ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 29 հունիսի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Միքայելյանի,

հրավիրվածներ՝ «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վ. Ավոյանի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1998 թվականի հունիսի 19-ին Երեւանում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Համայնքային զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Միքայելյանի բացատրությունը, հրավիրված Վ. Ավոյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված զարգացման վարկային համաձայնագրի նպատակն է բարելավել Երեւան քաղաքի ջրամատակարարման համակարգը, բարձրացնել ջրմուղ-կոյուղու ցանցի ծառայությունների արդյունավետությունը, ջրմուղ-կոյուղու ցանցի ծառայությունների ընդհանուր կառավարման համակարգում ստեղծել մասնավոր հատվածի (սեկտորի) կայուն ներգրավման հիմնական համակարգ, մշակել պետական բնակարանային շինարարության քաղաքականություն, այդ թվում՝ նաեւ երկրաշարժից տուժած գոտու համար, որի նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում 22 միլիոն 300.000 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար: Դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունն Ընկերակցությանը կիսամյակը մեկ պետք է վճարի պարտավճար եւ սպասարկման վճար: Միջազգային զարգացման ընկերակցության «Զարգացման վարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառելի ընդհանուր պայմանները», որոնք հաստատված են Ընկերակցության կողմից 1985 թվականի հունվարի 1-ին, համաձայնագրի 1.01 մասի «ա» եւ «բ» ենթակետերում նշված փոփոխություններով հանդերձ, հանդիսանում են համաձայնագրի անբաժան մասը:

Համաձայնագիրն ունի հինգ ժամկետացանկ, որոնցով նախատեսված են վարկային գումարների ծախսման ուղղությունները, տրված են իրականացվելիք ծրագրի նկարագրությունը, ապրանքների ձեռքբերման եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման կարգը:

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված Զարգացման վարկային համաձայնագրի շրջանակներում Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ձեռնարկության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրվել է Ծրագրի համաձայնագիր (Համայնքային զարգացման ծրագիր), որով «Ջրմուղ-կոյուղի» ձեռնարկությունը պարտավորվում է իրականացնել Երեւանի ջրամատակարարման բարելավման եւ դրա հետ կապված ծրագրային այլ միջոցառումներ՝ այն պայմաններով եւ ժամկետում, որոնք նախատեսված են Զարգացման վարկային համաձայնագրի թիվ 2 ժամկետացանկում:

Համաձայնագրով վարկառուն պետք է Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ձեռնարկությանը վերավարկավորի կնքվելիք ենթավարկային համաձայնագրի պայմաններին համապատասխան:

Ընդհանուր առմամբ, ծրագրի կատարումը պետք է ավարտվի 2003 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ վարկի գումարը պետք է մարվի սկսած 2008 թվականի հունիսի 15-ից մինչեւ 2032 թվականի դեկտեմբերի 15-ը՝ կիսամյակային մուծումներով:

Համաձայնագրում նախատեսված են դրույթներ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դադարելու, ծրագրի իրականացման մանրամասների, կատարման վերահսկման վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկային համաձայնագրում (Համայնքային զարգացման ծրագիր) ամրագրված պարտավո-րությունները համապատասխանում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

29 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ - 116

print page Տպել էջը