Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2013 թվականին՝

9 դեկտեմբերի 2013թ.

Ս. թ. դեկտեմբերի 6-7-ը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գագիկ Հարությունյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 97-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված էին նաեւ Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցեր: Լիագումար նիստում, մասնավորապես, քննության առնվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի ներդրման հետ: Պրն Գ. Հարությունյանը, անդրադառնալով նշված հարցին, տեղեկացրեց Հանձնաժողովի անդամներին, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2013թ. նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 17-ի 2 մասը, այնքանով որքանով բարոյական վնասը չի դիտվում որպես վնասի տարատեսակ եւ չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն, հակասահմանադրական է ճանաչվել: Գ. Հարությունյանը նաեւ տեղյակ պահեց Հանձնաժողովին, որ նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014թ. հոկտեմբերի 1-ը:

Հանձնաժողովի 97-րդ լիագումար նիստի օրակարգում էր ներառված նաեւ ՀՀ վերջին սահմանադրական զարգացումների վերաբերյալ հաղորդումը: Պրն. Հարությունյանը տեղեկացրեց մասնակիցներին ՀՀ սահմանադրական բարեփոխումների արդի ընթացքի, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, վերջինիս աշխատանքի ձեւաչափի եւ կատարվելիք աշխատանքների մասին: Պրն Գ. Հարությունյանը իրազեկեց ներկաներին նաեւ Հանձնաժողովի հետ ձեռք բերված պայմանավորվածության` վերջինիս անդամների կազմից փորձագիտական խումբ ձեւավորելու վերաբերյալ, որը փորձագիտական աջակցություն պետք է ցուցաբերի Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակմանը, իսկ այնուհետեւ նաեւ իր նպաստը կբերի կատարվելիք սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքին: Դեկտեմբերի 7-ին, սահմանված օրակարգին համաձայն, անցկացվեցին Հանձնաժողովի ղեկավար կազմի` Հանձնաժողովի նախագահի, տեղակալների, Բյուրոյի անդամների եւ ենթահանձնաժողովների նախագահների եւ տեղակալների ընտրություններ: Հանձնաժողովի որոշմամբ պրն Գ. Հարությունյանն Վենետիկի Հանձնաժողովի Բյուրոյի անդամ ընտրվեց երկու տարի ժամկետով: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվեց պրն Ջիանի Բուքիքիոն: Վենետիկի հանձնաժողովը ստեղծվել է 1990թ. որպես սահմանադրական հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդակցական մարմին:

Ներկայումս հանձնաժողովին է անդամակցում 59 պետություն, Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ-պետությունները եւ 12 այլ երկիր:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

29 նոյեմբերի 2013թ.

Ս. թ. նոյեմբերի 27-29-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գագիկ Հարությունյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի հովանու ներքո Ստրասբուրգում անցկացվող «ժողովրդավարության համաշխարհային ֆորումի» աշխատանքներին: Ֆորումի շրջանակներում Գագիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային հանդիպումներ ունեցավ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի նախագահ` պրն Ջիանի Բուքիքիոյի, Գլխավոր քարտուղար` պրն Թոմաս Մարկերտի, Գլխավոր քարտուղարի տեղակալ` տկն Սիմոնա Գրանատա-Մենգինիի, սահմանադրական արդարադատության բաժնի ղեկավար` պրն Շնուտց Դյուրի հետ: Նշված հանդիպումների ընթացքում պրն Հարությունյանի կողմից ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման գործընթացի արդի վիճակը, սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ քննարկվեցին սահմանադրական բարեփոխումների ոլորտում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության հիմնական եղանակները եւ ուղղությունները: Նոյեմբերի 29-ին պրն Գ. Հարությունյանը ելույթով հանդես եկավ «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի» «Անմիջական ժողովրդավարություն» նստաշրջանի մասնակիցների առջեւ` անդրադառնալով անմիջական ժողովրդավարության արդյունավետ իրականացման արդի մարտահրավերներին, եւ պատասխանեց քննարկման մասնակիցների հարցերին:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

13 նոյեմբերի 2013թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը նոյեմբերի 13-16-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ընդունման 20-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին։

Խորհրդաժողովում պարոն Հարությունյանը հանդես կգա «Ժամանակակից սահմանադրականության մարտահրավերները» թեմայով զեկուցումով։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

7 նոյեմբերի 2013թ.

ՀԱՄԱՏԵՂ ՍԵՄԻՆԱՐՆ ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Նոյեմբերի 7-ին իր աշխատանքը շարունակեց ՀՀ եւ Ավստրիայի սահմանադրական դատարանների համատեղ սեմինարը։

«Սահմանադրական դատարանը եւ նրա կողմից իրականացվող ընտրական վերահսկողությունը» միեւնույն թեմայով զեկուցումներով հանդես եկան Ավստրիայի ՍԴ դատավոր Հելմութ Հյորթենհուբերը եւ ՀՀ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը։ Երկու զեկուցողին էլ բազմաթիվ հարցեր տրվեցին, եւ զեկուցումների շուրջ աշխույժ քննարկում ընթացավ։

Սեմինարի աշխատանքներն ամփոփեցին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը եւ Ավստրիայի սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հոլցինգերը։ Երկկողմ բարձր գնհատվեց սեմինարի աշխատանքը, որը փորձի փոխանակման ու համագործակցության խորացման նոր առիթ դարձավ։ Սեմինարի նյութերը կհրապարակվեն «Конституционное правосудие» ամսագրում։

Կեսօրին Ավստրիայի ՍԴ պատվիրակությունը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամների հետ։ Այնուհետեւ հյուրերն այցելեցին Մաշտոցի անվան Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

Ավստրիայի սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գերհարթ Հոլցինգերի նամակը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանին:
(հայերեն, անգլերեն)

6 նոյեմբերի 2013թ.

ՀՀ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՄԻՆԱՐ

ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով եrկօրյա (նոյեմբերի 6-7-ը) պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարթ Հոլցինգերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են՝ փոխնախագահ Բրիգիթե Բիրլայնը, ՍԴ դատավորներ Յոհանես Շնիցերն ու Հելմութ Հյորթենհուբերը, ՍԴ նախագահի քարտուղար Մարիա Վարգան, ՍԴ արարողակարգի վարչության աշխատակից Ռոսվիթա Շնաբլը։

Նոյեմբերի 6-ին Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակությունն այցելեց ՀՀ սահմանադրական դատարան։ Պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՍԴ անդամներն ու աշխատակազմը։ ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար, հյուրերին ծանոթացրեց ներկաների հետ։

Փոխադարձաբար Ավստրիայի ՍԴ պատվիրակությանը ներկայացնելով՝ պարոն Հոլցինգերն իր ուրախությունը հայտնեց, որ այս այցելությամբ երկու դատարանների միջեւ համագործակցությունն ավելի է խորանում։ Նա կարեւորեց երկկողմ կապերի ամրապնդումը, շեշտելով, որ Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների ընդհանուր համագործակցության մեջ նկատելի ավանդ ունի Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը։ Դրա վկայություններից մեկն այն է, որ այս տարվա հուլիսին հենց Հայաստանում գումարվեց միջազգային խորհրդաժողով, որին մասնակցում էին եվրոպական համարյա բոլոր երկրների Սահմանադրական դատարանները։

Այնուհետեւ կայացավ համատեղ սեմինարի առաջին նիստը, որտեղ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը («Անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտին առնչվող արդի հրամայականները») եւ Ավստրիայի ՍԴ դատավոր Յոհանես Շնիցերը («Արդար դատաքննության իրավունքի պաշտպանությունը արդարադատության պրակտիկայում») թեմաներով։

Առաջին աշխատանքային ծրագիրն ավարտվեց հարց ու պատասխաններով եւ ՀՀ ՍԴ շենքին ու կառուցվածքին ծանոթանալով։

Կեսօրին Ավստրիայի ՍԴ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ եղեռնի զոհերի հուշահամալիր։

Պարոն Հոլցինգերն իր եւ պատվիրակության անունից գրառում արեց թանգարանի այցելուների մատյանում։

Նոյեմբերի 7-ին համատեղ սեմինարը կշարունակի աշխատանքը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10

23 հոկտեմբերի 2013թ.

ՀՅՈՒՐԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

Ճանաչողական այցով Հարավային Կովկասի երկրներում (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) շրջագայող պատվիրակությունը հոկտենբերի 23-ին հանդիպում ունեցավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ։ Պատվիրակությունը, որի կազմում ընդգրված էին պրոֆեսորներ, ասպիրանտներ, ուսանողներ եւ մեկ դատախազ, գլխավորում էր Գերմանիայի Մարբորգի համալսարանի պրոֆեսոր Գիլբերտ Գորնիկը։

Հյուրերի խնդրանքով պարոն Հարությունյանը ծանոթացրեց ՀՀ ՍԴ կառուցվածքին, գործառույթներին, միջազգային կապերին, պատասխանեց նրանց հարցերին։

Հյուրերը ներկայացրին իրենց շրջագայության շարժառիթներն ու նպատակը, պատմեցին Մարբորգի համալսարանի մասին, որը հիմնադրվել է 1527 թվականին եւ համարվում է Գերմանիայի հնագույն համալսարաններից մեկը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

23 սեպտեմբերի 2013թ.

ՉԺՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով սեպտեմբերի 21-23-ը պաշտոնական այցով Հայաստանում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ՉՆՀԺ) Մշտական կոմիտեի պատվիրակությունը՝ Սուն Բաոշուի գլխավորությամբ։

Սեպտեմբերի 21-ի առավոտյան պատվիրակությանն ընդունեց ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Պատվիրակության հետ էր Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունը։

Այնուհետեւ Սահմանադրական դատարանի Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվան սրահում կայացավ պատվիրակության հանդիպումը ՍԴ անդամների եւ աշխատակազմի հետ։ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը հյուրերին ծանոթացրեց ներկաների հետ, հակիրճ ներկայացրեց սահմանադրական դատարանի գործունեությանը։

Կայացավ գործնական զրույց՝ երկու երկրներում իրավական համակարգերի առանձնահատկությունների, իրավունքի գերակայության առաջնահերթության, ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՉՆՀԺ կապերի ու համագործակցության առավել սերտացման շուրջ։

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

Սեպտեմբերի 21-ի օրվա ընթացքում հյուրերն այցելեցին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, իսկ երեկոյան ՀՀ ՍԴ նախագահի ընկերակցությամբ մասնակցեցին Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը։

Սեպտեմբերի 22-ին ՉՆՀԺ Մշտական կոմիտեի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Զվարթնոց պատմամշակութային համալիր։ Այնուհետեւ ազատ շրջագայությամբ հյուրերը մեկնեցին Սեւանա լիճ։

Սեպտեմբերի 23-ին պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի հետ, ապա կայացավ պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։

Լուսանկարներ 1 | 2

Նույն օրը պատվիրակությունը վերադարձավ հայրենիք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

20 սեպտեմբերի 2013թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 19-21-ը Հայաստանում գտնվող հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցները, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 20-ին հյուրընկալվեցին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին։

Հյուրերը ծանոթացան սահմանադրական դատարանի գործունեությանը։ ՍԴ նախագահը պատասխանեց հյուրերին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

28 օգոստոսի 2013թ.

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Օգոստոսի 28-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանին։

Պարոն Հարությունյանը դեսպանին շնորհավորեց նշանակման առիթով, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի միջեւ հատկապես վերջին տարիներին ձեւավորված սերտ համագործակցության վերաբերյալ տվեց ընդարձակ տեղեկատվություն։ Ինչպես նաեւ ներկայացրեց միջազգային կազմակերպությունների, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս»-ի, սահմանադրական դատարանների միջազգային կոնգրեսի, երկու երկրների դատական սահմանադրական վերահսկողության մարմինների համագործակցության շրջանակներում արված քայլերն ու անելիքները, կարեւորեց դրանց հետագա պահպանումն ու զարգացումը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ Ղրղըզստանի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի եւ ՀՀ սահմանադրական դատարանի միջեւ ձեւավորված փոխհարաբերությունների ազդեցության եւ հետագա զարգացման հնարավորությունները։ Առաջարկվեց, որ այս ոլորտները նույնպես գտնվեն նորանշանակ դեսպանի ուշադրության կենտրոնում՝ իր հետագա գործունեության ընթացքում։

Պարոն Սահակյանը շնորհակալություն հայտնեց արժեքավոր տեղեկատվության համար՝ իր հերթին նույնպես կարեւորելով այս բնագավառում երկու երկրների հետագա համագործակցությունը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

16 օգոստոսի 2013թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ ԷԴՍՈՆ ՄԱՐԻՆՅՈ ԴՈՒԱՐՏԵ ՄՈՆՏԵՅՐՈՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Օգոստոսի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին։

Քննարկվեցին իրավունքի ոլորտում երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Պարոն Գ. Հարությունյանը դեսպանին ծանոթացրեց ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության հետ, նրան նվիրեց հուլիսին Երեւանում կայացած Համաեվրոպական խորհրդաժողովի օրերին Երեւանում անգլերեն լեզվով լույս տեսած «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմաները եւ մարտահրավերները» գիրքը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

11 հուլիսի 2013թ.

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հուլիսի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին։

Դեսպանը բարձր գնահատեց նորերս Երեւանում իր աշխատանքներն ավարտած համաեվրոպական խորհրդաժողովի աշխատանքներն ու նրա ունեցած մեծ դերը։

Պարոն Հարությունյանը դեսպանին նվիրեց համաժողովի օրերին Երեւանում անգլերեն լեզվով լույս տեսած «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմաները եւ մարտահրավերները» գրքի օրինակներից։

Դեսպանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնապես հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային Մեծ Ժողովի իրավական հանձնաժողովի պատվիրակության՝ Հայաստան այցի վերաբերյալ պաշտոնական գրությունը։ Չինաստանում այդ հանձնաժողովի վրա է դրված երկրում սահմանադրական վերահսկողության հիմնական գործառույթը։ Դեռեւս անցյալ տարվա օգոստոսին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը Չինաստանի դեսպանի միջոցով հիշյալ հանձնաժողովին Հայաստան այցելելու հրավեր էր ուղարկել, եւ այս գրությունը հրավերն ընդունելու հավաստումն է։ Կողմերը հստակեցրին պատվիրակությանը Երեւանում հյուրընկալելու ժամկետը՝ սեպտեմբերի 19-23-ը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

6 հուլիսի 2013թ.

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր ՀՀ սահմանադրական դատարանում ՍԴ նախագահ Գ. Հարությունյանին հյուրըկալվեցին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցները։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

6 հուլիսի 2013թ.

ԿԱՐԵՎՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային իրավական գրականությունը հարստացավ բացառիկ արժեքավոր մի հրատարակությամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Երեւանում անգլերեն լեզվով, երկու հազար տպաքանակով, լույս տեսավ «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմաները եւ մարտահրավերները» գիրքը։

Այս գիրքը բացառիկ է նաեւ ա՛յն իմաստով, որ ընդգրկում է համաշխարհային ճանաչում ունեցած սահմանադրագետների՝ չափազանց հրատապ հարցադրումներ ու վերլուծություններ ներկայացնող հոդվածներ։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող Երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովի վերջին օրը՝ հուլիսի 5-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահի Միջնադարի սրահում կայացավ գրքի շնորհանդեսը՝ աշխարհի տարբեր երկրներից համաժողովի՝ ութսունից ավել պատվիրակների ներկայությամբ։

Գ. Հարությունյանը կարեւորեց գրքի ստեղծման անհրաժեշտությունը, ներկայացրեց 15 երկրներից ներգրավված 23 համահեղինակներին, ովքեր համաշխարհային իրավական մտքի երախտավորներ են, արժեւորեց նրանց մեծ ներդումը։ Վստահեցրեց, որ տպաքանակից շուրջ 1000 օրինակ աշխարհի մոտ 100 երկրների գրադարաններ ու իրավական կենտրոններ առաքելով՝ կնպաստեն արծարծվող հիմնախնդիրների շուրջ համակարգային լուծումներ գտնելու հրատապ գործին։ Սա, թերեւս, սահմանադրագետների համար կարող է դառնալ սեղանի գիրք։

Գրքի հրատակությունը եւ Հայաստանի սահմանադրական դատարանի հետ իրենց համագործակցությունը կարեւորեցին համահեղինակներից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամներ Անդրեաս Շայոն, Էդիգիուս Կուրիսը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Պիտեր Պացոլայը, պրոֆեսորներ Էդվին Շմիդտը եւ Օտտո Լուխտերհանդը։

Շնորհանդեսին իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամները, այլ պաշտոնատար անձինք, իրավաբաններ, սահմանադրագետներ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10

4 հուլիսի 2013թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հուլիսի 4-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող Երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովը շարունակեց աշխատանքը։

Այս համաժողովը, թեմայի կարեւորությամբ, մասնակիցների լայն ընդգրկումով կոչված է կարեւորելու մարդու իրավունքների լիարժեք երաշխավորված ու պաշտպանված լինելը, հրատապ մի խնդիր, որն օրգանապես կապված է նաեւ իշխանությունների հայեցողության սահմանների հետ, կոչված է զարգացնելու եւ՛ հասկացութային, եւ՛ իրավակիռարական մոտեցումները։ Այս համաժողովը կարեւորվեց նաեւ մասնակիցների ներկայացուցչական լայն ընդգրկումով։ Եվ պատահական չէ, որ ՀՀ սահմանադրական դատարանի հրավերը սիրով ընդունեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ով խորհրդաժողովին մասնակցեց ՄԻԵԴ անդամ Ալվինա Գյուլումյանի եւ ՄԻԵԴ Մեծ պալատի քարտուղարի տեղակալ Յոհան Քելլվարթի հետ միասին։

Խորհրդաժողովի կարեւորության մասին շեշտվեց նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ, Հարությունյանի ճեպազրույցում. «Այսպիսի խորհրդաժողովների խնդիրը նաեւ հասկացութային ապարատի ճիշտ կողմնորոշելն է... Խորհրդաժողովի աշխատանքների արդյունքում ընդունվեց համաեվրոպական նշանակության բանաձեւ, որը եվրոպական կառույցներին կդրդի որոշակի լուծումների։ Կոնկրետ մեզ համար կարեւորն այն է, որ Հայաստանը նախաձեռնեց այս թեմատիկայի քննարկումը, Հայաստանը դարձավ եվրոպական լրջագույն խնդիրների լուծման հավասար իրավասուբյեկտներից մեկը՝ նախաձեռնող սուբյեկտներից մեկը, եւ դա հնարավորություն կընձեռի հենց մեր երկրում փորձել սահմանադրորեն եւ օրենսդրորեն որոշակի լուծումներ գտնել մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները նոր մակարդակի բարձրացնելու համար»։

...Համաժողովի այսօրվա առաջին նիստում քննարկման դրվեց «Օրենքների եւ այլ իրավական ակտերի դատական վերահսկողությունն անկախ դատական մարմինների կողմից. տարբեր երկրների փորձը սահմանադրական վերահսկողության արդյունավետ համակարգի արմատավորման եւ այս հարցում իշխանության տարբեր մարմինների հետ փոխգործակցության ոլորտում» թեման։

Թեմատիկ զեկույցներով հանդես եկան՝ Վենետիկի Հանձնաժողովի փորձագետ Անդրաս Շայոն, Բելոռուսի ՍԴ նախագահ Պյոտր Միկլաշեւիչը, Լեհաստանի սահմանադրական տրիբունալի անդամ Ոյսեխ Հերմելինսկին, ՌԴ ՍԴ դատավոր Միխաիլ Կլեանդրովը, Անդորայի ՍԴ փոխնախագահ Հոռանս Բուրգորգ-Լարսենը։

Զեկույցների շուրջ ծավալվեց քննարկում։

Ընդմիջումից հետո խորհրդաժողովն իր աշխատանքը շարունակեց «Մարդու իրավունքների պաշտպանի փոխգործակցությունը պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների հետ իրավունքի գերակայության սկզբունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու գործում» թեմայի քննարկումով։

Զեկույց ներկայացրեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն։

Զեկույցների քննարկումներից հետո ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը մասնակիցների քննարկմանը ներկայացրեց Խորհրդաժողովի եզրափակիչ բանաձեւը։ Այն ընդունվեց ամբողջությամբ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

3 հուլիսի 2013թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ՀՀ ԱԺ նիստերի սրահում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող Երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովը։
Կազմակերպիչներ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ), ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ:
Ընդհանուր խորագիրը՝ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ»։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հրապարակեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Խորհրդաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքերով դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոն։

Առաջին նիստում քննարկման դրվեց «Իրավունքի գերակայության սկզբունքը որպես իրավական պետությունում իշխանության ու անհատի սոցիալական վարքագծի արժեբանական հիմք. սահմանադրական երաշխիքները տարբեր երկրներում» թեման։

Թեմատիկ զեկույցներով հանդես եկան՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ «Իրավունքի գերակայության տեղն ու դերը մարդու եւ քաղաքացու սոցիալական վարքագծում», Հունգարիայի ՍԴ նախագահ Պետր Պաչոլայը՝ «Սահմանադրական բարեփոխումը Հունգարիայում. եվրոպական պարտավորությունները եւ ազգային ինքնիշխանությունը», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ «Իշխանությունների պոզիտիվ պարտականությունները», Խորվաթիայի ՍԴ դատավոր Մատո Արլովիչը՝ «Սահմանադրական դատարանի գործունեությունը եւ եվրոպական իրավական չափորոշիչները», Պորտուգալիայի ՍԴ անդամ Մարիա Խոսե Ռանժել Մեսքուիտան։

Զեկույցների շուրջ ծավալվեց քննարկում։

2-րդ նիստի թեման էր՝ «Իրավունքի գերակայության սկզբունքը որպես օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հայեցողության շրջանակների կանխորոշման չափանիշ. դրսեւորումները տարբեր երկրներում»։

Թեմատիկ զեկույցներ ներկայացրին՝ Բուլղարիայի ՍԴ անդամ Բորիս Վելչեւը՝ «Բուլղարիայի ընտրական օրենսդրությունը եւ ընտրությունների օրինականության չափորոշիչները՝ սահմանված Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքով», Ուկրաինայի ՍԴ դատավոր Օլեգ Սերգեյչուկը՝ «Իրավունքի գերակայության սկզբունքը որպես օրենսդիր իշխանության հայեցողության սահմանների սահմանման չափորոշիչ. դրսեւորումները Ուկրաինայում», Ղազախստանի սահմանադրական խորհրդի անդամ Իլյաս Բահտիբաեւը՝ «Միջազգային իրավունքի նորմերի իմպլեմենտացիան Ղազախստանի ազգային օրենսդրությունում»։

Զեկույցների քննարկումներով ավարտվեց այսօրվա նիստը։

Վաղը՝ հուլիսի 4-ին, ժ. 9։30-ից խորհրդաժողովը կշարունակի իր աշխատանքը։ Նախատեսված է այդ նիստում ընդունել համաեվրոպական երեւանյան խորհրդաժողովի բանաձեւ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6

2 հուլիսի 2013թ.

ԴԻՆ ՇՊԻԼՄԱՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում Երեւանում անցկացվող համաեվրոպական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ուղեկցությամբ ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանի եւ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի քարտուղարի տեղակալ Յոհան Քելլվարթի, հուլիսի 2-ին հյուրընկալվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին։

Գ. Հարությունյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին դատարանի շենքում, ծանոթացան ՍԴ կառուցվածքին ու գործունեությանը։ Այնուհետեւ ՍԴ ընդունելությունների սրահում նրանք զրուցեցին վաղը մեկնարկող խորհրդաժողովում քննարկվելիք թեմայի շուրջ՝ առանձնապես կարեւորելով իրավունքի գերակայության սկզբունքը որպես իրավական պետությունում իշխանության ու անհատի սոցիալական վարքագծի արժեբանական հիմք ու սահմանադրական երաշխիք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

18 հունիսի 2013թ.

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ

Հունիսի 18-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար տիկին Թեա Ցուլուկիանիին։ Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Գոշա Լոռդկիպանիձեն, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարիամ Սկիլաձեն։

Քննարկվեցին Վրաստանում դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ ընդունված նոր օրենդրության հետ կապված հարցեր, որոնք վերջերս դարձել էին Վենետիկի հանձնաժողովի քննարկման առարկա։ Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը, որպես Վենետիկի հանձնաժողովի անդամ, հունիսի 14-15-ը մասնակցում էր Վենետիկի հանձնաժողովի 95-րդ լիագումար նիստին, ուր երկու տասնյակ այլ հարցերի շարքում քննարկման առարկա էին դարձել մի շարք երկրներում, այդ թվում նաեւ Վրաստանում, սահմանադրական բարեփախումներին առնչվող հարցեր։

Կողմերը քննարկեցին նաեւ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մի շարք հիմնախնդիրներ։ Անդրադարձ եղավ ՀՀ սահմանադրական դատարանի եւ Վրաստանի արդարադատության նախարարության միջեւ համագործակցության հետագա ծավալման եւ խորացման հարցերին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

17 հունիսի 2013թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ

Հունիսի 14-15-ը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը մասնակցեց Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) լիագումար նիստին եւ Սահմանադրական դատարանների համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նիստին։

Վենետիկի հանձնաժողովի 95-րդ լիագումար նիստը երկու տասնյակ հարցերի շարքում ծավալուն քննարկման առարկա դարձրեց մի շարք երկրներում (մասնավորապես՝ Ուկրաինա, Ռումինիա, Թուրքիա, Մոնակո, Վրաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա) սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացրեց հուլիսի 3-5-ը Երեւանում հրավիրվող համաեվրոպական խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

14 մայիսի 2013թ.

ՀՅՈՒՐԵՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ

«Սահմանադրական կարգի զարգացումը Հայաստանում եւ Ռուսաստանում» թեմայով կոնֆերանսի շրջանակներում Երեւանում գտնվող Մոսկվայի պատվիրակությունը մայիսի 14-ին այցելեց ՀՀ սահմանադրական դատարան։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՍԴ անդամներ Վլ. Հովհաննիսյանը, Վ. Պողոսյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Խաչատրյանը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանը։ Հյուրերից՝ Ս. Ավագյանը, Մ. Սալիկովը, Վ. Նեվինսկին, Գ. Դավթյանը, Ս. Շեվերդյաեւը։

Հյուրերը ծանոթացան սահմանադրական դատարանի գործունեությանը։

Զրույցն ընթացավ երկու երկրներում սահմանադրական արդարադատության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

13 մայիսի 2013թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՋԻԿՍՏԱՆՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը մայիսի 13-14-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմասնակցի ռեգիոնալ խորհրդակցությանը։ Պարոն Հարությունյանը հրավիրված է որպես Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային ընկերակցության նախագահ, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի անդամ։

Տաջիկստանում տարվող դատաիրավական ռեֆորմի ծրագրի շրջանակներում երկրի սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ անցկացվող ռեգիոնալ խորհրդակցությունում ՀՀ ՍԴ նախագահը փորձագիտական եզրակացություն կներկայացնի «Տաջիկստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին» Տաջիկստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նոր նախագծի վերաբերյալ։

Այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության սահմանադրական դատարանների ղեկավարները երկու երկրների սահմանադրական դատարանների հետագա համագործակցության մասին Հուշագիր կստորագրեն։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

2 մայիսի 2013թ.

ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 30-ին այցելեց ՀՀ սահմանադրական դատարան։

Ընդունելով հյուրերին, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը ծանոթացրեց դատարանում տարվող աշխատանքներին։ Իր հերթին ԻԻՀ գլխավոր դատախազը ներկայացրեց իրենց երկրի դատաիրավական ոլորտում գործող համակարգը։

Երկուստեք քննարկեցին երկու երկրների միջև դատաիրավական ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապված մի շարք խնդիրներ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

10 ապրիլի 2013թ.

ԱԼԺԻՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

ՀՀ նորընտիր Նախագահ Ս. Սարգսյանի հանդիսավոր երդման եւ պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու առիթով Հայաստանում գտնվող Ալժիրի Նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ալժիրի սահմանադրական խորհրդի նախագահ Թայեբ Բելաիզը ապրիլի 10-ին այցելեց ՀՀ սահմանադրական դատարան։

Պարոն Հարությունյանը հյուրին ծանոթացրեց Սահմանադրական դատարանի գործունեությանն ու միջազգային կապերին։

Մտքեր փոխանակվեցին սահմանադրական արդարադատության բնագավառում երկու մարմինների հետագա համագործակցության, տեղեկատվությունների փոխանակման եւ փոխգործակցության այլ հարցերի շուրջ։

Երկկողմանի կապերի զարգացման շրջանակներում պարոն Բելաիզը Գ. Հարությունյանին հրավիրեց այցելել Ալժիր։

Արծարծվեցին նաեւ հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

6 ապրիլի 2013թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
(ռուսերեն)

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

23 հունվարի 2013թ.

ԶՐՈՒՅՑԻ ԹԵՄԱՆ՝ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Հունվարի 23-ին ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հաիդի Տագլիավինիի ղեկավարությամբ։

Հյուրերի խնդրանքով պարոն Հարությունյանը պարզաբանումներ տվեց ընտրական գործընթացներում ՍԴ-ի կողմից իրականացվող ընտրական իրավունքի դատական պաշտպնության, ընտրությունների ընթացակարգերի և առանձնահատկությունների մասին։

Երկուստեք կարեւորեցին ընտրական հանձնաժողովների պրոֆեսիոնալիզմը, բողոքարկման ինստիտուտի հստակ գործունեությունը, ընտրական ցուցակների նկատմամբ հանրային հսկողությունը, ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ։

Արծարծվեցին նաեւ հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

 

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]