Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային կապեր

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2016 թվականին՝

8 դեկտեմբերի 2016թ.

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Դեկտեմբերի 5-6-ը ՀՀ սահմանադրական դատարանում կայացավ իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին կից Հայոց ցեղասպանության իրավական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանությանն առնչվող իրավական հարցերի արդի վիճակը. ընթացող դատավարությունները եւ հետագա հնարավոր զարգացումները» խորագրով գիտագործնական խորհրդաժողով:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանների համահայկական խորհրդի աշխատանքները համակարգող նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանը:

Քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանն ուղղված հնարավոր իրավական միջոցների վերահանման եւ դրանց գործնական կիրառման հեռանկարներին առնչվող հիմնահարցեր:

Գիտաժողովին մասնակցում էին միջազգային իրավունքի փորձագետներ Հայաստանից, Ֆրանսիայից եւ Արգենտինայից:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

8 դեկտեմբերի 2016թ.

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 8-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանիին:

Այցը ճանաչողական էր, եւ պարոն Հարությունյանը դեսպանին ներկայացրեց ՍԴ կառուցվածքը, գործառույթները, միջազգային կապերը, Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ 2009 թվականին ստեղծած սահմանադրական դատարանների համաշխարհային կոնգրեսի ստեղծումն ու գործունեությունը, որին անդամակցում է աշխարհի 102 երկիր, այդ թվում նաեւ Հնդկաստանի Գերագույն դատարանը:

Պարոն Հարությունյանը դեսպանի միջոցով Հնդկաստանի Գերագույն դատարանին հրավիրեց մասնակցելու եկող տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք երեւանյան ավանդական միջազգային կոնֆերանսին, որով եւ Հնդկաստանի Գերագույն դատարանի եւ Հայաստանի սահմանադրական դատարանի միջեւ ակտիվ համագործակցության հիմք կդրվի: Նա բարձր գնահատեց դեսպանի՝ հայ-հնդկական հարաբերությունները զարգացնելու ջանքերը, շնորհակալությամբ շեշտեց, որ Շահամիրյանների կողմից դեռեւս 18-րդ դարում Հնդկաստանի Մադրաս քաղաքում է գրվել Հայաստանի առաջին Սահմանադրությունը, եւ հայկական գաղութի գործունեության ակտիվությունը վկայում է Հնդկաստանի կառավարության առանձնակի հոգատարությունը այդ երկրում ապրող հայերի հանդեպ:

Հարությունյանը հյուրին մաղթեց բեղմնավոր աշխատանք իր նոր պաշտոնում:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

7 դեկտեմբերի 2016թ.

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Դեկտեմբերի 7-ին Երեւանում կայացավ Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» համատեղ ծրագրի փակման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գ. Հարությունյանը: Նա կարեւորեց ծրագիրը, որի շրջանակներում մշակվում են մի շարք օրենքների նախագծեր, եւ որ դրանց մշակման գործընթացում, բացի տեղական փորձագետներից, ներգրավված են նաեւ մեծ թվով եվրոպական մասնագետներ:

Առկա հրատապ խնդիրներից պարոն Հարությունյանն առանձնացրեց հատկապես պետաիրավական համակարգում իրավունքի գերակայության սկզբունքի հաստատումը, նշելով` որի վերաբերյալ, ցավոք, պատկերացումները դեռ շատ պարզունակ են:

Ըստ Հարությունյանի` Հայաստանում հաջողություններ կարձանագրվեն, եթե իրավունքի գերակայությունը դառնա յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր անձի սոցիալական վարքագծի հենքը, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի հենքը, պետական իշխանության ինստիտուտների հանրային վարքագծի հենքը: Կարեւորելով այս սկզբունքը` Հարությունյանն ընդգծեց դրան հասնելու միջոցները` ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ ֆունկցիոնալ բարեփոխումների միջոցով:

Գնահատելով ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները` պարոն Հարությունյանը շեշտեց, որ սա ավելի շուտ հանգրվան է, քան` ավարտ, եւ որ անելիքներն ավելի շատ են, քան` կատարվածը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

23 նոյեմբերի 2016թ.

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին:

Հյուրերը հետաքրքրվեցին ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունների եւ դատավարական հարցերի հետ կապված հնարավոր փոփոխություններով, հարցրին, թե սահմանադրական բարեփոխումներն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանը, լիազորությունների առավել ընդլայնված օբյեկտների պայմաններում, ինչպե՞ս է նախապատրաստվում սահմանադրական արդյունավետ վերահսկողություն իրականացնել: Նաեւ հետաքրքրվեցին, թե ի՞նչ ընթացքի մեջ են օրենսդրական զարգացումները՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը Հայաստանին աջակցելու հետագա բարեփոխումների ընթացքում:

Բոլոր հարցերի վերաբերյալ տրվեցին համապատասխան պարզաբանումներ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

22 նոյեմբերի 2016թ.

ՀՅՈՒՐԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 22-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական հանձաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբին, կազմով՝ Տանյա Գերվեյնի (Վենետիկի հանձնաժողովի քարտուղարություն), Յասնա Օմեյթսի (Վենետիկի հանձնաժողովի անդամ), Բոգդան Աուրեսկուի (Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ):

Հյուրերը Վենետիկի հանձնաժողովի կողմից նշանակված են զեկուցողներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում դեկտեմբերի 10-ին քննարկման համար: Նրանց հետաքրքրում էր, թե սահմանադրական դրույթները սահմանադրական օրենքում ինչպե՞ս են արտացոլվել, որքանո՞վ են սահմանադրական փոփոխություններին համարժեք օրենսդրական երաշխիքներ ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ գործունեությունը երաշխավորելու համար եւ թե սահմանադրական բարեփոխումներից հետո ի՞նչ փոփոխություններ են կատարվել մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական դատարան դիմող սուբյեկտի, իրավասությունների ընդլայնման ուղղությամբ:

Հյուրերի բարձրացրած բոլոր հարցերի վերաբերյալ տրվեցին մանրամասն պարզաբանումներ:

Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական խորհրդի անդամ Վարդան Պողոսյանը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

15 նոյեմբերի 2016թ.

ՀՅՈՒՐԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարան այցելեց Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակությունը, կազմով՝ Ռիչարդ Բարեթ (Վենետիկի հանձնաժողովի անդամ, Իռլանդիա), Սրդժան Դարմանովիչ (Վենետիկի հանձնաժողովի անդամ, Չեռնոգորիա), Սիմոնա Գրանատա-Մենղինի (Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի տեղակալ), Ամայա Ուբեդա դե Տորես (Վենետիկի հանձնաժողովի քարտուղարություն), Տիմո Կնաեբե (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ իրավական փորձագետ), Լորետա Վիոու (Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ):

Պատվիրակությունը Վենետիկի հանձնաժողովի լիագումարի նիստին նախապատրաստում է կուսակցությունների մասին ՀՀ օրենքի քննարկումը:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսած այն ընթացակարգերը, որոնցով կարող են կասեցվել կուսակցությունների գործունեությունը կամ արգելվել կուսակցությունները, ինչպես նաեւ կուսակցությունների մասին 2006 թվականին ընդունված օրենքի սահմանադրականության վերաբերյալ ընդունված որոշման հետ կապված մի շարք այլ հարցեր:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

25 հոկտեմբերի 2016թ.

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի տեսաուղերձը Երեւանյան միջազգային խորհրդաժողովին:
[mp4, 0.3 mb]

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդիի տեսաուղերձը Երեւանյան միջազգային խորհրդաժողովին:
[mp4, 0.4 mb]

22 հոկտեմբերի 2016թ.

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ - ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

Հոկտեմբերի 22-ին իր աշխատանքը շարունակեց ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովը։

Խորհրդաժողովի երկրորդ թեման էր՝ «Սահմանադրական դատարանի դերն օրենքի բացի և իրավական անորոշության հաղթահարման գործում»։

Առաջին նիստը նախագահում էր Տաջիկստանի սահմանադրական դատարանի նախագահ Մ. Մախմուդզոդան։

Զեկույցներով հանդես եկան՝

Պորտուգալիայի սահմանադրական դատարանի փոխնախագահ Ժ. Կոպերսը՝ «Սահմանադրական դատարանի որոշման դերը և կարևորությունը օրենսդրական բացերի և իրավական անորոշության հաղթահարման գործում (տարբեր երկրների փորձը)»։

Ղրղզստանի սահմանադրական պալատի անդամ Մ. Բոբուկեևան՝ «Սահմանադրական պալատի որոշումների դերը և նշանակությունը օրենսդրական բացերի և իրավական անորոշության հաղթահարման գործում»։

Բելառուսի սահմանադրական դատարանի անդամ Տ. Վորոնովիչը՝ «Սահմանադրական արդարադատության դերը սահմանադրաիրավական կարգավորման բացերի և իրավական անորոշության վերացման գործում»։

ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանը՝ «Սահմանադրական դատարանի որոշումների դերը և նշանակությունը օրենսդրական բացերի և իրավական անորոշության հաղթահարման գործում (ՀՀ ՍԴ փորձը)»։

Հարցերով եւ քննարկումներով ավարտվեց առաջին նիստը։

 

Երկրորդ նիստը նախագահում էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի նախագահ Յ. Հելգեսեն։

Զեկուցումներով հանդես եկան՝

Տաջիկստանի սահմանադրական դատարանի նախագահ Մ. Մախմուդզոդան՝ «Տաջիկստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների դերը և նշանակությունը օրենքի բացերի և իրավական անորոշության հաղթահարման գործում»։

Լատվիայի սահմանադրական դատարանի անդամ Դ. Ռեզևսկան՝ «Լատվիայի սահմանադրական դատարանի որոշումների նշանակությունը օրենսդրական բացերի լրացման գործում»։

Սլովենիայի սահմանադրական դատարանի անդամ Յ. Զոբեկը՝ «Հակասահմանադրական իրավական բացի հայեցակարգը համաձայն Սլովենիայի սահմանադրական դատարանի իրավական պրակտիկայի»։

Ղազախստանի սահմանադրական խորհրդի անդամ Վ. Մալինովսկին՝ «Սահմանադրական խորհրդի դերը Ղազախստանի Հանրապետության հիմնական օրենքի հասկացութային ապարատի ճշգրիտ օգտագործումն ապահովելու գործում՝ որպես իրավական անորոշությունների կանխարգելման հիմնական միջոց»։

Խորհրդաժողովում ներկայացված զեկուցումների շուրջ բաց քննարկումներից հետո կայացավ խորհրդաժողովի աշխատանքների ամփոփում։

…Խորհրդաժողովի մասնակիցների համար նախատեսված են մշակութային մի շարք միջոցառումներ՝ այցելություն Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, Հաղարծին վանական համալիր, Գառնի եւ Գեղարդավանք։ Գեղարդավանքի վիմափոր եկեղեցում հյուրերի համար կտրվի հոգեւոր երաժշտության համերգ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

22 հոկտեմբերի 2016թ.

ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվեց ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի (աջակցությամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի) կազմակերպած երեւանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների:

Ընդունելությանը կայացավ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի հիմնման հանդիսավոր արարողությունը:

Կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունն ու հիմնական գործառույթները ներկայացրեց նախաձեռնության հեղինակը՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը:

Կենտրոնի ստեղծման գաղափարը մեծ արձագանք է գտել եւ համագործակցության առաջարկ ստացել միջազգային մի շարք վերլուծական կենտրոնների ու առանձին փորձագետների կողմից: Վերջիններիս լայն ընդգրկմամբ Կենտրոնը կիրականացնի իր գործառույթները: Մասնավորապես՝

-սահմանադրական մշակույթի հիմնահարցերի վերաբերյալ վերլուծական աշխատանքների ծավալում, միջազգային խորհրդաժողովների, գիտագործնական քննարկումների կազմակերպում,

-տարբեր երկրներում սահմանադրականության ախտորոշման ու սահմանադրական մշտադիտարկման գործուն համակարգերի ներդրման գործառութային ու կառուցակարգային կազմակերպում,

-առանձին երկրներում սահմանադրական մշակույթի իրական վիճակի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստում ու հրապարակում,

-այս ոլորտում միջազգային ու տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների հետ ակտիվ գործակցություն,

-սահմանադրական մշակույթի արմատավորման ու արագացման հարցում աջակցություն քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, երիտասարդական փառատոների եւ օլիմպիադաների անցկացում,

-«Սահմանադրական մշակույթ» բազմալեզու հանդեսի հրատարակում:

(Պարոն Հարությունյանի ելույթն ամբողջությամբ կներկայացվի առանձին):

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

21 հոկտեմբերի 2016թ.

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 21-ին իր աշխատանքը սկսեց ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովը։

Կազմակերպիչներ՝ ՀՀ սահմանադրական դատարան, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով), Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոն։

Աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի։

Թեմաները՝

1.«Վենետիկի հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստում ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկի» դերը և նշանակությունը համակարգային սահմանադրական մշտադիտարկման իրականացման գործում»:

2.«Սահմանադրական դատարանի դերն օրենքի բացի և իրավական անորոշության հաղթահարման գործում»։

Համաեվրոպական միջազգային այս խորհրդաժողովը սկզբից նախատեսված էր անցկացնել Ստրասբուրգում, բայց քանի որ նախաձեռնությունը ՀՀ սահմանադրական դատարանինն էր, եւ հայեցակարգն էլ ներկայացված էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի կողմից, որոշվեց այն անցկացնել Հայաստանում։ Շատ ներկայացուցչական է Խորհրդաժողովի մասնակցությունը՝ երեսուն երկրի պատվիրակություններ, եւ Եվրախորհրդի ամբողջ ղեկավար կազմն է ներգրավված այս խնդրում։ Սահմանադրական ճգնաժամի եւ սահմանադրականության առումով բավականին տագնապալի է վիճակը շատ երկրներում, ուր խնդրահարույց շատ պրոբլեմներ կան։ Հայեցակարգային մոտեցումներ առաջարկվեցին այդ խնդիրները կանխարգելելու եւ լուծելու համար։ Սահմանադրական մշտադիտարկման հայեցակարգերը լուրջ քննության առարկա դարձան Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, ապա եւ գիտական խորհրդում։ Եվ ահա հետեւությունը՝ միջազգային խորհրդաժողով կազմակերպել Երեւանում՝ լրջորեն քննարկելու հիմնախնդիրը։

Խորհրդաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։

Խորհրդաժողովին տեսաուղերձներ էին հղել՝ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդին։

Ողջույնի խոսքերով հանդես եկան՝

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆ. Բուայիան, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի նախագահ, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յ. Հելգեսենը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը։

Առաջին օրվա նիստում քննարկման դրվեց հետեւյալ թեման՝ «Վենետիկի հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստում ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկի» դերը և նշանակությունը համակարգային սահմանադրական մշտադիտարկման իրականացման գործում»։

 

Առաջին նիստը նախագահեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆ. Բուայիան։

Նախ լսվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հայեցակարգային զեկույցը՝ «Սահմանադրական մշտադիտարկումը որպես սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման երաշխիք» (Գ. Հարությունյանի ելույթի տեքստը կտեղադրվի առանձին)։

Զեկուցումներով հանդես եկան՝

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի նախագահ, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յ. Հելգեսենը՝ «Իրավունքի գերակայության սկզբունքը և դրա գործնական կիրառումները», Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Գերմանիա), 5-րդ սեկցիայի նախագահ Անգելիկա Նուսբերգերը՝ «Իշխանությունների տարանջատման մոդելը Հայաստանի նոր սահմանադրությունում և Գերմանիայի Մայր օրենքում. նմանություններ և տարբերություններ», Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Ուկրաինայից Ս.Հոլովատին՝ «Իրավունքի գերակայության հայեցակարգը և դրա ընկալման բարդությունները հետխորհրդային իրավական մշակույթում»։

 

Երկրորդ նիստը նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։

Զեկուցումներով հանդես եկան՝

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆ. Բուայիան՝ «Իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը պետության կողմից իր քաղաքականությունն իրականացնելիսե, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Հայաստան) Ա. Հարությունյանը՝ «Սահմանադրականության խնդիրները Հայաստանի Հանրապետությունում վերջին սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը»։ Ֆինլանդիայի գերագույն վարչական դատարանի դատավորներ տիկին Է. Սիտարիի և պարոն Պ. Հելանդերի համատեղ զեկուցումը՝ «Համակարգային սահմանադրական մշտադիտարկման տեղը և դերը սահմանադրական վերահսկողության համակարգի կատարելագործման և սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման գործում» ներկայացրեց Պ. Հելանդերը։ Ապա հանդես եկան Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Լատվիա) Մ. Միցը՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը սահմանադրական արդարադատության ամրապնդման գործում. Լատվիայի փորձը» եւ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյանը՝ «Սահմանադրական ախտորոշման գործիքակազմի ու իրականացման մեթոդների մշակման որոշ մոտեցումներ»։

Հարցերով ու քննարկումներով ավարտվեց երկրորդ նիստը։

Ընդմիջումից հետո խորհրդաժողովը շարունակեց իր աշխատանքը։

 

Երրորդ նիստը նախագահում էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Գերմանիա), 5-րդ սեկցիայի նախագահ Անգելիկա Նուսբերգերը։

Զեկույցներով հանդես եկան՝

Ռուսաստանի Դաշնության ՍԴ անդամ Ն. Բոնդարը՝ «Իրավական բացերը՝ որպես սահմանադրաիրավական արատաբանության կատեգորիա. հաղթահարման դատական պրակտիկայի ուսումնասիրման մեթոդաբանությունը», Խորվաթիայի ՍԴ դատավոր Մ. Ելուշիչը՝ «Սահմանադրական մշտադիտարկման դերը սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման գործում», Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր (Իսլանդիա) Ռ. Սպանոն՝ «Սուբսիդիարության սկզբունքը և սահմանադրական ավանդույթները Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում», Ուկրաինայի սահմանադրական դատարանի դատավոր Ս. Վդովիչենկոն՝ «Ուկրաինայի սահմանադրական դատարանի գործունեության մեջ նախորդ խմբագրությամբ օրենքների նորմերի գործողության վերականգնման դոկտրինը»։

Հարցերով եւ քննարկումներով խորհրդաժողովն ավարտեց հոկտեմբերի 21-ի նիստերը։

Երեկոյան նախատեսված է խորհրդաժողովի մասնակիցների ընդունելություն Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից։ Կայանալու է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի հանդիսավոր հիմնման արարողությունը։

 

Հոկտեմբերի 22-ին Երեւանյան միջազգային խորհրդաժողովը կշարունակի իր աշխատանքը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8

20 հոկտեմբերի 2016թ.

ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած՝ հոկտեմբերի 21-ին կայանալիք երեւանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցները, մշակութային ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 20-ին այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Զվարթնոց» պատմամշակութային թանգարան, Մատենադարան, «Մեգերյան կարպետ» ցուցասրահ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

19 հոկտեմբերի 2016թ.

ՖԻԼԻՊ ԲՈՒԱՅԻԱՆ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայիային, ով Հայաստանում է ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով՝ մասնակցելու երեւանյան միջազգային խորհրդաժողովին:

Զրուցակիցները քննարկեցին կոնֆերանսի կազմակերպման, «Սահմանադրական Մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրման, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումներից հետո իրականացվող օրենսդրական բարեփոխումների եւ ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության հետ կապված մի շարք հարցեր:

Պարոն Բուայիան վերահաստատեց Հայաստանի Հանրապետությունում իրավական ոլորտում ընթացող բարփոխումներին ակտիվորեն աջակցելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը:

Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

18 հոկտեմբերի 2016թ.

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների պրոֆեսորներ Ռոբերտ Էլիսոնը եւ Ջեկ Ռակովը հյուրընկալվեցին ՀՀ սահմանադրական դատարանում: Հանդիպման եւ քննարկումների առանցքը ԱՄՆ անկախության Հռչակագրի 240-ամյակի շրջանակներում ամերիկյան սահմանադրականության հիմնահարցերն էին:

Պարոն Հարությունյանը ողջունեց հյուրերին, փոխադարձաբար ներկայացրեց հանդիպման մասնակիցներին, գոհունակություն հայտնեց հրավերը ընդունելու համար: Նա կարեւորեց այս հանդիպումը, որ հաճելի առիթ է արժեւորելու 1776 թվականին ընդունված Միացյալ Նահանգների անկախության Հռչակագիրը:

Հյուրերը, հարց ու պատասխանի, ակտիվ քննարկման շրջանակներում ներկայացրեցին իրենց մոտեցումները Հռչակագրին, նրա դերին ու դերակատարությանը, սահմանադրական զարգացումներին, ամերիկյան ժողովրդավարությանը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

15 սեպտեմբերի 2016թ.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Այցը ճանաչողական էր, եւ Գ. Հարությունյանը` հյուրին շնորհավորելով նոր պաշտոնում ընտրվելու առիթով, ծանոթացրեց ՍԴ գործունեությանը, միջազգային կապերին, որոնցում նկատելի տեղ ունեն հայ-վրացական, ի մասնավորի` Վրաստանի սահմանադրական դատարանի հետ պահպանվող բարձր մակարդակի հարաբերությունները. վրացի գործընկերների հետ կազմակերպվել են համատեղ խորհրդաժողովներ, կատարվել են փոխադարձ այցելություններ:

Պարոն Հարությունյանը դեսպանին հրավիրեց մասնակցելու հոկտեմբերին Երեւանում կայանալիք միջազգային ավանդական խորհրդաժողովին: Հրավերը սիրով ընդունվեց:

Երկուստեք բարձր գնահատեցին դրացի ժողովուրդների բարեկամությունը` պատրաստակամություն հայտնելով ակտիվ փոխգործակցությամբ նպաստել հարաբերությունների էլ ավելի բարելավմանը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

6 սեպտեմբերի 2016թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վրաստանի սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար սեպտեմբերի 8-ին Վրաստան է մեկնելու ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը, կազմով` ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի, ՍԴ անդամ Ա. Գյուլումյանի, ՍԴ նախագահի խորհրդական Ա. Վարդեւանյանի:

Խորհրդաժողովում ՀՀ ՍԴ նախագահը հանդես կգա «Սահմանադրության գերակայության երաշխավորման անցումագիտական առանձնահատկությունները» թեմայով զեկույցով:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

22 հունիսի 2016թ.

ՀՅՈՒՐԵՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 22-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորությամբ:

Հյուրերը հետաքրքվեցին Հայաստանում տարվող սահմանադրական զարգացումներով, Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների հետագա զարգացման ու համազգային խորհրդի ձեւավորման հարցերով:

Այս հարցերի վերաբերյալ պարոն Հարությունյանը տվեց որոշ պարզաբանումներ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

15 հունիսի 2016թ.

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ

Հունիսի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ողջունելով հյուրին, պարոն Հարությունյանը նրան շնորհավորեց նշանակման կապակցությամբ, մաղթեց արդյունավետ, բեղմնավոր գործունեություն: Նա նաեւ դեսպանի միջոցով շնորհավորանքներ հաղորդեց Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովին՝ հունիսի 14-ին վերանշանակման առիթով:

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ սահմանադրական դատարանի եւ Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջեւ համագործակցության այսօրվա եւ հեռանկարի հետ կապված հարցեր: Զրույցի ընթացքում կողմերն իրենց տեսակետներն արտահայտեցին, որ ինչպես այդ, այնպես էլ ընդհանրապես դատաիրավական ոլոորտում հետագա համագործակցության մեծ հեռանկարներ կան եւ, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում, իրենց արդյունավետ համագործակցությունը հետագայում նույնպես պետք է զարգացնել:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

10 հունիսի 2016թ.

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն Գ. Հարությունյանը մասնակցեց Վենետիկի Հանձնաժողովի բյուրոյի նիստին, որին քննարկվեցին Հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստի աշխատանքների կազմակերպման հարցերը: Բյուրոյի նիստին հաջորդեց պրն Գ. Հարությունյանի աշխատանքային հանդիպումը Վենետիկի Հանձնաժողովի Նախագահ, պրն Ջ. Բուքիքիոյի և Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի գլխավոր քարտուղար պրն Շ. Դյուրի հետ, որի ընթացքում քննարկվեցին ս. թ. հոկտեմբերի 20-23-ը Երևանում հրավիրվելիք համաեվրոպական խորհրդաժողովի հայեցակարգին առնչվող հարցեր:

Նույն օրը Վենետիկի Հանձնաժողովի գիտական խորհրդի նիստում քննության առնվեց պրն Գ. Հարությունյանի ներկայացրած՝ Երևանում հրավիրվելիք համաեվրոպական խորհրդաժողովի հայեցակարգը, որի շրջանակներում առաջարկվում է քննարկել հետևյալ երեք հիմնահարցերը.

- Սահմանադրական դատարանի դերը օրենքի բացի և իրավական անորոշության հաղթահարման գործում.

- Համակարգային սահմանադրական մշտադիտարկման տեղը և դերը սահմանադրական վերահսկողության համակարգի կատարելագործման և սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման գործում.

- Վենետիկի Հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստում ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկի» դերը և նշանակությունը մշտական սահմանադրական ախտորոշման և մշտադիտարկման իրականացման գործում:

Նշված հարցի վերաբերյալ կարծիքներ ներկայացրեցին Վենետիկի Հանձնաժողովի Նախագահ պրն Ջ. Բուքիքիոն, Գիտական խորհրդի նախագահ պրն Յ. Հելգեսենը, Վենետիկի հանձնաժողովի նախագահի տեղակալներ պրն Կ. Տուորին, պրն Ք. Գրաբերնվարտերը: Գիտական խորհուրդը մեծապես կարևորեց ու հավանության արժանացրեց Երևանում համաեվրոպական խորհրդաժողով անցկացնելու ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գ. Հարությունյանի նախաձեռնությունը` քննարկման առարկա հիմնահարցերը բացառիկ կարևոր համարելով եվրոպական իրավական համակարգի հետագա զարգացումների համար:

Հունիսի 10-ին պրն Գ. Հարությունյանը մասնակցեց Վենետիկի Հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին:

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը պրն Կաառլո Տուորիին միաձայն ընտրեց Վենետիկի Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:

Հանձնաժողովի լիագումար նիստում ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանը տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունման ընթացքի և Վենետիկի հանձնաժողովի փորձագետների նկատառումների իրացման վերաբերյալ:

Հանձնաժողովի լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն նաև հունիսի 11-ին:

ՀՀ ՍԴ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

23 ապրիլի 2016թ.

ՀԱՄԱՏԵՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 20-22-ին տեղի ունեցան Ավստրիայի եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանների համատեղ քննարկումները սահմանադրական արդարադատության երեք հրատապ թեմաների շուրջ:

Հայաստանի Հանրապետության եւ Ավստրիայի սահմանադրական դատարանների նախագահները հանդես եկան «Սահմանադրական դատարանի դերը հիմնարար իրավունքների անմիջական գործողության ապահովման գործում» թեմայով զեկույցներով:

ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը եւ Ավստրիայի սահմանադրական դատարանի դատավոր Ինգրիդ Սիես-Սխերզանդը զեկույցներ ներկայացրեցին «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կոնվենցիոն իրավունքների կապակցությամբ սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկան» թեմայով:

«Սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակն իրավական պրակտիկայում» թեմայով զեկուցումներով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Արեւիկ Պետրոսյանը եւ Ավստրիայի սահմանադրական դատարանի դատավոր, պրոֆեսոր Լայնբախերը:

Զեկույցների շուրջ ծավալված երկօրյա քննարկումներին Ավստրիայի սահմանադրական դատարանը մասնակցում էր ամբողջ կազմով:

Նման համատեղ մասնագիտական քննարկումների կազմակերպումը սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակման ու միջազգային համագործակցության առավել արդյունավետ ձեւ է:

Ավստրիան աշխարհում առաջին սահմանադրական դատարան ստեղծած երկիրն է /1920թ./, ունի այս ոլորտում հսկայական փորձ ու միջազգային առաջատար դերակատարություն: Հայաստանի Հանրապետության եւ Ավստրիայի սահմանադրական դատարանների ակտիվ համագործակցությունը դարձել է ավանդական ու նաեւ կարեւոր նշանակություն է ստացել սահմանադրական արդարադատության նոր մարտահրավերներին դիմակայելու համատեղ մոտեցումների մշակման առումով:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

6 ապրիլի 2016թ.

ՀՅՈՒՐԵՐ ԴԱՆԻԱՅԻՑ

Ապրիլի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Դանիայի Թագավորության Իմիգրացիոն ծառայության վարչության պետի տեղակալ տիկին Էլգե Օլգարդիի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ խորհրդական տիկին Հենրիեթ Վիթչենին եւ երկրի ավագ խորհրդական պարոն Կենեթ Մոլլին:

Հյուրերին հետաքրքրում էին մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, ՀՀ սահմանադրական դատարանում քաղաքացիների դիմումների քննությունների առանձնահատկություններ, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր երկրում սահմանադրական նոր բարեփոխումների ընձեռած հնարավորություններ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

6 ապրիլի 2016թ.

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՅՑ

Ապրիլի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց «Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ» գրասենյակի ղեկավար, Ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանին՝ ընկերակցությամբ ԱՄՆ բանակի զորացրված գեներալ, փաստաբան Մարկ Մաքքառելիի:

Զրույցի թեման այս օրերին Արցախում կատարվող իրադարձություններն էին:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

14 մարտի 2016թ.

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՍԴ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ

Ս.թ. մարտի 10-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն Գ. Հարությունյանը մասնակցեց Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի նիստին, որում քննարկվեցին Հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստի օրակարգին ու աշխատանքների կազմակերպմանն առնչվող հիմնահարցեր:

Վենետիկի հանձնաժողովի ս. թ. մարտի 11-12-ի 106-րդ լիագումար նիստի շրջանակներում քսանից ավելի օրակարգային հարցերից առանցքային քննարկման առարկա էին Լեհաստանի Սահմանադրական տրիբունալին առնչվող ու Ռուսաստանի Դաշնության «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցերը: Առանձնահատուկ նշանակություն տրվեց իրավունքի գերակայության հիմնական չափորոշիչների ցանկի վերաբերյալ զեկույցի հաստատման հարցին:

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստն անդրադարձավ նաեւ Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ համապատասխան եզրակացության նախապատրաստման խնդրին: Հանձնաժողովի անդամ պրն Եվգենի Տանչեւը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը հայցել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի սկզբին, սույն հարցով զեկուցողների անունից հայցեց Հանձնաժողովի թույլատվությունը` նախնական եզրակացությունը ներկայացնել մինչեւ հունիսյան լիագումար նիստը, ինչն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստի օրակարգային հարցերի շրջանակներում ընդգրկված էր նաեւ «Սահմանադրական մշտադիտարկման վերաբերյալ» հարցը: Այդ հարցով հաղորդմամբ հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գ. Հարությունյանը: Անդրադառնալով սահմանադրական մշտադիտարկման համակարգի կարեւորությանը, ներկայացնելով վերջերս լույս տեսած «Սահմանադրական մշտադիտարկում» մենագրության մեջ ամփոփված իր հետազոտության արդյունքները, անդրադառնալով սահմանադրական մշտադիտարկման չափորոշիչներին, մասնավորապես` ներկայացնելով կոռուպցիայի աճի հարցում ամբողջ աշխարհում տիրող ներկա մտահոգիչ իրավիճակը, կարեւորելով իրավունքի գերակայության ապահովման հարցում սահմանադրական մշտադիտարկման առանցքային նշանակությունը` պրն Գ. Հարությունյանը հանդես եկավ սահմանադրական մշտադիտարկմանը նվիրված համաեվրոպական խորհրդաժողով հրավիրելու նախաձեռնությամբ:

Պրն Գ. Հարությունյանը նշեց նաեւ, որ նման միջոցառում կազմակերպելու առնչությամբ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պրն Թ. Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պրն Գ. Ռայմոնդիի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոյի հետ, ովքեր կարեւորում են նման խորհրդաժողովի հրավիրումը:

Վենետիկի հանձնաժողովի անդամ պրն Ք. Գրաբենվարտերն իր ելույթում անդրադառնալով պրն Գ. Հարությունյանի առաջարկությանը, ընդգծելով նման նախաձեռնության կարեւորությունը` արտահայտվեց հօգուտ սահմանադրական մշտադիտարկմանը նվիրված համաեվրոպական խորհրդաժողովի անցկացմանը եւ կարեւորեց Վենետիկի հանձնաժողովի շրջանակներում տվյալ հարցին առավել հետեւողական մոտեցման ցուցաբերումը:

Վենետիկի հանձնաժողովը, կարեւորելով հիմնախնդիրը, առաջարկեց պրն Գ. Հարությունյանին` հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված «Իրավունքի գերակայության չափորոշչային ցանկը», նախապատրաստել տվյալ միջոցառման կազմակերպման հայեցակարգային մոտեցումները, առաջարկել դրա անցկացման ձեւաչափը, վայրը եւ ժամկետները եւ դրանք ներկայացնել հանձնաժողովի հունիսյան լիագումար նիստին:

Ս. թ. մարտի 12-ին Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին հաջորդեց Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի բյուրոյի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին Համաշխարհային խորհրդաժողովի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` ֆինանսական հաշվետվության քննարկման, Կազմակերպության աշխատանքային մեթոդների հստակեցման, մասնակիցների միջեւ ավելի սերտ համագործակցության հաստատման, ինչպես նաեւ Կոնգրեսների միջեւ ընկած ժամանակահատվածում տարածաշրջանային եւ լեզվական խմբերի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու հնարավոր եղանակներին ու միջոցներին առնչվող հարցերը:

Բյուրոյի նիստում քննարկվեց Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի` 2017 թվականի սեպտեմբերին Վիլնյուսում կայանալիք Կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Համաշխարհային խորհրդաժողովին անդամակցող սահմանադրական արդարադատության տարածաշրջանային եւ լեզվական խմբերը ներկայացրեցին տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

1 փետրվարի 2016թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ

Ս. թ. հունվարի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն. Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016թ. դատական տարվա հանդիսավոր բացման արարողությանը եւ ունեցել է մի շարք պաշտոնական հանդիպումներ:

Հունվարի 26-ին Գ. Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պրն. Գուիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, ՄԻԵԴ-ի Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր Ա. Հարությունյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ա. Գյուլումյանը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջև հետագա համագործակցությունն ակտիվացնելուն և խորացնելուն առնչվող մի շարք հարցեր:

Շնորհավորելով պրն Ռայմոնդիին ՄԻԵԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով նրան ստանձնած պարտավորությունները բարեհաջող իրականացնելու գործում՝ պրն Գ. Հարությունյանը, նրան հրավիրեց պաշտոնական այցով այցելել Հայաստան, ինչպես նաեւ մասնակցել ս.թ. հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվելիք սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված միջազգային ամենամյա խորհրդաժողովին:

Հունվարի 28-ին տեղի ունեցավ պրն Գ. Հարությունյանի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոյի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Ա. Պապիկյանը, Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թ. Մարկերտը և գլխավոր քարտուղարի տեղակալ տկն Ս. Գրանատա-Մենգինին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց իրավունքի գերակայության երաշխավորման հարցում սահմանադրական մշտադիտարկման դերին եւ այդ ուղղությամբ իրականացվելիք հնարավոր քայլերին: Մասնավորապես, պրն Գ. Հարությունյանը հանդես եկավ սահմանադրական մշտադիտարկման հիմնահարցերին նվիրված համաեվրոպական գիտաժողով կազմակերպելու առաջարկությամբ:

Հունվարի 29-ի առավոտյան տեղի ունեցավ Գ. Հարությունյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Պապիկյանը, ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, ԵԽ այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրավունքի գերակայության ամրապնդման հարցում Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների հետ հետագա համագործակցության հնարավոր ուղիները և եղանակները:

Դատական տարվա պաշտոնական բացման միջոցառուների շրջանակներում պրն. Գ. Հարությունյանն առանձնազրույցներ ունեցավ ՄԻԵԴ փոխնախագահ պրն. Ա. Շայոյի, ՄԻԵԴ բաժանմունքի նախագահ տկն Ա. Նյուսբերգերի, ՄԻԵԴ դատավորներ պրն Է. Կուրիսի, պրն Պ. Պինտո դե Ալբուքերքեի հետ:

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ՄԻԵԴ-ի դատական տարվա բացմանը նվիրված սեմինարին, որը կազմակերպվել էր “Միջազգային և ազգային դատարանների պայքարը մարդու իրավունքների լայնածավալ խախտումների դեմ. Ցեղասպանություն, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ, ռազմական հանցագործություններ” թեմայով:

ՀՀ ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]