ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 մայիսի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ կնքված ազատ առեւտրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ կնքված ազատ առեւտրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ ստորագրվել է 1995 թվականի հոկտեմբերի 3-ին Աշգաբադում, հայերեն, թուրքմեներեն եւ ռուսերեն, որոնք հավասարազոր են։

Համաձայնագիրն անժամկետ է։ Դրա գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի նախաձեռնությամբ՝ այդ մասին միմյանց տեղյակ պահելով 12 ամիս առաջ։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքմենստանը առեւտրում միմյանց տրամադրում են առավելագույն բարենպաստման ռեժիմ։

Կողմերը պարտավորվում են համաձայնագրի շրջանակներում ներառվող ապրանքներն ուղղակի կամ անուղղակի չհարկել այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք կգերազանցեն ներքին արտադրության կամ երրորդ երկրների ծագում ունեցող համանման ապրանքների համար նախատեսված ներքին հարկերը եւ գանձումները։

Միմյանց ապրանքների արտահանման եւ ներմուծման նկատմամբ չի ներկայացվի որեւէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որը համանման իրադրությունում չի կիրառվի ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած համանման ապրանքների նկատմամբ։

Ըստ համաձայնագրի Կողմերը նշված ռեժիմից բացառություններ կարող են անել համաձայնեցված ապրանքացանկով, որը ձեւակերպվում է որպես համաձայնագրի անբաժանելի մաս։ Դեռեւս նման ապրանքացանկ չի ընդունվել։

Համաձայնագրի 9 հոդվածը Կողմերի կամ երրորդ երկրների համար նախատեսված ապրանքների տարանցման համար նույնպես նախատեսում է առավելագույն բարենպաստման ռեժիմ։ Տարանցման հարցերով նախատեսվում է Կողմերի միջեւ կնքել առանձին համաձայնագիր։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ 1995 թվականի հոկտեմբերի 3-ին Աշգաբադում ստորագրված ազատ առեւտրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 մայիսի 1996 թվականի
ՍԴՈ-10

print page Տպել էջը