Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2010 թվականին՝

26 նոյեմբերի 2010թ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին։

Զրույցն ընթացավ Հայաստանում սահմանադրական արդարադատության ներկա զարգացումների, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանների համագործակցության, հետեւաբար նաեւ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ։ Ուրվագծվեցին հետագա համագործակցության ծրագրեր։

Ընդունելությանը մասնակցում էին ՌԴ դեսպանի խորհրդական Ա. Մինժուրենկոն եւ ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

22 հոկտեմբերի 2010թ.

Երեւանյան XV միջազգային խորհրդաժողով

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց «ՄԱՐԴՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ» ընդհանուր խորագրով երեւանյան XV միջազգային խորհրդաժողովը։

Կազմակերպիչներ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ), ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ։ Մասնակցությամբ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ», աջակցությամբ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (GTZ)։

Ավանդաբար անցկացվող ամենամյա խորհրդաժողովն այս անգամ նվիրված էր ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին։

Բացման խոսքերով հանդես եկան՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։

Պարոն Հարությունյանն իր ողջույնի խոսքում հատուկ շեշտեց կոնֆերանսի թեմայի ընտրության կարեւորությունն ու անհատական դիմումներով սահմանադրական դատարան դիմելու ինստիտուտի հետագա զարգացման անհրաժեշտությունը։ Նա խորհրդանշական համարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեք անդամների մասնակցությունը խորհրդաժողովին, կարեւորեց Վենետիկի հանձնաժողովի վերաբերմունքը, որ դեռ մեկ տարի առաջ նախաձեռնեց հարցի համակողմանի քննարկման նախապատրաստումը հանձնաժողովի լիագումար նիստում՝ նպատակ դնելով բացահայտել այդ ոլորտում եվրոպական զարգացումների հիմնական միտումներն ու հստակեցնել բարեփոխումների առանցքային չափորոշիչները։ Պարոն Հարությունյանը վստահություն հայտնեց, որ XV խորհրդաժողովը մեծ ներդրում կունենա մարդու սահմանադրական արդարադատության իրավունքի իրացման արդյունավետ երաշխիքների ապահովման ուղղությամբ հետագա ակտիվ քայլեր իրականացնելու գործում։

Ողջույնի խոսքեր ասացին Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ Դիդիե Մոսը եւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը։

Առաջին նիստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ սահմանադրական արդարադատության ազգային համակարգերի համագործակցությունը մարդու իրավունքների ապահովման եւ պաշտպանության գործում» թեմայի շուրջ իրենց զեկուցումները ներկայացրին՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր Աննա Փաուերը, ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորներ Դավիդ Տոր Բյորգվինսոնը եւ Ալվինա Գյուլումյանը, Հունաստանի Պետխորհրդի անդամ Վասիլիս Անդրուլակիսը, Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահ Դումիտրու Պուլբերեն, Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամ Լալի Պապիաշվիլին, Լյուքսեմբուրգի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ջորջ Ռավարանին, Բուլղարիայի Սահմանադրական դատարանի անդամ Ստեֆ‎կա Ստոեւան։

Առաջին նիստն ավարտվեց զեկուցումների շուրջ ծավալված քննարկումներով, հարց ու պատասխաններով։

Երկրորդ նիստի թեման էր՝ «Անհատական դիմումի ինստիտուտի կիրառման առանձնահատկությունները և գործունակության բարձրացման հիմնախնդիրները»։ Զեկուցումներով հանդես եկան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ Դիդիե Մոսը, Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության Սահմանադրական դատարանի գլխավոր քարտուղար Միլիցա Նիկոլավսկան, Լատվիայի Սահմանադրական դատարանի դատավոր Այա Բրանտան։

Թեմայի քննարկումը շարունակվեց հարց ու պատասխաններով։

Երեւանյան XV միջազգային խորհրդաժողովը հոկտեմբերի 23-ին կշարունակի իր աշխատանքները։ Նախատեսված երկու նիստերի քննարկվելիք թեմաներն են՝ «Անհատական սահմանադրական գանգատի համակարգի կատարելագործման դատավարական հիմնահարցերը» եւ «Անհատական սահմանադրական գանգատի հիման վրա ընդունված որոշումների կատարման առանձնահատկություններն ու հիմնախնդիրը»։

Խորհրդաժողովի արդյունքները կամփոփեն Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ, պրո‎ֆեսոր Դիդիե Մոսը եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, պրո‎ֆեսոր Գագիկ Հարությունյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

Հոկտեմբերի 21-ին ՀՀ սահմանադրական դատարանում կայացավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը ՍԴ անդամների, ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ եւ վարչական դատարանների ներկայացուցիչների հետ։

Գ. Հարությունյանն ու Վ. Զորկինը կարեւորեցին երկու դատարանների միջեւ ստեղծված սերտ կապերի դրական ազդեցությունը, փորձի եւ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Պարոն Զորկինը սիրով պատասխանեց Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

11 հոկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի բյուրոյի անդամ, պրոֆեսոր Գ. Հարությունյանի ելույթի տեքստը` տրամադրված սահմանադրական դատարանների երկրորդ համաշխարհային կոնգրեսին, որի նստաշրջանը տեղի կունենա 2011թ. հունվարի 16-18-ին Ռիոդեժանեյրոյում (Բրազիլիա): Կոնգրեսի կողմից քննարկվող հիմնական թեման է լինելու. «Իշխանությունների տարանջատումը եւ սահմանադրական դատարանների ու համարժեք մարմինների անկախությունը»:
(ռուսերեն, անգլերեն)

 

8 հոկտեմբերի 2010թ.

ՀԱՄԱՏԵՂ VII ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ սահմանադրական դատարանում անցկացվեց «Հիմնական իրավունքների գերմանական տեսության հիմնադրույթները» թեմայով VII գիտաժողովը։ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակիցների համար այն կազմակերպել էին «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GTZ) ծրագիրն ու ՀՀ սահմանադրական դատարանը։
Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայաստանում ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը եւ գիտաժողովի հիմնական բանախոս, Քյոլնի համալսարանի պետական եւ վարչական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայել Զաքսը։
Գիտաժաղովի նիստերը վարում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, հիմնական բանախոս՝ Միխայել Զաքս։
Ինչո՞վ է կարեւոր այս թեմայի քննարկումն այսօր։ Եթե նմանատիպ նախորդ գիտաժողովներում ներկայացվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի գործունեությունն ու փորձառությունը՝ համադրելով իրավական մեր համակարգին, ապա այսօրվա գիտաժողովի թեմաներն անմիջականորեն առնչվում են հիմնականում անհատական դիմումների հիման վրա ՀՀ ՍԴ-ում իրավական վեճերով քնարկված ու քննելիք գործերին։
Շեշտելով այս հանգամանքը՝ պարոն Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց գիտաժողովի դերը, իրավագետների ու սահմանադրագետների շրջանում մեծ հեղինակություն վայելող հիմնական բանախոս, պրոֆեսոր Մ. Զաքսի ներկայությունը, վկայեց այն սպասելիքները, որ մի շարք կարեւոր հարցեր այստեղ կգտնեն իրենց սպառիչ պատասխանները։ Ի մասնավորի՝ ինչպես հասկանալ սահմանադրական իրավունքների անմիջական գործողությունը, ի՞նչ ասել է պետությունը սահմանափակված է այդ իրավունքներով՝ որպես անմիջական գործող իրավունք, ինչպե՞ս են դրանք ընկալվում ու յուրացվում դատական պրակտիկայում, դրանց մեկնաբանություններին ինչպիսի՞ վերաբերմունք պետք է դրսեւորի սահմանադրական դատարանը, այս պարագայում ո՞րն է տարբերակված մոտեցումը հիմնական եւ այլ սուբյեկտիվ իրավունքներին, արդյո՞ք դրանք սահմանադրական պաշտպանվածության նույն երաշխիքներն ունեն, այս նրբերանգներն ի՞նչ դերակատարություն ունեն սահմանադրական արդարադատության պրակտիկայում եւ այլն։
Նման եւ շատ այլ հարցերի պատասխանները, որ ակնկալվում էր գիտաժողովից, իրենց սպառիչ պատասխանները գտան հիմնական զեկուցման մեջ, դրա շուրջ քննարկումներով, հարց ու պատասխաններով, երկուստեք ներկայացրած փորձերի համադրմամբ։ Պրոֆեսոր Զաքսն իր զեկուցման առանցքային թեմաները նախապես թարգմանաբար ներկայացրել էր մասնակիցներին, եւ դա նպաստեց, որ քննարկումներն առավել աշխույժ ու արդյունավետ անցնեն։
Իր հերթին գերմանացի մասնագետը հետաքրքիր եւ օգտակար գնահատեց այն անդրադարձը, որ պարոն Հարությունյանը կատարեց՝ պատմական մի փոքրիկ էքսկուրսով ներկայացնելով հայկական դոկտրինայի ձեւավորման պատմական ընթացքը։
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը պարոն Զաքսին շնորհակալություն հայտնեց՝ հրավերն ընդունելու եւ իր հետաքրքիր, օգտակար զեկույցի համար, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GTZ) ծրագրի ղեկավարությանը, որի հետ ՀՀ ՍԴ-ի համագործակցությունն այսօրինակ ձեռնարկումներով իր շարունակությունը կունենա։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

23 սեպտեմբերի 2010թ.

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 23-ին ՍԴ նախագահ, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության խորհրդի համակարգող-նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ամերիկայի հայ իրավաբանների ընկերակցության խորհրդի պատվիրակությանը՝ միության նախագահ Էդվին Մինասյանին, փոխնախագահ Կարո Ղազարյանին, դատավոր Զավեն Սինանյանին եւ փաստաբան Արմեն Հովհաննիսյանին։ Հիշեցնենք, որ «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության Խորհուրդը ձեւավորվել է «Հայ իրավական միտքը եւ 21-րդ դարի մարտահրավերները» խորագրով անցյալ տարվա սեպտեմբերի 19-20-ը Երեւանում անցկացված Իրավաբանների համահայկական առաջին համաժողովում, որի անդամներից 13-ը ընտրվեց Հայաստանից, 3-ը՝ Լեռնային Ղարաբաղից, 27-ը՝ սփյուռքից։
Գ. Հարությունյանը հյուրերին ծանոթացրեց Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգի բարեփոխումներին, մատնանշվեցին «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության եւ ամերիկյան իրավաբանների ընկերակցության համագործակցության հետագա ծրագրային մոտեցումները, միաժամանակ քննարկվեցին եկող տարվա ապրիլին Ստեփանակերտում հրավիրվելիք միջազգային խորհրդաժողովի համատեղ կազմակերպման հետ կապված հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

6 սեպտեմբերի 2010թ.

ՄԱԿ-Ի ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ՍԴ-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի` ազատազրկման հարցերով փաստահավաք խմբին՝ Մալիկ Էլ Հաջի Սոունի ղեկավարությամբ:
Զրույցն ընթացավ Հայաստանում դատաիրավական համակարգի, դրա բարեփոխումների, ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի եւ դատական ընդհանուր համակարգի, այնպես էլ ՍԴ-ի եւ փաստաբանական գործունեության փոխառնչությունների, եւ, ընդհանրապես, դատական համակարգի հետագա զարգացման հետ կապված խնդիրների շուրջ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

27 օգոստոսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի ելույթը Աստանայում հրավիրված միջազգային խորհրդաժողովում՝ նվիրված Ղազախստանի Սահմանադրության ընդունման 15-ամյակին (27 օգոստոսի 2010թ.)

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8

 

25 օգոստոսի 2010թ.

Օգոստոսի 25-ին, Ղազախստանի  Սահմանադրական խորհրդի հրավերով,  ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը մեկնեց Աստանա։
Ղազախստանի  Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված  հանդիսավոր նիստում «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս»-ի (որի նախագահողն է Գ. Հարությունյանը) անունից նա հանդես կգա ողջույնի խոսքով։
Օգոստոսի 27-28-ին Աստանայում կմեկնարկի  միջազգային խորհրդաժողովը, որտեղ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հանդես կգա հետխորհրդային տարածքում սահմանադրական զարգացումների  հիմնախնդիրներին նվիրված  զեկուցումով։
Այցի ընթացքում պարոն Հարությունյանը Աստանայում աշխատանքային   հանդիպումներ կունենա Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահի, խորհրդի անդամների, ինչպես նաև մի շարք երկրներից  ժամանած գործընկերների հետ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

14 հուլիսի 2010թ.

ԸՆԴՈՒՆԵՑ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ

    Հուլիսի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Իսրայելի պետության պետական վերահսկիչ եւ օմբուդսմեն Միխա Լինդենշտրաուսին։
    Պարոն Հարությունյանը հյուրին ծանոթացրեց ՀՀ սահմանադրական դատարանի գործունեությանը՝ մանրամասնելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, որպես դիմող սուբյեկտ, ներգրավմանն ու վերջինիս կողմից ստացված դիմումների քննությանը։ ՍԴ նախագահը ողջունեց երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների սերտ համագործակցությունը։
    Իր հերթին Միխա Լինդենշտրաուսը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի աշխատանքները՝ Հայաստան իր այցը պայմանավորելով կապերի էլ ավելի ամրապնդման ցանկությամբ։
    Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

14 հուլիսի 2010թ.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ

    Սերբիայի սահմանադրական դատարանի նախագահի հրավերով, ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի ղեկավարությամբ, հուլիսի 14-ին պաշտոնական այցով մեկնեց Բելգրադ։ Հուլիսի 15-18-ը մեր պատվիրակությունը կհյուրընկալվի Սերբիայի ՍԴ նախագահի կողմից, հանդիպումներ կունենա ՍԴ դատավորների եւ աշխատակազմի, Սերբիայի պառլամենտի հանձնաժողովների ղեկավարների, մարդու իրավունքների պաշտպանի հետ։
    Պաշտոնական այցի ավարտին կկայանա երկու երկրների Սահմանադրական դատարանների նախագահների մամուլի ասուլիսը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

17 հունիսի 2010թ.

   Հունիսի 17-ին ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց զեկույց պատրաստելու խնդրով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային։
   Զրույցն ընթացավ Հայաստանում ժողովրդավարության գործընթացի, դատաիրավական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

31 մայիսի 2010թ.

VI ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

   ՀՀ սահմանադրական դատարանում իր աշխատանքներն ավարտեց «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի եւ ՀՀ սահմանադրական դատարանի համատեղ կազմակերպված «Սահմանադրության անմիջական գործողությունը սահմանադրական եւ սահմանադրական դատավարական իրավունքի բնագավառներում» ընդհանուր խորագրով 6-րդ գիտաժողովը։
    ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակիցների համար կազմակերպված, սակայն եւ բաց գիտաժողովին մասնակցում էին նաեւ իրավապաշտպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, ում իրավագիտակցության բարձրացման առումով միջոցառումը չափազանց կարեւոր նշանակություն ունեցավ։
   Երկօրյա գիտաժողովում լսվեցին ու քննարկվեցին հիմնական բանախոս, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատավոր Ռ. Բառտոնեի վեց զեկուցումները, բանախոսին տրվող բազմաթիվ հարցեր ստացան սպառիչ պատասխաններ։
    -Ինձ համար ուրախություն եւ մեծ պատիվ էր,-գիտաժողովի փակմանն ասաց հիմնական բանախոս պարոն Բառտոնեն,- Սահմանադրական դատարանում լինելը, այս հրաշալի լսարանի համար խոսելը։ Միաժամանակ ինձ համար էլ ուսանելի են նման քննարկումները։ Չափազանց ուրախ կլինեմ, եթե իմ կողմից արտահայտված մտքերն ու գաղափարները օգտակար լինեն մասնակիցներին՝ հետագայում իրենց աշխատանքում դրանք օգտագործելու առումով։
   «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի խորհրդատուԳ. Մուրադյանն իր հերթին նկատեց.
    -Նման գիտաժողովները գիտելիքների երկկողմանի հարստացում են ենթադրում։ Ծրագրի անունից կարող եմ երաշխավորել, որ գիտաժողովները շարունակվելու են՝ հոկտեմբեր ամսին մարդու իրավունքների տեսության ուսմունքի հետ կապված շատ կարեւոր եռօրյա գիտաժողով է անցկացվելու՝ բանախոս ունենալով Գերմանիայում մեծ ճանաչում գտած սահմանադրագետ պարոն Սաքսին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

28 մայիսի 2010թ.

Սահմանադրաիրավական զարգացման որոշ ձեւախեղումները հետխորհրդային պետություններում։
Գ. Հարությունյանի զեկույցը 2010թ. մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային գիտական համաժողովում՝ «Ընդհանուրը եւ առանձնահատուկը հետխորհրդային պետությունների ժամանակակից տնտեսական եւ սահմանադրաիրավական զարգացման հարցում» թեմայով։
(ռուսերեն)

26 մայիսի 2010թ.

ՀԵՐԹԱԿԱՆ VI ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

   Մայիսի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանում մեկնարկԵց «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի եւ ՀՀ սահմանադրական դատարանի համատեղ կազմակերպվող ընդհանուր խորագրով 6-րդ գիտաժողովը։ Երկօրյա գիտաժողովում քննարկման են դրված «Սահմանադրության անմիջական գործողությունը» ընդհանուր խորագրով մի շարք թեմաներ՝ «Սահմանադրության անմիջական գործողությունը հայկական իրավունքում», «Սահմանադրական նորմերի անմիջական գործողությունը գերմանական իրավունքում», «ՀՀ Սահմանադրության եւ Գերմանիայի Հիմնական օրենքի նորմերի համեմատություն՝ անմիջական գործողության հարադրությամբ», «Իրավանորմի կիրառումը իրավամեթոդական ուսմունքի տեսանկյունից», «Իրավանորմերի մեկնաբանումը հիմնական իրավունքների լույսի ներքո»։
   Գիտաժողովները հիմնականում կազմակերպվում են ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակիցների համար, սակայն դրանք բաց են, եւ դրանց մասնակցում են իրավապաշտպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նաեւ, ըստ ցանկության, անհատ քաղաքացիներ, եւ նման գիտաժողովները մասնակիցների իրավագիտակցության բարձրացման առումով չափազանց կարեւոր ձեռնարկումներ են։
    Գերմանիայում օրենսդրական լուծումների եւ իրավակիրառական պրակտիկայի առումով ձեւավորվել է սահմանադրական արդարադատության դասական համակարգ, ուր թե տեսական իրավական մտածողությունը, թե օրենսդրական լուծումները, նաեւ իրավակիրառական պրակտիկան հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որ այն կարելի է համարել դասական համակարգ՝ իր ներքին ամբողջականությամբ, գործունեության արդյունավետությամբ, երկրում սահմանադրականության հաստատման ներգործոն մեծ ուժով։
   Վկայելով գերմանացիների այսօրինակ հաջողությունները՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց նման համագործակցությունը, որը նպատակ ունի խորությամբ ուսումնասիրել գերմանացիների փորձը, այն համադրել մեր համակարգի հետ, գտնել մեզանում հետագա զարգացման արդյունավետ ուղիներ։ Դրանք վերաբերում են սահմանադրական եւ օրենսդրական հետագա բարեփոխումներին ու սահմանադրական արդարադատության պրակտիկային։
   VI գիտաժողովի հիմնական թեմա ընտրելով սահմանադրության նորմերի անմիջական գործողության հիմնախնդիրները, ակնկալվում է քննարկումների, երկուստեք ձեռք բերված փորձերի համադրմամբ հստակեցումներ մտցնել, պարզել, թե ՀՀ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումների, հետագա հնարավոր բարեփոխումների միջոցով ինչպես կարող է երաշխավորել սահմանադրական նորմերի անմիջական գործողությունը եւ մարդու իրավունքները՝ որպես անմիջական գործող իրավունքներ։
   «Այսօրինակ գիտաժողովների կազմակերպումով,-ասաց պարոն Հարությունյանը,- մենք փորձում ենք սահմանադրական արդարադատության ոլորտում հասնել համակարգային այն արդյունքներին, որոնք այսօր առկա են Գերմանիայի Դաշնությունում։ Մեր բոլոր շփումները, ոչ միայն գերմանացիների, այլեւ տարբեր երկրների մեր գործընկերների հետ, բերում են այն համոզման, որ այս համակարգը կարող է առավել արդյունավետ գործել, եթե համակարգային լուծումների համար ստեղծված են անհրաժեշտ նախադրյալներ»։
   Գիտաժողովի բացմանը ներածական խոսքերով հանդես եկան ծրագրի խորհրդատու Գ. Մուրադյանը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատավոր Ռ. Բառտոնեն։
   Գիտաժողովն անցավ վերոնշյալ թեմաներով զեկուցումներին եւ քննարկումներին։ Հիմնական բանախոսը պարոն Բառտոնեն է։
   Համադրաբար նրա զեկուցումների՝ հարց ու պատասխանների ճանապարհով կշարունակվեն քննարկումները։
   Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ վաղը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

17 ապրիլի 2010թ.

Հայ սահմանադրականության զարգացման հիմնախնդիրները։
Գ. Հարությունյանի զեկույցը Ստեփանակերտում հրավիրված միջազգային խորհրդաժողովում։

6 ապրիլի 2010թ.

ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՍԴ-ՈՒՄ

Երեւանում անցկացվող «Արդարադատություն՝ նոր մարտահրավերներ» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Lուիս Մորենո-Օկամպոն այցելեց ՀՀ ՍԴ եւ հանդիպում ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ։
Ընդունելով հյուրին, ՍԴ նախագահը ծանոթացրեց ՀՀ-ում սահմանադրական արդարադատության ներկա զարգացումներին, քննարկվեցին հատկապես այն գործերին առնչվող հիմնախնդիրները, որոնցով միայն վերջին երեք տարում 24 գործերով օրենքների նորմերը ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։
Երկուստեք կարեւորվեց Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխիքների ապահովման խնդիրը՝ միջազգային փորձի ու հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

6 ապրիլի 2010թ.

ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի ողջույնի խոսքը Երեւանում հրավիրված՝ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» թեմայով միջազգային խորհրդաժողովում։

Նկար 1

31 մարտի 2010թ.

Չինաստանի դեսպանը ՍԴ-ում

Մարտի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորընտիր արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին։
Դեսպանի այցը ճանաչողական էր, եւ պարոն Հարությունյանը հյուրին ծանոթացրեց ՍԴ ու գործունեությանը։ Այնուհետեւ զրույցն ընթացավ երկու երկրների փոխհարաբերությունների շուրջ, որոնց սկիզբը դրվել է 1992-ին, եւ այդ հարաբերությունների հաստատման խնդրով նորանկախ Հայաստանից Չինաստան այցելած առաջին պետական պաշտոնյան եղել է Գ. Հարությունյանը՝ Հայաստանի փոխնախագահի եւ վարչապետի կարգավիճակով։ Երկուստեք մտքեր փոխանակեցին հայ-չինական՝ շարունակ ամրապնդվող կապերի, չինացի գործարարների կողմից Հայաստանում կատարվող ներդրումների, ՀՀ ՍԴ եւ Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի միջեւ հարաբերությունների շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]