ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17- ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 6 հոկտեմբերի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածքի կազմավորման ուղղությամբ համագործակցման մասին 1997 թվականի հունվարի 17- ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրը կնքվել է կրթության բնագավառում մասնակից պետությունների միջեւ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու, միասնական կրթական տարածք կազմավորելու նպատակով:
Համաձայնագրի Կողմերը պայմանավորվել են համակարգել կրթական, գիտական եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման եւ նրանց որակավորման աշխատանքները, սահմանել համատեղ նախագծերի իրականացման մեխանիզմներ եւ ֆինանսատնտեսական չափանիշներ, ապահովել այդ բնագավառներում տեղեկատվության ազատ փոխանակում, մշակել անհրաժեշտ իրավական հիմք՝ կրթության, գիտական աստիճանների եւ կոչումների մասին փաստաթղթերի համարժեքության փոխադարձ ճանաչման պահանջների սահմանման հարցերի ուղղությամբ:
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է կազմում Կրթության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցման խորհրդի կանոնակարգը, որով կարգավորվում են խորհրդի կազմավորման, գործառույթների իրականացման եւ ֆինանսավորման կարգն ու պայմանները:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված Կրթության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցման խորհրդի նիստ անցկացնելու, ինչպես նաեւ այդ խորհրդի անդամների գործուղման ծախսերի հատուցման հետ:
Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դադարելու վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից, հիմք ընդունելով ներկայացված համաձայնագրի բնօրինակը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հատուկ կարծիքը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Անկախ պետությունների համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածքի կազմավորման ուղղությամբ համագործակցման մասին 1997 թվականի հունվարի 17- ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
6 հոկտեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 128