ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՀԱՄԱՅՆՔԻ (ՎԱՐԿԱՏՈՒ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՎԱՐԿԱՌՈՒ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՎԱՐԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԱԿԱԼ) ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 19 դեկտեմբերի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոհամայնքի միջեւ 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված փոխըմբռնման հուշագրում եւ Եվրոհամայնքի (վարկատու) եւ Հայաստանի Հանրապետության (վարկառու), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (վարկառուի գործակալ) միջեւ 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը:
Գործերի քննության առիթ են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումները:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի 45 եւ 65 հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանը որոշեց միավորել եւ դատարանի նույն նիստում քննել նշված երկու միջազգային պայմանագրերի վերաբերյալ գործերը:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունը, հետազոտելով փոխըմբռնման հուշագիրը, համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա վարկային համաձայնագրով վարկատուն՝ Եվրոհամայնքը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 28 մլն էքյու ընդհանուր գումար կազմող վարկ:
Համաձայնագրով սահմանվում են վարկի զուտ հասույթը, վճարման գործընթացը եւ նախնական պայմանները, կարգավիճակը, վարկի դիմաց վճարվելիք տոկոսադրույքները եւ մարման կարգը: Վարկի մարումն սկսվելու է համապատասխան վճարման օրվանից տասը տարի հետո եւ ավարտվելու է տասնհինգերորդ տարում: Վարկի մարումն ուշացնելու դեպքում համաձայնագրով նախատեսվում է նաեւ տոկոսների վճարում: Հայաստանի Հանրապետությունը, որպես վարկառու, պարտավորվում է վճարել բոլոր այն հիմնավորված ծախսերը, որոնք կրում է վարկատուն՝ վարկի նախապատրաստման եւ տրամադրման գործընթացում: Համաձայնագիրը դրույթներ է պարունակում նաեւ էքյուի համարժեքների հաշվարկման, պարտազանցության եւ վարկի վաղաժամկետ մարման վերաբերյալ:
Համաձայնագրի հետ միաժամանակ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սահմանվում են վարկի տրամադրման պայմանները: Համաձայն հուշագրի, որպես Եվրոհամայնքի բացառիկ ֆինանսական օգնության նախապայման՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ամբողջովին մարել Եվրոհամայնքի նկատմամբ իր ունեցած բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությանը Եվրոհամայնքի կողմից տրամադրվելիք բացառիկ ֆինանսական օգնությունը, բացի վարկային համաձայնագրով տրամադրվող վարկից, ներառում է նաեւ մինչեւ 30 մլն էքյու դրամաշնորհ: Վարկի միջոցների առհանումը կկատարվի մեկ մասնաբաժնով, իսկ դրամաշնորհը կտրամադրվի հինգ հաջորդական տարեկան մասնաբաժիններով: Մինչեւ դրամաշնորհի երկրորդ մասնաբաժնի հատկացումը, կուսումնասիրվի կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցած առաջընթացը՝ հաշվի առնելով էներգետիկ սեկտորի ֆինանսական առողջացումը, սեփականաշնորհման գործընթացի հետագա բարելավումը, արժեթղթերի եւ կապիտալի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի ստեղծումը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է նաեւ երկրի տնտեսական եւ ֆինանսական վիճակի ուսումնասիրման նպատակով Եվրոհամայնքին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Հուշագրի մասը կազմող հավելվածում նշված են այն ցուցանիշները, որոնց մասին տրամադրվելու է անհրաժեշտ տեղեկատվությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական
դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Եվրոհամայնքի միջեւ 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Եվրոհամայնքի (վարկատու) եւ Հայաստանի Հանրապետության (վարկառու), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (վարկառուի գործակալ) միջեւ 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 դեկտեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 148