ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 6 հոկտեմբերի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 56 եւ 21(1) հոդվածներով, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գիտելիքների տարածման եւ մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունները, համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Գիտելիքների տարածման եւ մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հունվարի 17-ին՝ Մոսկվայում։

Համաձայնագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրներում ինտեգրացման գործընթացների զարգացմանը, ազգային մշակույթի եւ լուսավորության, ընդհանուր մշակութատեղեկատվական տարածքի պահպանմանը, մեծահասակ բնակչության անընդհատ կրթության եւ գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության իրականացման մեխանիզմների ստեղծմանը։

Համաձայնագիրն ունի հավելված՝ Գիտելիքների տարածման եւ մեծահասակների կրթության ուղղությամբ միջպետական կոմիտեի կանոնակարգը, որում սահմանվում են Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու գործառույթները, նրա կառավարման մարմինների կազմավորման եւ աշխատանքի կազմակերպման, ինչպես նաեւ ֆինանսավորման սկզբունքները։

Ըստ համաձայնագրի, Կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում ստեղծել բարենպաստ պայմաններ՝ գիտության, տեխնիկայի, մշակույթի եւ կրթության բնագավառում արդի նվաճումների տարածմանը, անհատի մտավոր ներուժի զարգացմանը նվիրված ծրագրերի մշակման համար:

Համաձայնագիրն ստորագրման պահից ուժի մեջ մտնելու դրույթի առումով Հայաստանի Հանրապետությունը հայտնում է հատուկ կարծիք, ըստ որի Հայաստանի Հանրապետության համար այն իրավական ուժ է ստանալու անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ավանդապահին երրորդ ծանուցումը հանձնելու օրվանից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Գիտելիքների տարածման եւ մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 հոկտեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 126

print page Տպել էջը