ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍԵՐԱԽՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 17 նոյեմբերի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Ադրբեջանական Հանրապետության, Վրաստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ երկաթուղային տրանսպորտի գործունեության համակարգման մասին 1996 թվականի մայիսի 13-ին Սերախսում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականի մայիսի 13-ին Սերախսում՝ երկաթուղային տրանսպորտի բնագավառում Կողմերի համաձայնեցված գործունեության նպատակով: Այն բաց է այլ պետությունների միացման համար, որոնց տրանսպորտային ցանցն ունի տեխնոլոգիական ընդհանուր կապ։

Պայմանագրով Կողմերը պարտավորվել են համակարգել երկաթուղային տրանսպորտի բնագավառում կատարվող աշխատանքները, վարել համակարգված սակագնային քաղաքականություն, նպաստել ուղիղ տնտեսական կապերի հաստատմանը, իրականացնել համաձայնեցված սոցիալական քաղաքականություն եւ այլն:

Սույն պայմանագրում սահմանված է նաեւ դրա ուժի մեջ մտնելու, տեւողության, գործողության դադարեցման եւ պայմանագրին միանալու կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ադրբեջանական Հանրապետության, Վրաստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ երկաթուղային տրանսպորտի գործունեության համակարգման մասին 1996 թվականի մայիսի 13-ին Սերախսում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17 նոյեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 142

print page Տպել էջը