ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ 27.11.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-20 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 2 դատական կազմի 22.12.2006թ. որոշմամբ/

ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի, աշխատակարգային նիստում քննեց՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին համապատասխանության վերաբերյալ քաղաքացի Է. Կարապետյանի դիմումը քննության ընդունելու մասին հարցը։

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումը, այն քննության ընդունելու վերաբերյալ միաձայնությամբ որոշում չի կայացրել եւ այդ մասին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան տեղյակ է պահել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին սույն թվականի դեկտեմբերի 22-ին։

Դիմելով սահմանադրական դատարան՝ դիմողը խնդրում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին հակասող եւ անվավեր։

Նկատի ունենալով, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, բողոքարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ կետի սահմանադրականությունը, այն դեպքում, երբ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կողմից որոշումները չեն կայացվել հենց այդ կետի հիմքով,

հաշվի առնելով, որ, դիմողը, անտեսելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 21 հոդվածի երկրորդ մասի «ը» կետի պահանջները, անհրաժեշտ հիմնավորումներ չի ներկայացրել հատկապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ կետի դրույթների իրավական բովանդակության՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ,
ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասով,
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
Մերժել քաղաքացի Էմմա Կարապետյանի դիմումի քննության ընդունումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 դեկտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-81