ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 16 ապրիլի 1996թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց 1995 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված "Հայաստանի Հանրապետության եւ Չինական Ժողովրդական Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ 1995 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։
Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Խաչատրյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան, ներկայացված տեղեկանքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության եւ Չինական Ժողովրդական Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիան ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 26-ին Երեւանում, հայերեն, չինարեն եւ ռուսերեն։
Կոնվենցիան կազմվել է "Հյուպատոսական հարաբերությունների մասին" Վիեննայի 1963 թվականի կոնվենցիայի պահանջներին համապատասխան եւ նպատակ ունի նպաստել երկու պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, դիվանագիտական կապերի ամրապնդմանը, պաշտպանել երկու պետությունների եւ նրանց քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը։ Ստորագրված կոնվենցիայի նպատակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4 եւ 9 հոդվածների պահանջներին։
Հյուպատոսական կոնվենցիայով սահմանվում է միմյանց տարածքներում հյուպատոսական հիմնարկներ բացելու, դրանց ղեկավարների նշանակման ու ճանաչման, աշխատողների կազմի, նրանց ժամանելու եւ մեկնելու, հյուպատոսական պաշտոնատար անձանց քաղաքացիության, հյուպատոսական գործունեություն իրականացնելու համար հյուպատոսական ու բնակելի շենքեր ձեռք բերելու, ինչպես նաեւ հյուպատոսական հիմնարկների եւ նրանց աշխատակիցների գործունեության ապահովման կարգը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1995 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Չինական Ժողովրդական Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 ապրիլի 1996 թվականի
ՍԴՈ-3