Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2009 թվականին՝

11 նոյեմբերի 2009թ.

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԴ-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը նոյեմբերի 11-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին։ Նորանշանակ դեսպանի այցը ճանաչողական էր, եւ զրույցը հիմնականում ընթացավ երկու երկրների եւ, ի մասնավորի՝ ՀՀ եւ Գերմանիայի սահմանադրական դատարանների միջեւ հաստատված կապերի էլ ավելի ամրապնդման ու համագործակցության խորացման շուրջ։ Փաստվեց, որ երկու երկրների ՍԴ-ների համագործակցության արդյունքում լուրջ քայլեր են արվել ներքին հավասարակշռված իրավական համակարգի կատարելագործման ճանապարհին, առանց որի հնարավոր չէ երկրում քաղաքացիական հասարակություն ձեւավորել։ Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ առաջիկա համատեղ գործունեության ծրագիր մշակել։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

9 նոյեմբերի 2009թ.

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԴ-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը նոյեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին։
Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը ծանոթացրեց սահմանադրական բարեփոխումներից հետո ՍԴ-ում անհատական դիմումների հիման վրա քննարկված գործերին, որոնք նկատելիորեն գերակշռող են, եւ որոնց քննության արդյունքում ՀՀ տասնյակից ավել օրենքներ ճանաչվել են հակասահմանադրական։
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին, ի մասնավորի՝ Վենետիկի Հանձնաժողովի եւ Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի հետ համատեղ ավանդաբար անցկացվող երեւանյան միջազգային խորհրդաժողովներին։
Քննարկվեցի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

22-23 հոկտեմբերի 2009թ.

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ GTZ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ

Հոկտեմբերի 22-23-ը ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակազմի համար անցկացվեց «Անհատական դիմումի ընթացակարգի կատարելագործումը ՀՀ գործող Սահմանադրության շրջանակներում» խորագրով  ՀՀ ՍԴ-ի եւ GTZ-ի համատեղ V սեմինարը՝ մասնակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի գիտական աշխատող, իրավագիտության դոկտոր Ռոբերտո Բառտոնեի։ 1969 թվականից սկսած Գերմանիայի սահմանադրական դատարանն այս ոլորտում մեծ փորձ է կուտակել, եւ պարոն Բառտոնեն, ՀՀ ՍԴ դատավորներն ու աշխատակազմը քննարկումներն անցկացրին գերմանացիների փորձի եւ ՀՀ ՍԴ գործառույթների շուրջ։
Երկօրյա նիստերի ընթացքում քննարկվեցին «Սահմանադրական դատարանի որոշմամբ վնասի հատուցման՝ դիմումատուի իրավունքի ճանաչումը եւ վնասի հաշվարկումը», «Սահմանադրական դատարանը որպես «կատարողական վարույթի տեր». կատարողական մարմինների մատնանշման եւ դրանց կոնկրետ իրավունքների սահմանման հնարավորությունները». «Վերջնական դատական ակտի վերանայումը կիրառված իրավադրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանելու դեպքում՝ իրավակիրառման ժամանակ հիմնական իրավունքների խախտումը ճանաչելու հիմքով» թեմաները։ Յուրաքանչյուր թեմայի շորջ զեկուցումները եզրափակվում էին հարց ու պատասխաններով, պարզաբանումներով։
Ողջույնի խոսքերով հանդես եկան՝ Գագիկ Հարությունյանը (ՀՀ ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր), Գրիգոր Մուրադյանը (ՀՀ-ում GTZ-ի ներկայացուցիչ, իրավաբան), Ռոբերտո Բառտոնեն (Գերմանիայի Սահմանադրական դատարանի գիտաշխատող, իրավագիտության դոկտոր)։
Նիստերը վարում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։
Սեմինարի ընդհանուր թեման այսօրվա համար շատ արդիական է, եւ վերջին տարիներին ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումների հիման վրա գործերի քննության արդյունքում 20-ից ավել օրենքներ հակասահմանադրական ճանաչելու փաստը արդի իրավական համակարգի վրա ՀՀ ՍԴ-ի ունեցած ակտիվ ներգործության ու նաեւ այն բանի վկայությունն է, որ օրենսդրական ու համակարգային բարեփոխումներն այլեւս հրատապ լուծում պահանջող խնդիրներ են։ Պատահական չէ, որ Վենետիկի Հանձնաժողովն էլ առանձնակի ուշադրություն է դարձնում այս հարցերին՝ եվրոպական զարգացումների ընդհանուր չափորոշիչները հստակեցնելու նպատակով տարեվերջին ծրագրելով քննարկումներ անցկացնել անհատական դիմումների հետ կապված թեմայով։ Համակարգային այդ բարեփոխումներին ՀՀ ՍԴ-ի ակտիվ ներգործության վկայություն կդառնա նաեւ եկող տարվա հոկտեմբերի վերջին տասնօրյակում Երեւանում ՀՀ ՍԴ-ի կողմից կազմակերպվելիք միջազգային խոշոր ֆորումը՝ մասնակցությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, Վենետիկի Հանձնաժողովի, GTZ-ի եւ անհատական դիմումների քննության խնդրով շահագրգիռ այլ կազմակերպությունների։
Իր բացման խոսքում ներկայացնելով այս ամենը, Գ. Հարությունյանը հավելեց, թե համակարգը մեզանում մի շարք փոփոխություններով զարգացնելու լուրջ հնարավորություններ կան, սակայն, դեռ մտահոգիչ է մնում սահմանադրական դատարանի որոշումների արդյունավետ իրացման խնդիրը, որը պայմանավորված է նաեւ նոր հանգամանքների ինստիտուտի գործունեությամբ։ ՍԴ-ն արդեն մեկ անգամ իր որոշումով ամբողջությամբ հակասահնադրական ճանաչեց այդ ինստիտուտը, եւ ՀՀ ԱԺ-ն այդ առնչությամբ օրենսդրական էական փոփոխություններ կատարեց։ Այսուհանդերձ, ինստիտուտը շարունակում է անարդյունավետ գործել հատկապես դիմող քաղաքացիների իրավունքների վերականգնման առումով, որի հետեւանքով էլ սահմանադրական դատարանում ստացվող անհատական դիմումները գերակշող են դառնում՝ օրենքների սահմանադրականության հարցերի քննությունը մոտ 99 տոկոսով այսօր իրականացվում է անհատական դիմումների հիման վրա։ Եվ առաջանում է մեկ այլ լուրջ խնդիր՝ անհասկանալի է, օրինակ, թե ինչու՞ կոնվենցիոն իրավունքների խախտումներն ունեն փոխհատուցման հետեւանքներ, իսկ սահմանադրական իրավունքի խախտումը նման հնարավորություն չի ընձեռում։
Երկօրյա համատեղ սեմինարը նոր փորձի յուրացման, անհատական դիմումների ինստիտուտի գործունակությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիներ գտնելու միջոց էր, մտքերի փոխանակությամբ, թեմայի խորը վերլուծությամբ ու քննարկումներով նոր առաջարկություններ մշակելու լավ հնարավորություն։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

1-3 հոկտեմբերի 2009թ.

Սահմանադրության գերակայության ապահովման արդի մարտահրավերները
Գ. Հարությունյանի զեկույցը Երեւանյան XIV միջազգային խորհրդաժողովում, 1-3 հոկտեմբերի 2009թ.
(ռուսերեն)

1-3 հոկտեմբերի 2009թ.

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XIV ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

2009թ. հոկտեմբերի 1-3-ը Երեւանում անցկացվեց Երեւանյան միջազգային XIV խորհրդաժողովը։
Կազմակերպիչներ՝
ՀՀ Սահմանադրական դատարան
ՀՀ Ազգային ժողով

Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական Հանձնաժողով (Վենետիկի Հանձնաժողով) Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս
Մասնակցությամբ՝ «Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության»
Աջակցությամբ՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի XIV խորհրդաժողովի խորագիրն էր՝ «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում ՍԴ-ների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը»
Ամենամյա երեւանյան միջազգային խորհրդաժողովների կազմակերպման ու անցկացման ավանդույթը սկզբնավորվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից՝ Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի Հանձնաժողով) հետ համատեղ, սկսած 1966 թվականից։

1 հոկտեմբերի 2009
Առաջին օր. Հանդիպումներ, ծանոթություններ

Մշակութային ծրագրերի շրջանակում հյուրերի համար կազմակերպվեցին այցելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Ազգային պատկերասրահ, Զվարթնոց տաճար։
Երեկոյան «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ խորհրդաժողովի մասնակիցների ընդունելություն-հանդիպումը։ Սա ավանդական միջոցառում է, որ կազմակերպում է ՀՀ սահնամադրական դատարանը։ Մասնակիցներից շատերը մի շարք անգամներ մասնակցել են նման խորհրդաժողովների, ոմանք էլ առաջին անգամն էին Հայաստանում, եւ այդ երեկոյան ընդունելությանը հնարավորություն ստացան հանդիպել, ծանոթանալ միմյանց հետ։

2 հոկտեմբերի 2009
Խորհրդաժողովի բացումը. ողջույններ, զեկուցումներ, քննարկումներ

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդաժողովը սկսեց իր աշխատանքը։ Բացման խոսքերով հանդես եկան՝
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոն։
Հրապարակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը։
Խորհրդաժողովի օրվա թեման էր՝ «Սահմանադրության գերակայության ապահովումը որպես իրավական պետությունում սահմանադրական կայունության հիմնական երաշխիք»
Նիստը նախագահում էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոն։
Առաջին նիստում զեկուցումներով հանդես եկան՝ Բելգիայի Սենատի նախագահ Արման Դը Դեկերը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր, պալատի նախագահ Ժոզեփ Կասադեվալը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Վրաստանի ՍԴ նախագահ Գեորգ Պապուաշվիլին։
Զեկուցումների շուրջ եղան հարց ու պատասխաններ, թեմաների քննարկումներ։
Նիստի առաջին ընդմիջմանը կայացավ ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի ճեպազրույցը։

Կարճ ընդմիջումից հետո շարունակվեցին զեկուցումները։ Հանդես եկան՝ Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահ Պիոտր Զիենտարսկին, Տաջիկստանի ՍԴ նախագահ Մախկամ Մախմուդովը, Բելառուսի ՍԴ նախագահ Պյոտր Միկլաշեւիչը, Չեխիայի պատգամավորների պալատի հանձնաժողովի անդամ Եվա Դունդաչկովան, Ուկրաինայի ՍԴ դատավոր Պետրո Ստեցյուկը։ Զեկուցումների շուրջ եղան հարց ու պատասխաններ, թեմաների քննարկումներ։
2-րդ նիստի թեման էր՝ «Արդյունավետ սահմանադրական վերահսկողության իրականացման պառլամենտական երաշխիքները»
Նիստը նախագահում էր ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Զեկուցումներով հանդես եկան՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, Լիտվայի ՍԴ դատավոր Պրանաս Կուցոնիսը, Ռումինիայի ՍԴ նախագահ Վալենտին Պուշկաշ Զոլտանը, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին, Լատվիայի ՍԴ նախագահ Գունար Կուտրիսը, Անդորայի ՍԴ անդամ Միգել Հերերո Դե Մինյոն, Բելառուսի խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Եվգենի Սմիռնովը, Ղազախստանի Խորհրդարանի Սենատի անդամ Իռան Ամիրովը։ Երկրորդ նիստի ավարտին խորհրդաժողովը քննարկեց Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի ներկայացուցիչների մասնակցությամբ Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի կանոնադրության նախագիծը։

3 հոկտեմբերի 2009
Վերջին օր. զեկուցումներ, քննարկումներ, խորհրդաժողովի աշխատանքների ամփոփում

Հոկտեմբերի 3-ին խորհրդաժողովը շարունակեց աշխատանքը։ Օրվա թեման էր՝ «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները որպես իրավունքի աղբյուր, դրանց դերն օրենքի բացի հաղթահարման գործում»
Նիստը նախագահում էր Բելգիայի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Միա Դը Սխամֆելաերեն։
Զեկուցումներով հանդես եկան՝ Ռուսաստանի ՍԴ փոխնախագահ Օլգա Խոխրյակովան, Մոլդովայի ՍԴ նախագահ Դումիտրու Պուլբերեն, Էստոնիայի ԳԴ դատավոր Պրիիտ Պիկամաեն, Ալբանիայի ՍԴ դատավոր Ադմիր Տհանզան, Նիդերլանդների ԳԴ դատավոր Օսկար Դե Սավորնին Լոհմանը։
Նիստի առաջին ընդմիջմանը կայացավ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի մամուլի ասուլիսը։ Նախորդ օրը նա պարգեւատրվել էր Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով՝ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը նպաստելու եւ ՀՀ-ում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ծառայությունների համար։

Խորհրդաժողովում շարունակվեցին զեկուցումները։ Հանդես եկան՝ Ալժիրի ՍԽ դատավոր Դինե Բենդջեբարան, Մակեդոնիայի ՍԴ դատավոր Նատաշա Գաբեր-Դամյանովսկան, ՀՀ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, Բուլղարիայի ՍԴ դատավոր Վասիլ Գոցեւը, Ղրղզստանի ՍԴ դատավոր Աբիբուլա Աբդուգապառովը։
Զեկուցումների շուրջ եղան հարց ու պատասխաններ, թեմաների քննարկումներ։
4-րդ նիստի թեման էր՝ «Խորհրդարանների եւ սահմանադրական դատարանների գործառնական փոխհարաբերությունների զարգացման եվրոպական արդի միտումները»։
Զեկուցումներով հանդես եկան՝ Բելգիայի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Միա Դը Սխամֆելաերեն, Սերբիայի ԱԺ վարչական հանձնաժողովի նախագահ Նենադ Կոնստանտինովիչը, Նորվեգիայի ԳԴ դատավոր Կարին Բրուցելիուսը, Բոսնիայի եւ Հերցոգովինայի ՍԴ փոխնախագահ Վալերիա Գալիչը։
Զեկուցումների շուրջ եղած հարց ու պատասխաններից, թեմաների քննարկումներից հետո նախագահողների կողմից կատարվեց քննարկումների արդյունքների ամփոփում։
խորհրդաժողովի պաշտոնական լեզուներն էին՝ հայերենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17

 

22 սեպտեմբերի 2009թ.

Սեպտեմբերի 22-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցչության գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին։
Զրույցը ընթացավ ՀՀ սահմանադրական դատարան-ԵԱՀԿ համագործակցության էլ ավելի աշխուժացման եւ առաջիկա անելիքների շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

19-20 սեպտեմբերի 2009թ.

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ

«ՀԱՅ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՏՔԸ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով սեպտեմբերի 19-20-ը Երեւանում անցկացված Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը Իրավաբանական համահայկական ընկերակցության Խորհրդի աշխատանքների համակարգող ընտրեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանին։
Համաժողովը, ՀՀ Սահմանադրական իրավունքի Կենտրոնի եւ Հայաստանի իրավաբանների միության աջակցությամբ, կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը։
Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանը համաժողովում հանդես եկավ «Իրավունքի ընկալման հայկական այբուբենը եւ ժամանակի մարտահրավերները» թեմայով զեկուցումով։
Համաժողովի առաջին օրվա երկրորդ կեսին պարոն Հարությունյանը համաժողովի մասնակիցների համար ընդունելություն կազմակերպեց Սահմանադրական դատարանում։ Ընդունելությանը մասնակցում էին համաժողովի բոլոր անդամները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, հայ իրավաբաններ աշխարհի մոտ երկու տասնյակ երկրներից, հրավիրյալ այլ իրավաբաններ Հայաստանից։ Ընդունելությանը ներկա էր Գ. Հարությունյանի անհատական հրավերով համաժողովին մասնակցող, Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ստանիսլավ Բալիկը, ով համաժողովում հանդես էր եկել «Միջնադարյան հայ իրավունքը եւ դրա ուսուցանումը Չեխիայում» թեմայով։
Ընդունելությանը ջերմ ու մտերմական զրույց ընթացավ. մասնակիցներն անմիջական շփումներով իրար ներկայանալու, իրենց երկրների դատաիրավական համակարգի մասին պատմելու առիթ ու ժամանակ ունեցան։
Սեպտեմբերի 20-ին քննարկումները շարունակվեցին ՀՀ սահմանադրական դատարանի Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվան սրահում։ Գ. Հարությունյանը հանդես եկավ «Իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծման սկզբունքներն ու գործունեության կարգը եւ կազմակերպական հարցեր» թեմայով։
Պարոն Հարությունյանը կարեւորեց «Իրավաբանների ընկերակցության» ստեղծման գաղափարը, որի իրականացման առաջին քայլը պիտի լինի նոր ծրագրերի մշակումն ու դրանց հետեւողական իրականացումը։
Բազմաթիվ հարցեր տրվեցին՝ Հայաստանում իրավական դաշտի ներկա վիճակի, դատաիրավական համակարգի, սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրավական ինստիտուտների գործունեության շուրջ, որոնց սպառիչ պատասխաններ տվեց Գ. Հարությունյանը։
Մասնակիցները հույս հայտնեցին, որ նման համահայկական մեծ ձեռնարկումի հաջող մեկնարկը արդյունավետ շարունակություն կունենա։
Չորրորդ նիստում ամփոփվեցին համաժողովի աշխատանքները, մշակվեց «Իրավաբանական համահայկական ընկերակցություն» նորաստեղծ հասարակական կազմակերպության կանոնադրությունը, ստեղծվեց հիմնադիր ժողով։
Նորաստեղծ հասարակական կազմակերպության Խորհրդի աշխատանքների համակարգող ընտրվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։
Ընդունվեց համաժողովի մասնակիցների հայտարարությունը. «Ողջունելով ՀՀ Նախագահի նախաձեռնությունը համազգային ներուժի համախմբման առումով, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության կողմից սույն Համաժողովին ընձեռած հնարավորությունն? ուղղված ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայ իրավաբանների միջեւ կապերի ամրապնդման, համագործակցության եւ փոխադարձ մարդկային շփումների ապահովմանը, ինչպես նաեւ համահայկական հնչեղության իրավական հիմնախնդիրների լուծմանը, կարեւորելով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Սփյուռքի հայ իրավաբանների համագործակցությունը եւ նրանց ներգրավումը համազգային հիմնախնդիրների լուծման գործընթացում, ինչպես նաեւ Հայոց անկախ պետականության ամրապնդման եւ զարգացման գործում, ընդգծելով հայ իրավական մտքի հետագա զարգացման խնդիրների կարեւորությունը միջազգային չափանիշների համատեքստում,
մենք՝ 2009 թվականի սեպտեմբերի 19-21-ը ՀՀ մայրաքաղաք Երեւանում կազմակերպված ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ,
որ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ընթացքում ներկայացված զեկուցումերը, դրանց քննարկումները եւ մտքերի փոխանակությունը հերթական անգամ հաստատեցին ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայ իրավաբանների համագործակցության անհրաժեշտությունը՝ ի շահ հայ իրավական մտքի զարգացման, սահմանադրականության հաստատման, մասնագիտական կրթության որակի բարձրացման, այս ասպարեզում ձեռքբերումների քարոզչության եւ համամարդկային արժեքների շարքում հայ իրավական մտքի հուշարձանների պահպանման կարեւորության դերի բարձրացման,
կարեւորում ենք պատմական ճակատագրի բերումով օտար պետություններում ապրող եւ աշխատող բազմաթիվ հայ իրավաբանների ներուժի օգտագործումը համազգային խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու, ինչպիսիք են ԼՂՀ հարցի խաղաղ եւ արդարացի կարգավորումը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային փոքրամասնություններին այլ պետություններում իրավական օգնության ցուցաբերումը, Սփյուռքում հայ ժողովրդի սեփականության, պատմամշակութային ժառանգության իրավական պաշտպանությունն ու իրավական ձեւակերպումը, ինչպես նաեւ ՀՀ իրավական համակարգի ամրապնդումը եւ կատարելագործումը, ստեղծում ենք ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ, անդամակցում ենք այդ կառույցին, որը բաց է բոլոր հայ իրավաբանների համար, որոնք կցանկանան համագործակցել այդ կառույցի հետ։
Միաժամանակ կոչ ենք անում բոլոր հայ համայնքներին, որտեղ չկան հայ իրավաբանների միություններ կամ հանձնախմբեր, առաջիկայում ստեղծել նման կառույցներ։
Դիմում ենք ՀՀ եւ ԼՂՀ կառավարություններին, ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի եւ արդարադատության նախարարություններին, հայկական բոլոր իրավաբանական միություններին՝ աջակցելու նորաստեղծ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ, որը համահայկական իրավաբանական ներուժի համախմբման եւ համագործակցության միջոցով կնպաստի հայ իրավաբանության զարգացմանը, ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Սփյուռքում իրավաբանության բնագավառի գիտական եւ ստեղծագործական մտքի միավորմանը համազգային գաղափարների շուրջ, խրախուսելով ոլորտում ներգրավված պետական, հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը նորաստեղծ կառույցի եւ ստեղծվելիք մասնագիտական ցանցի աշխատանքներին։
Մենք, 2009 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երեւանում կազմակերպված ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս, սույն հայտարարությամբ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ բարձրացված համազգային նշանակության իրավական խնդիրների լուծմանը»։

20 սեպտեմբեր, 2009 թ., Երեւան

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

 

2 սեպտեմբերի 2009թ.

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պացոլային։ Այցը ճանաչողական էր, եւ պարոն Հարությունյանը հյուրին ներկայացրեց ՍԴ կազմավորման պատմությունը, կառուցվածքը, գործունեությունը, պատմեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ նոր օրենքի եւ ըստ այդմ՝ նոր խնդիրների մասին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու դատարանների պրակտիկան կոնկրետ եւ վերացական վերահսկողության բնագավառներում, անհատական դիմումների քննության դատավարական առանձնահատկությունները, դատարանների որոշումների կայացման ապահովելուն առնչվող հարցեր։ Պարոն Պացոլայը բարձր գնահատեց երեւանյան միջազգային խորհրդաժողովների դերը եւ կարեւոր համարեց այս ոլորտի վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի կողմից միջազգային հանդեսների հրապարակումը։ Հյուրը նաեւ օրինակելի համարեց ՀՀ ՍԴ-ի ինտերնետային կայքը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

11 օգոստոսի 2009թ.

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը օգոստոսի 11-ին ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին։ Նորանշանակ դեսպանի այցը ճանաչողական էր, եւ պարոն Հարությունյանը սկզբում ներկայացրեց ՍԴ գործունեությունը, ծանոթացրեց հայկական իրավական մշակույթին, սահմանադրական համակարգին։ Հայաստան-Բրազիլիա բարեկամական կապերի թեմայով զրույցն անմիջական էր ու ջերմ։ Բանն այն է, որ պարոն Հարությունյանը տարբեր առիթներով մի շարք անգամներ պաշտոնական այցերով եղել է Բրազիլիայում, գործնական հանդիպումներ ունեցել Բրազիլիայի նախագահի, Ֆեդերալ Գերագույն դատարանի նախագահի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։ Առաջիկայում մեկ այլ այց է նախատեսվում՝ կապված Բրազիլիայում կազմակերպվելիք սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային Խորհրդաժողովի հետ, որը ներառում է 125 երկրների սահմանադրական արդարադատության մարմիններ ու որի մշտական գործող բյուրոյի անդամ է Հայաստանը՝ ի դեմս ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի։
Տիկին Նիկոդեմոսը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել երկու երկրների, ի մասնավորի՝ ՀՀ ՍԴ-ի եւ Բրազիլիայի Ֆեդերալ Գերագույն դատարանի փոխադարձ կապերի աշխուժացմանը, մանավանդ՝ եկող տարվա երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովին մասնակցելու համար հրավիրվելու է նաեւ Բրազիլիայի Ֆեդերալ Գերագույն դատարանի նախագահը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

22 հուլիսի 2009թ.

Սահմանադրական վերահսկողությունը՝ քաղաքացիական հասարակությունում սահմանադրական կայունության հիմք։
Գ. Հարությունյանի ելույթը Մոլդովայի Հանրապետության Սահմանադրության ընդունման տասնհինգամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովում
(ռուսերեն)

Նկար 1

10 հուլիսի 2009թ.

ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅՑԸ ՍԴ

Հուլիսի 10-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի Գլխավոր Քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին։ Տիկին Զեհեն 2005 թվականից Բրյուսելում եղել է Եվրամիությունում Հայաստանի հարցերով պատասխանատուն եւ այժմ Եվրախորհրդում Հայաստանի հետ կապված հարցերով ավելի լայն շրջանակ ընդգրկող խնդիրներով է զբաղվում։
Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը հանգամանալից ծանոթացրեց Սահմանադրական դատարանի աշխատանքներին, ի մասնավորի՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում անհատական դիմումների ինստիտուտի ներդրման միջոցով ՍԴ-ի գործունեության մեջ նկատվող մեծ փոփոխություններին, ՍԴ-ի հիմնական անելիքներին զուգահեռ ավանդաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովներին, որոնց աշխարհի 40-ից ավել երկրների պատվիրակներ են մասնակցում։
Զրույցը շարունակվեց Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման, նոր ծրագրերի մշակման մասին։ Փաստվեց, որ մեր երկրում դրանց կատարման առումով էական առաջընթաց է նկատվում. պրոբլեմներ, անշուշտ, դեռ կան, սակայն կարեւորն այն է, որ դրանց լուծման ուղիները նկատելի են եւ որոշակի քայլեր են արվում։ Երկուստեք կարեւորվեց առաջին հերթին արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության երաշխավորումը։

ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

3 հուլիսի 2009թ.

ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՕՐՎԱՆ

ՀՀ Սահմանադրական դատարանն ամեն տարի ՀՀ Սահմանադրության ընդունման օրվա առիթով ավանդաբար կազմակերպում է միջոցառումներ։ Հուլիսի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանի հրավիրած ընդունելությանը մասնակցում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված արտերկրների դեսպաններ, դատաիրավական համակարգի ղեկավար անձինք, հյուրեր տարբեր գերատեսչություններից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հաճելի առիթ էր Սահմանադրության տոնի առիթով միմյանց շնորհավորելու, օրվա խորհրդի մասին զրուցելու։

ՍԴ մամուլի ծառայություն

 

2 հուլիսի 2009թ.

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հուլիսի 2-ին հրաժեշտի այցով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը։
Տիկին Վիկտորինի պաշտոնավարման տարիներին ԳԴՀ դեսպանատան, GTZ-ի եւ ՀՀ սահմանադրական դատարանի համատեղ ջանքերով մի շարք համատեղ ձեռնարկումներ են իրականացվել, ի մասնավորի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտի մասնագետների խորհրդատվական հանդիպում-սեմինարները ՍԴ կազմի համար, համատեղ գիտական կոնֆերանսը ԳԴՀ ՍԴ նախագահի մասնակցությամբ, գումարյալ ԳԴՀ Սահմանադրության հռչակման 60-ամյակին նվիրված հանդիսությունը, որ այս տարվա մայիսի 27-ին կազմակերպվել էր ՀՀ ՍԴ-ի նախաձեռնությամբ՝ վերջինիս հարկի տակ։
Պարոն Հարությունյանն արժեւորեց տիկին դեսպանի հետ երկուստեք ձեռնարկած միջոցառումները, դեսպանատան եւ սահմանադրական դատարան համագործակցությամբ ամրապնդված ջերմ կապերը՝ վստահություն հայտնելով, որ տիկին դեսպանը Հայաստանից կհեռանա լավագույն տպավորություններով։

ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

10 - 15 հունիսի 2009թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակության պաշտոնեական այցը Լատվիայի Հանրապետություն

2009թ. հունիսի 10-15-ը պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի գլխավորությամբ։ Այցը կազմակերպվել էր Լատվիայի սահմանադրական դատարանի հրավերով՝ երկկողմ եւ բազմակողմ կապերի հետագա խորացման փոխհամաձայնեցված մոտեցումների շրջանակներում։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը եւ դատարանի անդամ Հ. Դանիելյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ ու մի շարք հրատապ հարցերի շուրջ քննարկումներ ունեցան Լատվիայի Հանրապետության Նախագահ պ-ն Վալդիս Զատլերոսի, Պառլամենտի նախագահ պ-ն Գ. Դաուդզեի, սահմանադրական դատարանի նախագահ պ-ն Գ. Կուտրիսի եւ դատարանի անդամների, Գերագույն դատարանի նախագահ պ-ն Ի. Բիչկովիչի եւ դատարանի պալատների նախագահների, արդարադատության նախարար պ-ն Մ. Սեգլինշի հետ։ Սահմանադրական դատարանում կազմակերպվեց համատեղ միջազգային սեմինար՝ «Սահմանադրական արդարադատության հրատապ հարցեր. Հայաստանի եւ Լատվիայի սահմանադրական դատարանների փորձը» թեմայով։
ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ Լատվիայի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը պատասխանեց սահմանադրական արդարադատության զարգացման միջազգային միտումների վերաբերյալ ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
ՀՀ պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Ռիգայի կենտրոնական հրապարակներից մեկի հարեւանությամբ տեղակայված՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված խաչքարին, ինչպես նաեւ նորակառույց եկեղեցում հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7

4 հունիսի 2009թ.

ՉՈՐՐՈՐԴ ՍԵՄԻՆԱՐԸ՝
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Անցյալ տարվանից ՀՀ սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ «Հայաստանում իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագիրը (GTZ) ՀՀ ՍԴ անդամների եւ աշխատակիցների համար կազմակերպում է սեմինարների շարք, որի եզրափակիչ՝ չորրորդ, երկօրյա սեմինարը մեկնարկեց հունիսի 4-ին՝ «Կանոնակարգի դերը սահմանադրական դատարանների պրակտիկայում» թեմայով։
Նախորդ երեք սեմինարներում Գերմանիայից հրավիրված տարբեր մասնագետների, այդ թվում նաեւ սահմանադրական դատարանի անդամների մասնակցությամբ ներկայացվեց սահմանադրական արդարադատության ոլորտում ունեցած Գերմանիայի Դաշնության փորձը, մանրամասն քննարկվեցին տարբեր հիմնախնդիրներ՝ կապված սահմանադրական արդարադատության գործունակության բարձրացման հետ։
Հիշյալ սեմինարները հատկապես օգտակար եղան այն բանով, որ սահմանադրական արդարադատության բնագավառում գերմանական փորձը հնարավորինս օգտագործվել ու օգտագործվում է մեզանում՝ համակարգը բարեփոխելու եւ կատարելագործելու համար։ Այս առումով մեր երկրում կտրուկ փոփոխություններ են կատարվել։ Ի մասնավորի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ նոր օրենքով կանոնակարգվում են դատական գործունեությունն ու դատավարական առանձնահատկությունները։ Իսկ կանոնակարգը, որպես ենթաօրենսդրական ակտ, կանոնակարգում է ներքին գործունեությունն ու աշխատանքները։
Չորրորդ սեմինարում բացման խոսքով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանը, ՀՀ-ում GTZ-ի ներկայացուցիչ, իրավաբան Գ. Մուրադյանը։
Սեմինարի նիստերը նախագահող Գ. Հարությունյանը նշեց, որ այս վերջին սեմինարն ամբողջությամբ նվիրված է դատավարական համակարգի հիմնախնդիրներին, եւ մասնավորապես դատարանի հայեցողական լիազորության շրջանակներին։
Սեմինարում ընդարձակ զեկուցումով հանդես եկավ Միջազգային իրավունքի ինստիտուտի (Գերմանիա) գիտաշխատող, դոկտոր, պրոֆեսոր Մաթիաս Հարտվիգը։ Ըստ նրա, Գերմանիայում Սահմանադրական դատարանի կանոնակարգն ավելի է կոնկրետացնում օրենքը։ ՍԴ կանոնակարգում փոփոխություններ կատարելը պայմանավորված է նրանով, թե երկրի օրենսդիր մարմինն ինչ փոփոխություններ կարող է կատարել օրենքում։ Հընթացս հարց ու պատասխաններ, հարակից բացատրություններ եղան, որոնց միջոցով ավելի ամբողջացավ թեմայի քննարկումը։
Սեմինարի երկրորդ օրը շարունակվեց սահմանադրական եւ սահմանադրական դատավարական իրավունքի առանձին հարցերի, ՍԴ կանոնակարգի բարեփոխումների հետ կապված մի շարք հիմնահարցերի քննարկմամբ։
Քննարկումներով, հարց ու պատասխաններով, փորձի փոխանակումներով դատավարական ընթացակարգերի հետագա որոշ բարեփոխումների ուղղությամբ մշակվեցին նոր մոտեցումներ։

ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

27 մայիսի 2009թ.

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԴՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 60-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 27-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կազմակերպեց հանդիսություն՝ նվիրված Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության հռչակման 60-ամյակին՝ մասնակցությամբ Հայաստանում ԳԴՀ դեսպան Անդրեա Վիկտորինի։
Ողջունելով մասնակիցներին, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը կարեւորեց ՀՀ եւ ԳԴՀ սահմանադրական դատարանների միջեւ ստեղծված սերտ կապերը։ Եվ այս հանդիսությունն էլ առանձնահատուկ է նրանով, որ մի պետությունում նշվում է մեկ այլ պետության Սահմանադրության հիմնադրման հոբելյանը։ Սրանում մեծ խորհուրդ կա, որովհետեւ այդ Հիմնական օրենքը բացառիկ կարեւոր նշանակություն է ունեցել ամբողջ Եվրոպայում սահմանադրականության զարգացման գործում։
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը իր ողջույնի խոսքում պատշաճ գնահատական տվեց երկու երկրների ՍԴ-ների՝ օրստօրե ամրապնդվող կապերին, ի մասնավորի հավելելով. «Ոչ մի ավելի պատշաճ վայր, քան ՀՀ սահմանադրական դատարանը, չէր կարող լինել մեր Սահմանադրության հիմնադրման հոբելյանը տոնելու համար»։
Ողջույնի խոսք ասաց նաեւ Տեխնիկական համագործակցության ընկերության /GTZ/ «Իրավական եւ արդարադատական բարեփոխումներ Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերը։
Զեկուցումով հանդես եկավ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Նա ներկայացրեց, արժեւորեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությունը, թե ինչ հիմնական ուղղություններով այն կարողացավ խթանել եվրոպական սահմանադրականության զարգացումը, ինչ դեր ու դերակատարություն ունի այսօր եւ ինչով կարող է, ընդհանրապես սահմանադրական արժեքների հետագա զարգացման առումով մեզ համար նույնպես կարեւոր նշանակություն ունենալ։ Այսօր Գերմանիայում դատական սահմանադրական վերահսկողությունը դասական մի համակարգ է, որն ունի հետագա զարգացման մեծ պոտենցիալ։ Շատ երկրներ փորձում են ընդօրինակելով՝ իրենց մոտ ներդնել այն ձեռքբերումները, որոնք քննություն բռնեցին։ 19-րդ դարի կեսերին Գերմանիայում ձեւավորվեց իրավական պետության ամբողջ գաղափարախոսությունը եւ հետագայում դա ամրագրվեց Հիմնական օրենքում։ Իրավունքով իշխանության սահամանափակման գաղափարախոսությունը առաջին անգամ ամրագրվեց Գերմանիայի Դաշնության Հիմնական օրենքի առաջին հոդվածում, եւ այդ ձեւակերպումը, որ դրանք անմիջական գործող իրավունքներ են, եւ իշխանությունը սահմանափակված է այդ իրավունքներով։ Շատ երկրներում, այդ թվում նաեւ մեզ մոտ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ամրագրվեց այդ դրույթը։ Դա սահմանադրական մի ամբողջ փիլիսոփայություն է՝ իր համակարգային ամբողջականությամբ։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության մասին հանգամանալից զեկուցումով հանդես եկավ ԳԴՀ ՍԴ պաշտոնաթող դատավոր, պրոֆեսոր Հանս-Յոախիմ Յենչը։
Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ա. Պետրոսյանը, ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, իրավագետներ, հյուրեր Գերմանիայի Դաշնությունից, ՀՀ ՍԴ անդամներ եւ այլք։

ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ1 | 2 | 3 | 4

Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնական օրենքը եւ դրա դերը եվրոպական սահմանադրականության զարգացման գործում։
Գ. Հարությունյանի զեկույցը Գերմանիայի Դաշնության Հիմնական օրենքի ընդունման 60-ամյակի առիթով, Երեւան
(գերմաներեն, անգլերեն)

 

15-17 ապրիլի 2009թ.

Սահմանադրական արդարադատության համակարգային առանձնահատկությունները եւ բնորոշ գծերը երիտասարդ ժողովրդավարության երկրներում։
Գ. Հարությունյանի զեկույցը Իբերոամերիկյան սահմանադրական դատարանների կոնֆերանսում, Մերիդա, Մեքսիկա
(հայերեն, անգլերեն)

9 մարտի 2009թ.

Մարտի 9-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հանդիպեց "Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն" (GTZ, Գերմանիա) ծրագրի պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին պատվիրակության ղեկավար պրն. դոկտոր Լոթար Յանը, Գերմանիայի Հեսսեն դաշնային երկրամասի Գերագույն վարչական դատարանի նախագահ պրն. Վոլֆգանգ Ռայմերս, պրն. Օլիվեր Ֆալկը (ԳՏՀԸ "Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն" ծրագրի իրականացման վերահսկողություն), ԳՏՀԸ տարածաշրջանային իրավական ծրագրի ղեկավար պրն. Ցենո Ռայխենբեխերը, ԳՏՀԸ "Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն" ծրագրի համակարգող պրն. Վարդան Պողոսյանը։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2008թ. սահմանադրական դատարանի եւ GTZ-ի համագործակցության ծրագրերի արդյունքները եւ քննարկվեցին 2009թ. համագործակցության զարգացման առաջարկությունները եւ ապագա միջոցառումները։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը եւ պատվիրակության անդամները բարձր գնահատեցին իրականացված համատեղ ծրագրերի արդյունքները։

22-24 հունվարի 2009թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

2009թ. հունվարի 22-24-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում (Կեյպտաունում) տեղի ունեցավ Սահմանադրական արդարադատության մարմինների Համաշխարհային առաջին խորհրդաժողովը՝ սահմանադրական արդարադատության տարածաշրջանային մարմինների, Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախաձեռնությամբ։
Խորհրդաժողովին մասնակցում էին աշխարհի 93 երկրների սահմանադրական դատարանների պատվիրակություններ։
Նման խորհրդաժողովն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ պատմականորեն առաջինն էր եւ այս բնագավառում միջազգային համագործակցության նոր փուլ խորհրդանշեց, այլեւ նրանով, որ տարբեր մայրցամաքների շուրջ 400 ներկայացուցիչներ երեք օրվա ընթացքում կարողացան հստակեցնել այն հիմնախնդիրները, Սահմանադրության գերակայության երաշխավորման այն առաջնահերթությունները, որոնք սոցիալական հանրության կայուն եւ ներդաշնակ առաջընթացի համար կենսական նշանակություն ունեն։
Հունվարի 23-ի լիագումար նիստում, Հարավաֆրիկյան Հանրապետության Նախագահի ողջույնի խոսքից հետո, ընդգրկուն զեկույցներով հանդես եկան 9 տարածաշրջանային եւ լեզվական խմբերի նախագահները, որոնց ելույթները պետք է պայմանավորեին հետագա քննարկումների ընդհանուր ուղղվածությունը։
Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինները ներկայացրեց այդ երկրների միջազգային կոնֆերանսի նախագահ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը՝ «Սահմանադրական արդարադատությունը եւ զարգացող հասարակությունը» զեկույցով (այն տեղադրված է Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ սահմանադրական դատարանի ինտերնետային կայքերում)։
Առանձին զեկույցներ ներկայացվեցին նաեւ Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսի, ֆրանսախոս երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի, ազգերի միության, աֆրիկյան, ասիական, արաբական, լատինաամերիկյան, պորտուգալախոս երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանսների անունից։
Ներկայացված զեկույցների ընդհանուր քննարկումներից հետո կազմակերպվեցին հատուկ քննարկումներ՝ տարածաշրջանային եւ լեզվական 9 խմբերի մակարդակով, որոնց արդյունքները խմբերի կողմից ընտրված զեկուցողները ներկայացրեցին համաշխարհային կոնգրեսի հունվարի 24-ի լիագումար նիստում։ Եվրոպական երկրների եւ երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական արդարադատության մարմինները քննարկումները կազմակերպեցին միացյալ խմբում։
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հունվարի 24-ին Խորհրդաժողովի լիագումար նիստում հանդես եկավ շուրջ 40 երկրների պատվիրակությունների կողմից միացյալ խմբում ներկայացրած գրավոր եւ բանավոր զեկույցների ամփոփ վերլուծությամբ՝ ոչ միայն ներկայացնելով սահմանադրական վերահսկողության միջազգային փորձի առանձնահատուկ գծերը վերջին հարյուրամյակում, այլեւ, անդրադառնալով ներկա մարտահրավերներին, ներկայացրեց համակարգային զարգացումների հիմնական միտումները հեռանկարում, պատասխանեց տարբեր երկրների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին։
Սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային առաջին խորհրդաժողովը բարձր գնահատելով եռօրյա քննարկումների արդյունքները, ինչպես նաեւ այս ոլորտում միջազգային համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես որոշեց.
նախ. կարեւորել սահմանադրական արդարադատության մարմինների համագործակցության հետագա խորացումը եւ միջազգային խորհրդաժողովների պարբերաբար կազմակերպումը,
երկրորդ՝ ստեղծել սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային խորհրդաժողովի մշտական գործող բյուրո՝ տարածաշրջանային եւ լեզվական՝ ներկայումս գործող թվով 9 խմբերի նախագահների կազմով,
երրորդ՝ այդ կազմում ընդգրկել նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչին եւ շարունակել ակտիվ համագործակցությունն այդ հանձնաժողովի հետ,
չորրորդ՝ հանձնարարել բյուրոյին առաջիկա երեք տարիների ընթացքում նախապատրաստել սահմանադրական արդարադատության մարմինների երկրորդ համաշխարհային խորհրդաժողովը՝ հստակեցնելով թեմատիկ քննարկումների ուղղվածությունը, անցկացման տեղը եւ ժամանակը։
Հայաստանը՝ ի դեմս ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի, առաջիկա տարիներին կշարունակի մնալ Համաշխարհային խորհրդաժողովի բյուրոյի 10 անդամներից մեկը։ Խորհրդաժողովը ներառում է թվով 125 երկրների սահմանադրական արդարադատության մարմիններ։

ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկույցը Սահմանադրական արդարադատության մարմինների Համաշխարհային առաջին խորհրդաժողովում
(Կեյպտաուն, 23 հունվարի 2009թ., ռուսերեն)

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9

ՍԴ մամուլի ծառայություն

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]