ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՆՐԱ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 30 հունիսի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ էկոլոգիապես մաքուր ավտոմատացված հատուկ տրանսպորտի եւ նրա ենթակառուցվածքի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Ծանոթանալով գործով զեկուցողներ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Ֆ.Թոխյանի եւ Վ. Սահակյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ էկոլոգիապես մաքուր ավտոմատացված հատուկ տրանսպորտի եւ նրա ենթակառուցվածքի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի մայիսի 3-ին՝ Երեւանում:

Համաձայնագրի նպատակն է զարգացնել տնտեսական, գիտատեխնիկական եւ արդյունաբերական համագործակցությունը երկու երկրների միջեւ:

Ըստ համաձայնագրի, Կողմերը կհամագործակցեն, մասնավորապես, գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների կատարման, փորձնական եւ արդյունաբերական նոր սարքավորումների ստեղծման, շահագործող անձնակազմի ուսուցման եւ որակավորման բարձրացման ուղղությամբ:

Կողմերը պարտավորվում են աջակցել իրենց տարածքներում համատեղ բաժնետիրական ընկերության ստեղծմանը, գիտատեխնիկական եւ տնտեսական տեղեկատվության փոխանակմանը, փոխշահավետ տնտեսական, գիտատեխնիկական եւ արտադրական համագործակցության նպատակային միջպետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Համաձայնագրի կիրառման եւ մեկնաբանման ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Կողմերի միջեւ խորհրդակցությունների եւ բանակցությունների միջոցով:

Համաձայնագիրն ստորագրվել է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, ռուսերեն, վրացերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են։

Տարակարծության դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1997 թվականի մայիսի 3-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ էկոլոգիապես մաքուր ավտոմատացված հատուկ տրանսպորտի եւ նրա ենթակառուցվածքի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

30 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ - 119

print page Տպել էջը