ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 23 դեկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ.Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին՝ Վարշավայում։ ՀՀ կառավարությունը «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի պահանջներին համապատասխան 2004թ. օգոստոսի 2-ին թիվ 1037-Ա որոշմամբ համաձայնություն է տվել համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնագրի նպատակն է պաշտպանության բնագավառում Պայմանավորվող կողմերի համագործակցությանն առնչվող՝ հավասարության, գործընկերության եւ փոխշահավետության սկզբունքների վրա հիմնված ընդհանուր դրույթների սահմանումը։

2. Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջեւ համագործակցությունը կիրականացվի նրանց ազգային օրենսդրությանը, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին եւ Հայաստանի Հանրապետության ու Լեհաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան։

Կողմերի միջեւ համագործակցությունը կիրականացվի հետեւյալ ոլորտներում.

- փորձի փոխանակում Կողմերի պետությունների պաշտպանական ոլորտում, զինված ուժերի գործունեություն ժողովրդավարական հասարակությունում, ներառյալ զինված ուժերի եւ պաշտպանական կառույցների ժողովրդավարական վերահսկողությունը,

- մասնակցություն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի միջոցառումներին, խաղաղապահ եւ մարդասիրական օգնության առաքելություններին՝ կապված խաղաղությանն աջակցելու եւ ահաբեկչության դեմ պայքարի հետ, - քաղաքական-ռազմական խորհրդակցություններ, կադրերի վերապատրաստում եւ այլն։

3. Համաձայնագրով սահմանված ոլորտներում համագործակցությանը եւ փոխադարձաբար համաձայնեցված այլ ոլորտներին վերաբերող հատուկ հարցերը ենթակա են կարգավորման, մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, մյուս կողմից՝ Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի եւ էկոնոմիկայի ու աշխատանքի նախարարի միջեւ կնքվող առանձին համաձայնագրերի եւ արձանագրությունների միջոցով։

Համագործակցությունն իրականացվում է փոխադարձաբար ընդունված ամենամյա համագործակցության ծրագրերի հիման վրա։

4. Համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով Պայմանավորվող կողմերի զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի կարգավիճակը սահմանվում է կողմերի համար պարտադիր՝ միջազգային համաձայնագրերի դրույթներով։

5. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը նպատակաուղղված միջոցներ, ինչպես նաեւ համաձայնագրի դրույթների համաձայն փոխանակված գաղտնի տեղեկատվությունն օգտագործել բացառապես փոխանցման համար հիմք հանդիսացած նպատակով։

Գաղտնի տեղեկատվությունը ենթակա է պաշտպանության նաեւ համաձայնագրի գործողության դադարումից հետո։

6. Համաձայնագիրը սահմանում է համագործակցության միջոցառումների ֆինանսավորման սկզբունքները։ Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004թ. սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 547