ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽԱՐՏԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 նոյեմբերի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Բայբուրդյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը:

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Բայբուրդյանի բացատրությունները, հետազոտելով քննության առարկա միջազգային պայմանագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիան ստորագրվել է 1998 թվականի հունիսի 5-ին Յալթա քաղաքում՝ Համագործակցության հիմնադիր անդամ պետությունների կողմից:

Խարտիայով անդամ պետությունները հիմնում են տարածաշրջանային տնտեսական համագործակցության կազմակերպություն, պայմանավորվում համագործակցության սկզբունքների եւ ոլորտների, կազմակերպության հիմնական ու օժանդակ մարմինների ձեւավորման եւ գործունեության կազմակերպման շուրջ:

Արտաքին գործերի նախարարների խորհուրդը Սեւծովյան տնտեսական համագործակցության հիմնական, մշտական որոշումներ կայացնող մարմինն է, որի նիստերն իրավազոր են անդամ պետությունների երկու երրորդի մասնակցության դեպքում, իսկ որոշումների ընդունման կարգը սահմանվում է նույն խորհրդի կողմից ընդունվող կանոնակարգով:

Կազմակերպությունը նախագահողը, որը փոխվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, համակարգում է Համագործակցության ամբողջ գործունեությունը, հետեւում ընդունվող արձանագրությունների եւ որոշումների իրականացմանը:

Անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին ներկայացնում եւ նրանց անունից գործում է Ավագ պաշտոնյաների կոմիտեն, որը վերահսկում է օժանդակ մարմինների գործունեությունը, հետեւում Խորհրդի որոշումների իրականացմանը, Խորհրդին ներկայացնում կազմակերպության տարեկան բյուջեն, կազմակերպում բյուջեի հաշվեքննությունը:

Համագործակցության գործավարությունն իրականցնում է Մշտական միջազգային քարտուղարությունը:

Կազմակերպության բյուջեն կազմված է Խորհրդի անդամ պետությունների կողմից կատարված մուծումներից: Կազմակերպությունն ունի իրավաբանական անձի կարգավիճակ:

Խարտիայով սահմանվում է Կազմակերպությանն անդամակցելու եւ անդամակցության դադարեցման կարգը:

Խարտիան չի կարող ընդունվել որեւէ վերապահումով :

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 նոյեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 143

print page Տպել էջը