ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 3 նոյեմբերի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Տրանսպորտային սակագների որոշման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին 1997 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ծանոթանալով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությանը, ուսումնասիրելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր տնտեսական տարածքի տրանսպորտային ապահովումը, նրանց հետ տրանսպորտային սակագների բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարումը:
Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են մշակել համապատասխան նորմատիվ-իրավական հիմք, որը հնարավորություն կտա իրականացնել բեռների փոխադրման պայմանների հեշտացմանն ուղղված մաքսային քաղաքականություն, միջոցներ ձեռնարկել գնագոյացման բնագավառում ազգային օրենսդրական ակտերի ներդաշնակեցման ուղղությամբ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական արարողությունների կատարման մասին ավանդապահին երրորդ ծանուցումը հանձնելու օրվանից:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Տրանսպորտային սակագների որոշման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին 1997 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
3 նոյեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 136