ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 17 նոյեմբերի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 56 եւ 21(1) հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին 1998 թվականի հուլիսի 27-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Սանդոյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագրի նպատակն է նպաստել Կողմերի տնտեսական եւ սոցիալական առաջընթացին։

Համաձայնագրում նախատեսվում են Կողմերի միջեւ տեխնիկական համագործակցության հիմնական պայմանները։ Ըստ համաձայնագրի, Կողմերը կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր տեխնիկական համագործակցության առանձին նախագծերի վերաբերյալ։

Համաձայնագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն ստանձնում է որոշակի պարտավորություններ՝ կապված գործուղված մասնագետների աշխատանքի վարձատրության, մասնագետների ու նրանց ընտանիքների անդամների տեղավորման, Հայաստանի տարածքում ու արտերկրում՝ մասնագետների գործուղման, հայ մասնագետների վերապատրաստման միջոցառումների ծախսերի կատարման հետ։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես ստանձնում է որոշակի պարտավորություններ՝ նախագծերի իրականացման ուղղությամբ, մասնավորապես, պարտավորվում է հանրապետությունում իրականացվող նախագծերին տրամադրել անհրաժեշտ հողամասեր եւ շինություններ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ նախագծերի իրականացման նպատակով ներկրվող նյութերն ազատել ներմուծման, արտահանման եւ այլ պետական վճարումներից, ճանաչել սույն համաձայնագրի շրջանակներում վերապատրաստման կամ կատարելագործման միջոցառումներին մասնակցելուց հետո հայ մասնագետներին տրված ավարտական վկայականները։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է գործուղված մասնագետների եւ նրանց ընտանիքների անդամների անձի եւ ունեցվածքի պաշտպանությունը։

Համաձայնագիրը բովանդակում է նաեւ դրույթներ դրա ուժի մեջ մտնելու կարգի եւ գործողության ժամկետների վերաբերյալ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին 1998 թվականի հուլիսի 27-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17 նոյեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 141

print page Տպել էջը