ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 16 հունիսի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Գ. Ստամբոլցյանի, հրավիրվածներ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Մ. Թոփուզյանի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Հովհաննիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 եւ 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջեւ տեխնիկական խորհրդատվական համագործակցության հարաբերություններ հաստատելու մասին 1997 թվականի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ստորագրված հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Ստամբոլցյանի բացատրությունները, հրավիրվածներ Մ. Թոփուզյանի եւ Ս. Հովհաննիսյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում։ Համաձայնագրի նպատակն է իրագործել Միավորված ազգերի կազմակերպության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բանաձեւերն ու որոշումները՝ տեխնիկական խորհրդատվական համագործակցության վերաբերյալ։
Սույն համաձայնագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համագործակցելու են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավանություն ստացած խորհրդատվական ծրագրերի շուրջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարտավորվում է տրամադրել խորհրդատուների ծառայություններ, կազմակերպել ուսուցողական ծրագրեր, մասնակցել տարբեր հետազոտությունների նախապատրաստմանն ու իրականացմանը եւ այլն։ Ըստ համաձայնագրի Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է իր հնարավորությունների սահմաններում ձեռնարկել բոլոր միջոցները տեխնիկական խորհրդատվական համագործակցությունն արդյունավետ զարգացնելու համար, մասնավորապես, ֆինանսական աջակցություն ցուցաբերել տեխնիկական խորհրդատվական համագործակցությանը՝ տրամադրելով անհրաժեշտ տարածքներ, սարքավորումներ եւ ծառայություններ, հատուցել ծախսերի այն մասը, որը չի ապահովվի Կազմակերպության կողմից, կիրառել Կազմակերպության, նրա անձնակազմի եւ սեփականության նկատմամբ Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1947 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին կոնվենցիան։
Համաձայնագրով սահմանվում են նաեւ դրա ուժի մեջ մտնելու, այն փոփոխությունների ենթարկելու, համաձայնագրի գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները։
Գնահատելով առողջապահության ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման իրավակիրառական պրակտիկան, եւ հաշվի առնելով, որ այդ պայմանագրերն անմիջականորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առողջապահական պետական նպատակային ծրագրերի հետ, սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 18-ի ՍԴՈ-90 որոշման պահանջներն ամբողջությամբ կատարելու ուղղությամբ։ Գործնականում չեն հաստատվել եւ հրապարակվել բնակչության առողջության պահպանման պետական նպատակային ծրագրեր, եւ այդ հարցն իր ամբողջական լուծումը չի ստացել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.03 1998 թ. N 174 որոշման մեջ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջեւ տեխնիկական խորհրդատվական համագործակցության հարաբերություններ հաստատելու մասին 1997 թվականի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ստորագրված հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ ու բավարար միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ուղղությամբ, մասնավորապես, ապահովել բնակչության առողջության պահպանման՝ օրենքով նախատեսված պետական նպատակային ամենամյա ծրագրերի հաստատումն ու իրականացումը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ - 114