ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԻՄՅԱՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 30 հունիսի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Բայբուրդյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 (1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի միմյանց տարածքներ այցելելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունները, նիստին հրավիրված Ա. Բայբուրդյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Երեւանում: Համաձայնագրի նպատակը երկու երկրների միջեւ հետագա համագործակցությունը զարգացնելը եւ բարեկամական փոխհարաբերությունները խորացնելն է:
Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնել վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիներին իրավունք տալ առանց մուտքի արտոնագրի մուտք գործել եւ 90 օր գտնվել մյուս Կողմի տարածքում, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկության դիվանագիտական, վարչական, տեխնիկական եւ սպասարկող անձնակազմի անդամներին, Կողմերի տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Կողմերի պաշտոնական ներկայացուցիչներին, միջազգային բանակցություններ վարելու համար գործուղված պաշտոնական պատվիրակությունների անդամներին, իրենց ծառայության ժամկետի ընթացքում, մուտք գործել մյուս Կողմի տարածք: Համաձայնագրով նախատեսված է վերոհիշյալ անձնագրերի նմուշների փոխանակման եւ համաձայնագրի դրույթների կասեցման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի միմյանց տարածքներ այցելելու մասին 1997 թվականի հոկտեմբերի 21-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
30 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ - 117