ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 հունիսի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին՝ Մոսկվայում: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրի դրույթների հիման վրա Կողմերի միջեւ մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի տարածքից դուրս զենք կիրառելու կարգ, որի համաձայն զինծառայության պարտականություններ կատարվելիս, որպես ծայրահեղ միջոց, կարող է զենք կիրառվել հետեւյալ դեպքերում.

- ռուսաստանյան ռազմական օբյեկտների, ինչպես նաեւ ռուսաստանյան զորամասերի եւ ստորաբաժանումների տեղակայումների, ռուսաստանյան զորամասերի շենքերի եւ կառույցների, ռուսաստանյան ռազմական շարանների, մեքենաների շարասյուների ու առանձին տրանսպորտային միջոցների եւ պահակակետերի վրա հարձակումը հետ մղելու համար, եթե այլ եղանակներով դրանք պաշտպանել հնարավոր չէ,

- ռուսաստանյան ռազմակայանին պատկանող զենքին, ռազմական տեխնիկային եւ գույքին բռնի ուժով տիրանալու փորձերը կանխելու համար, եթե այլ եղանակներով դրանք պաշտպանել հնարավոր չէ,

- ռուսաստանյան ռազմակայանի կազմի մեջ մտնող անձանց կամ այդ անձանց ընտանիքների անդամների կյանքն ու առողջությունը պաշտպանելու, նրանց վրա սպառնացող հարձակումը կանխելու համար, եթե այլ եղանակներով եւ միջոցներով նրանց պաշտպանել հնարավոր չէ:

Համաձայնագրում նախատեսված են նաեւ զենք կիրառելու այլ դեպքեր, ինչպես նաեւ կիրառման վերոնշյալ կարգը գործադրելու, համաձայնագիրը կիրարկելու առանձին դրույթներ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված

պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ - 115

print page Տպել էջը