Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգ

arrowԸնդունվել Է ՀՀ ՍԴ 1 փետրվարի 2008թ. աշխատակարգային նիստում՝ ՍԴԱՈ-11 որոշմամբ
arrowԸնդունվել Է ՀՀ ՍԴ 10 փետրվարի 2012թ. աշխատակարգային նիստում՝ ՍԴԱՈ-5 որոշմամբ

 

 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Ընդունվել Է ՀՀ ՍԴ 1 փետրվարի 2008թ. աշխատակարգային նիստում՝
ՍԴԱՈ-11 որոշմամբ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի ընդունումը, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը

1. ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) ընդունվում, դրանում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված աշխատակարգային որոշմամբ։
2. Կանոնակարգում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությամբ կարող է հանդես գալ սահմանադրական դատարանի յուրաքանչյուր անդամ, որը քննարկվում է սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում՝ առաջարկությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։
3. Կանոնակարգում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները (համապատասխան հիմնավորումներով) սահմանադրական դատարանի անդամներին է բաժանվում սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստից առնվազն յոթ օր առաջ։

Հոդված 2. Սահմանադրական դատարանի անդամի կողմից գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքի կատարման կանոնակարգումը

Սահմանադրական դատարանի անդամի կողմից այլ հաստատություններում վճարովի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքի կատարումն իրականացվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ համատեղությամբ իրականացվող աշխատանքային հարաբերությունների կանոնակարգմանը համապատասխան։ Նման աշխատանքը չպետք է խոչընդոտի uահմանադրական դատարանի անդամի լիազորությունների իրականացմանը եւ չի կարող հարգելի պատճառ համարվել uահմանադրական դատարանի նիuտերից բացակայելու համար։
Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքն ապահովելու համար դատարանի անդամը սահմանադրական դատարանի նախագահին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող աշխատանքի մասին։

Հոդված 3. Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարման արձանագրումը

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարանի նախագահը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի (հիմքերի) առկայությունն իրեն հայտնի դառնալուց հետո մեկօրյա ժամկետում հրավիրում է սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ եւ ներկայացնում սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարման՝  «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը (հիմքերը), որի (որոնց) առկայության փաստն արձանագրվում է սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված աշխատակարգային որոշմամբ։ Քվեարկությանը չի մասնակցում սահմանադրական դատարանի այն անդամը, որի լիազորությունների դադարման հիմքի (հիմքերի) առկայության փաստն արձանագրվելու է։ 
Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստից հետո սահմանադրական դատարանի նախագահը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 7-րդ մասով նախատեսված կարգով դիմում է համապատասխան իրավասու մարմնին՝ սահմանադրական դատարանի նոր անդամ նշանակելու համար, դիմումին կցելով սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման պատճենը եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 1-ին մասի 5, 6 եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան դատական ակտը։

Հոդված 4. Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման հիմքերի մասին իրազեկումը

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարանի նախագահը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքի (հիմքերի) առկայությունն իրեն հայտնի դառնալուց հետո հրավիրում է սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ եւ ներկայացնում սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման՝  «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը (հիմքերը), որի (որոնց) հնարավոր առկայության փաստն արձանագրվում է սահմանադրական դատարանի կողմից եւ ընդունվում ի գիտություն, որի մասին սահմանադրական դատարանի նախա­գահը երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմնին։

ԳԼՈՒԽ 2

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 5. Ժամկետները հաշվելը

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, սույն Կանոնակարգով կամ սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը հաշվվում է օրացուցային ամսով, ամսաթվով կամ ամիսներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով։
2. Ժամկետը կարող է որոշվել նաեւ այն իրադարձության մատնանշմամբ, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա։
3. Այն դեպքում, երբ ժամկետներ սահմանված չեն, դրանք կարող են սահմանվել սահմանադրական դատարանի որոշմամբ։

Հոդված 6. Ժամկետների սկիզբը եւ ավարտը

1. Ժամանակահատվածով որոշվող ժամկետներն սկսվում են այն օրացուցային ամսվա, ամսաթվի, ժամի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից կամ ժամից, որով որոշված է ժամկետի սկիզբը։
2. Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին։
3. Օրերով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին օրվա ժամը  24.00 -ին։
Եթե սահմանադրական դատարանին ուղղված դիմումը, դրան կից փաստաթղթերը փոստային բաժանմունք են հանձնվել ժամկետի վերջին օրվա ժամը  24.00 -ից ոչ ուշ, ապա ժամկետը համարվում է պահպանված։
4. Ժամերով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ժամի վերջին վայրկյանին։
5. Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը։

ԳԼՈՒԽ  3

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ  ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ  ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ  ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԿԱՆՈՆՆԵՐ

Հոդված 7. Սահմանադրական դատարան մուտք եղած թղթակցության գրանցումը եւ  բաշխումը

1. Սահմանադրական դատարան մուտք եղած թղթակցությունն անհապաղ գրանցվում է սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնում, որը համապատասխան գրությունները հանձնում է դրանց հասցեատերերին։
2. Սահմանադրական դատարանին ուղղված խնդրանք պարունակող կամ Սահմանադրության 101 հոդվածի 1-5-րդ եւ 7-9-րդ կետերում նշված մարմիններից եւ անձանցից ստացված գրություններն ընդհանուր բաժինն անհապաղ գրանցում եւ հանձնում է սահմանադրական դատարանի աշխատակազմի  դիմումների ընդունման բաժին։
3. Սահմանադրական դատարանում դիմումն ստացված է համարվում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով եւ սույն Կանոնակարգով սահմանված կարգով սահմանադրական դատարանում այն գրանցելու պահից։
4. Դիմումների ընդունման բաժնում ստացված գրություններն ստացման օրն իսկ հաշվառվում եւ դասակարգվում են դիմումների մատյանում, որի վարման կարգը սահմանում է սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։
5. Եթե դիմումների ընդունման բաժնում ստացված գրությունները չեն հանդիսանում դիմում, ապա դրանք համապատասխան նշումով անհապաղ վերադարձվում են ընդհանուր բաժին։

Հոդված 8. Գրանցված գրության ներկայացումը սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին եւ սահմանադրական դատարանի նախագահին

1. Ընդհանուր բաժնում գրանցված գրությունները մեկօրյա ժամկետում ներկայացվում են սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին, որն այդ մասին տեղեկացնում է սահմանադրական դատարանի նախագահին։
2. Դիմում չհանդիսացող գրությունների պատասխանը նախապատրաստվում եւ հասցեատերերին է ուղարկվում ընդհանուր բաժնի միջոցով՝ աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ՝ գրության գրանցումից ոչ ուշ, քան 10 օր հետո։
3. «Գաղտնի» եւ «Հույժ գաղտնի» մակագրով գրություններն ընդհանուր բաժնի վարիչի կողմից անհապաղ հանձնվում են աշխատակազմի ղեկավարին, որը դրանք գրանցում է համապատասխան մատյանում եւ այդ մասին տեղեկացնում սահմանադրական դատարանի նախագահին։ Նշված մակագրով գրությունները սահմանված կարգով պահվում են աշխատակազմի ղեկավարի մոտ։

Հոդված 9. Գրանցված դիմումի նախնական քննարկումը

1. Դիմումների ընդունման բաժինը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց 12 ժամ առաջ աշխատակազմի ղեկավարին տեղեկանք է ներկայացնում՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 եւ 28 հոդվածների, ինչպես նաեւ 29 հոդվածի 3-րդ մասի պահանջներին  դիմումի համապատասխանության վերաբերյալ։
2. Դիմումների ընդունման բաժնի տեղեկանքն ստանալուց ոչ ուշ, քան 12 ժամ հետո աշխատակազմի ղեկավարը լուծում է դիմումի ընդունման կամ վերադարձման, կամ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 եւ 28 հոդվածների պահանջներին դրա համապատասխանեցման անհրաժեշտության մասին դիմողին տեղեկացնելու հարցը։
3. Աշխատակազմի ղեկավարի որոշման հիման վրա դիմումների ընդունման բաժինը   «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված ժամկետներում դիմողին տեղեկացնում է համապատասխանաբար՝ դիմումի ընդունման կամ վերադարձման, կամ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 եւ 28 հոդվածների պահանջներին դրա համապատասխանեցման անհրաժեշտության մասին։
4. Դիմումի ընդունման կամ վերադարձման, կամ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 եւ 28 հոդվածների պահանջներին դրա համապատասխանեցման անհրաժեշտության մասին դիմողը տեղեկացվում է հետեւյալ կերպ՝ հեռախոսագրով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով, սուրհանդակային ծառայության միջոցով կամ պատվիրված նամակով։
5. Դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 եւ 28 հոդվածների պահանջներին համապատասխանեցումն ապահովում է դիմողը՝ դիմումի անհամապատասխանության մասին տեղեկացվելուց հետո երկօրյա ժամկետում։
Նշված ժամկետում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 եւ 28 հոդվածների պահանջներին դիմումի համապատասխանությունը չապահովելու դեպքում այն վերադարձվում է դիմողին։
Օրենքի պահանջներին դիմումի համապատասխանությունը դիմողը կարող է ապահովել դիմումի խմբագրված տեքստը ներկայացնելու կամ, եթե տեխնիկապես հնարավոր է՝ դիմումի թերությունները դիմումների ընդունման բաժնում շտկելու միջոցով։
Դիմողը համարվում է դիմումի անհամապատասխանության մասին տեղեկացված հեռախոսագրի հաղորդման ավարտի կամ ֆաքսի ուղարկման հավաստման, կամ էլեկտրոնային նամակն ստանալու մասին հաղորդագրության կամ տեղեկացման գրության՝ ստորագրությամբ իրեն առձեռն հանձնելու պահից։
6. Դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 եւ 28 հոդվածների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին տեղեկա­ցումը պետք է ներառի այն թերությունների մատնանշումը, որոնց շտկումը պետք է ապահովվի դիմողի կողմից։
7. Եթե դիմումում առկա են այնպիսի թվաբանական, տեխնիկական եւ այլ սոսկ ձեւական սխալներ եւ վրիպակներ, որոնք կարող են շտկվել դիմումների ընդունման բաժնում՝ դիմողի կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանք չեն կարող դիմումը վերադարձնելու հիմք հանդիսանալ։
8. Սահմանադրական դատարանի մասին օրենքի 29 հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ դիմումի վերադարձնելը դիմողի կողմից կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել սահմանադրական դատարանի նախագահին, որն այդ հարցով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է վերջնական որոշում, իսկ անհատական դիմումի վերադարձնելը բողոքարկելու դեպքում սահմանադրական դատարանի նախագահն այդ հարցով որոշումը կայացնում է՝ խորհրդակցելով համապատասխան դատական կազմի հետ։
Վերադարձված դիմումի կապակցությամբ սահմանադրական դատարանի նախագահին ներկայացված բողոքը գրանցվում է ընդհանուր բաժնում եւ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով անհապաղ ներկայացվում սահմանադրական դատարանի նախագահին։
Ներկայացված բողոքի կապակցությամբ սահմանադրական դատարանի նախագահի վերջնական որոշման մասին ՍԴ անդամները եւ դիմողը տեղեկացվում են որոշումը կայացվելուց հետո մեկօրյա ժամկետում։

Հոդված 10. Դիմումի նախնական ուսումնասիրումը

1. Դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնում է (են) սահմանադրական դատարանի անդամներից մեկը (մեկից ավելի անդամներ)՝ սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ։  
2. Դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից հետո հետեւյալ ժամկետներում.
ա) Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետում նշված հարցերով (բացառությամբ Հանրապետության Նախագահի դիմումի հիման վրա կառավարության որոշումների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ հարցերի) ներկայացված դիմումներինը՝ 30-օրյա ժամկետում, 
բ) Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետում նշված հարցերով ներկայացված դիմումներինը՝ 15-օրյա ժամկետում,
գ) Սահմանադրության 100 հոդվածի 3, 5 եւ 9-րդ կետերում նշված հարցերով ներկայացված դիմումներինը՝ 15-օրյա ժամկետում,
դ) Սահմանադրության 100 հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերում նշված հարցերով ներկայացված դիմումներինը՝ 10-օրյա ժամկետում։
Սահմանադրության 100 հոդվածի 3.1 (բացառությամբ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի վերաբերյալ հարցերի), 4-րդ եւ 6-րդ կետերում նշված հարցերով ներկայացված դիմումների նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո։
Սույն մասի «ա» եւ «բ» կետերում նշված ժամկետը սահմանադրական դատարանի կողմից կարող է երկարաձգվել մինչեւ 10 օրով, «գ» կետում նշված ժամկետը՝ մինչեւ 5 օրով, իսկ «դ» կետում նշված ժամկետը՝ մինչեւ 3 օրով։
Կառավարության որոշումների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ հարցերով Հանրապետության Նախագահի դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 8 օր հետո։ 
Մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի վերաբերյալ հարցերով ներկայացված դիմումների նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 8 օր հետո։ Նշված ժամկետը սահմանադրական դատարանի կողմից կարող է երկարաձգվել մինչեւ 3 օրով։
3. Սահմանադրական դատարանի՝ դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող անդամը (անդամները) դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով կազմում է (կազմում են) զեկուցագիր (զեկուցագրեր)։
4. Զեկուցագիրը եւ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության եզրակացությունը պետք է պարունակեն հիմնավորումներ ներկայացված դիմումով գործը քննության ընդունելու կամ գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածով նախատեսված հիմքերի վերաբերյալ։

Հոդված 11. Գործը քննության ընդունելը

1. Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի՝ դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող անդամի (անդամների) զեկուցագիրը (զեկուցագրերը) ստանալուց հետո գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար հրավիրում է աշխատակարգային նիստ հետեւյալ ժամկետներում՝
ա) Սահմանադրության 100 հոդվածի 3.1, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ գրավոր հաղորդումն ստանալու օրը,
բ) Հանրապետության Նախագահի դիմումի հիման վրա կառավարության որոշումների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ Սահմանադրության 100 հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ գրավոր հաղորդումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում,
գ) մնացած բոլոր դեպքերում՝ գրավոր հաղորդումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։
2. Գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ սահմանադրական դատարանը լուծում է նաեւ գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող (զեկուցողներ) նշանակելու, գործի դատաքննության ընթացակարգի, դատավարությանը որպես պատասխանող, պատշաճ պատասխանող, հարակից պատասխանող ներգրավելու հետ կապված հարցերը։
3. Դատական նիստի օրվա եւ ժամի մասին ծանուցումը՝ կազմված սահմանադրական դատարանի աշխատակազմի արձանագրային վարչության եւ ստորագրված սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից, դատավարության մասնակիցներին, իսկ, անհրաժեշտության դեպքում՝ սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ, հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ, իսկ Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված գործերով՝ նիստից առնվազն մեկ օր առաջ։
Դատական նիստի օրվա եւ ժամի մասին սահմանադրական դատարանի անդամներին տեղեկացնում է արձանագրային վարչությունը՝ նիստից առնվազն երեք օր առաջ (գրավոր), իսկ Սահմանադրության 100 հոդվածի 3.1, 4-րդ եւ  6-րդ կետերով նախատեսված գործերով՝ նիստը նշանակելու օրը։
4. Դիմումների եւ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ձեռք բերված փաստաթղթերի պատճենները, սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ, արձանագրային վարչության կողմից սահմանադրական դատարանի անդամներին, կողմերին, իրավախորհրդատվական ծառայությանը, իսկ, անհրաժեշտության դեպքում՝ սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ, հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ, իսկ Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված գործերով՝ նիստից առնվազն մեկ օր առաջ։

Հոդված 12. Գործի քննությունը մերժելը

Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժվում է, եթե.
ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն սահմանադրական դատարանին,
բ) դիմողն իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան,
գ) «Սահմանադրական դատարանի  մասին» ՀՀ օրենքի 68, 70-75 եւ 77 հոդվածներում նշված գործերով ներկայացված որեւէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը,
դ) «Սահմանադրական դատարանի  մասին» ՀՀ օրենքի 76, 78-80 հոդվածներում նշված գործերով ներկայացված որեւէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը եւ այդ հարցով ներկայացված նոր դիմումում չեն արծարծվում այնպիսի նոր փաստական հանգամանքներ, որոնք դիմողից անկախ պատճառներով իրեն հայտնի չեն եղել մինչեւ սահմանադրական դատարանի որոշումն ընդունելը եւ ի հայտ չեն եկել գործի քննության ընթացքում,
ե) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն։

Հոդված 13. Գործը քննության ընդունելու, գործի քննությունը մերժելու մասին ծանուցելը

Գործը քննության ընդունելու, ինչպես նաեւ գործի քննությունը մերժելու մասին  սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման վերաբերյալ դատավարության կողմերը՝ սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ, արձանագրային վարչության կողմից սույն Կանոնակարգի 9 հոդվածի 4-րդ մասով նախատեսված որեւէ եղանակով տեղեկացվում են եռօրյա ժամկետում, իսկ Հանրապետության Նախագահի եւ համամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված գործերով՝ անհապաղ։

Հոդված 14. Գործը դատաքննության նախապատրաստելը

1. Գործը դատաքննության նախապատրաստելիս՝ գործով զեկուցողը (զեկուցողները) կազմում է (կազմում են)  դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ գրավոր հաղորդում  եւ տվյալ գործով սահմանադրական դատարանի որոշման նախագիծ, իսկ իրավախորհրդատվական ծառայությունը՝ եզրակացություն։ Տվյալ գործով դատաքննությունն սկսվելուց առնվազն 10 օր առաջ, իսկ Սահմանադրության 100 հոդվածի 3.1, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված գործերով՝ առնվազն մեկ օր առաջ եզրակացությունը պետք է ներկայացվի սահմանադրական դատարանի նախագահին եւ անդամներին։
2. Տվյալ գործով ձեռք բերված լրացուցիչ նյութերը սահմանադրական դատարանի անդամներին տրամադրվում են դրանք ձեռք բերելուց հետո մեկօրյա ժամկետում։
3. Գործը քննության նախապատրաստելու ընթացքում, գործով զեկուցողի (զեկուցողների) վերահսկողության ներքո, արձանագրային վարչության կողմից կազմվում է գործը, որը պետք է ներառի.
ա) ներկայացված դիմումը, դրան կցված եւ սահմանադրական դատարան ներկայացված նյութերը,
բ) զեկուցողի /զեկուցողների/ պահանջով ստացված լրացուցիչ նյութերը եւ պահանջի պատճենը,
գ) ներկայացված հարցումները եւ դրանց պատասխանները,
դ) փորձագիտական եզրակացությունները տալու մասին հարցումները եւ այդ եզրակացությունները,
ե) դիմումի նախնական քննարկման եւ գործի քննության նախապատրաստման ընթացքում ընդունված աշխատակարգային որոշումները եւ արձանագրությունները,
զ) գործին վերաբերող այլ թղթակցություններ։
Նյութերի եւ փաստաթղթերի նախնական ուսումնասիրման արդյունքում սահմանադրական դատարանում իրավախորհրդատվական ծառայության կողմից դատարանի անդամների համար կազմված եզրակացությունները, տեղեկանքները, գրությունները չեն համարվում գործի նյութեր։

ԳԼՈՒԽ  4

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Դատական կազմերի ձեւավորման համար վիճակահանության անցկացման կարգը

1. Վիճակահանության միջոցով դատական կազմերի ձեւավորման եւ դրանց անհատական կազմերի հաստատման հարցը լուծելու համար սահմանադրական դատարանի նախագահը հրավիրում է աշխատակարգային նիստ։ Վիճակահանությանը մասնակցում են սահմանադրական դատարանի բոլոր անդամները, բացառությամբ սահմանադրական դատարանի նախագահի։ Վիճակահանությունն անցկացվում է երկու փուլով։
2. Վիճակահանության առաջին փուլը կազմակերպելու նպատակով սահմանադրական դատարանի անդամների թվին համապատասխան, բացառությամբ սահմանադրական դատարանի նախագահի, պատրաստվում են միմյանցից չտարբերվող թերթիկներ, որոնցից երեքում նշում է կատարվում։ Թերթիկները քառապատիկ ծալվում են այնպես, որ չտարբերվեն միմյանցից, եւ գցվում են վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ։ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ։
3. Վիճակահանության առաջին փուլի արդյունքներով ձեւավորվում է առաջին դատական կազմը, որում ընդգրկվում են սահմանադրական դատարանի այն երեք անդամները, որոնց վիճակահանության արդյունքում բաժին է ընկել նշում պարունակող թերթիկ։ 
4. Վիճակահանության երկրորդ փուլն անցկացվում է վիճակահանության առաջին փուլի համար նախատեսված կարգով՝ երկրորդ դատական կազմը ձեւավորելու նպատակով։ Վիճակահանության առաջին փուլի արդյունքներով առաջին դատական կազմում ընդգրկված անդամները չեն մասնակցում վիճակահանության երկրորդ փուլին։ Վիճակահանության երկրորդ փուլում օգտագործվում են նոր թերթիկներ՝ վիճակահանության տվյալ փուլին մասնակցող սահմանադրական դատարանի անդամների թվին համեմատ։
Վիճակահանության երկրորդ փուլի ավարտից հետո սահմանադրական դատարանի մնացած անդամները, բացառությամբ սահմանադրական դատարանի նախագահի, որոնք վիճակահանության առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքներով չեն ընդգրկվել առաջին եւ երկրորդ դատական կազմերում, համարվում են դատական կազմերում չընդգրկված անդամներ եւ սահմանադրական դատարանի նախագահի կողմից ընդգրկվում են դատական կազմերում՝ այդ կազմերում ընդգրկված սահմանադրական դատարանի անդամների բացակայության դեպքերում։

Հոդված 16. Դատական կազմերի նախագահները

1. Դատական կազմի նախագահը հանդիսանում է դատական կազմի տարիքով ավագ անդամը, որը գործում է վեց ամիս։ Նշված ժամկետի ավարտից հետո նույն կարգով հաջորդաբար տվյալ դատական կազմի նախագահ են հանդիսանում տվյալ դատական կազմի մյուս տարիքով ավագ անդամները՝ մինչեւ տվյալ դատական կազմի գոր­ծունեության ժամկետի ավարտը։
2. Դատական կազմի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է տվյալ դատական կազմի մյուս տարիքով ավագ անդամը։

Հոդված 17. Դատական կազմի գործունեության ապահովումը

Դատական կազմերը գործում են ձեւավորման օրվանից հետո տասնութ ամիս ժամկետով։ Նշված ժամկետի ավարտից ոչ շուտ, քան՝ տասնհինգ եւ ոչ ուշ, քան երեք օր առաջ դատական կազմերի ձեւավորման համար սահմանադրական դատարանի նախագահը կազմակերպում եւ անցկացնում է նոր վիճակահանություն։

Հոդված 18. Դատական կազմի նախագահի իրավասությունը

Դատական կազմի նախագահը.
ա) նախապատրաստում է դատական կազմի նիստերը,
բ) հրավիրում եւ նախագահում է դատական կազմի նիստերը,
գ) դատական կազմին է ներկայացնում դատական կազմի նիստում քննարկման ենթակա հարցերը,
դ) սահմանադրական դատարանի նախագահին անհապաղ տեղեկացնում է դատական կազմում  ընդգրկված սահմանադրական դատարանի անդամներից որեւէ մեկի՝ նիստում բացակայության մասին՝ նրան փոխարինողի հարցը լուծելու նպատակով։

Հոդված 19. Անհատական դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու հարցով դատական կազմի նիստը

Դատական կազմի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են դատական կազմի բոլոր երեք անդամները։ Դատական կազմի նիստում քվորումի բացակայության դեպքում դատական կազմի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տվյալ դատական կազմի տարիքով ավագ անդամն այդ մասին անհապաղ տեղեկացնում է սահմանադրական դատարանի նախագահին, որը կամ սահմանադրական դատարանի համապատասխան անդամին արձակուրդից հետ է կանչում (եթե բացակայությունը կապված է արձակուրդում գտնվելու հետ), կամ տեղեկացվելուց հետո երկօրյա ժամկետում դատական կազմերում չընդգրկված անդամներից նշանակում է փոխարինող։

Հոդված 20. Դատական կազմի անդամը

Դատական կազմի անդամն իրավունք ունի.
ա) ծանոթանալ դատական կազմի նախնական ուսումնասիրմանը հանձնարարված գործի նյութերին,
բ) դատական կազմի նիստում քննվող հարցերի առնչությամբ հարցեր տալ, պատասխաններ, պարզաբանումներ ստանալ, արտահայտել իր կարծիքը,
գ) դատական կազմի գործունեության կազմակերպման նպատակով սահմանադրական դատարանի նախագահին սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ հրավիրելու առաջարկություն ներկայացնել՝ կապված դիմողի կողմից նոր նյութեր ներկայացնելու, դիմումը դիմումատուի կողմից հետ վերցնելու, դիմումի ապահովման, պահանջված նյութերի ուղարկման ժամկետի հետաձգման, սահմանադրական դատարանի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանց կատարումից խուսափելու կամ կատարման ժամկետները խախտելու դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման հետ, ինչպես նաեւ  սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջել փաստաթղթեր, եզրակացություններ եւ այլ նյութեր, հանձնարարել կատարելու ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձաքննություններ, հետազոտություններ, իսկ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից՝ նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր,
դ) դատական կազմի խորհրդակցությունում արտահայտել իր կարծիքը՝ քննարկվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ շարադրել իր դիրքորոշումը գործը քննության ընդունելու կամ անհատական դիմումի քննությունը մերժելու հարցի առնչությամբ։
Դատական կազմի անդամի՝ դատական կազմի նիստերից անհարգելի բացակայությունը համազոր է դատական նիստերից անհարգելի բացակայության։

ԳԼՈՒԽ 5

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հոդված 21. Անհատական դիմումին ներկայացվող պահանջները

1. Անհատական դիմումը սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի (անձանց) կամ նրա (նրանց) ներկայացուցչի կողմից ստորագրված։
2. Անհատական դիմումում պետք է նշվեն.
ա) սահմանադրական դատարանի անվանումը,
բ) դիմողի (դիմողների) անունը, ազգանունը (անվանումը), հասցեն (իրավաբանական հասցեն), հեռախոսահամարը, եթե այդպիսին կա,
գ) դիմողի (դիմողների) ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասին անհրաժեշտ տվյալներ, եթե այդպիսիք կան,
դ) Սահմանադրության այն  հոդվածը, որը սահմանադրական դատարան դիմելու իրավունք է տալիս,
ե) օրենքի այն դրույթը, որի սահմանադրականությունը վիճարկվում է,
զ) Սահմանադրության այն դրույթը, որին, դիմողի (դիմողների) գնահատմամբ, հակասում է վիճարկվող օրենքի դրույթը,
է) վիճարկվող օրենքի դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումները,
ը) սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը,
թ) դիմողի (դիմողների) հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունների սպառման փաստի հիմնավորումը եւ սպառման օրը,
ժ) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը։
3. Անհատական դիմումով դիմողը կարող է միջնորդել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին։

Հոդված 22. Անհատական դիմումին կցվող փաստաթղթերը

1. Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումին կցվում են.
ա) փաստաբանին, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձին կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունեցող անձին տրված, օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը կամ որպես իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ վերջինիս լիազորությունները հաստատող փաստաթուղթը,
բ) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
գ) ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի (դիմողների) նկատմամբ կիրառվել է նրա (նրանց) կողմից վիճարկվող օրենքի դրույթը,
դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե դիմողը չի միջնորդել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին։
2. Դիմումն ընդունվելուց հետո դիմողը (դիմողները) նոր նյութեր կարող է (կարող են) ներկայացնել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ։
Օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերը սահմանադրական դատարանում ընդունում է տեղեկատվական եւ էլեկտրոնային փաստաթղթերի սպասարկման բաժինը, որը փաստաթղթի՝ իր կողմից վավերացված պատճենը կամ փաստաթուղթը՝ էլեկտրոնային կրիչի վրա, անհապաղ ներկայացնում է դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ հետագա ընթացք տալու համար։

Հոդված 23. Սահմանադրական դատարանում անհատական դիմումի ընդունումը

1. Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումը անհապաղ գրանցվում է ընդհանուր բաժնում եւ հանձնվում դիմումների ընդունման բաժին։
2. Սահմանադրական դատարանում անհատական դիմումն ստացված է համարվում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով եւ սույն Կանոնակարգով սահմանված կարգով այն սահմանադրական դատարանում գրանցելու պահից։
3. Դիմումների  ընդունման բաժնում ստացված անհատական դիմումներն ստացման իսկ օրը հաշվառվում եւ դասակարգվում են անհատական դիմումների մատյանում, որի վարման կարգը սահմանում է սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։
4. Դիմումների ընդունման բաժինն անհատական դիմումի գրանցման պահից եռօրյա ժամկետում պարզում է դիմումի համապատասխանությունը սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված պահանջներին։
5. Եթե դիմումում բարձրացված հարցն ակնհայտորեն ենթակա չէ սահմանադրական դատարանին կամ այն ներկայացված է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից չհանդիսացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի (անձանց) կողմից, ապա, դիմումների ընդունման բաժնի ներկայացմամբ՝ դիմողը (դիմողները) դիմումի գրանցման պահից հնգօրյա ժամկետում սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից գրավոր տեղեկացվում է (տեղեկացվում են) այդ մասին, եւ նրան (նրանց) է վերադարձվում դիմումը (կից փաստաթղթերով)՝ պահպանելով դիմումի պատճենը։
6. Եթե դիմումն ըստ ձեւի չի համապատասխանում սույն Կանոնակարգի  21-րդ եւ 22-րդ հոդվածների պահանջներին, ապա, դիմումների ընդունման բաժնի ներկայացմամբ՝ դիմողը (դիմողները) դիմումի գրանցման պահից եռօրյա ժամկետում սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից գրավոր տեղեկացվում է (տեղեկացվում են) այդ մասին, եւ նշվում են սույն Կանոնակարգի 21-րդ եւ 22-րդ հոդվածների այն պահանջները, որոնք պետք է ապահովվեն դիմողի (դիմողների) կողմից, ինչպես նաեւ այն ժամկետը, որի ընթացքում պետք է դիմողը (դիմողները) դիմումը համապատասխանեցնի (համապատասխանեցնեն) նշված պահանջներին։ Դիմումին հետագա ընթացք է տրվում երկօրյա ժամկետում՝ այն հիշյալ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելուց հետո։
Նշված ժամկետում դիմումի՝ սույն Կանոնակարգի 21-րդ եւ 22-րդ հոդվածների եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխանության չապահովման դեպքում այն նշված ժամկետը լրանալուց հետո հնգօրյա ժամկետում վերադարձվում է դիմողին (դիմողներին), որը (որոնք) կարող է (կարող են) կրկին սահմանադրական դատարան դիմել ընդհանուր հիմունքներով։
7. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում վերադարձված դիմումի կապակցությամբ սահմանադրական դատարանի նախագահին ներկայացված բողոքը  գրանցվում է ընդհանուր բաժնում եւ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով անհապաղ ներկայացվում սահմանադրական դատարանի նախագահին։ Նախագահը վերջնական որոշում է կայացնում՝ դատական կազմի հետ խորհրդակցելու հիման վրա։
8. Սույն հոդվածի 5-րդ կետով եւ 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դիմումի գրանցման պահից հնգօրյա ժամկետում կամ դիմումը սույն հոդվածի 6-րդ կետի պահանջներին համապատասխանեցնելուց հետո երկօրյա ժամկետում ներկայացվում է սահմանադրական դատարանի նախագահին։

Հոդված 24. Անհատական դիմումի նախնական ուսումնասիրումը սահմանադրական դատարանի կողմից

1. Սահմանադրական դատարանի նախագահն անհատական դիմումն իրեն ներկայացվելու պահից երկօրյա ժամկետում դիմումի նախնական ուսումնասիրումը հանձնարարում է դատական կազմերից որեւէ մեկին, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայությանը։ Վերջինս դիմումը քննության ընդունելու վերաբերյալ իր եզրակացությունը դատական կազմին է ներկայացնում 7-օրյա ժամկետում։
2. Դատական կազմերի միջեւ դիմումները բաշխվում են համամասնորեն՝ այն հաշվով, որպեսզի ապահովվի դատական կազմերի հավասար ծանրաբեռնվածությունը։
3. Անհատական դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի դիմումի գրանցման պահից 20-օրյա ժամկետում։

Հոդված 25. Անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմքերը

Դատական կազմը միաձայնությամբ գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու վերաբերյալ որոշում է ընդունում, եթե.
ա) դիմումում առաջադրված հարցերն ընդդատյա չեն սահմանադրական դատարանին,
բ) դիմողն իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան,
գ) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը,
դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն,
ե) դիմումն ակնհայտ անհիմն է,
զ) դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները,  
է) դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները չապահովելու դեպքում։

Հոդված 26. Անհատական դիմումով գործը քննության ընդունելը կամ անհատական դիմումի քննությունը մերժելը

1. Անհատական դիմումով գործը քննության ընդունելու կամ անհատական դիմումի քննությունը մերժելու վերաբերյալ որոշումը դատական կազմն ընդունում է սահմանադրական դատարանի անունից։
2. Դատական կազմը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.
ա) անհատական դիմումով գործն ամբողջությամբ քննության ընդունելու մասին,
բ) անհատական դիմումի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին։
3. Գործը քննության ընդունելու մասին որոշմամբ համապատասխան դատական կազմը լուծում է նաեւ դատավարությանը որպես պատասխանող, պատշաճ պատասխանող ներգրավելու, ինչպես նաեւ դիմողի միջնորդության հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նրան պետական տուրքի վճարումից ազատելու հետ կապված հարցերը։ Դատական կազմի կողմից ընդունված որոշումներն ստորագրում են դատական կազմի բոլոր անդամները։
4. Գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող նշանակելու, գործի քննության անցկացման ընթացակարգի վերաբերյալ հարցերը դատական կազմի առաջարկությամբ լուծվում են սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում, որը հրավիրվում է դատական կազմի կողմից որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում։
5. Անհատական դիմումով գործը քննության ընդունելու կամ անհատական դիմումի քննությունը մերժելու հարցով համապատասխան դատական կազմում միաձայնության բացակայության դեպքում դատական կազմի նախագահը քվեարկության արդյունքները ներկայացնում է սահմանադրական դատարանի նախագահին, որը քվեարկության արդյունքները ներկայացվելու օրվանից հետո հնգօրյա ժամկետում հրավիրում է սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ անհատական դիմումով գործը քննության ընդունելու հարցը վերստին լուծելու համար։

ԳԼՈՒԽ 6

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ  ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 27. Սահմանադրական դատարանի նիստի հրավիրման մասին հայտարարությունը

Սահմանադրական դատարանի դատական նիստի հրավիրման մասին հայտարարությունը փակցվում է սահմանադրական դատարանի շենքում՝ դրա համար նախատեսված տեղում, ինչպես նաեւ կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով։

Հոդված 28. Նիստի բացումը

Գործի դատաքննության համար նշանակված ժամին հայտարարվում է՝ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գալիս է։ Խնդրում եմ ոտքի կանգնել», որից հետո բոլորը կանգնում են։ Սահմանադրական դատարանի անդամները մտնում են դատական նիստերի դահլիճ, զբաղեցնում իրենց տեղերը, եւ նիստը նախագահողը ներկաներին առաջարկում է նստել։

Հոդված 29. Փորձագետի նախազգուշացումն ակնհայտ կեղծ եզրակացություն  տալու, եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին

1. Փորձագետը  մինչեւ եզրակացություն տալը դատական  նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին։
2. Նիստն արձանագրողի միջոցով փորձագետից վերցվում է ստորագրություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ես (անունը, ազգանունը, աշխատանքի վայրը, գիտական աստիճանը), պարտավորվում եմ մասնագիտական գիտելիքներիս համապատասխան, իմ համոզմունքով անաչառ եզրակացություն տալ։ Ինձ բացատրված է, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 53 հոդվածի 3-րդ կետի՝ սահմանադրական դատարանում ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, ինչպես նաեւ եզրակացություն տալուց հրաժարվելն առաջացնում է պատասխանատվություն»։
3. Փորձագետի եզրակացության համար նախատեսված հարցերը պետք է լինեն հստակ շարադրված։ Հարցերը պետք է ներկայացվեն գրավոր։ Դատարանն անհրաժեշտության դեպքում կարող է դատական նիստին հրավիրել եզրակացություն տված փորձագետին՝ լրացուցիչ հարցեր տալու նպատակով։
4. Փորձագետի ստորագրությունը՝ նրա եզրակացության հետ մեկտեղ,  կցվում է դատական գործին։ 

Հոդված 30. Վկայի  զգուշացումն ակնհայտ կեղծ բացատրություն  տալու եւ բացատրություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին

1. Նախագահողը սահմանադրական դատարանի աշխատակազմի միջոցով պարզում է նիստին հրավիրված վկայի ինքնությունը՝ անունը, ազգանունը, ծննդյան թիվը եւ վայրը, բնակության հասցեն, աշխատանքի վայրը։
2. Մինչեւ բացատրություն տալը, վկան դատական նիստը  նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ բացատրություն տալու եւ բացատրություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին։ Վկան տալիս է ստորագրություն՝ հետեւյալ բովանդակությամբ «Ես (անունը, ազգանունը), պարտավորվում եմ սահմանադրական դատարանին հայտնել քննվող գործի էությանն առնչվող այն բոլոր հանգամանքները, որոնք անձամբ ինձ հայտնի են։ Ինձ բացատրված է, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի 3-րդ կետի, սահմանադրական դատարանում ակնհայտ կեղծ բացատրություն տալու կամ բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում ենթակա եմ օրենքով սահմանված պատասխանատվության»։
3. Ստորագրությունը կցվում է դատական գործին։

Հոդված 31. Սահմանադրական դատարանի նիստի ընդմիջումները

1. Սահմանադրականյ դատարանի՝ յուրաքանչյուր գործով նիստը շարունակվում է անընդհատ, բացի հանգստի եւ սահմանադրական դատարանի որոշմամբ ընդմիջման համար նախատեսված ժամանակից։
Սահմանադրական դատարանի նիստը կարող է ընդմիջվել նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում եւ կարգով։
2. Բացառությամբ հանգստի, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, սահմանադրական դատարանի նիստի ընթացքում ընդմիջում հայտարարելու հարցով աշխատակարգային որոշումն ընդունվում է սահմանադրական դատարանի որեւէ անդամի առաջարկությամբ, ինչպես նաեւ կողմի (նրա ներկայացուցչի) միջնորդությամբ՝ սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Առաջարկությունը եւ միջնորդությունը քննարկվում են անհապաղ։ Ընդունված աշխատակարգային որոշման հիման վրա ընդմիջումը հայտարարում է նիստը նախագահողը։
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ընդմիջումը հայտարարվում է նիստը նախագահողի կողմից՝ իր նախաձեռնությամբ։

Հոդված 32. Սահմանադրական դատարանի նիստի արձանագրումը

1. Սահմանադրական դատարանի նիստն արձանագրվում է սահմանադրական դատարանի աշխատակազմի արձանագրային վարչության կողմից։ Արձանագրության լրիվությունն ու ճշտությունն ապահովելու համար նիստի ընթացքը կարող է սղագրվել։
2. Արձանագրության մեջ, մասնավորապես, պետք է նշվեն.
ա) նիստի անցկացման վայրն ու ժամանակը,
բ) դատարանի ներկա եւ բացակա անդամները (հարգելի կամ անհարգելի),
գ) նիստը նախագահողի անունը, ազգանունը,
դ) դատավարության մասնակիցների եւ հրավիրված անձանց վերաբերյալ տեղեկությունները,
ե) սահմանադրական դատարանի գործողություններն այն կարգով, ինչ կարգով որ դրանք կատարվել են, եւ դրանց արդյունքները։ Հարցերի եւ պատասխանների վերաբերյալ արձանագրության մեջ միայն նշվում է, թե ովքեր եւ ում հարցեր տվեցին, եւ ով պատասխանեց հարցերին։ Կողմերի գրավոր բացատրությունները եւ եզրափակիչ խոսքերը ներառվում են արձանագրության մեջ,
զ) նիստի ժամանակ տեղ գտած՝ սահմանված  կարգի խախտումները, սահմանադրական դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումները, նախագահողի կողմից արված նախազգուշացումները եւ կարգազանցներին նիստերի դահլիճից հեռացնելու դեպքերը,
է) նիստի ընթացքում սահմանադրական դատարանի ընդունած աշխատակարգային որոշումները։
3. Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նիստը՝ նախագահողի հանձնարարությամբ, կարող է սղագրվել, տեսագրվել եւ ձայնագրվել, որն անհրաժեշտ է դատարանի աշխատանքների կազմակերպման համար եւ կողմերին չի կարող տրամադրվել որպես գործի նյութ։ Նիստի արձանագրության մեջ այդ գործողությունների կատարման մասին նշում է կատարվում։
4. Նիստն արձանագրողը պատասխանատվություն է կրում արձանագրության կազմման, լրիվության, ճշտության համար։ Արձանագրությունների կազմման, լրիվության,  ճշտության ապահովման ընդհանուր պատասխանատվությունը կրում է արձանագրային վարչության պետը։
5. Արձանագրությունը պետք է կազմվի՝ հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի պահանջները՝ գործի քննության ավարտից հետո ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում։ Արձանագրությունն ստորագրում են նիստը նախագահողը եւ արձանագրողը, եւ այն կցվում է դատական գործին։ Նախագահողն արձանագրությունն ստորագրում է գործով զեկուցող ՍԴ անդամի կողմից այն վավերացվելուց հետո։
6. Կողմի դիմումի առկայության դեպքում, օրենքի պահանջին համապատասխան, ՍԴ աշխատակազմը պարտավոր է կողմի համար ստեղծել բոլոր հնարավորությունները սահմանադրական դատարանում նիստի արձանագրությանը ծանոթանալու և կողմի դիտողությունները ներկայացնելու համար, որոնք կցվում են համապատասխան արձանագրությանը։
(6-րդ կետի լրացումը կատարվել է ՍԴ 08.07.2008թ. ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշմամբ)։

Հոդված 33. Որոշումների եւ եզրակացությունների ընդունումը

1. Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում խորհրդակցական սենյակում՝ դռնփակ խորհրդակցությունում։
2. Դռնփակ խորհրդակցությանը կարող են ներկա գտնվել միայն սահմանադրական դատարանի անդամները։
3. Դռնփակ խորհրդակցությունը շարունակվում է մինչեւ որոշում կամ եզրակացություն ընդունելը՝ բացառությամբ ընդմիջումների եւ հանգստի համար նախատեսված ժամանակի։
4. Խորհրդակցության ընթացքն արձանագրում է սահմանադրական դատարանի անդամներից որեւէ մեկը՝ նիստը նախագահողի հանձնարարությամբ։ Խորհրդակցության արձանագրության մեջ նշվում են քվեարկության դրված հարցերը եւ քվեարկության արդյունքները։ Արձանագրությունն ստորագրում են սահմանադրական դատարանի՝ խորհրդակցությանը մասնակցած անդամները։
5. Խորհրդակցության արձանագրությունը ծրարվում եւ սոսնձվում է, կնքվում դատարանի կնիքով, այնուհետեւ ծրարի վրա իրենց ստորագրություններն են դնում նիստը նախագահողը եւ սահմանադրական դատարանի՝ խորհրդակցության արձանագրությունը կազմող անդամը։ Փակ ծրարները պահվում են գործի նյութերից առանձին՝ գաղտնի փաստաթղթերի պահպանման կարգին համապատասխան։
6. Խորհրդակցության ավարտից հետո խորհրդակցական սենյակ է հրավիրվում դատարանի աշխատակազմի իրավասու աշխատակիցը, որը գրառում է դատարանի որոշումը եւ այն փոխանցում համակարգիչ։

Հոդված 34. Որոշումների եւ եզրակացությունների հրապարակումը

1. Նիստը նախագահողի կամ նրա հանձնարարությամբ՝ սահմանադրական դատարանի անդամներից որեւէ մեկի կողմից սահմանադրական դատարանի՝ գործով որոշումը կամ եզրակացությունը հրապարակվում է դատական նիստերի դահլիճում՝ դրա ընդունումից անմիջապես հետո։ Որոշումը կամ եզրակացությունը կցվում է դատական գործին։
2. Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ դատական նիստում կարող է հրապարակվել որոշման միայն եզրափակիչ մասը։
3. Եթե սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 62 հոդվածի 6-րդ կետում նախատեսված դեպքերում գործով որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա նիստը նախագահողի կամ նրա հանձնարարությամբ՝ սահմանադրական դատարանի անդամներից որեւէ մեկի կողմից այդ մասին հայտարարվում է նիստերի դահլիճում։
Գործով որոշում կամ եզրակացություն չընդունվելու դեպքում այդ մասին նշվում է սահմանադրական դատարանի նիստի արձանագրությունում։
4. Որոշումները եւ եզրակացությունները հրապարակվելուց հետո եռամսյա ժամկետում տպագրվում են Սահմանադրական դատարանի տեղեկագրում եւ օրենքով սահմանված կարգով՝ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականում։

Հոդված 35. Սահմանադրական դատարանի անդամի (անդամների) հատուկ կարծիքը

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 62 հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարանի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք։
2. Սահմանադրական դատարանի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում սահմանադրական դատարանի որոշումը հրապարակողը նշում է նաեւ հատուկ կարծիք ներկայացվելու մասին։
3. Գործով որոշման կայացման օրվանից հետո մեկամսյա ժամկետում սահմանադրական դատարանի՝ հատուկ կարծիք ներկայացրած անդամը հատուկ կարծիքի՝  իր կողմից ստորագրված գրավոր տեքստը ներկայացնում է սահմանադրական դատարանի նախագահին՝ Սահմանադրական դատարանի տեղեկագրում այն տպագրելու համար։
4. Հատուկ կարծիք կարող է ներկայացվել ինչպես սահմանադրական դատարանի մեկ անդամի կողմից, այնպես էլ մեկից ավելի անդամների կողմից՝ համատեղ։ Վերջին դեպքում հատուկ կարծիքի գրավոր տեքստն ստորագրում են այն ներկայացրած անդամները։

Հոդված 36. Սահմանադրական դատարանի որոշումների եւ եզրակացությունների մատչելիությունը

Տվյալ գործով դատավարության մասնակից չհանդիսացած յուրաքանչյուր ոք կարող է ստանալ սահմանադրական դատարանի որոշման եւ հատուկ կարծիքի պատճենը՝ սահմանադրական դատարան ներկայացնելով դիմում եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Հոդված 37. Էթիկայի կանոնները սահմանադրական դատարանի նիստում

Սահմանադրական դատավարության ընթացքում գործում են էթիկայի հետեւյալ կանոնները՝
1) սահմանադրական դատարանի անդամների՝ դատական նիստերի դահլիճ մտնելու եւ դահլիճից դուրս գալու պահին բոլոր ներկա գտնվողները կանգնում են,
2) սահմանադրական դատարանին կարելի է դիմել, բացատրություններ տալ, առաջարկություններ անել, միջնորդություններ հարուցել եւ հարցերին պատասխանել հոտնկայս՝ նիստերի դահլիճում նախատեսված տեղից։ Սույն կանոնից բացառություն թույլատրում է նիստը նախագահողը,
3) սահմանադրական դատարանին, նիստը նախագահողին, դատարանի անդամին դիմելն սկսվում է համապատասխանաբար՝ «Բարձր դատարան», «Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ», «Մեծարգո նախագահող», «Սահմանադրական դատարանի հարգելի անդամ (անդամներ)» բառերով,
4) նիստին ներկա գտնվող անձինք նիստերի դահլիճում պարտավոր են պահպանել լռություն, սահմանադրական դատարանի՝ գործով որոշումներն ու եզրակացություններն ունկնդրել հոտնկայս։ Սահմանադրական դատարանի թույլտվությամբ սահմանադրական դատարանի որոշումները կարող են ունկնդրվել նստած։ 

ԳԼՈՒԽ 7

ԳՈՐԾԵՐԻ  ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ  ԳՐԱՎՈՐ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ

Հոդված 38. Գործերի դատաքննությունը գրավոր ընթացակարգով

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածում նշված գործի դատաքննությունն անցկացվում է գրավոր ընթացակարգով, իսկ 68-70, 72 եւ 74 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան գործի դատաքննությունը կարող է անցկացվել գրավոր ընթացակարգով՝ սահմանադրական դատարանի որոշմամբ։
2. Գործի դատաքննությունը գրավոր ընթացակարգով կազմակերպելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման մասին սահմանված կարգով տեղեկացվելուց հետո կողմերը եւ դատավարության այլ մասնակիցները դատաքննությունն սկսվելուց առաջ՝ սահմանադրական դատարանի սահմանած ժամկետում, սահմանադրական դատարանին ներկայացնում  են գործին առնչվող նյութերը։
3. Զեկուցողը՝ իր գրավոր զեկույցը, իսկ կողմերն իրենց գրավոր բացատրությունները ներկայացնում են նիստից առնվազն 7 օր առաջ՝ եթե սահմանադրական դատարանը գործի քննության կազմակերպման այլ ժամկետներ չի սահմանել։

Հոդված 39. Գործը դատաքննության նախապատրաստելու առանձնահատկությունները

1. Սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված նյութերը, դրանց ձեռքբերմանը համընթաց, սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տրամադրվում են սահմանադրական դատարանի անդամներին։
Սահմանադրական դատարանի անդամներից մեկի պահանջով՝ գործը քննության նախապատրաստելու նպատակով միջնորդությունը կամ առաջարկությունը քննարկելու կապակցությամբ հրավիրվում է սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ։
2. Գործի նյութերի հետազոտումն իրականացվում է սահմանադրական դատարանի յուրաքանչյուր անդամի կողմից՝ հնարավորինս մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը, ինչպես նաեւ կարող է շարունակվել դռնփակ խորհրդակցության ժամանակ։    
3. Անհրաժեշտության դեպքում գործի նյութերի հետազոտման համար սահմանադրական դատարանը կարող է ձեւավորել հանձնախումբ (հանձնախմբեր), որում (որոնցում) կարող է ընդգրկել տվյալ գործով զեկուցողին (զեկուցողներին)։
Հանձնախումբը հետազոտված նյութերի վերաբերյալ իր նախնական իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ սահմանված ժամկետում, սակայն դատաքննությունն սկսվելուց առնվազն 5 օր առաջ, գրավոր ներկայացնում է սահմանադրական դատարանի՝ տվյալ հանձնախմբում կամ հանձնախմբերում չընդգրկված անդամներին։

Հոդված 40. Դատական նիստի գրավոր ընթացակարգը

1. Գրավոր ընթացակարգով դատական նիստի անցկացման ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործերի քննության սկզբունքներից զատ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի՝ նիստի ընթացակարգին վերաբերող դրույթները սահմանադրական դատարանը կիրառում է սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվակցմամբ։
2. Գրավոր ընթացակարգով դատական նիստին կողմերը եւ դատավարության այլ մասնակիցները կարող են ներկա չգտնվել։
3. Դատական նիստն անցկացվում է դատական նիստերի դահլիճում՝ եթե սահմանադրական դատարանն այլ որոշում չի կայացրել։
4. Դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցը կարող է ընդհանուր տեղ զբաղեցնել դահլիճում եւ նիստն ունկնդրել նիստին ներկա այլ անձանց համար սահմանված կարգով։ 
5. Եթե դատական նիստի ժամանակ կողմը մտադիր է միջնորդություն կամ առաջարկություն ներկայացնել, ապա նա պետք է դրա գրավոր տեքստը նիստն արձանագրողի միջոցով փոխանցել դատարանին, որն այդ հարցով որոշում է կայացնում տեղում կամ այդ հարցի քննարկումը հետաձգում է մինչեւ տվյալ գործով ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունելը։ Մինչեւ տվյալ գործի քննության ավարտը միջնորդության կամ առաջարկության վերաբերյալ սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին կողմերն իրազեկվում են բանավոր՝ դատական կարգադրիչի կողմից՝ նիստի ընդմիջման ժամանակ, կամ նրանց տրամադրվում է որոշման պատճենը։
6. Հայտարարված ժամին նիստը նախագահողը բացում է այն եւ հայտարարում դատաքննության ենթակա գործը։ Այնուհետեւ սահմանադրական դատարանի անդամները կարող են փոխանակել կարծիքներ՝ չկանխորոշելով գործի ելքը։ Սահմանադրական դատարանի անդամների՝ դատական նիստին ներկայացված միջնորդությունները քննարկվում եւ լուծվում են անհապաղ։ Նիստը նախագահողը պարզում է դրանց քննարկման արդյունքում կամ նպատակով գործի դատաքննությունը կասեցնելու, դատական նիստն ընդմիջելու կամ հետաձգելու անհրաժեշտությունը եւ համապատասխան հարցը ներկայացնում է սահմանադրական դատարանի քննարկմանը կամ հայտարարում ընդմիջում՝ այդ հարցը խորհրդակցական սենյակում լուծելու համար։
 7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դատավարական գործողությունների ավարտից հետո նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին, այնուհետեւ սահմանադրական դատարանը հեռանում է դռնփակ խորհրդակցության՝ գործով ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունելու համար։

Հոդված 41. Գրավոր ընթացակարգով ընդունված որոշումների եւ եզրակացությունների հրապարակումը

1. Գրավոր ընթացակարգով ընդունված որոշումները եւ եզրակացությունները հրապարակվում են դատական նիստում։
2. Հրապարակվելու հաջորդ օրը որոշման կամ եզրակացության մեկ օրինակը պահպանվում է սահմանադրական դատարանի ընդունարանում եւ բաց է ծանոթացման համար՝ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի սահմանած կարգով։

ԳԼՈՒԽ 8

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Հոդված  42. Սահմանադրական դատարանի աշխատակարգային  որոշումները

Սահմանադրական դատարանը գործերի դատաքննության նախապատրաստման եւ դատաքննության հարցերով, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ։

Հոդված 43. Սահմանադրական դատարանի աշխատակարգային  որոշումների ընդունումը

1. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներն ընդունվում են ինչպես սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստերում, այնպես էլ դատարանի նիստերում՝ գործի դատաքննության ընթացքում։
2. Աշխատակարգային որոշումներն ընդունվում են սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով եւ 68 հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի։
3. Աշխատակարգային որոշումներն ստորագրում է աշխատակարգային նիստը նախագահողը։ Գործերի դատաքննության նախապատրաստման եւ դատաքննության հարցերով ընդունված աշխատակարգային որոշումները կցվում են գործին։ Աշխատակարգային որոշումները պահպանվում են սահմանադրական դատարանի արխիվում։
4. Գործի դատաքննության ընթացքում աշխատակարգային որոշումներն ընդունվում են բանավոր։ Այդ որոշումներն ընդունվում են սահմանադրական դատարանի անդամների, դիմողի, պատասխանողի, փորձագետի, կողմերի իրավունքներից օգտվող երրորդ անձանց, կողմերի իրավունքներից օգտվող այլ անձանց առաջարկությամբ կամ միջնորդությամբ։ Նիստը նախագահողը ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունն անհապաղ դնում է քվեարկության։
5. Աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկութամբ՝ անդամների անվանական հարցման միջոցով։ Նիստը նախագահողը քվեարկում է վերջում։ Սահմանադրական դատարանի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ կամ հրաժարվել քվեարկությունից։
6. Քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում աշխատակարգային որոշումը համարվում է չընդունված։

Հոդված  44. Աշխատակարգային  նիստի  հրավիրումը

1. Աշխատակարգային նիստը հրավիրում եւ նախագահում է սահմանադրական դատարանի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոխարինողը։
2. Աշխատակարգային նիստը հրավիրվում է սահմանադրական դատարանի նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի անդամների առաջարկությամբ։
3. Աշխատակարգային նիստը նախագահողը՝
ա) ներկաներին տեղեկացնում է քննարկվող հարցի (հարցերի) մասին,
բ) ձայն է տալիս ելույթ ունեցողներին,
գ) հարցերը դնում է քվեարկության,
դ) հրավիրված անձանց ներկայացնում է նիստի մասնակիցներին,
ե) ստորագրում է աշխատակարգային որոշումները։
4. Աշխատակարգային նիստի հրավիրման մասին սահմանադրական դատարանի անդամները տեղեկացվում են նիստից առնվազն երեք օր առաջ, բացառությամբ հրատապ հարցերով հրավիրված նիստերի։

Հոդված 45. Աշխատակարգային  նիստին մասնակցող անձինք

1. Աշխատակարգային  նիստին, նախագահողի հանձնարարությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը եւ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
2. Աշխատակարգային  նիստին, նախագահողի գիտությամբ, կարող են մասնակցել նաեւ սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատակիցներ, ինչպես նաեւ հրավիրված անձինք։ Վերջիններս սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված ծանուցմամբ այդ մասին տեղեկացվում են արձանագրային վարչության միջոցով՝ աշխատակարգային նիստից առնվազն մեկ օր առաջ։

Հոդված  46. Աշխատակարգային  նիստերի արձանագրումը

1. Աշխատակարգային  նիստն արձանագրվում է սահմանադրական դատարանի արձանագրային վարչության կողմից։ Նիստի արձանագրությունն ստորագրում է աշխատակարգային նիստը նախագահողը։
2. Գործի դատաքննության նախապատրաստման եւ դատաքննության հարցերով հրավիրված աշխատակարգային  նիստերի արձանագրությունները կցվում են գործին։  Աշխատակարգային նիստերի արձանագրությունները պահպանվում են սահմանադրական դատարանի արխիվում։

Հոդված  47. Աշխատակարգային որոշումների կատարումը

Աշխատակարգային որոշումները պարտադիր են սահմանադրական դատարանի անդամների, սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատակիցների, ինչպես նաեւ բոլոր նրանց համար, ում ուղղված են։

Հոդված  48. Աշխատակարգային որոշումների հրատարակումը

1. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները կարող են հրատարակվել Սահմանադրական դատարանի տեղեկագրում։ Դրանց պատճենները, սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ, կարող են տրվել զանգվածային լրատվության միջոցների՝ սահմանադրական դատարանում հավատարմագրված ներկայացուցիչներին։
2. Շահագրգիռ անձինք եւ մարմինները կարող են ստանալ սահմանադրական դատարանի եւ դատական կազմերի աշխատակարգային որոշումների պատճենները՝ սահմանադրական դատարան ներկայացնելով դիմում եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը։

ԳԼՈՒԽ 9

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

Հոդված 49. Սահմանադրական դատարանի անդամի հատուկ համազգեստի նկարագրությունը

Սահմանադրական դատարանի անդամի հատուկ համազգեստի նկարագրությունը սահմանվում է սույն Կանոնակարգով՝ սահմանադրական դատարանի անդամի հատուկ համազգեստի նկարագրությունը հաստատելու վերաբերյալ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հիման վրա։ 

ԳԼՈՒԽ 10

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ  ՇԵՆՔ  ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված  50. Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու կարգի գործողության շրջանակը

Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու՝ սույն գլխի նորմերով սահմանված կարգը չի տարածվում սահմանադրական դատարանի անդամների, սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատակիցների վրա։

Հոդված 51. Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելը

1. Աշխատանքային ժամերին, ի պաշտոնե սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու իրավունք ունեն՝
ա) Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ նրանց լիազորած անձինք,
բ) առանց մեկանգամյա անցաթղթի, ծառայողական վկայականների ներկայացմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարները, ինչպես նաեւ՝
գ) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը,
դ) ՀՀ դատավորները,
ե) ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները,
զ) ՀՀ կենտրոնական բանկի նախագահը,
է) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը,
ը) մարզպետները, Երեւանի քաղաքապետը,
թ) սուրհանդակային ծառայության աշխատողները։
2. Աշխատանքային ժամերին սահմանադրական դատարանի շենք այլ անձանց մուտքը, բացի սույն հոդվածի 1-ին կետում նշվածներից, թույլատրվում է՝
ա) ժամկետային անցաթղթերով,
բ) մեկանգամյա մուտքի անցաթղթերով (անձնագրի կամ դրան փոխարինող փաստաթղթի, կամ ուսանողական տոմսի առկայությամբ)։
3. Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու ժամկետային (մինչեւ երեք ամիս ժամկետով) անցաթուղթ տալիս է սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։
4. Սահմանադրական դատարանի շենք մեկանգամյա մուտքի անցաթուղթը տալիս է անցագրային կետի աշխատողը։ Նման անցաթուղթ կարող են պատվիրել սահմանադրական դատարանի նախագահը, սահմանադրական դատարանի անդամները (կամ նրանց հանձնարարությամբ՝ օգնականները), սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, սահմանադրական դատարանի խորհրդականները, սահմանադրական դատարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները եւ նրանց տեղակալները, սահմանադրական դատարանի գրադարանի աշխատողը։
Սահմանադրական դատարանին ներկայացվող անհատական դիմումն ընդունելու նպատակով անհրաժեշտության դեպքում անցաթուղթ կարող են պատվիրել նաեւ սահմանադրական դատարանի աշխատակազմի դիմումների ընդունման բաժնի եւ ընդհանուր բաժնի աշխատողները։   
Անձանց մուտքն ու ելքը գրանցվում է անցագրային կետի գրանցամատյանում։
5. Մեկանգամյա մուտքի անցաթղթով անձի ընդունելությունն ավարտում է անցաթուղթ պատվիրողը կամ նրան ենթակա պաշտոնատար անձը։ Ընդունելությունն ավարտած պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել անձի ելքը սահմանադրական դատարանի շենքից՝ անցաթղթի վրա ստորագրությամբ եւ իր ազգանվան նշումով հավաստելով ընդունելության ավարտի ժամն ու ամսաթիվը։ Եթե ընդունելությունն ավարտած պաշտոնատար անձը չի հանդիսանում անցաթուղթ պատվիրելու իրավունք ունեցող անձ, ապա նա նշում է նաեւ իր պաշտոնը։
6. Հրավիրված անձի կողմից սահմանադրական դատարանի շենքում ներքին կարգուկանոնը պահպանելու պատասխանատուն անցաթուղթը պատվիրած կամ ընդունելությունն ավարտած պաշտոնատար անձն է։ Վերջիններս, անհրաժեշտության դեպքում, իսկ դիմումների ընդունման բաժնի աշխատողները՝ բոլոր դեպքերում, պարտավոր են կազմակերպել անձի ուղեկցումը մուտքի եւ ելքի ժամանակ։
7. Շենքից դուրս եկող անձը պարտավոր է մեկանգամյա անցաթուղթը հանձնել հերթապահող ոստիկանին։ Վերջինիս է հանձնվում նաեւ ժամկետն ավարտված կամ անհրաժեշտությունը կորցրած ժամկետային անցաթուղթը։
8. Ոչ աշխատանքային ժամերին եւ օրերին սահմանադրական դատարանի շենք մուտքի եւ ելքի թույլտվություն կարող են տալ սահմանադրական դատարանի նախագահը, սահմանադրական դատարանի անդամները (կամ նրանց հանձնարարությամբ՝ օգնականները), սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, սահմանադրական դատարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները եւ նրանց տեղակալները։ Թույլտվությունը տրվում է բանավոր։ Ոչ աշխատանքային ժամերին եւ օրերին անձանց մուտքն ու ելքը գրանցվում է հերթապահ ոստիկանի մոտ պահվող հատուկ գրանցամատյանում՝ հրավիրված անձի անձնագրի կամ դրան փոխարինող փաստաթղթի, կամ ուսանողական տոմսի առկայությամբ։
Ոչ աշխատանքային ժամերին եւ օրերին անձին հրավիրած պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել անձի դիմավորումը շենքի մուտքում եւ ճանապարհումը շենքից դուրս։
9. Անցագրային կետի աշխատողն ու հերթապահող ոստիկանը պարտավոր են կատարել ճշտումներ անձի մուտքի անհրաժեշտության վերաբերյալ, այդ թվում՝ ստուգիչ հեռախոսազանգի միջոցով։
10. Առձեռն թղթակցություններ բերողը դրանք հանձնում  է ընդհանուր բաժին՝ վերջինիս ղեկավարի կամ աշխատողի կողմից պատվիրված անցաթղթի առկայությամբ։

ԳԼՈՒԽ 11

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 52. Սահմանադրական դատարանի միջազգային կապերը

Սահմանադրական դատարանն աշխատանքային հարաբերություններ է հաստատում այլ պետությունների սահմանադրական վերահսկողության մարմինների հետ՝ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի կնքման, պատվիրակությունների փոխանակման, սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատակիցների վերապատրաստման, սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումների, տեղեկատվության փոխանակման, համատեղ գիտաճանաչողական միջոցառումների անցկացման նպատակով։

Հոդված  53. Սահմանադրական դատարանին տեղեկատվությամբ ապահովումը

Սահմանադրական դատարանին տեղեկատվությամբ ապահովելու համար ստեղծվում է տեկատվական համակարգ, որը պարունակում է տվյալներ՝
1) ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի վերաբերյալ,
2) սահմանադրական դատարանի որոշումների վերաբերյալ,
3) այլ պետությունների սահմանադրական դատարանների ընդունած որոշումների, ինչպես նաեւ սահմանադրական արդարադատությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ։

Հոդված 54. Սահմանադրական դատարանի պաշտոնական պարբերականը

Սահմանադրական դատարանի պաշտոնական պարբերականը «ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիրն» է, որը լույս է տեսնում առնվազն երեք ամիսը մեկ անգամ։

Հոդված 55. Սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշվի ներկայացումը

Սահմանադրական դատարանի նախագահը, մինչեւ սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշիվը կառավարություն ներկայացնելը, հրավիրում է սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որտեղ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշիվը։ Աշխատակարգային նիստում սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշիվն ընդունվում է ի գիտություն՝ հաշվի առնելով նախագծի վերաբերյալ սահմանադրական դատարանի անդամների կողմից արված առաջարկությունները։ 

Հոդված 56. Սահմանադրական դատարանում դատական ծառայության առանձնահատկությունները եւ սահմանադրական դատարանի դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը

1. Սահմանադրական դատարանում դատական ծառայության առանձնահատկությունները սահմանվում են սույն Կանոնակարգով՝ սահմանադրական դատարանում դատական ծառայության առանձնահատկությունները հաստատելու վերաբերյալ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հիման վրա։ 
2. Սահմանադրական դատարանում դատական ծառայության առանձնահատկությունները հաստատելու վերաբերյալ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի եւ դատական ծառայության հարաբերությունները կարգավորող այլ օրենքների հիման վրա։
3. Սահմանադրական դատարանի դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը սահմանվում է սույն Կանոնակարգով՝ սահմանադրական դատարանի դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը հաստատելու վերաբերյալ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հիման վրա։ 
4. Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր անդամ ունի օգնական։ Նրա աշխատանքի ընդունումը, տեղափոխումը կամ աշխատանքից ազատումը կատարվում է սահմանադրական դատարանի անդամի համաձայնությամբ։ Սահմանադրական դատարանի անդամի օգնականը կատարում է սահմանադրական դատարանի անդամի հանձնարարականները՝ դատական ծառայողի համար օրենքով սահմանված իրավունքների եւ պարտականությունների շրջանակներում, եւ ենթարկվում է սահմանադրական դատարանի աշխատակազմի ներքին կանոններին։


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]