ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 26 դեկտեմբերի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1998 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների երրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Սանդոյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 46.200.000 փոխատվության հատուկ իրավունքներին համարժեք տարբեր արժույթներով գումար՝ հանրապետությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու նպատակով, որոնք մինչեւ 2000 թվականը կոչված են ապահովելու մակրոտնտեսական կայուն քաղաքականություն՝ զուգորդելով այն արդեն ձեռնարկված լայնածավալ համակարգային բարեփոխումների հետագա խորացման հետ, ինչպես նաեւ ապահովել ֆինանսական կարգապահության բարելավումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ոռոգումը եւ ջրամատակարարումը: Առանձնակի կարեւորվում են նաեւ հաշվապահական հաշվառման եւ հաշվեքննության կատարելագործմանը, ինչպես նաեւ պետական ծառայության, սոցիալական ապահովության, սոցիալական ապահովագրության, առողջապահության եւ կրթության բնագավառների զարգացմանն ուղղված ծախսերի ֆինանսավորման խնդիրները:
Համաձայնագրով նախատեսված են վարկային միջոցների փուլային ծախսման հստակ պայմաններ, որոնք ուղղակիորեն պետք է բխեն Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ համաձայնեցված զարգացման քաղաքականության ծրագրից: Ընդ որում, ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, ինչպես նաեւ վարկային միջոցներից ֆինանսավորման ոչ ենթակա ուղղությունները նախատեսված են համաձայնագրին կից ժամանակացույցերում:
Համաձայնագրում նախատեսված են նաեւ որոշակի փոփոխություններ Միջազգային զարգացման ընկերակցության կողմից 1985 թվականի հունվարի 1-ին հաստատված եւ համաձայնագրի անքակտելի մասը կազմող «Զարգացման վարկի համաձայնագրերի վրա տարածվող ընդհանուր պայմաններում»:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը Միջազգային զարգացման ընկերակցությանը պետք է վճարի կատարման եւ սպասարկման վճարներ՝ այն չափով ու պայմաններով, որոնք նախատեսված են համաձայնագրի 2.04 եւ 2.05 բաժիններում: Վարկը ենթակա է վերադարձման կիսամյակային մուծումներով՝ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին եւ սեպտեմբերի 1-ին՝ սկսած 2009 թվականի մարտի 1-ից մինչեւ 2033 թվականի սեպտեմբերի 1-ը:
Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ վարկային միջոցների արդյունավետ ծախսումներն ապահովելու, ֆինանսավորումը դադարեցնելու դեպքերի, ինչպես նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով կառուցվածքային բարեփոխումների վարկային նախորդ պայմանագրերի կատարման ձեւավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաեւ պարզեց, որ 1996 թվականից ի վեր Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությունում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել են թվով երկու վարկեր՝ 83.5 մլն փոխատվության հատուկ իրավունքներին համարժեք տարբեր արժույթներով գումար կամ մոտ 120 մլն ԱՄՆ-ի դոլար, որը, ըստ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկանքի, ուղղվել է էներգետիկ համակարգի վերականգնման, սեփականության ոչ պետական հատվածի զարգացման, սոցիալական ապահովության եւ այլ բնագավառների հիմնախնդիրների լուծմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1998 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների երրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26 դեկտեմբերի 1998 թվականի
ՍԴՈ - 149