ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 17 նոյեմբերի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 56 եւ 21(1) հոդվածներով,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հունիսի 16-ին՝ Աթենքում:
Համաձայնագրի նպատակներն են երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունների զարգացումը եւ հետագա համագործակցության իրականացումը։
Համաձայնագրով սահմանվում են Կողմերի դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների, դիվանագիտական ներկայացուցչության եւ հյուպատոսական հիմնարկների անդամների՝ միմյանց տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կարգը եւ պայմանները։
Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն, խորվաթերեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Որեւէ անհամաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
17 նոյեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 139