասարակական հարաբերությունների սահմանադրականացումը եւ սահմանադրական Ժողովրդավարության հաստատումը 21-րդ դարի համար դարձել են այլընտրանք չունեցող քաղաքակրթական կողմնորոշումներ... Ես կարծում եմ, որ այս խորհրդաժողովն առավելապես շեշտը կդնի հասարակական հարաբերությունների սահմանադրականացման տեսանկյունից սահմանադրական հիմնարար արժեքների եւ հասարակական պրակտիկայի փոխհարաբերությունների բացահայտման ու գնահատման հիմնախնդիրների վրա։ Այս խնդիրն առավել հրատապ է անցումային երկրների համար, որտեղ հասարակական պրակտիկայում տեղի են ունենում նաեւ սահմանադրական հիմնարար արժեքների որոշակի ձեւախեղումներ, որոնք չափազանց մեծ վտանգ են ներկայացնում երկրների ապագայի համար... Դոկտրինալ մակարդակում սահմանադրական հիմնարար արժեքների հստակեցումը եւ Սահմանադրության մեջ ամրագրումը միայն առաջին քայլն է։ Այդ քայլն իմաստ ու նշանակություն կարող է ձեռք բերել, եթե այդ արժեքները տվյալ սոցիալական հանրության արժեհամակարգային ընդհանրացումն են ու հասարակության յուրաքանչյուր անդամի համար դառնում են ապրող իրողություն։ Ինչպե՞ս հասնել դրան. կարծում եմ, մենք այս խորհրդաժողովում մենք պետք է փորձենք գտնել այդ հարցերի պատասխանները։
Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխ. քարտուղար Ջիանի Բուքիքիոն, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի (OSCE) ղեկավար Սերգեյ Կապինոսը։
ՀՀ նախագահ Սարգսյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց. «Մեր նպատակն է երկրում հաստատել իրական ժողովրդավարություն, կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները, երաշխավորել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, որպես անմիջականորեն գործող իրավունք։ Իսկ դա պահանջում է հետեւողական ու համակարգված աշխատանք։ Մեր հաջողություններն է°լ ավելի մեծ կլինեն, եթե այս ոլորտներում առավել խորացնենք մեր համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, հետեւողականորեն իրականացնենք եվրաինտեգրման ուղղությամբ մեր ստանձնած միջազգային պարտավորությունները, եւ եթե մեր երկրի յուրաքանչյուր բնակիչ, յուրաքանչյուր պաշտոնատար անձ խորապես գիտակցի, որ Հայաստանի համար իրավական, ժողովրդավարական պետություն դառնալն այլընտրանք չունեցող կենսական անհրաժեշտություն է»։

Խորհրդաժողովի առաջին նիստի՝ «Սահմանադրական հիմնարար արժեքները եւ դրանց իրացման երաշխիքները» թեմայի շուրջ զեկուցումներով հանդես եկան.
ՀՀ ՍԴ նախագահ, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Գագիկ Հարությունյանը. «Սահմանադրական հիմնարար արժեքների իրացման երաշխիքները պետական քաղաքականության մակարդակում եւ հասարակական պրակտիկայում», Բուլղարիայի ՍԴ դատավոր, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Եվգենի Տանչեւը. «Իրավունքի գերակայությունն ու իրավական պետությունը», Ալբանիայի ՍԴ դատավոր Սոկոլ Բերբերին. «Քաղաքացիական հասարակությունը եւ սահմանադրական արժեքների պաշտպանությունը», Ռուսաստանի Դաշնության ՍԴ անդամ Նիկոլայ Բոնդարը. «Սահմանադրական արժեքները որպես սոցիալական հակասությունների եւ բախումների լուծման դատա-իրավական գործոն», Լեհաստանի Սահամադրական տրիբունալի նախագահ Բոհդան Զժիենիցկին. «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն իրավական կարգի փոփոխությունների պարագայում», Եվրոդատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը. «Սահմանադրական արժեքները եւ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան», Իտալիայի Սիենայի համալսարանի տնտեսական իրավունքի ամբիոնի աշխատակից Տանյա Գրոպին. «Սահմանադրական դատարանի դերը Իտալիայում ժողովրդավարական զարգացման գործում»։
Հարցերով ու քննարկումներով ավատվեց առաջին նիստը։

2-րդ նիստի՝ «Սահմանադրական հիմնարար արժեքները սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայի շուրջ զեկուցումներով հանդես եկան.
Մոլդովայի ՍԴ նախագահ Դումիտրու Պուլբերեն. «Ժամանակակից սահմանադրականության չափորոշիչների մակարդակով», Լատվիայի ՍԴ դատավոր Վիկտոր Սկուդրան. «Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի դերը սահմանադրական արժեքների պաշտպանության գործում», Իռլանդիայի պետական դատական հետապնդումների տնօրեն Ջեյմս Համիլտոնը. «Իռլանդիայի Սահմանադրությունում առկա հիմնարար արժեքները եւ դրանց կիրառությունը», Հունգարիայի ՍԴ անդամ Բարնաբաս Լենկովիչը. «Սեփականություն, ազատություն, անվտանգություն», Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը. «Սահմանադրական հիմնական արժեքները որպես Ղազախստանի պետական անկախության հիմք», Ուկրաինայի ՍԴ անդամ Յուրի Բաուլինը (Թեման կներկայացվի ավելի ուշ), Սերբիայի ՍԴ դատավոր Պրեդրագ Սետկովիչը. «Հիմնական սահմանադրական արժեքները Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանում», Բելգիայի ՍԴ իրավական հարցերով քարտուղար Վիլլեմ Վերիխտը. «Չեղյալ ճանաչված օրենքի վերականգնում. «Բելգիայի սահմանադրական դատարանն առնչվել է օրենսդիրի ռեցիդիվին»։
Հարցերով ու քննարկումներով ավատվեց առաջին օրվա երկրորդ նիստը։

Հոկտեմբերի 4-ին Խորհրդաժողովը շարունակեց իր աշխատանքները։
Օրվա թեման էր. «Սահմանադրական դատարանների իրավական դիրքորոշումները եւ հասարակական պրակտիկան»։ Զեկուցումներով հանդես եկան.
Լիտվայի ՍԴ դատավոր Ալգիրդաս Տամինսկասը. «Սեփականության անձեռնմխելիությունը Լիտվայի Հանրապետության սահմանադական դատարանի հայեցակարգում»,Սերբիայի ՍԴ դատավոր Պրեդրագ Սետկովիչը. «Հիմնական սահմանադրական արժեքները Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանում», Բելառուսի ՍԴ անդամ Լեոնիդ Ռյաբցեւը. «Բելառուսի Հանրապետության քաղաքացիների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը», Նիկոսիայի շրջանային դատարանի նախագահ Միխալիս Քրիստոդուլոսը. «Դատական իշխանության անկախությունը Կիպրոսում», Ղրղզստանի ՍԴ դատավոր Չինարա Մուսաբեկովան. «Ղրղզստանի Սահմանադրությունը եւ մարդու իրավունքները. նոր փորձություններ», Չեխիայի ՍԴ անդամ Ստանիսլավ Բալիկը. «Չեխիայի Հանրապետությունում վարչական արդարադատություն իրականացնելիս կողմերի հիմնարար իրավունքների պաշտպանության գործընթացում ՍԴ-ի եւ Գերագույն վարչական դատարանի դերը», ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը. «Դատական իշխանությունը եւ հասարակությունը», Նիդեռլանդների Հարլեմի քրեական դատարանի նախագահ Հերման Վան Դեն Միերը. Խորվաթիայի Հանրապետության ՍԴ դատավոր Մարիո Յելուշիչը. «Հիմնարար արժեքները եւ մարդու իրավունքները Խորվաթիայի Սահմանադրությունում», Սլովենիայի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի վարչության պետ Առնե Մավչիչը. «Սահմանադրական արժեքները պրակտիկայում՝ Սլովենիայի համակարգի օրինակով», Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխտեր Հանդը. «Մարդու արժանապատվության հիմնարար արժեքը եւ դրա նշանակությունը Գերմանիայի Սահմանադրության մեջ»։
Հարցերով ու քննարկումներով ավատվեցին Խորհրդաժողովի երկրորդ օրվա նիստերը։
Խորհրդաժողովում արդյունավետ քննարկումներ ընթացան, նոր թեմաներ, նոր խնդիրներ առաջադրվեցին, մասնակիցները կարեւորեցին նման ֆորումների անցկացումը։
Եզրափակիչ ելույթներով հանդես եկան Խորհրդաժողովի նիստերը նախագահողներ՝ Ջիանի Բուքիքիոն (Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար), Գունար Կուդրիսը (Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ), Դումիտրու Պուլբերեն (Մոլդովայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ), Իգոր Ռոգովը (Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահ)։
Խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ բոլորի շնորհակալություն հայտնելով մասնակցության համար եւ հրավիրելով հաջորդ՝ XIV Խորհրդաժողովին։
Ավարտվեց ֆորումը, բայց քննարկումները կշարունակվեն տեղերում՝ յուրաքանչյուր մասնակից իր հետ տարած տպավորություններով, ձեռք բերած նոր փորձով, նոր հարցականներով, որոնց պատասխանները պիտի գտնվեն կոնկրետ անելիքներով։ Մասնակիցներից յուրաքանչյուրը շուտով կստանա «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» քառալեզու տարեգրքի 2008թ. թողարկումը, ուր ներկա ֆորումում ներկայացված զեկուցումներն են, արծարծված խնդիրներն ու առաջադրված հարցերը։
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը XIII Խորհրդաժողովի շրջանակներում հնարավորինս պատշաճ մակարդակով մշակութային մի շարք ծրագրեր իրականացրեց՝ այցելություններ Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Գոշավանք, Գառնի, Գեղարդ եւ Հայաստանի տեսարժան այլ վայրեր։
Խորհրդաժողովում հաճելի անակնկալ էր սպասվում երկու մասնակցի, որոնք պարգեւատրվեցին ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե մեդալով։ Ջիանի Բուքիքիոն՝ «Սահմանադրական արդարադատության ոլորտում նշանակալի ներդրման, ինչպես նաեւ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի Հանձնաժողով) եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի սերտ համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ, "Конституционное Правосудие" միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի անդամ Ամանժոլ Նուրմագամբետովը՝ «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպության "Конституционное Правосудие" հանդեսի հրատարակման գործին ակտիվ մասնակցության համար։
Խորհրդաժողովի պաշտոնական լեզուներն էին՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն։

Նկարներ1 | 2 | 3 | 4 | 5 | 6

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

3 հոկտեմբերի 2008թ.

Հոտեմբերի 3-ին մեկնարկեց ԵՐԵՎԱՆՅԱՆ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ամենամյա ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ, որի թեման է՝ «Սահմանադրական հիմնարար արժեքները եւ հասարակական պրակտիկան»։ Այն կազմակերպել են ՀՀ Սահմանադրական դատարանը, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովը, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս»-ը, մասնակցությամբ «Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության»։
Բացման խոսք ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխ. քարտուղար Ջիանի Բուքիքիոն, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի (OSCE) ղեկավար Սերգեյ Կապինոսը։

Օրվա թեման էր՝«Սահմանադրական հիմնարար արժեքները եւ դրանց իրացման երաշխիքները»։
(Խորհրդաժողովի մասին մանրամասն ինֆորմացիա կներկայացնենք առաջիկայում)

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2 հոկտեմբերի 2008թ.

Հոկտեմբերի 2-ի երեկոյան «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպվեց մասնակիցների ընդունելություն-հանդիպում։ Դա ավանդաբար անցկացվում է կազմակերպիչների՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից, հաջորդ օրը բացվող խորհրդաժաղովի մասնակիցներին միմյանց ներկայացնելու համար։ Այս տարվա ընդունելություն-հանդիպում միջոցառումը համընկավ "Конституционное Правосудие" տեղեկագրի հրատարակման 10-ամյակին։
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց միմյանց եւ հակիրճ պատմեց տեղեկագրի ստեղծման շարժառիթների, անցած 10 տարիներին իրավական խնդիրներին առնչվող բանավիճային հիանալի լսարան լինելու նրա դերի ու նշանակության մասին։
Ընդունելությունը խորհրդաժողովի մասնակիցներին միմյանց ներկայացնելու, մտքեր ու նորություններ փոխանակելու հիանալի առիթ էր։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՅՈՒՐԵՐ ԼԱՏՎԻԱՅԻՑ

flagՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով հոկտեմբերի 1-ին Հայաստան այցելեց Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ Լատվիայի ՍԴ նախագահ Գունար Կուտրիսի գլխավորությամբ։
Պատվիրակությանը ընդունեց ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Կարիք չեղավ հյուրերին ծանոթացնել ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման պատմությանն ու գործունեությանը. լատվիացի գործընկերներն անցյալ տարի մասնակցել էին երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովին, այցելել սահմանադրական դատարան։ Այդ իսկ պատճառով զրույցն ընթացավ վերջին մեկ տարում երկու դատարաններում նկատված նորությունների, առավելապես աղմկահարույց գործերի քննության, երկու երկրներում սահմանադրական արդարադատության ուղղությամբ տարված աշխատանքների մասին։
Այնուհետեւ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվան սրահում հյուրերը հանդիպեցին ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ։ Երկուստեք ծանոթությունից հետո պարոն Հարությունյանը հակիրճ պատմեց երկու դատարանների միջեւ եղած գործնական կապերի, փորձի փոխանակման խնդրով եղած եւ առաջիկայում սպասվելիք հանդիպումների, միմյանց տեղեկատվություններ հաղորդելու, եւ, ընդհանրապես, համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքների մասին։ Եվ միանգամայն օրինաչափ էր, որ լատվիացի հյուրերն իրենց գործընկեր դատավորներին, որպես նվեր, բերել էին Լատվիայի ՍԴ որոշումերի ընտրանին։
Հյուրերին հանդիպում էր սպասվում նաեւ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտխորհրդի անդամների եւ մագիստրատուրայի սովորողների հետ, որից հետո նրանք այցելելցին Փարաջանովի տուն-թանգարան։

Հոկտեմբերի 2-ին Լատվիայի սահմանադրական դատարանի պատվիրակությանը, ուղեկցությամբ Գ. Հարությունյանի, ընդունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ Նախագահն անդրադարձավ հայ-լատվիական հարաբերություններին, կարեւորեց երկու երկրների սահմանադրական դատարանների միջեւ սերտ համագործակցությունը, օգտակար գնահատեց նման շփումները, որոնց ընթացքում ծնվում են նորանոր գաղափարներ ու ձեռնարկներ։
Նույն օրը պատվիրակությունն այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղավ Էջմիածնում։ Այստեղ լատվիացի հյուրերը մեծ ակնածանքով շրջեցին Վեհարանի սրահներում, հիացմունքով դիտեցին գեղանկարչական հազվագյուտ կտավները, հայոց այբուբենի ոսկետառ նմուշները, եղան Մայրավանքում։
Երեկոյան նրանք միացան երեւանյան միջազգային XIII խորհրդաժողովի մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակներին։

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

23-24 սեպտեմբերի 2008թ.

flagՀՀ սահմանադրական դատարանի հրավերով սեպտեմբերի 23-24-ը պաշտոնական այցով Հայաստանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ նախագահ պարոն Հանս-Յուրգեն Պապիերի գլխավորությամբ։
Այցի առաջին օրը պատվիրակությունը հանդիպեց ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակազմի հետ։ Ողջունելով հյուրերին, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մասնավորապես նշեց, որ երկու երկրների դատարանները վաղուց համագործակցում են, վերջին տարիներին՝ ավելի արդյունավետ, եւ այս շաբաթը մեզ մոտ հայտարարվել է Գերմանիայի շաբաթ։
-Մենք ծանոթ ենք Գերմանիայի Դաշնության Սահմանադրությանն ու սահմանադրական դատարանի մասին դաշնային օրենքին,-ասաց պարոն Հարությունյանը,-եւ այսօր հաճելի առիթ ունենք՝ կենդանի շփում ունենալու այն մարդկանց հետ, ովքեր իրենց երկրում կոչված են պաշտպանելու Սահմանադրությունը, իրականացնելու սահմանադրական արդարադատություն։ 21-րդ դարում սահմանադրական արդարադատության ամբողջ համակարգը նոր զարգացում է ապրում։
Եվ բազմաթիվ երկրների ուշադրությունը ուղղված է դեպի Գերմանիա, քանզի այդ երկրի ՍԴ-ում, որն ավելի քան կեսդարյա տարեգրություն ունի (ստեղծվել է 1951 թվականին) ձեւավորվել է դասական մի համակարգ, որն առավել ամբողջական ու արդյունավետ է, եւ գտնվել են այնպիսի լուծումներ, որոնք հետաքրքրում են հատկապես ժողովրդավարության ուղին նոր անցնող երկրներին։ Այսպիսի հանդիպումները մեզ համար առավել կարեւոր են՝ մեր մոտեցումները ճշգրտելու, գերմանացիների առաջավոր փորձը ներառելու համար։
Գերմանիայի ՍԴ-ի ներկայացմանն ի հավելումն, պարոն Հարությունյանը շեշտեց, որ այսօր աշխարհում գոյություն ունեցող 110 ՍԴ-ներից քչերին է հաջողվել իրացնել մի չափազանց կարեւոր սկզբունք, այն է՝ Գերմանիայում սահմանադրական ցանկացած ինստիտուտի ակտ հանդիսանում է սահմանադրական վերահսկողության օբյեկտ։ Փաստորեն, Գերմանիայում չի կարող լինել մի մարմին, որի իրավական ակտի սահմանադրականությունը հնարավոր չլինի բողոքարկել, այդ թվում նաեւ՝ դատարանները։ Սա այսօրվա իրավական գլոբալիզացիայի պարագայում չափազանց կարեւոր հանգամանք է՝ գերմանացիներն իրենց ներքին խնդիրները լուծում են երկրի ներսում։
Խոսակցություն ծավալվեց սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի լուծմանն ուղղված խնդիրների շուրջ։ Պարոն Պապիերը ներկայացրեց Գերմանիայի Սահմանադրության 93 հոդվածի 1-ին կետի պրակտիկ կիրառման հետ կապված մանրամասներ, որոնք վերաբերում են սահմանադրության մեկնաբանմանը։ Դա չափազանց կարեւոր լիազորություն է, որն առաջին անգամ ձեւակերպվեց Գերմանիայի հիմնական օրենքում։
Պարոն Հարությունյանն ափսոսանքով հավելեց, որ չափազանց կարեւոր այդ խնդիրը դեռեւս Հայաստանում լուծված չէ, եւ դա համարեց սահմանադրական պրակտիկայի էական բացերից մեկը։
Հանդիպման ընթացքում առանցքային խոսակցություն ծավալվեց մասնավորապես անհատական դիմումների հետ կապված։ Պարոն Պապիերի ներկայացմամբ, իրենց մոտ անհատական դիմումները կազմում են քննարկվող գործերի մեծամասնությունը՝ տարեկան ստացվում է մոտ 6000 դիմում։ Դրանք հիմնականում ուղղված են դատական որոշումների դեմ։
Սահմանադրական արդարադատության գործում ունեցած մեծ ավանդի եւ դատարանների արդյունավետ համագործակցության համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՍԴ նախագահ պարոն Պապիերը պարգեւատրվեց ՀՀ ՍԴ ոսկե մեդալով։ Պարգեւը հանձնելով, պարոն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումներն առիթ կտան ոչ միայն առավել արդյունավետ օգտագործելու մեր օրենսդրական հնարավորությունները, այլեւ մատնանշելու դրանց հետագա բարեփոխումների որոշակի տրամաբանությունը։
Իր հերթին պարոն Պապիերը ՀՀ ՍԴ-ին նվիրեց Գերմանիայի Դաշնության ՍԴ-ի ընդունած հիմնարար որոշումների հավաքածուն եւ Գերմանիայի Դաշնային ՍԴ մասին նոր հրատարակված տեղեկատվական բրոշյուրը։
Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հանս-Յուրգեն Պապիերի գլխավորած պատվիրակությանը, ուղեկցությամբ ՀՀ ՍԴ նախագահ պարոն Հարությունյանի, ընդունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ Նախագահը կարեւորեց երկու դատարանների միջեւ սերտ համագործակցությունը, անդրադառնալով նաեւ ընդհանրապես հայ-գերմանական հարաբերություններին, որոնք «բոլոր ոլորտներում հաջողությամբ զարգանում են»։
Նույն օրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությանն ընդունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Այդ օրը երեկոյան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի կողմից հյուրերի պատվին կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն։ Նույն երեկոյան Գերմանիայի պատվիակության, ՍԴ անդամների եւ ՀՀ պաշտոնատար անձանց մասնակցությամբ հանդիսավորությամբ նշվեց Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից հրատարակվող «Սահմանադրական արդարադատություն» միջազգային ռուսալեզու ամսագրի ստեղծման 10-ամյակը։
Սեպտեմբերի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ընկերակցությամբ ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի, այցելեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին։
Հյուրերին օրհնանքով ու ջերմությամբ ողջունեց եւ դատական երկու ինտիտուտների գործարար կապերին էլ ավելի սերտ ամրապնդում ցանկացավ Ամենայն Հայոց կաթողիկոս Տ.Տ. Գարեգին Երկրորդը։
Հայաստանում գտնվելու վերջին օրը գերմանացի հյուրերի համար կազմակերպվեց այցելություն Մատենադարան, Գառնի եւ Գեղարդ։ Հյուրերի համար հաճելի անակնկալ էր Գեղարդի վիմափոր եկեղեցում իրենց պատվին ներկայացված հոգեւոր երաժշտության համերգը։
Հայաստանում գտնվելու բոլոր օրերին պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6

Նկարներում՝
Պատվիրակությունը ՀՀ սահմանադրական դատարանում (1, 2, 3, 4)։
Գառնիում (5)։
Մատենադարանում (6)։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

18-19 սեպտեմբերի 2008թ.

ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ

flagՄաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտի (Գերմանիա) եւ «Հայաստանում իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի (GTZ) նախաձեռնությամբ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակիցների համար սեպտեմբերի 18-19-ը Երեւանում անցկացվեց «Մարդու՝ որպես անմիջական գործող իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» խորագրով սեմինարը։ Հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտը ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ պրոֆեսոր Յոխեն Ֆրովայնը։
GTZ ծրագրի իրավաբան Գրիգոր Մուրադյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց գերմանացի հյուրին, մանրամասնեց սեմինարի ծրագիրն ու անցկացման նպատակները։ Սեմինարի առաջին օրվա նիստերը վարեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը։ Քննարկվեցին «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկնաբանումը եւ կիրառումը սահմանադրական դատարանների կողմից», «Իրավական պետության երաշխիքներ», «Մասնավոր եւ ընտանեկան կյանքի պաշտպանությունը», «Ժողովրդավարություն» թեմաները։
Երկրորդ օրվա նիստերը վարեց պրոֆեսոր Յոխեն Ֆրովայնը։
Քննարկվեցին սահմանադրական եւ սահմանադրական դատավարական իրավունքի առանձին հիմնահարցերի վերաբերյալ հրատապ թեմաներ, ի մասնավորի՝ «Մարդուն իրավունքներից զրկելը», «Սահմանադրական գանգատ գործողության կամ անգործության դեմ» եւ այլն։
Սեմինարը եզրափակվեց այն վարողների ամփոփիչ եւ նման միջոցառումներն արժեւորող գնահատանքի խոսքերով։
Սահմանադրական դատարանից սեմինարին մասնակցում էին՝ ՍԴ դատավորները, խորհրդականները, աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության բաժինների մասնագետները։
Սեմինարի ավարտից հետո, պարոն Հարությունյանի հրավերով, պրոֆեսոր Յոխեն Ֆրովայնը այցելեց ՀՀ սահմանադրական դատարան։ Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը ծանոթացրեց ՍԴ-ի կազմավորման պատմությանն ու գործունեությանը։ Պարոն Ֆրովայնը հետաքրքրությամբ դիտեց գրադարանը, նիստերի դահլիճը, խորհրդակցական սենյակը, ինտերնետ բաժնում ծանոթացավ ՍԴ կայքէջի նյութերին։ Պարոն Հարությունյանը հյուրին նվիրեց մի խտասկավառակ, ուր աշխարհի 150 երկրների սահմանադրություններն են եւ դրանց համեմատական վերլուծության՝ ՀՀ ՍԴ-ի կողմից մշակված ծրագիրը։ Այդ ծրագիրը Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի կողմից ընդունվել է որպես կարեւոր նորույթ եւ տեղադրվել Ինտերնետի միջազգային ասոցիացիայի թղթածրարում։ Այն ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ծրագրային եզակի փաթեթ է՝ հիանալի ամփոփ նյութ սահմանադրագետ գիտնականների եւ սահմանադրական դատարանների համար։

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1-4 սեպտեմբերի 2008թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ

flagՀարավային Կորեայի սահմանադրական դատարանի հրավերով 2008թ. սեպտեմբերի 1-4-ը Սեուլում էր գտնվում ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին ՍԴ անդամ Կիմ Բալայանը եւ ՍԴ խորհրդական Եղիշե Կիրակոսյանը։
Հարավային Կորեայի սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի առիթով կազմակերպված էր «Իշխանությունների տարանջատումը եւ Սահմանադրական վերահսկողության շրջանակներում ընդունվող որոշումները 21-րդ դարում» թեմայով միջազգային սիմպոզիում, որին մասնացում էին Սահմանադրական դատարաններ եւ նմանատիպ կառույցներ ունեցող 50-ից ավել երկրների պատվիրակներ՝ ղեկավար կազմով։ Մասնակցում էին նաեւ Եվրոպական սահմանադրական դատարանների Համաժողովը, ֆրանսալեզու սահմանադրական դատարանների Ասոցիացիան, Վենետիկի Հանձնաժողովը, Հարավաֆրիկյան դատավորների Հանձնաժողովը, սահմանադրական արդարադատությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ղեկավարներ։
ՀՀ ՍԴ նախագահը հրավիրվել էր որպես երիտասարդ ժողովրդավարական երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների միջազգային կոնֆերանսի նախագահ։
Լիագումար նիստում մեծ ուշադրությամբ լսվեց եւ լայն քննարկման առարկա դարձավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ «21-րդ դարի սահմանադրական մշակույթը եւ սահմանադրական արդարադատությանը նետված մարտահրավերները» թեմայով զեկուցումը։
Սահմանադրական արդարադատության հարցերին նվիրված Համաշխարհային Առաջին Կոնգրեսն անցկացնելու համար ստեղծված կազմկոմիտեի նիստում նախկին Խորհրդային Միության եւ Արեւելյան երկրներից կազմկոմիտեի անդամ ընտրվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը։

Նկար 1

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

22 հուլիսի 2008թ.

Հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին։
Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը ծանոթացրեց Սահմանադրական դատարանի ստեղծման անհրաժեշտությանն ու գործառույթին, սահմանադրական բարեփոխումներից եւ դրա հետեւանք՝ ՍԴ-ի մասին ՀՀ նոր օրենքի ընդունումից հետո դիմող սուբյեկտների ավելացմանն ու ՍԴ աշխատանքային գործունեության վերակառուցմանը։ Մեծ ձեռքբերում է քաղաքացիների կողմից ՍԴ դիմելու հնարավորությունը։ Միայն երկուս ու կես տարում ՍԴ ներկայացրած 3000-ից ավելի դիմումների 8,5 տոկոսը զուտ սահմանադրականության խնդիր են արծարծել, եւ դրանց քննության արդյունքում տասնյակ օրենքներ ճանաչվել են հակասահմանադրական։
Երկուստեք կարեւորեցին Սահմանադրությունից բխող օրենքների ընդունման, ընտրական օրենսդրության կատարելագործման խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնց արդյունքում «ընտրությունները պետք է պրոբլեմներ լուծեն եւ ոչ թե պրոբլեմներ ստեղծեն»։
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին։ Հյուրը տեղեկացվեց, որ սեպտեմբերի 22-24-ը ՀՀ սահմանադրական դատարանը կհյուրընկալի Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանին, համատեղ կանցկացվի սեմինար։ Իսկ ավանդաբար անցկացվող երեւանյան միջազգային խորհրդաժողովներից հերթական՝ 13-րդը, կկայան հոկտեմբերի 3-5-ը, որը կազմակերպվում է Վենետիկի Հանձնաժողովի եւ Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի հետ համատեղ։ Այդ խորհրդաժողովին մասնակցելու ցանկություն արդեն հայտնել են քսանից ավելի երկրներ։ Թեման նվիրված է բացառիկ կարեւոր ու հրատապ հիմնախնդրին՝ «Սահմանադրական հիմնարար արժեքներն ու հասարակական պրակտիկան»։
Զրույցի ավարտին երկուստեք հույս հայտնվեց, որ նման հանդիպումները, փորձի փոխանակումները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարական գործընթացների արագացմանը։

Նկար 1

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

5 հուլիսի 2008թ.

ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՕՐՎԱՆ

Մեր երկրում, այս էլ քանի տարի, միայն ՀՀ Սահմանադրական դատարանն է ավանդաբար միջոցառումներ կազմակերպում՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման օրվան։ Սահմանադրական վերահսկողության հատուկ մասնագիտացված այս ինստիտուտը կոչված է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների սահմանադրորեն ամրագրված լիազորությունների ներդաշնակ իրականացմանը, նորմատիվ ակտերի սահմանադրականության ապահովմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների կայուն երաշխիքների ստեղծմանը, օրենքի գերակայության հաստատմանը£ Հուլիսի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի հրավիրած ընդունելությանը մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, տարնսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավար, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, պաշտոնատար այլ անձինք, իրավագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ընդունելությունը միմյանց շնորհավորելու, օրվա խորհրդի մասին զրուցելու հաճելի առիթ էր։ Այն լավ առիթ էր նաեւ բազմաթիվ լրագրողների համար՝ մասնակիցների հետ զրուցելու, Սահմանադրության դերի ու նշանակության մասին իրենց հարցերի պատասխանները ստանալու համար։ Պատասխանելով լրագրողների մի շարք հարցերին, Սահմանադրական դատարանի նախագահը ներկայացրեց նաեւ Սահմանադրական դատարանի եւ Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից (որի խորհրդի նախագահն է ինքը) առաջիկայում կազմակերպվելիք մի քանի կարեւոր միջոցառումների մասին։ Ի մասնավորի՝ սեպտեմբերի 23-24-ը Հայաստան են հրավիրվում Գերմանիայի սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ հատուկ քննության առարկա կդարձվեն Սահմադրության գերակայության լիարժեք երաշխավորման հասնելու միջոցներն ու ուղիները։ Այս մոդելի դասական օրինակը հենց Գերմանիան է,-ասաց Գ. Հարությունյանը,- եւ մեր հանդիպման զրույցի հիմնական թեման վերաբերում է այս մոդելի հետագա կատարելագործման հնարավորություններին։ Պարոն Հարությունյանը կարեւորեց նաեւ ավանդաբար կազմակերպվող երեւանյան միջազգային խորհրդաժողովները, որոնց հերթականը կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը՝ «Սահամնադրական հիմնարար արժեքները եւ հասարակության պրակտիկան» թեմայով։

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

19-20 հունիսի 2008թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

flagՀայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանադրական դատարանների նախաձեռնությամբ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) աջակցությամբ 2008թ. հունիսի 19-20-ը Բաթումիում կազմակերպվեց միջազգային կոնֆերանս։ Քննարկման թեման էր «Սահմանադրական արդարադատությունը եւ իրավական պետությունը Հարավային Կովկասում»։ Կոնֆերանսի մասնակիցների կազմը բավականին ներկայացուցչական էր։ Բացի երեք հարավկովկասյան սահմանադրական դատարանների անդամներից, պատվիրակներ կային Գերմանիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Լեհաստանից, անկախ փորձագետներ, սահմանադրագետներ։ Երկօրյա նիստերում քննարկման էին դրված հետեւյալ հիմնահարցերը.
ա/ սահմանադրական արդարադատության դերը իրավական պետության կայացման գործում. սահմանադրական դատարանը որպես օրենսդիր, ընդհանուր դատարանների փոխհարաբերությունը,
բ/ սահմանադրական բողոք. բողոքների ընդունման նախապայմանները, քննության մասշտաբը,
գ/ սահմանադրական բարեփոխումների՝ հարեւան երկրների փորձը,
դ/ սահմանադրական արդարադատության ընտրված հարցեր Հարավային Կովկասում. հատուկ կարծիք, իրացում, մամուլ եւ հասարակություն, արդյունք։
Կոնֆերանսում «Անհատական բողոքների ինստիտուտը Հայաստանում. փորձը եւ խնդիրները» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես ներկայացրեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում անհատական դիմումների ինստիտուտի եւ Ադրբեջանի ու Վրաստանի ՍԴ-ների համապատասխան լիազորությունների էական տարբերությունները։ Ապա անդրադարձավ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո ՍԴ-ի մասին ՀՀ օրենքի փոփոխություններին, անհատական դիմումների համակարգի հետագա բարեփոխումների հիմնախնդիրներին։ «Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններում սահմանադրական վերահսկողության խնդիրները» թեմայով զեկուցումով հանդես եկավ նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։ Կոնֆերանսում զեկուցումներից հետո անցկացվեցին ակտիվ քննարկումներ, որոնք ոչ միայն ներկայացրեցին Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Լիտվայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Թուրքիայում, Լեհաստանում, Գերմանիայում սահմանադրական արդարադատության բնագավառում կուտակված փորձը քննարկման առարկա հարցերի առնչությամբ, այլեւ համակարգային բարեփոխումների հայեցակարգային մոտեցումներ առաջադրեցին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հարավկովկասյան հանրապետությունների սահմանադրական դատարանների համատեղ քննարկումներին տալ պարբերական բնույթ։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

16 ապրիլի 2008թ.

Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանն ընդունեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտին ու Նիլ Ջարմանին՝ ուղեկցությամբ Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի։ Փորձագետները Հայաստանում էին գտնվում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում 2008-ի մարտի 17-ին ընդունված փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առաջարկությունների քննարկումներին մասնակցելու կապակցությամբ։
Պարոն Հարությունյանը, որ Վենետիկի հանձնաժողովի անդամ է, հետեւաբար եւ տեղյակ վերոնշյալ քննարկումների արդյունքներին, հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ-ի հետ փորձագետներն ընդհանուր եզրակացության կգան, եւ օրենսդրական փոփոխությունները կկատարվեն ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը։ Երկուստեք կարեւորեցին համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, առանձնակի ուշադրությունը սահմանադրական արժեքներին, որպեսզի ընտրությունները ոչ թե պրոբլեմներ առաջացնեն, այլ նպաստեն պրոբլեմների լուծմանը։

4 ապրիլի 2008թ.

flagԱպրիլի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանին։ Նորանշանակ դեսպանի այցը ճանաչողական էր, եւ զրույցը հիմնականում կայացավ Սահմանադրական դատարանի գործունեության, ԻԻՀ Պահապան խորհրդի եւ ՀՀ Սահմանադրական դատարանի գործնական կապերի, երկու երկրների միջեւ հաստատված հարաբերությունների եւ դրանց ամրապնդմանն առնչվող հարցերի շուրջ։

6 մարտի 2008թ.

Մարտի 6-ին, այս տարվա մեջ երկրորդ անգամ, ՍԴ նախագահ Գ.Հարությունյանին այցելեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը։ Կայացավ զրույց ՍԴ դիմած ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի շուրջ։

4 փետրվար 2008թ.

Փետրվարի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական վերլուծաբան Քերեն Գեյներին՝ վերջինիս խնդրանքով։ Տիկին Գեյները նախորդ այցի (հունվարի 31) ընթացքում քննարկված թեմաների հետ կապված ՍԴ նախագահից լրացուցիչ պարզաբանումներ խնդրեց, որոնք վերաբերում էին սահմանադրական բարեփոխումներից հետո ՍԴ գործունեության մեջ նկատվող նորություններին, ՀՀ Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածների բացատրությանը։

31 հունվարի 2008թ.

Հունվարի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գեռտ-Արենսին՝ ընկերակցությամբ առաքելության իրավական վերլուծաբան Քերեն Գեյների։
Հյուրերը ՍԴ նախագահից պարզաբանումներ խնդրեցին ՀՀ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընտրական վեճերի քննության առանձնահատկությունների եւ այդ հարցում Սահմանադրական դատարանին՝ ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1 կետով (լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը) վերապահված լիազորության մասին։
Զրույցի ընթացքում միաժամանակ անդրադարձ կատարվեց ընտրական իրավունքի դատական պաշտպանության ողջ համակարգին եւ այդ հարցում վարչական դատարաններին վերապահված նոր դերակատարությանը։

Նկար 1

29 հունվարի 2008թ.

Հունվարի 29-ին Սամանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի խնդրանքով ՍԴ նախագահը ներկայացրեց սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները եւ ներկայումս գործող կարգը Հայաստանի Հանրապետությունում։

Նկար 1


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]