ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան, 13 մարտի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 101 հոդվածի 1-ին կետով եւ 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 25 հոդվածի 1-ին կետով եւ 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1996 թվականի մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ քննության առնելու եւ որոշում կայացնելու Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքած կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագրի բովանդակությունը, ներկայացված տեղեկանքը եւ գործով առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագիրը կնքվել է 1996 թվականի մարտի 4-ին, Վաշինգտոնում։

Կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրի հիման վրա Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկի գումարը կազմում է 40 միլիոն փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար, որը ներկայումս կազմում է մոտ 59 միլիոն ԱՄՆ-ի դոլար։

Վարկը տրամադրված է անտոկոս, 35 տարի ժամկետով՝ 1996-2030 թվականներ, տասը տարի արտոնյալ ժամկետով՝ մարումը սկսելով 2006 թվականից։

Վարկի մարման ժամկետները եւ կարգը նախատեսված են համաձայնագրի 2.07 բաժնում, համաձայն որի 2006-2015 թվականներին, ըստ կիսամյակների, կապահովվի տարեկան վճար՝ տրամադրված վարկի 1,25 տոկոսի չափով, 2015-2030 թվականներին՝ տրամադրված վարկի 2,5 տոկոսի չափով։

Կառուցվածքային բարեփոխումների վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է արդեն իսկ բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար՝ որոշակի պայմաններով, որոնք շարադրված են համաձայնագրի 5 հոդվածում եւ համաձայնագրին կից 1, 2 եւ 3 ժամանակացույցերում։

Համաձայնագրի II եւ III հոդվածներում շարադրված են վարկի գումարների տրման, դրանց մարման հետ կապված պայմանները եւ ժամկետները, ինչպես նաեւ նշված են վարկային պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող հնարավոր տույժերի տեսակները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 եւ 68 հոդվածներով, սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1996 թվականի մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13 մարտի 1996 թվականի
ՍԴՈ-1

print page Տպել էջը