ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 9 հունիսի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 (1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ուսումնասիրությունների եւ մասնագետների հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագրով Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունները ստեղծելու են ուսումնասիրությունների եւ մասնագետների հիմնադրամ՝ 1 միլիոն 800.000 գերմանական մարկ գումարով, որի շրջանակներում ֆինանսավորվելու են մասնագետների գործուղումները, նրանց կողմից իրականացվող ուսումնասիրությունները, մատուցվող խորհրդատվական ծառայությունները, ընդ որում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուղել մասնագետներ, ֆինանսավորել ծրագրերը եւ իրականացվող միջոցառումները, իսկ ՀՀ կառավարությունը՝ օժանդակել գործուղված մասնագետներին, ապահովելով նրանց անձնական եւ գույքային անվտանգությունը:

Գործուղված մասնագետների աշխատանքի դիմաց տրված վարձատրությունը, ըստ համաձայնագրի, ազատվում է հարկերից եւ տուրքերից: Նույնպիսի հարկային արտոնություններ են նախատեսվում նաեւ մասնագետների եւ նրանց ընտանիքների անդամների անձնական օգտագործման գույքի եւ համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում առաքվող ապրանքների նկատմամբ:

Համաձայնագրով նախատեսված են դրույթներ՝ կապված համաձայնագրի գործադրման, ընթացիկ հարցերի լուծման հետ, 10 հոդվածով նախատեսված է նաեւ համաձայնագրի ժամանակավոր կիրառման հնարավորություն՝ ստորագրման պահից, մինչեւ դրա ուժի մեջ մտնելը: Սակայն, ինչպես պարզվեց գործի քննության ընթացքում, ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի դրույթների անխախտելիությունն ապահովելու շարժառիթներից ելնելով, համաձայնագիրն ստորագրման պահից չի կիրառվել:

Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով, որ համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից, եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ուսումնասիրությունների եւ մասնագետների հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ 1995 թվականի մայիսի 25-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

9 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ - 109

print page Տպել էջը