ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ 1984 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 29 օգոստոսի 1996 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի, մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Շ. Պետրոսյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում քննեց «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի փոփոխմանը վերաբերող արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի փոփոխմանը վերաբերող 1984 թվականի մայիսի 10-ին Մոնրեալում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը, ներկայացված տեղեկանքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Միջազգային քաղաքացիական ավիացիայի մայիսին 1944 թվականի Չիկագոյի կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994 թվականի մարտի 29-ին։

Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի փոփոխմանը վերաբերող արձանագրությունն ստորագրվել է 1984 թվականի մայիսի 10-ին Մոնրեալում։ Ըստ ներկայացված տեղեկանքի 1994 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել էր 76 պետությունների կողմից։

Արձանագրությամբ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի Չիկագոյի կոնվենցիայի տեքստում ավելացվել է նոր՝ 3 bis հոդված, որում ամրագրված նորմերն ապահովում են քաղաքացիական օդանավերի օդագնացության եւ օդանավերում գտնվող անձանց կյանքի անվտանգությունը, ամրագրում քաղաքացիական օդանավերի դեմ թռիչքի ընթացքում զենք չօգտագործելու սկզբունքը։ Միեւնույն ժամանակ հոդվածում ամրագրված են նորմեր, որոնց նպատակն է կանխել քաղաքացիական օդանավերի օգտագործումը կոնվենցիայի հետ անհամատեղելի նպատակներով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաս-տանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1984 թվականի մայիսի 10-ին Մոնրեալում ստորագրված՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի փոփոխմանը վերաբերող արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 օգոստոսի 1996 թվականի
ՍԴՈ-16

print page Տպել էջը