1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 27 օգոստոսի 1996թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Ալեքսանյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականի մարտի 25-ին Երեւանում։ Պայմանագրի նպատակն է կողմերի միջեւ համագործակցության զարգացումը, քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական օգնության ձեւերի կատարելագործումն ու խորացումը։
Պայմանագրով կարգավորվում է հարցերի լայն շրջանակ՝ կապված մի պայմանավորվող կողմի տարածքում մյուս պայմանավորվող կողմի քաղաքացիների անձնական եւ գույքային իրավունքների իրավական պաշտպանության, քաղաքացիական եւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու պայմանների, կողմերի արդարադատության հիմնարկների՝ միմյանց հետ հաղորդակցման եղանակի, միջազգային մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման, հանցագործների հանձնման, քրեական գործի վարույթի եւ դատապարտված անձանց փոխանցման, պատժի կատարման եւ այլնի հետ։
Պայմանագիրը ենթակա է վավերացման եւ ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից սկսած երեսուներորդ օրը։
Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Սահմանված է դրա գործողությունը դադարեցնելու կարգը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1996 թվականի մարտի 25-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
27 օգոստոսի 1996 թվականի
ՍԴՈ-13