ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 հոկտեմբերի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունգարիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի փոխայցելությունների կարգի մասին 1998 թվականի մարտի 24-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի մարտի 24-ին՝ Երեւանում: Համաձայնագրի նպատակը բարեկամական հարաբերությունների խորացումն է, տնտեսական, առեւտրական, գիտատեխնիկական, մշակութային բնագավառներում համագործակցությունը, ինչպես նաեւ դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների փոխադարձ այցելությունները կարգավորելու անհրաժեշտությունը: Համաձայնագրով կարգավորված են դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրերի մյուս Կողմի տարածքում գտնվելու, ինչպես նաեւ մուտքի ու ելքի հետ առնչվող հարցերը:

Համաձայնագիրը Կողմերին իրավունք է տվել անվտանգության նկատառումներով լրիվ կամ մասնակիորեն կասեցնել համաձայնագիրը կամ դրա առանձին դրույթներ, փոխանակել անձնագրերի նմուշներ: Համաձայնագրով սահմանվում է նաեւ անձնագրերի կամ այլ փաստաթղթերի կորստյան դեպքում նորերի տրման կարգը եւ այլն:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունգարիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի փոխայցելությունների կարգի մասին 1998 թվականի մարտի 24-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 հոկտեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 134

print page Տպել էջը