1982 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ XI ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 1 դեկտեմբերի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1982 թվականի դեկտեմբերի 10-ի Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայում եւ Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայի XI մասի կիրառման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, կոնվենցիան, համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիան կնքվել է 1982 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ծովային իրավունքին առնչվող բոլոր խնդիրները փոխըմբռնման եւ համագործակցության ոգով կարգավորելու նպատակով: Սույն կոնվենցիան սահմանում է ծովերի եւ օվկիանոսների այնպիսի իրավական կարգավիճակ, որը մեծապես կնպաստի միջազգային հաղորդակցությանը, ծովերի եւ օվկիանոսների խաղաղ նպատակներով օգտագործմանը, դրանց ռեսուրսների արդյունավետ ու արդարացի օգտագործմանը, կենդանական ու բուսական ռեսուրսների պահպանմանը եւ ծովային միջավայրի հետազոտմանը:
Կոնվենցիան սահմանում է տարածքային ծովի, բացառիկ տնտեսական գոտու, մայրցամաքային ելուստի, Ծովային շրջանի իրավական կարգավիճակը, Ծովային ընդերքի Միջազգային մարմնի ստեղծումը եւ այլ հարցեր:
Սույն կոնվենցիան հատուկ կարգավորում է նաþ ծովային ելք չունեցող պետությունների իրավունքները, մասնավորապես՝ դեպի ծով ելք ունենալու þ ծովից դուրս գալու հարցերը:
Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն են կազմում 9 հավելվածները:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1994 թվականի նոյեմբերի 16-ին: 1998 թվականի հուլիսի 9-ի դրությամբ այն վավերացրել (միացել) է 127 պետություն:
1982 թվականի դեկտեմբերի 10-ի Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայի XI մասի կիրառման վերաբերյալ համաձայնագիրն ընդունվել է 1994 թվականի հուլիսի 28-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 101-րդ նստաշրջանում:
Սույն համաձայնագրով անդամ պետությունները պարտավորվում են կիրառել կոնվենցիայի XI մասը: Համաձայնագրի եւ կոնվենցիայի XI մասի դրույթները կիրառվում եւ մեկնաբանվում են որպես մեկ միասնական փաստաթուղթ:
Համաձայնագիրը բաղկացած է 1 հավելվածից, որն իր հերթին կազմված է 9 բաժիններից: 1998 թվականի հուլիսի 9-ի տվյալներով սույն համաձայնագիրն ստորագրել է 79 երկիր, վավերացրել (միացել) է 91 երկիր:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1982 թվականի դեկտեմբերի 10-ի Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայում եւ Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայի XI մասի կիրառման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1 դեկտեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 144