ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ / ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ/ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 26 մայիսի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման միջազգային ընկերակցության միջեւ զարգացման վարկի /Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր/ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մովսիսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի մարտի 12-ին, ըստ որի Զարգացման միջազգային ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը պարտքով տրամադրելու է 10 միլիոն 700 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք /SDR/ գումար՝ գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիրն իրականացնելու նպատակով։ Վարկառուն պետք է ընկերակցությանը վճարի պարտավճար՝ յուրաքանչյուր տարվա համար կես տոկոսը չգերազանցող դրույքաչափով, ինչպես նաեւ սպասարկման վճար, որը տարեկան կազմելու է վարկի հիմնական գումարի սահմանված եւ չմարված մասի երեք քառորդ տոկոսը։ Պարտավճարը եւ սպասարկման վճարը պետք է մուծվեն յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին։ Վարկառուն պետք է վարկի հիմնագումարը հետ վճարի 2008-2032 թթ. ընթացքում՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին։ Այս պայմանները կարող են փոփոխվել ընկերակցության պահանջով՝ ելնելով վարկառուի համախառն ազգային արդյունքի աճի մակարդակից։
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հավելվածներ։Համաձայնագրում սահմանված են ծրագրի իրականացման, վերահսկման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ յուրաքանչյուր փուլում նախատեսված է անկախ հաշվեքննություն։
Գնահատելով միջազգային պայմանագրերի շրջանակներում գյուղատնտեսության բնագավառում վարկային միջոցների օգտագործման ձեւավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ սույն համաձայնագրի իրականացման փուլում ՀՀ կառավարությունն անհրաժեշտ ու բավարար միջոցներ պետք է ձեռնարկի ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի պահանջները հաշվի առնելու, ինչպես նաեւ վարկային միջոցների նպատակային օգտագործումն ապահովելու ուղղությամբ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման միջազգային ընկերակցության միջեւ զարգացման վարկի /Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր/ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26 մայիսի 1998 թվականի
ՍԴՈ - 103