ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 մայիսի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ կնքված առեւտրական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված առեւտրական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը

քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ Մ.Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները եւ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնտեսական եւ միջազգային իրավահարաբերությունների վարչության պետ Հ. Թորոսյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը, ներկայացված տեղեկանքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Առեւտրական համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի կառավարության միջեւ ստորագրվել է 1995 թվականի հունվարի 18-ին Նիկոսիայում։ Կիպրոսի Հանրապետությունը սույն համաձայնագիրը վավերացրել է։

Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջեւ փոխշահավետ առեւտրական հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու, առեւտուրն ընդլայնելու նպատակներ։

Համաձայնագրով կողմերը պարտավորվում են ձեռնարկել համապատասխան միջոցներ ապրանքափոխանակությունը հեշտացնելու համար։ Այդ նպատակով կողմերը պայմանավորվում են ապահովել արտահանման եւ ներմուծման ոլորտներում հարկերի, տուրքերի եւ այլ վճարումների հետ կապված առավել բարենպաստ ռեժիմ, անցկացնել առեւտրական ցուցահանդեսներ եւ տոնավաճառներ, որոնց համար անհրաժեշտ առարկաները, սարքավորումներն ու գործիքներն ազատվում են մաքսատուրքից։

Ստորագրված համաձայնագրի նպատակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 եւ 9 հոդվածների պահանջներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված առեւտրական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 մայիսի 1996 թվականի
ՍԴՈ-11

print page Տպել էջը