ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 30 հունիսի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետ Ղ. Մեհրաբյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Ծանոթանալով սույն գործով զեկուցողներ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի եւ Վ. Սահակյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ղ. Մեհրաբյանի բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի ապրիլի 21-ին՝ Երեւանում: Համաձայնագրի նպատակն է վերացնել տեխնիկական խոչընդոտները Կողմերի տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում:
Ըստ համաձայնագրի, Կողմերը պարտավորվում են միմյանց անվճար տրամադրել ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վերաբերյալ տեղեկատվություն եւ նորմատիվ փաստաթղթեր, փոխադարձաբար ճանաչել չափման միջոցների
պետական փորձարկումների, տեսակի հաստատման, ստուգաչափման արդյունքները, սերտիֆիկացման միջազգային, տարածաշրջանային եւ ազգային համակարգերում տրված փորձագետի սերտիֆիկատները:
Կողմերը համագործակցելու են կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման, ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշների ստեղծման եւ կատարելագործման, ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման բնագավառում տեղեկատվական գործունեության զարգացման ուղղությամբ:
Կողմերը պարտավորվում են նաեւ աջակցել միմյանց ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման բնագավառում միջազգային կազմակերպություններին, որոնց անդամ է Կողմերից մեկը, անդամագրվելու եւ այդ կազմակերպություններում աշխատանքներ կատարելու գործում, ապահովել ստացվող փաստաթղթերի եւ համաձայնագրի շրջանակներում կատարվող աշխատանքների գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նշում է դրանց գաղտնիությունը։
Համագործակցության ընթացքում ստացած գիտատեխնիկական տեղեկատվությունը կարող է երրորդ պետությանը փոխանցվել միայն այն տրամադրող Կողմի համաձայնությամբ:
Համաձայնագրով սահմանվում է նաեւ դրա դրույթների մեկնաբանման եւ կատարման հետ կապված վիճելի հարցերի լուծման, դրանում փոփոխություններ են լրացումներ կատարելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1997 թվականի ապրիլի 21-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
30 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ - 123