ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ 1987 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 18 դեկտեմբերի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Գ. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Օզոնային շերտի պահպանության մասին 1985 թվականի մարտի 22-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայում եւ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին 1987 թվականի սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Վարդանյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ արձանագրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Կոնվենցիան ստորագրվել է 1985 թվականի մարտի 22-ին՝ Վիեննայում, իսկ արձանագրությունը՝ 1987 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Մոնրեալում:
Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին արձանագրությունը մշակված է Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում: Կոնվենցիան եւ արձանագրությունն ունեն հավելվածներ, որոնք դրանց անբաժանելի մասն են կազմում:
Կոնվենցիայի նպատակն է ապահովել մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանությունն օզոնային շերտի քիմիական եւ ֆիզիկական փոփոխության հետեւանքներից: Կողմերը պարտավորվում են անմիջականորեն կամ իրավասու կազմակերպությունների միջոցով անցկացնել համապատասխան հետազոտություններ ու գիտական գնահատումներ, աջակցել գիտատեխնիկական, սոցիալ-տնտեսական, առեւտրական եւ իրավական տեղեկատվության փոխանակմանը եւ այլն:
Արձանագրությամբ զարգացող երկրների համար սահմանված է հատուկ վիճակ, մասնավորապես, էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային նյութերի եւ տեխնոլոգիաների ձեռքբերման հարցում եւ այլն:
Կոնվենցիան եւ արձանագրությունը բաց են այլ պետությունների կողմից միանալու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Օզոնային շերտի պահպանության մասին 1985 թվականի մարտի 22-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայում եւ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին 1987 թվականի սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
18 դեկտեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 145