ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 15 մայիսի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ հանձնման մասին 1997 թվականի մայիսի 3-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ
Ս. Սարգսյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ հանձնման մասին պայմանագիրն ստորագրվել է 1997 թվականի մայիսի 3-ին՝ Երեւանում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, վրացերեն եւ ռուսերեն, որոնց տեքստերը համազոր են։
Պայմանագիրը կարգավորում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ՝ դատապարտված կամ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձանց հանձնման հետ կապված հարաբերությունները։
Պայմանագրի համաձայն Կողմերը պարտավորվում են սահմանված կարգով միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ պատասխանատվության ենթարկելու կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու համար։
Պայմանագիրը սահմանում է հանձնման հիմքերը, հանձնումից հրաժարվելու պայմանները, Կողմի տարածքում քրեական վարույթի հաստատման կարգը, հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները, հանձնման մասին պահանջի ներկայացման, լրացուցիչ տեղեկություններ պահանջելու եւ տրամադրելու կարգն ու ժամկետները եւ այլ հարցեր։
Պայմանագրի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում դրա ռուսերեն տեքստը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սաhմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ հանձնման մասին 1997 թվականի մայիսի 3-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
15 մայիսի 1998 թվականի
ՍԴՈ - 101