ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 3-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 1 հոկտեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Վ. Գասպարյանի,
պատասխանողի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ. Մելիքյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 55 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ազգային ժողովի կողմից 1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (Ազգային ժողովի կողմից 2002 թվականի հուլիսի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրությամբ) 14-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը (Ազգային ժողովի կողմից 2002թ. հուլիսի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրությամբ) եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1999թ. փետրվարի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1999թ. փետրվարի 17-ին, պաշտոնապես հրապարակվել է 1999թ. փետրվարի 18-ին։
ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 1999թ. մարտի 23-ի, 1999թ. հոկտեմբերի 16-ի, 2000թ. ապրիլի 21-ի, 2000թ. դեկտեմբերի 22-ի եւ 2002թ. օգոստոսի 3-ի Հայաստանի Հանրապետության օրենքներով։
2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2002թ. օգոստոսի 3-ի Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 10-րդ հոդվածով փոփոխություն է կատարվել ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածում, Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002թ. հուլիսի 3-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2002թ. հուլիսի 31-ին։ Օրենքը հրապարակվել է 2002թ. օգոստոսի 2-ին եւ նույն օրենքի 82 հոդվածի համաձայն ուժի մեջ է մտել 2002թ. օգոստոսի 3-ին: ՀՀ Նախագահի կողմից օրենքի կապակցությամբ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով առարկություններ եւ առաջարկություններ չեն եւել։
3. 1999թ. փետրվարի 5-ին ընդունված՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածը, սահմանելով ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու եւ ցուցակները ճշտելու կարգը, ընտրողներին իրավունք էր վերապահում ընտրողների ցուցակներում անճշտությունների կապակցությամբ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով՝ առանց ժամկետային սահմանափակման։ Համաձայն այս հոդվածի 3-րդ կետի՝ ընտրողները կարող էին ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը, այդ թվում՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերը բողոքարկել դատարան նաեւ քվեարկության օրը։
4. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. հուլիսի 3-ին ընդունված օրենքի 10-րդ հոդվածի համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ եւ սահմանում է. «Ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել դատարան։ Դատարանը պարտավոր է հնգօրյա ժամկետում որոշում կայացնել։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրն ընտրողների ցուցակները ենթակա չեն փոփոխման, այդ թվում՝ դատարանի վճռով»։
5. Դիմող կողմը գտնում է, որ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի վերախմբագրված դրույթն այն մասին, որ «-Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրն ընտրողների ցուցակները ենթակա չեն փոփոխման, այդ թվում՝ դատարանի վճռով», հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մասնավորապես, Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 27-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածներին, քանի որ այն քաղաքացիներին զրկում է ժողովրդավարության սկզբունքներով իրենց ընտրելու իրավունքն անխափան իրականացնելու, այդ կապակցությամբ ծագած վեճերը դատական կարգով վիճարկելու եւ իրենց խախտված իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից։
6. Պատասխանող կողմը, չվիճարկելով քննության առարկա նորմի՝ Սահմանադրությանը չհամապատասխանելու հանգամանքը, գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը սահմանափակում է ընտրություններին մասնակցելու քաղաքացիների հնարավորությունը՝ որոշակի ընտրական խախտումներ բացառելու նպատակով: Միաժամանակ պատճառաբանվեց, որ Ազգային ժողովի կողմից տվյալ փոփոխությունն ընդունվել է օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ՝ միայն քաղաքական համաձայնության արդյունքում:
7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված ժողովրդավարական պետության հիմնական բնութագրիչներից են իրական ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ ժողովրդի կողմից ընտրված մարմինների միջոցով իշխանության իրականացումը եւ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանվածությունը։
ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն ըստ էության ամրագրում է ժողովրդավարական պետության գոյության համար անհրաժեշտ սահմանադրական երաշխիքները, այն է՝ որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է նաեւ ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով։
Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, տեւական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։
Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է պետության պարտավորությունը՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածն ամրագրում է ՀՀ տասնութ տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու՝ անմիջականորեն կամ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունքը։ Նշված հոդվածն սպառիչ կերպով սահմանում է այն քաղաքացիների շրջանակը, ում ընտրելու եւ ընտրվելու իրավունքը կարող է սահմանափակվել. դրանք են դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները։
Սահմանադրության 38-րդ հոդվածն ամրագրում է մարդու՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր իրավունքները եւ ազատությունները պաշտպանելու եւ դատական պաշտպանության իրավունքը, իսկ 39-րդ հոդվածը երաշխավորում է խախտված իրավունքների վերականգնումը դատական կարգով։
8. ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացու՝ 27-րդ հոդվածով ամրագրված ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, ի թիվս այլ սահմանադրական իրավունքների, կարող է սահմանափակվել միայն՝ եթե դա անհրաժեշտ է պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար։
9. Սահմանադրության 38-րդ հոդվածով սահմանված՝ խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, Սահմանադրության 45-րդ հոդվածի համապատասխան, կարող է սահմանափակվել միայն ժամանակավորապես՝ ռազմական դրության կամ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում, իսկ Սահմանադրության 39-րդ հոդվածով սահմանված իրավունքը որեւէ սահմանափակման ենթակա չէ։
10. Ընտրական օրենսգրքի 55 եւ 56-րդ հոդվածներից բխում է, որ քվեարկությանը մասնակցել, այսինքն՝ ընտրելու իրավունքն իրացնել կարող են միայն ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիները։ Հետեւաբար, ընտրական ցուցակներում ընդգրկվելու՝ քաղաքացու իրավունքի ճանաչումն ունի սահմանադրական նշանակություն, քանի որ այն անհրաժեշտ է ազատ ընտրությունների միջոցով ժողովրդաիշխանության իրականացման, ընդհանուր ընտրությունների անցկացման եւ ընտրական իրավունքի իրացման համար, բացի դրանից, Սահմանադրության 16-րդ հոդվածը, որը սահմանում է, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ, վերաբերում է նաեւ ընտրական իրավունքին։
Համաձայն ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի՝ ընտրական ցուցակներում «պարտադիր կարգով ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, տվյալ համայնքում հաշվառված բոլոր քաղաքացիները…»։ Այսինքն՝ տվյալ համայնքից կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող ցանկացած ընտրող, որը հաշվառված է այդ համայնքում, իրավունք ունի ակնկալելու, մինչեւ ընտրությունների օրը կամ ընտրությունների օրը վերադառնալով իր հաշվառման վայրի ընտրական տեղամաս՝ անարգել իրականացնելու իր ընտրական իրավունքը։
Ընտրական ցուցակներում մինչեւ քվեարկությանը նախորդող երկու օրը ընդգրկված չլինելու հիմքով քաղաքացու ընտրելու իրավունքի իրացմանը խոչընդոտելը եւ այդ կարգով ակտիվ ընտրական իրավունքը սահմանափակելն անհամատեւելի է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի հետ, որն սպառիչ կերպով սահմանում է այն անձանց շրջանակը, ում ընտրելու իրավունքը կարող է սահմանափակվել։ Տվյալ դեպքում առկա չեն նաեւ Սահմանադրության 44-րդ հոդվածում թվարկված այն արժեքները, որոնց պաշտպանության նկատառումներով մարդու եւ քաղաքացու իրավունքը կարող է սահմանափակվել, նկատի ունենալով, որ նման սահմանափակման պարագայում ոչ թե կբացառվեն հնարավոր ընտրախախտումները, այլեւ դրանք կարող են առավել ծավալվել։
11. Համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքը երաշխավորված է նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրության 3-րդ հոդվածներով։
Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածը սահմանում է, որ այդ իրավունքը չի կարող ենթարկվել անհիմն սահմանափակումների։
12. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք, ում կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153-րդ եւ 154-րդ հոդվածներից բխում է, որ խախտված ընտրական իրավունքի վերականգնման համար քաղաքացին կարող է քաղաքացիական գործեր քննող դատարան դիմել ընդհուպ ընտրությունների օրը, եւ այդ օրը ստացված դիմումը քննվում է անհապաղ: Ընտրական օրենսգրքի վիճարկվող նորմը՝ բացառելով նման դեպքերում դատարանի վճռով ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու հնարավորությունը, ոչ միայն կարող է ստեւծել հակասական իրավակիրառական պրակտիկա, այլեւ իրավունքի պաշտպանության այդ միջոցը դարձնում է անարդյունավետ:
Ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածը՝ հնարավոր համարելով ցուցակում ընդգրկված անձին ցուցակից հանելը, քվեարկությանը նախորդող երկու օրվա ժամկետի վերջում ցուցակից հանված անձանց համար, փաստորեն, բացառում է համապատասխան մարմնի այդ գործողությունը վիճարկելու հնարավորությունը:
13. Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտրողների ցուցակները կազմում եւ վարում են համայնքների ղեկավարները՝ իրենց պատվիրակված լիազորությունների ուժով։ Համայնքի ղեկավարի անփութության կամ որեւէ այլ պատճառով ընտրողների ցուցակում ընտրողին չընդգրկելու կամ նրան այլ անվան տակ ընդգրկելու դեպքում քաղաքացին պետք է հնարավորություն ունենա հասնելու ընտրական ցուցակների անճշտությունների վերացմանը, որպեսզի կարողանա մասնակցել ընտրություններին։ Ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի վիճարկվող դրույթը քաղաքացիներին զրկում է քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը վարչական կամ դատական կարգով ընտրական ցուցակների անճշտությունների վերացմանը հասնելու, հետեւաբար՝ նաեւ իր ընտրելու իրավունքն անխափան իրացնելու հնարավորությունից։
Ըստ էության, համայնքի ղեկավարի անփութության կամ հնարավոր դիտավորության հետեւանքները կրում է ընտրողը, որը որեւէ առնչություն չի ունեցել դրանց պատճառների հետ, եւ եթե ընտրական ցուցակի անճշտությունը նրան հայտնի է դառնում քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում կամ հենց քվեարկության օրը, ապա միայն բացառիկ դեպքերում է, որ նա վերստին հնարավորություն կստանա նույն ընտրությունների շրջանակում արտահայտել իր կամքը։ Սակայն, նույնիսկ այդպիսի դեպքերում նա չի կարող անձամբ հասնել իր իրավունքի վերականգնմանը, այլ կախված է առաջադրված թեկնածուների՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու ցանկությունից։ Հաշվի առնելով ընտրողների ցուցակների առանցքային նշանակությունն ընտրելու իրավունքի իրականացման համար՝ չափազանց կարեւոր է, որ մինչեւ քվեարկության ավարտն ընտրողը հնարավորություն ունենա վիճարկել դրանց անճշտությունները։
Եթե ընտրական ցուցակներում անճշտությունները վարչական կարգով վիճարկելու հնարավորության սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել ընտրությունների պատշաճ կազմակերպման նկատառումներից ելնելով, ապա այդ անճշտությունները դատական կարգով վիճարկելու հնարավորության սահմանափակումն անընդունելի է, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքին։ Այդ իրավունքի սահմանափակման հնարավորության մասին ՀՀ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 8-րդ կետի եւ 93-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 եւ 39-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 1998թ. նոյեմբերի 13-ին կայացրած որոշմամբ։ Համաձայն այդ իրավական դիրքորոշման՝ «ելնելով միջազգային իրավունքի նորմերից եւ սկզբունքներից, առաջնային համարելով մարդու անօտարելի իրավունքները եւ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի 2-րդ մասը, առանց բացառության, ամրագրում է յուրաքանչյուր մարդու՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունքը, ՀՀ Սահմանադրությունն այդ իրավունքի սահմանափակման հնարավորություն է նախատեսել միայն Սահմանադրության 45 հոդվածի հիմքերով»։ Այս դիրքորոշումը ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ վիճարկվող դրույթն ընդունելիս հաշվի չի առնվել։
14. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի առաջին մասի հիման վրա ուսումնասիրելով իրավակիրառական պրակտիկան՝ սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովի 1999թ. մայիսի 30-ի ընտրությունների ընթացքում ՀՀ առաջին ատյանի դատարաններում բավարարվել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ 8595 հայց, եւ ընտրողների ցուցակներում ընդգրկվել են դատարան դիմած եւ դրա իրավունքն ունեցող բոլոր քաղաքացիները՝ 22157 ընտրող: Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 1999թ. մայիսի 30-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին գործով 1999թ. հունիսի 28-ին կայացրած որոշման մեջ ընտրական ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ արտահայտելով իրավական դիրքորոշում, նշել է, որ «ՀՀ ընտրական օրենսգրքի 14 եւ 40 հոդվածները քաղաքացու ընտրելու սահմանադրական իրավունքի պաշտպանության օրենսդրական երաշխիք են, եւ քաղաքացիներն իրենց իրավունքը վերականգնելու հնարավորություն են ունեցել նաեւ քվեարկության օրը»: Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը եւս օրենսդրի կողմից հաշվի չի առնվել։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 55, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ազգային ժողովի կողմից 1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (Ազգային ժողովի կողմից 2002թ. հուլիսի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրությամբ) 14-րդ հոդվածի 3-րդ կետի «այդ թվում՝ դատարանի վճռով» արտահայտությունն այնքանով, որքանով սահմանափակում է խախտված իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի 2-րդ մասին, դրանով իսկ անհամապատասխանություն առաջացնելով նաեւ ՀՀ Սահմանադրության 1,2,3,4 եւ 27-րդ հոդվածների հետ եւ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավաբանական ուժ չունի:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1 հոկտեմբերի
2002 թվականի
ՍԴՈ - 389