Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2011 թվականին՝

20 դեկտեմբերի 2011թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

     Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում եզակի ու կարեւոր իրադարձություն էր, երբ այս տարվա նոյեմբերին Ուկրաինայի սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ Կիեւում հրատարակվեց Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային խորհրդաժողովի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանի՝ միջազգային ֆորումներում ելույթների ու տարբեր հրատարակումների ժողովածուն (այն տեղակայված է ՀՀ սահմանադրական դատարանի կայքում
     2011թ. դեկտեմբերի 16-ին Կիեւում, Իրավական գիտությունների ազգային ակադեմիայում, կազմակեպվեց ժողովածուի շնորհանդեսը։ Ակադեմիկոսներ Վ.Պ. Տիխիյի, Յու. Ս. Շեմշուչենկոյի, Յու. Վ. Բաուլինի, Ն. Ֆ. Սելիվոնի, Մ.Վ. Կոստիցկու, դոկտոր, պրոֆեսորներ Ն.Ա. Մյալովիցսկայայի, Պ.Ի. Կիրիլյուկի, Ա. Ռ. Դարբինյանի, Բ.Մ. Պոլյակովի, սահմանադրագետներ Պ. Ստեցյուկի, Վ. Պողոսյանի վերլուծական ելույթներում ոչ միայն արժեւորվեցին հեղինակի հայեցակարգային ու դոկտրինալ մոտեցումները սահմանադրականության էության բացահայտման ու հասարակական պրակտիկայում հաստատման վերաբերյալ, այլեւ կարեւորվեց տվյալ ժողովածուի հսկայական դերն ու միջազգային նշանակությունն իրավագիտության ու սահմանադրական պրակտիկայի հետագա զարգացման գործում։
     «Սահմանադրականություն. դասերը, մարտահրավերները, երաշխիքները» թեմայով ծավալուն զեկույցով հանդես եկավ նաեւ պրոֆեսոր Գ. Հարությունյանը։
     Նույն օրն աշխատանքային այցով Կիեւում գտնվող ՀՀ ՍԴ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ուկրաինայի սահմանադրական դատարանում, մասնակցեց թեմատիկ կլոր սեղանի, որտեղ «Սահմանադրական արդարադատությանը նետված արդի մարտահրավերները» թեմայով զեկույցով հանդես եկավ ՀՀ ՍԴ նախագահը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

8 դեկտեմբերի 2011թ.

ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑ

     Դեկտեմբերի 8-ին հրաժեշտի այցով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին այցելեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը։
     Ողջունելով հյուրին, պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում դեսպանի պաշտոնավարման տարիներին դեսպանատուն-սահմանադրական դատարան արդյունավետ համագործակցության համար։ Զրույցն ընթացավ իրավունքի գերակայության ապահովման, Սահմանադրական դատարանների ունեցած կարեւոր դերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գործակցության, ՀՀ ՍԴ-ի միջպետական կապերի շուրջ։
     ՍԴ նախագահը դեսպանին հաջողություն մաղթեց իր հետագա աշխատանքում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

28 նոյեմբերի 2011թ.

ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին։

Ողջունելով հյուրին, պարոն Հարությունյանը շնորհավորեց նշանակման առիթով, ծանոթացրեց նրան ՀՀ սահմանադրական դատարանի գործունեությանը։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության կապակցությամբ, առանձնահատուկ կարեւորեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշման կարեւոր դերը երկրում խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության հարցում։

Զրույցի ընթացքում քննարկվեցին իրավունքի գերակայության երաշխավորման, հասարակական հարաբերությունների սահմանադրականացման արդի խնդիրները։ Երկուստեք կարեւորեցին անհատական դիմումների հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների դերը երկրում սահմանադրաիրավական զարգացումների գործում։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսլերը եւ դեսպանատան իրավական հարցերով խորհրդատու Դավիթ Խաչատրյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1 | 2

25 հոկտեմբերի 2011թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք հանդիսություններին մասնակցելու համար պաշտոնական հրավերով հոկտեմբերի 26-30-ը Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ է մեկնում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։

Հանդիսությունների շրջանակներում Մոսկվայի Կրեմլի մեծ պալատում՝ ՌԴ Նախագահի, բարձրաստիճան անձանց ու հանրային լայն մասնակցությամբ, կայանալու է հանդիսավոր նիստ, որտեղ ողջույնի խոսքով հանդես կգա նաեւ ՀՀ ՍԴ նախագահը։

Նույն օրը երեկոյան նիստի մասնակիցները հատուկ ինքնաթիռով կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ, ուր կոնգրեսների Պալատում կկայանա «Սահմանադրական վերահսկողություն. դոկտրինա եւ պրակտիկա» միջազգային երկօրյա կոնֆերանս։ Կոնֆերանսում նախատեսված է Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկուցումը՝ «Սահմանադրական վերահսկողության համակարգվածության եւ շարունակականության հրատապ խնդիրները» թեմայով։ (Ելույթի տեքստը տեղադրված է ՍԴ վեբ կայքում)։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

13 հոկտեմբերի 2011թ.

ԵԱՀԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց դատախազության համակարգում բարեփոխումների հարցերով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ-ի փորձագետ Ջոն Պիրսոնին։

Զեկույց նախապատրաստող պարոն Պիրսոնի համար խորհրդատվական, փորձի փոխանակման զրույցում արծարծվեցին ՀՀ-ում դատական համակարգի կատարելագործման, իրավունքի գերակայության, սահմանադրական արդարադատության ամրապնդման, սահմանադրական գանգատի ինստիտուտի ներդրման անհրաժեշտության, մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք երաշխավորման պայմաններ ստեղծելու եւ, ընդհանրապես, դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

13 հոկտեմբերի 2011թ.

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ԽՐՈՆԻԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ XVI ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՑ

ՀՀ ՍԴ կազմավորման 15-ամյակին նվիրված «Սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները երկրում սահմանադրականության ամրապնդման գործում» թեմայով Երեւանյան 16-րդ միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էր 23 երկրից եւ միջազգային մի շարք կազմակերպություններից 50-ից ավելի պատվիրակ։

Լսվեց 18 զեկուցում, որոնց շուրջ կայացան համակողմանի քննարկումներ։ Արտերկրներից ժամանած հյուրերի համար կազմակերպվեցին նաեւ մշակութային մի շարք միջոցառումներ։

Ներկայացնում ենք լուսանկարների շարք խորհրդաժողովից։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22

5 հոկտեմբերի 2011թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 6-ին մեկնարկում է «Սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները երկրում սահմանադրականության ամրապնդման գործում» թեմայով Երեւանյան 16-րդ միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ ՍԴ կազմավորման 15-ամյակին։ Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում է 23 երկրից եւ մի շարք միջազգային կազմակերպություններից 50-ից ավելի պատվիրակ։

Ալբանիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Բուլղարիայի պատվիրակությունները ղեկավարում են այդ երկրների ՍԴ նախագահները։ Խորհրդաժողովին անձամբ մասնակցում է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։

Քննարկվող թեման հրատապ է ոչ միայն նոր, այլեւ դասական ժողովրդավարական երկրների համար։ Դրանով է պայմանավորված Գերմանիայի Դաշնության, Նիդեռլանդների, Բելգիայի, Նորվեգիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների մասնակցությունը խորհրդաժողովին։

Խորհրդաժողովի նյութերը կտպագրվեն «Ալմանախ» քառալեզու տարեգրքում, որն առաքվում է 107 երկիր եւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպություն։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

5 հոկտեմբերի 2011թ.

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱԼԲԱՆԻԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ալբանիայի սահմանադրական դատարանի նախագահ Բաշկիմ Դեդջային, ով ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով Երեւանում է՝ մասնակցելու հոկտեմբերի 6-ին բացվելիք XVI միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին։

Առաջին անգամ Հայաստան այցելած հյուրին պարոն Հարությունյանը ծանոթացրեց ՀՀ սահմանադրական դատարանի գործունեությանը։

Երկուստեք կարեւորվեց հոկտեմբերի 6-ին բացվելիք XVI միջազգային խորհրդաժողովում քննարկվելիք՝ «Սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները երկրում սահմանադրականության ամրապնդման գործում» թեմայի արդիականությունը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

13 սեպտեմբերի 2011թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՆ ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի սահմանադրական դատարանի 15-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար Ուկրաինայի սահմանադրական դատարանի պաշտոնական հրավերով սեպտեմբերի 14-ին երկօրյա աշխատանքային այցով Կիեւ է մեկնում ՀՀ ՍԴ պատվիրակությունը՝ կազմով Գ. Հարությունյանի եւ Հ. Նազարյանի։

ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անունից, որպես հանձնաժողովի անդամ, կներկայացնի «Անհատական սահմանադրական բողոք՝ համակարգային զարգացումների եվրոպական միտումները» թեմայով զեկույցը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

9 սեպտեմբերի 2011թ.

ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի իրավական հանձնաժողովի պաշտոնական հրավերով ս.թ. սեպտեմբերի 4-7-ը Չինաստանում էր գտնվում ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը։ Պետական իշխանության բարձրագույն ներկայացուցչական այս մարմինն է Չինաստանում իրականացնում սահմանադրական վերահսկողություն, որի համար կարեւոր հետաքրքրություն է ներկայացնում այս ոլորտում եվրոպական ներկա զարգացումների փորձին մոտիկից ծանոթանալը։

Չինական կողմը մեծ կարեւորություն տալով հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը, որի սկիզբը դրվեց 1992 թվականին ՀՀ փոխնախագահ-վարչապետ Գ. Հարությունյանի պաշտոնական այցով Չինաստան, ներկայումս մեծապես կարեւորում է նաեւ իրավական ոլորտում ակտիվ գործակցությունը։

ՉԺՀ գերագույն դատարանի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի, վերջինիս իրավական հանձնաժողովի, Շանհայ ու Ծինան քաղաքների եւ Շանդուն նահանգի ժողովրդական ներկայացուցիչների քաղաքային ու նահանգային ժողովների ղեկավարների ու տարբեր պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ու հանգամանալից քննարկումների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին էապես ակտիվացնել երկու պետությունների համագործակցությունն իրավունքի բնագավառում, մասնավորապես՝ սահմանադրական վերահսկողության, սահմանադրական իրավունքի զարգացման եւ սահմանադրականության ամրապնդման ոլորտներում։ Նախատեսվում է առաջիկայում այս հիմնահարցերի վերաբերյալ Երեւանում կազմակերպել համատեղ խորհրդաժողով։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Այցելության դրվագներ՝ լուսանկարներով. 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12

11 օգոստոսի 2011թ.

2011 թ. հուլիսի 28-31-ը Սոֆիայում տեղի ունեցավ Բուլղարիայի Հանրապետության սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ ու սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված «Դասական և ժամանակակից միտումները սահմանադրական վերահսկողությունում» թեմայով միջազգային գիտաժողով։
Հանդիսավոր նիստին նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, նա նաև ներկայացրեց գիտական զեկույց, նվիրված համակարգային սահմանադրական մոնիտորինգի հիմնախնդիրներին։

Լուսանկար 1

23 հունիսի 2011թ.

ՀՀ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյան, ՍԴ անդամ Կ. Բալայան, հունիսի 23-ին մեկնեց Բաթումի՝ մասնակցելու Վրաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ստեղծման 15-ամյակին նվիրված միջազգային հոբելյանական խորհրդաժողովին։

Նախատեսված է Գ. Հարությունյանի՝ «Սահմանադրական վերահսկողության համակարգային զարգացմանն ուղղված մարտահրավերները» թեմայով զեկուցումը խորհրդաժողովում։ (Զեկույցի տեքստը տեղադրված է ՀՀ սահմանադրական դատարանի վեբ կայքում)։

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում մեր պատվիրակությունը մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

16 հունիսի 2011թ.

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Հունիսի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին։

Պարոն դեսպանը ՀՀ ՍԴ նախագահին փոխանցեց Չինաստանի Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի իրավաբանական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությանը այս տարվա սեպտեմբեր ամսին Չինաստան այցելելու պաշտոնական հրավերը։

Հրավերը շնորհակալությամբ ընդունվեց։ Պայմանավորվեցին, որ դեսպանատան միջոցով հոկտեմբերին Հայաստանում հրավիրվելիք միջազգային XVI Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր կարվի չինական կողմին։

Քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

27 մայիսի 2011թ.

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Մայիսի 27-ին ՀՀ սահմանադրական դատարանի դահլիճում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը Հայաստանում» թեմայով փորձագիտական կլոր սեղան։

Այն կազմակերպել էին ՀՀ փաստաբանների պալատը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ համագործակցությամբ Եվրոպայի Խորհրդի եւ ՀՀ սահմանադրական դատարանի։

Ողջույնի խոսքով առաջինը հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա կարեւորեց քննարկման դրված թեման, շեշտելով, որ Եվրոդատարանի վճիռների եւ ՍԴ որոշումների կատարումը որոշ առումով գտնվում է նույն հարթության վրա, եւ արդարադատությունը պետք է իրականացվի նաեւ այդ վճիռների կատարման փուլում։ Նա լուրջ եւ արդյունավետ երկխոսություն ու քննարկումներ ակնկալեց։

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան շնորհակալություն հայտնեց՝ կարեւոր քննարկումը սահմանադրական դատարանում կազմակերպելու համար՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը համագործակցության մի նոր արդյունավետ դրսեւորում է։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Կլոր սեղանին ներկայացված էր ՀՀ փաստաբանների պալատի կողմից, ԵԱՀԿ-ի աջակցությամբ հրատակված «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացը. Հայաստանում դրանց կատարման խնդիրներն ու առանձնահատկությունները» գիրքը, որում ընդգրկված են ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված առաջին վճռից մինչեւ 2010թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը։

Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ հետազոտության շրջանակի ու եզրակացությունների վերաբերյալ հանդես եկավ փորձագետ Արա Ղազարյանը։

Փորձագետ Արտակ Զեյնալյանի զեկուցման թեման էր՝ «Դատական ակտերի վերանայման ինստիտուտը Հայաստանում. ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ»։

«Հայաստանի կողմից ՄԻԵԴ որոշումների կատարման գործընթացը» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի զեկուցումը նվիրված էր «Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի արդյունավետությունը ՀՀ-ում» թեմային։

ՄԻԵԴ-ի որոշումների կատարմանն ու դատարանի պրակտիկային անդրադարձավ ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախարարների կոմիտեի կողմից. հայացք ներսից» թեմայով զեկուցում ներկայացրեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի գլխավոր տնօրինությունից Շառլոտ Դը Բրուտելը։

Հընթացս քննարկումների, հարց ու պատախանների միջոցով մանրամասնություններ էին ներկայացվում զեկուցումներում արծարծված խնդիրների շուրջ։

Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ դատավորների միության նախագահ Գագիկ Ղազինյանը, ՀՀ ՍԴ անդամներ, ՀՀ պետական կառույցի ներկայացուցիչներ, իրավաբաններ, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

23 մայիսի 2011թ.

ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ XV-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը մայիսի 22-ին եւ 23-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Գերմանիայի, Պորտուգալիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Լատվիայի, Հունգարիայի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Սերբիայի սահմանադրական դատարանների նախագահների, ինչպես նաեւ Իտալիայի, Ռումինիայի, Չեխիայի, Լեհաստանի սահմանադրական դատարանների պատվիրակների հետ:

Կոնգրեսը շարունակելու է իր աշխատանքները մայիսի 24-ին եւ 25-ին:

Լուսանկար 1

23 մայիսի 2011թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՌՈՒՄԻՆԻԱ

2011թ. մայիսի 23-26-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի կունենա Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսի XV-րդ Կոնգրեսը։

Կոնգրեսում սահմանադրական դատարանների նախագահների առանձին քննարկմանը ներկայացվող օրակարգային հարցերից զատ տեղի կունենան առանձին թեմատիկ քննարկումներ՝ սահմանադրական դատարանների եւ պետական իշխանության այլ մարմինների գործակցական փոխհարաբերությունների շուրջ։

Այս թեմայով Եվրոպական բոլոր երկրների սահմանադրական դատարանները նախապես Կոնգրեսին են ներկայացրել իրենց ազգային զեկույցները, եւ այդ թեմայի շուրջ զեկուցումով հանդես կգա նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

10 մայիսի 2011թ.

ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ

2011թ. մայիսի 10-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին։

Զրույցն ընթացավ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի բարեփոխումներին, օրենսդրության կատարելագործմանը, իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորմանը, սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքներին առնչվող հարցերի շուրջ։

Դեսպանը հատկապես կարեւորեց քաղաքացիների դիմումների հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների դերը մեր երկրի սահմանադրաիրավական զարգացումների գործում։

Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ դեսպանատան իրավական խորհրդատու Սթիվեն Քեսսլերը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

28 ապրիլի 2011թ.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Ապրիլի 27-ին Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Սերբ դատավորները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։ Այնուհետեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացան ցեղասպանության վավերագիր՝ թանգարանի ցուցադրությանը։ Պատվիրակության ղեկավար Դրագիշա Սլիեպչեւիչը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում։

Լուսանկար 1

Այնուհետեւ հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հետաքրքրությամբ դիտեցին Մայրավանքի թանգարանի ցուցանմուշները։

Լուսանկար 1

Սերբիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներն ակնածանքով մոտեցան 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալ բնակչությանն օգնության շտապող եւ ավիավթարից զոհված իրենց հայրենակից օդաչուների հուշարձանին։

Լուսանկար 1

Այցելության հաջորդ վայրը «Զվարթնոց» հուշահամալիրն էր։ 7-րդ դարում կառուցված եւ 10-րդ դարում երկրաշարժի հետեւանքով ավերված միջնադարյան հայ ճարտարապետության երբեմնի շքեղ այդ սքանչելի կոթողը մեծ տպավորություն թողեց սերբ հյուրերի վրա։

Լուսանկար 1

Հյուրերի համար նախատեսված մշակութային միջոցառումը եզրափակվեց Սերգեյ Փարաջանովի թանգարան այցելությամբ։

Ապրիլի 28-ին Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը հյուընկալվեց ՀՀ Ազգային ժողովում։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կայացած զրույցը վերաբերում էր երկու երկրների սահմանադրական դատարանների եւ, ընդհանրապես, հայ-սերբիական բարեկամական հարաբերություններին։

Լուսանկար 1

ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը Ապրիլի 29-ին կվերադառնա հայրենիք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

27 ապրիլի 2011թ.

ՍԵՐԲԻԱՅԻ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հրավերով 2011թ. ապրիլի 26-ին պաշտոնական այցով Երեւան ժամանեց Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դրագիշա Սլիեպչեւիչի գլխավորած պատվիրակությունը։

Այս երկու դատարանների համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի՝ սերբ գործընկերները մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի կազմակերպած Երեւանյան ամենամյա միջազգային խորհրդաժողովներին, պարբերաբար կայացել են տեղեկատվությունների ու փորձի փոխանակումներ, իսկ 2010 թվականի հուլիսին Սերբիայի սահմանադրական դատարանի նախագահի հրավերով պաշտոնական այցով Բելգրադ էր մեկնել ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը։

Եվ ահա՝ փոխադարձ պաշտոնական այցելությունը։

Ապրիլի 26-ին Սերբիայի ՍԴ պատվիրակությունը, կազմով՝ ՍԴ նախագահ Դրագիշա Սլիեպչեւիչի, դատավորներ Բոսա Նենադիչի, Օլիվերա Վուչիչի, Ագնեշ Քարթագ-օդրիի, Միլան Մարկովիչի եւ պատվիրակության քարտուղար Լյուբիցա Պավլովիչի, հյուրընկալվեց ՀՀ սահմանադրական դատարանում։ Պարոն Հարությունյանը ՀՀ ՍԴ անդամներին եւ աշխատակազմին ծանոթացրեց հյուրերին, շեշտեց, որ այս փոխադարձ այցելությամբ ամրապնդվում եւ շարունակական է դառնում բարեկամական եւ արդյունավետ համագործակցությունը։ «Գործի բերումով,-ավելացրեց ՀՀ ՍԴ նախագահը,-մենք միեւնույն խնդրի լուծմանն ենք կոչված։ Ես համոզված եմ, որ այս համագործակցությունը միայն երկկողմ բնույթ չի կրում, այլ նաեւ ընդհանուր միջազգային համագործակցության շրջանակներում է կարեւորվում»։ Ապա համառոտ ներկայացրեց ՀՀ ՍԴ գործունեությունը՝ հանգամանորեն անդրադառնալով հատկապես քաղաքացիներից ստացված դիմումներով քննության առնված գործերին ու կայացված որոշումներին, ինչպես նաեւ մեզանում առկա հիմնախնդիրներին։

Իր հերթին Սերբիայի ՍԴ նախագահը ներկայացրեց իրենց գործունեությունը, զուգահեռներ անցկացրեց երկու դատարանների գործառույթների միջեւ, կարեւորեց երկու դատարանների բարեկամական հարաբերությունները. «Անցյալ տարի Հայաստանի սահմանադրական դատարանի պատվիրակության ընդունումը մեր կողմից, -ասաց նա,-եւ մեր այս այցելությունը վկայում են, որ մեր երկու երկրների սահմանադրական դատարանների համագործակցությունն ամուր հիմքերի վրա է»։

Հանդիպումը շարունակվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի ակտիվ քննարկումով, հարցուպատասխաններով։

Լուսանկարներ 1 | 2 | 3

Ապրիլի 26-ին Սերբիայի սահմանադրական դատարանի պատվիրակությունն այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ։

Լուսանկար 1

Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակության պաշտոնական այցը շարունակվում է. նախատեսված են հանդիպումներ ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ արդարադատության նախարարությունում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, այցելություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Զվարթնոց» հուշահամալիր, Ծիծեռնակաբերդ, Սերգեյ Փարաջանովի թանգարան։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

20 ապրիլի 2011թ.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Ապրիլի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին։

Այցը ճանաչողական էր, եւ Գ. Հարությունյանը՝ հյուրին շնորհավորելով նոր պաշտոնում ընտրվելու առիթով, ծանոթացրեց ՍԴ գործունեությանը, միջազգային կապերին, որոնցում նկատելի տեղ ունեն հայ-վրացական, ի մասնավորի՝ Վրաստանի սահմանադրական դատարանի հետ պահպանվող բարձր մակարդակի հարաբերությունները։ Վրացի գործընկերների հետ կազմակերպվել են համատեղ խորհրդաժողովներ, կատարվել են փոխադարձ այցելություններ։

Երկուստեք բարձր գնահատեցին դրացի ժողովուրդների բարեկամությունը՝ պատրաստակամություն հայտնելով փոխգործակցությամբ նպաստել հարաբերությունների էլ ավելի բարելավմանը։

Հանդիպմանը մասնակցում էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

14 ապրիլի 2011թ.

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Ապրիլի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանում գումարվեց «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները» թեմայով գիտաժողով, որի նպատակն էր համակողմանի քննարկման առարկա դարձնել երկրում սահմանադրական զարգացումների արդի հիմնախնդիրները՝ հաշվի առնելով դրանց վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները։

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ սահմանադրական դատարանը եւ «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» գերմանական ծրագրի հայաստանյան գրասենյակը (ԳՄՀԸ)։

Սա գերմանացի մասնագետների հետ վերջին տարիներին անցկացվող 8-րդ գիտաժողովն էր, որի բացումը կատարեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը՝ իր ողջույնի խոսքում կարեւորելով գիտաժողովում քննարկվելիք թեմայի արդիական լինելը, շեշտելով, որ այս տարողունակ թեմայի քննարկումը կշարունակվի նաեւ աշնանը՝ հոկտեմբերի 6-8-ը հրավիրվելիք Երեւանյան միջազգային խորհրդաժողովում՝ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պատվիրակների լայն մասնակցությամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» գերմանական ծրագրի ղեկավար Վ. Պողոսյանը, ով գիտապրակտիկ իմաստով խիստ կարեւոր համարեց ներկա գիտաժողովի հրավիրումը, որտեղ կքննարկվեն սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները, եւ որի համար անհրաժեշտ է խորությամբ ըմբռնել ՍԴ որոշումների իրավական բնույթը։

Գիտաժողովում ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը հանդես եկավ «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրավագիտական դերն ու նշանակությունը» թեմայով զեկուցումով։

Այնուհետեւ «Սահմանադրական դատարանի որոշումների դերն օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավական պաշտպանության գործում և որպես իրավունքի աղբյուր» թեմայով գերմանական փորձի ընդհանրացմամբ ու համեմատական խոր վերլուծությամբ իր զեկուցումը ներկայացրեց Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, միջազգային մեծ ճանաչում ունեցող սահմանադրագետ Օթթո Լուխթերհանդթը։

Հարակից զեկույցով հանդես եկավ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Զեկումների շուրջ ծավալվեց հետաքրքիր ու լայն քննարկում՝ անդրադարձ կատարելով ոչ միայն միջազգային փորձին, այլեւ մեզանում առկա հիմնախնդիրների կոնկրետ լուծումներին՝ թե՛ օրենսդրական քաղաքականության մակարդակում եւ թե՛ իրավակիրառ պրակտիկայում։

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի անդամներ ու աշխատակիցներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Հր. Թովմասյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը, ՀՀ իրավաբանների միության նախագահ Գ. Ղազինյանը, դատարանների նախագահներ, ՀՀ դատախազության աշխատակիցներ, փաստաբաններ, իրավաբան գիտնականներ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

16 մարտի 2011թ.

ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ

Մարտի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին։ Քննարկման առարկան ՌԴ սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումներին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնական հրավերին առնչվող հարցերն էին։ Դեսպանը կարեւորեց, որ տոնակատարությունների շրջանակներում Մոսկվայի Կրեմլի մեծ պալատում, ՌԴ Նախագահի, բարձրաստիճան անձանց ու հանրային լայն մասնակցությամբ, կայանալու է հանդիսավոր նիստ, որին պաշտոնապես հրավիրվում է նաեւ ՀՀ ՍԴ նախագահը։ Նույն օրը երեկոյան նիստի մասնակիցները հատուկ ինքնաթիռով կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ, ուր կոնգրեսների Պալատում կկայանա «Սահմանադրական վերահսկողություն. դոկտրինա եւ պրակտիկա» միջազգային երկօրյա գիտաժողով։

Դեսպանը հատուկ շեշտեց այն առանձնահատուկ վերաբերմունքը, որ Կրեմլում կայանալիք հանդիսավոր նիստին նախատեսված է ՀՀ ՍԴ նախագահի ողջույնի խոսքը, ինչպես նաեւ նրա զեկույցը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային գիտաժողովում։

Պարոն Հարությունյանը շնորհակալությամբ ընդունեց հրավերը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

25 փետրվարի 2011թ.

ՄԻՀ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ-Stiftung/ ՄԻՀ հիմնադրամ) նպատակ ունի Գերմանիայի Դաշնային կառավարության հանձնարարությամբ Հայաստանում աջակցություն ցուցաբերել իրավական համակարգի եւ արդարադատության ոլորտի բարեփոխումներին։

Փետրվարի 24-ին ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց հետագա ծրագրերի իրականացման նախապատրաստության նպատակով Հայաստանում գտնվող՝ ծրագրի պատասխանատու, տիկին Բրիտտա Շվարցին եւ պարոն Ֆալկ Բոմսդորֆին։

Զրույցն ընթացավ Հայաստանում իրականացվող իրավական բարեփոխումների ոլորտում ՄԻՀ հիմնադրամի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Հյուրերն այնուհետեւ դիտեցին Սահմանադրական դատարանի շենքում ՍԴ-ի 15-ամյակի կապակցությամբ բացված ցուցահանդեսը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

24 հունվարիի 2011թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՆԳՐԵՍՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2011թ. հունվարի 16-18-ին Ռիո դե Ժանեյրոյի Սոֆիտել հյուրանոցի մեծ սրահում տեղի ունեցավ սահմանադրական արդարադատության մարմինների համաշխարհային երկրորդ կոնգրեսը, որին մասնակցում էին 91 երկրների եւ 18 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ։

Կոնգրեսի առաջին լիագումար նիստի գլխավոր բանախոս, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական վերահսկողության հարցերի ենթահանձնաժողովի համանախագահ Քրիստոֆ Գրաբենվարտերը շեշտեց, որ նախատեսվող քննարկումների առանցքում կլինեն, մասնավորապես, այնպիսի հիմնախնդիրներ, որոնց հատկապես անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը՝ նախապես ներկայացրած իր գրավոր զեկույցում։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր հերթին սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային զարգացումների վերջին տարիների ձեռքբերումներն արժեվորեց Հայաստանի օրինակով՝ փաստելով նաեւ Հայաստանի սահմանադրական դատարանի մեծ ավանդն այս ոլորտի զարգացման, միջազգային հնչեղության տարբեր հիմնախնդիրների առաջադրման ու լուծման գործում։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի նախագահությամբ անցավ Կոնգրեսի ամփոփիչ լիագումար նիստը, որում ներկայացվեցին այն հիմնական մոտեցումները, որոնք առաջիկա տարիներին կանխորոշիչ կլինեն տարբեր երկրներում սահմանադրական արդարադատության արդյունավետության հետագա բարձրացման համար։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հունվարի 16-ին եւ 18-ին մասնակցեց նաեւ Համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նիստերին, որտեղ, մասնավորապես, որոշվեց հաջորդ Կոնգրեսը հրավիրել Հարավային Կորեայում՝ Սեուլում, 2014 թվականին։

Կոնգրեսի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ավստրիայի, Հունգարիայի, Թաիլանդի, Ալժիրի, Եգիպտոսի, Անդորրայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Խորվաթիայի, Բելառուսի, Ղազախստանի, Հարավային Կորեայի, Կանադայի պատվիրակությունների հետ։

Հունվարի 20 - ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը Սան Պաուլոյում պսակ դրեց հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հանդիպումներ ունեցավ Սբ. Գեւորգ հայ առաքելական եկեղեցու վարչական խորհրդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի անդամների, Հայ բարեգործական ընդհանուր միության Բրազիլիայի մասնաճյուղի, բրազիլահայ տարբեր կազմակերպությունների պատասխանատուների ու անդամների, փաստաբանների, երիտասարդության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին մասնակցեցին Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Եղիազարյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիրուհի Բուրմայանը։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում
ՀՀ դեսպանություն
21.01.2011թ.

Լուսանկար 1

 

12 հունվարիի 2011թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲՐԱԶԻԼԻԱ

2011 թվականի hունվարի 16-18-ը Բրազիլիայում (Ռիոդեժանեյրոյում) գումարվելու է Սահմանադրական դատարանների համաշխարհային երկրորդ Կոնգրեսը՝ «Իշխանությունների տարանջատումը եւ սահմանադրական դատարանների ու համարժեք մարմինների անկախությունը» թեմայով։

Միջազգային այս կազմակերպությունում ընդգրկված են 125 երկրների սահմանադրական վերահսկողության մարմիններ, որոնցից 100-ը մասնակցելու է հիշյալ Կոնգրեսի աշխատանքներին։ Երկրորդ Կոնգրեսի աշխատանքները համակարգում է առաջին Կոնգրեսում (2009թ. հունվարի 22-24, Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Կեյպտաուն) ընտրված բյուրոն, որի նիստը կայանալու է հունվարի 16-ին։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական դատարանների միջազգային խորհրդաժողովի բյուրոյի անդամ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը նախագահելու է Կոնգրեսի 3-րդ լիագումար նիստը եւ զեկուցումով հանդես է գալու լիագումար 1-ին նիստում։

Գ. Հարությունյանի զեկույցի տեքստը (ռուսերեն, անգլերեն) տեղադրված է ՀՀ ՍԴ վեբ կայքում եւ Կոնգրեսի վեբ կայքում:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]