Համաժողովներ

15-16 ապրիլի 2011թ., Ստեփանակերտ

ՀՐԱՏԱՊ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

2011թ. ապրիլի 15-16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Արցախի համալ-սարանում, Ազգային ժողովում՝ հանձնաժողովների մասնակցությամբ, եւ ապա միջազգային խորհրդաժողովում քննարկումների թեման մեկն էր՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային իրավական երաշխիքները»։

Քննարկումները կազմակերպվել էին Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի եւ Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ։ Նախաձեռնությանն աջակցել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ԱՄՆ հայ իրավաբանների ընկերակցությունը եւ ԼՂՀ Ազգային ժողովը։

Այս քննարկումների կարեւորությունն առավել ընդգծուն էր այն համատեքստում, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ֆոնի վրա Լեռնային Ղարաբաղը մեծ կարեւորություն է տալիս հիմնախնդրի իրավական ու խաղաղ կարգավորմանը։

Առանձնահատուկ կարեւորություն հաղորդեց քննարկումներին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մասնակցությունն ու ողջույնի խոսքը։ Նրա շեշտադրումները միայն քննարկումների կարեւորությունն ընդգծելու հանգամանքով չսահմանափակվեցին։ Համոզիչ ու հստակ էր եզրահանգումը՝ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան եւ հետդարձի ճանապարհ գոյություն չունի։

Հիմնահարցի տարբեր նրբերանգները բացահայտող, միջազգային փորձը խորությամբ ընդհանրացնող տասնյակ գիտական զեկույցները, Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի համակարգող նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթները, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, միջազգային մեծ ճանաչում ունեցող իրավագետ Օտտո Լուխդերհանդտի ծավալուն մեկնաբանությունները ոչ միայն մեծ հետաքրքրությամբ ունկնդրվեցին ու բուռն քննարկումների նյութ հանդիսացան, այլեւ կարեւորվեց դրանց հետագա գործնական նշանակությունը։

Արցախի Հանրապետությունը 20 տարեկան է։ Այդ տարիները, անկախ միջազգային հանրության կողմից չճանաչված լինելու հանգամանքից, դարձել են պետականության հետեւողական կայացման տարիներ։ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունն է երաշխավորում իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացումը։ Միջազգային այնպիսի հիմնարար ակտեր, ինչպիսիք են՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, ԼՂՀ-ում առավել ճանաչելի, ընկալելի ու կիրառելի են, քան այն երկրում, որը եվրոպականացման քողի տակ ռազմատենչ նկրտումներ է դրսեւորում Ղարաբաղի հանդեպ։

Խորհրդաժողովում փաստվեց նաեւ, որ ինչպես շատ այլ ոլորտներում, իրավական հիմնախնդիրների լուծման գործում նույնպես Ղարաբաղն աջակցության կարիք ունի։ Յուրաքանչյուր հայ իրավաբանի մասնագիտական պարտքն է ու ինքնության պատասխանատվությունը՝ այդ հարցում ունենալ ակտիվ դերակատարություն։

Խորհրդաժողովի ծրագիրը (pdf)    Լուսանկարներ 1 | 2

16-17 ապրիլի 2010թ., Ստեփանակերտ

«ՀԱՅ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

2010թ. ապրիլի 16-17-ը ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտում տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Հայ սահմանադրականության զարգացման արդի հիմնախնդիրները» խորագրով։ Կոնֆերանսը կազմակերպել էին ՀՀ սահմանադրական դատարանը, ԼՂՀ գերագույն դատարանը, ԼՂՀ Ազգային Ժողովը՝ «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ մասնակցությամբ։ Խորհրդանշականն այն էր, որ հիշյալ միջոցառումն առաջին կոնֆերանսն էր՝ կազմակերպված «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ կողմից։
Կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստանից Ստեփանակերտ էր մեկնել  պատվիրակություն, որի կազմում, բացի հայաստանյան անդամներից, ընդգրկվել էին նաև «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ խորհրդի անդամներ Ռուսաստանից և ԱՄՆ-ից։
Ծրագրի առաջին օրը՝ ապրիլի 16-ը, սկսվեց Արցախի պետական համալսարան այցելությամբ, որտեղ հայաստանյան պատվիրակությանն ընդունեց համալսարանի ռեկտոր Ս. Դադայանը։ Ապա կայացավ հանդիպում ուսանողների հետ, որը վարում էին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանը։ Ապրիլի 16-ին հայաստանյան պատվիրակությանն ընդունեցին նաև ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը։ Պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաև ԼՂՀ Գերագույն դատարանում։ Հանդիպումների ընթացքում երկուստեք կարևորվեց նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը և որոշվեց շարունակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջիններիս կազմակերպման ավանդույթը։
Կոնֆերանսը կայացավ ապրիլի 17-ին, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Ա. Դանիելյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յու. Հայրապետյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանը։ Զեկուցողները տարբեր դիտակետերից վերլուծեցին հայ սահմանադրակնության զարգացման արդի հիմնախնդիրներն ու այդ բնագավառում առկա մարտահրավերները, որպիսիք ակտիվորեն քննարկվեցին կոնֆերանսի մասնակիցների կողմից։
Պետք է հուսալ, որ համահայկական ընդգրկում ունեցող նմանատիպ միջոցառումներ տեղի կունենան նաև ապագայում, քանզի հենց դրանք կարող են հանգեցնել համահայկական իրավագիտական ներուժի, Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում իրավագիտության բնագավառի գիտական և ստեղծագործական մտքի համախմբմանը։

Լուսանկարներ

19-21 սեպտեմբերի 2009թ., Երեւան

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Լուսանկարներ