ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 1999-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հունվարի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Մ. Միքայելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության կողմից 1999-2000 թվականներին Հայաստանի Հանրապետությանը պետական վարկի տրամադրման մասին 1998 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Միքայելյանի բացատրությունը, ուսումնասիրելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխշահավետ երկարատեւ համագործակցության նպատակով:

Ըստ համաձայնագրի, Ռուսական կողմը Հայկական կողմին տրամադրում է պետական վարկ՝ մինչեւ 20,57 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով:

Վարկն իրացվում է Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վճարման միջոցով:

Ըստ համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի, վարկը տրամադրվում է Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար:

Համաձայնագրի հավելվածով նախատեսված միջուկային վառելիքի մատակարարման վճարումը՝ 13,1 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով կատարվում է 1999 թվականին, իսկ վարկի մնացած մասը՝ 7,47 մլն ԱՄՆ-ի դոլարի ծավալով, տրամադրվում է 2000 թվականի ընթացքում:

Վարկի օգտագործված գումարները Հայկական կողմը մարում է 2003-2008 թվականների ընթացքում՝ ամեն եռամսյակ հավասար մասնաբաժիններով:

Համաձայնագիրը բովանդակում է նաեւ դրույթներ՝ վճարումների կատարման կոնկրետ ժամկետների եւ կարգի, վարկի մարման ժամկետների խախտման հետեւանքների, վարկի սպասարկման համար լիազորված բանկերի, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության կողմից 1999-2000 թվականներին Հայաստանի Հանրապետությանը պետական վարկի տրամադրման մասին 1998 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հունվարի 1999 թվականի
ՍԴՈ - 151

print page Տպել էջը