ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 7 մայիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքում գործող անդրազգային կորպորացիաներում սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Եգանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Բիշկեկում: Համաձայնագրի նպատակն է քաղաքացիների սոցիալական պաշտպանության ապահովումը, նրանց աշխատանքի պահպանության եւ պայմանների բարելավման բնագավառում համագործակցության զարգացումը եւ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում գործող անդրազգային կորպորացիաներում սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմի ստեղծումը:
Ըստ համաձայնագրի, Կողմերը պարտավորվում են անդրազգային կորպորացիաներում ապահովել սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորումը միջպետական եւ միջկառավարական համաձայնագրերի, կորպորացիայի մասնակից ձեռնարկությունների եւ կազմակերպությունների տեղակայման վայրի պետությունների օրենսդրության, ինչպես նաեւ այդ ձեռնարկություններում եւ կազմակերպություններում կնքվող կոլեկտիվ պայմանագրերի հիման վրա:
Կորպորացիայի բարձրագույն կամ նրա կողմից լիազորված գործադիր մարմնի եւ աշխատողների ներկայացուցչական մարմնի միջեւ բանակցությունները անցկացվում են այն պետության ազգային օրենսդրության նորմերին համապատասխան, որի տարածքում գտնվում է կորպորացիայի բարձրագույն մարմինը:
Համաձայնագիրը բաց է այլ պետությունների համար, որոնք բաժանում են դրա նպատակները եւ սկզբունքները:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, »Սահմանադրական դատարանի մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքում գործող անդրազգային կորպորացիաներում սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման մասին 1997 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշկեկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 մայիսի 1999 թվականի
ՍԴՈ - 155