ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 56 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 22 հունիսի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արամ Հարությունյանի, նրա պաշտոնական ներկայացուցիչներ Մ. Գինոսյանի, Ռ. Սաֆարյանի, պատասխանող կողմի՝ Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանի, քարտուղար Հ. Կոստանյանի, անդամ Գ. Գեւորգյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով եւ 101 հոդվածի 3 կետով, «Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 21 հոդվածով, 25 հոդվածի 3 կետով եւ 57 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալե գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ա. Հարությունյանի՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումն է։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 1999 թվականի հունիսի 15-ի նիստում քննարկելով պատգամավորության թեկնածու Ա. Հարությունյանի դիմումը, աշխատակարգային որոշումով գործն ընդունել է քննության, իսկ «Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 եւ 57 հոդվածներին համապատասխան որպես պատասխանող կողմ է ներգրավվել Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովը։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաեւ հետազոտելով դիմումը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունն անցկացվել է 1999 թվականի մայիսի 30-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68 հոդվածում նախատեսված ժամկետում, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31, 36 եւ 37 հոդվածներին համապատասխան ստեղծվել են Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովը եւ տեղամասային ընտրական հանձնաժողովները, իսկ 98 հոդվածին համապատասխան ձեւավորվել է Կոտայքի մարզի թիվ 56 ընտրատարածքը, որն ընդգրկել է 20 ընտրական տեղամաս։

ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածում նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրության օրը թիվ 56 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկներում ընդգրկված են եղել մարզային ընտրական հանձնաժողովի գրանցած՝ Ազգային ժողովի պատգամավորության 11 թեկնածուներ։ Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությանը համապատասխան ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է 17128 ընտրող։ Թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 15626, որը բաշխվել է հետեւյալ կերպ՝ Գ. Ազիզյան՝ 1044, Ռ. Ավետիսյան՝ 522, Ս. Ավետիսյան՝ 708, Վ. Բաղդասարյան՝ 105, Ա. Դանիելյան՝ 1292, Վ. Թանգամյան՝ 619, Ա. Հարությունյան՝ 3721, Գ. Մարգարյան՝ 583, Ա. Մկրտչյան՝ 2094, Վ. Նիկողոսյան՝ 1196, Ա. Սիմոնյան՝ 3757։

Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովը 1999 թ. հունիսի 3-ի որոշումով թիվ 56 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրված պատգամավոր է համարել առավելագույն կողմ ձայներ ստացած Աղասի Սիմոնյանին։

2. Ըստ դիմող կողմի, թիվ 56 ընտրատարածքում մարզային ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն ամփոփելիս խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 116 եւ 62 հոդվածների պահանջները եւ հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ, մասնավորապես, թիվ 56 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովները չեն կազմել անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունները (ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 4-րդ կետ). թիվ 56 ընտրատարածքի միայն 4 տեղամասերի (1054, 1057, 1055, 1060) ամփոփիչ արձանագրությունների հիման վրա հաշվարկված անճշտությունների չափը 137 է, այնինչ, մարզային ընտրական հանձնաժողովն ամփոփիչ արձանագրությունում անճշտությունների չափը նշում է զրո։ Ըստ դիմողի՝ մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության հիման վրա հաշվարկված անճշտությունների թիվը կազմում է 2051։ Ուստի, նրա կարծիքով, քանի որ առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ձայների միջեւ տարբերությունը կազմել է 36, ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի համաձայն ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր։ Դիմողը նշում է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք այլ խախտումներ, որոնք քննության են առնվել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում։

3. Պատասխանող կողմն առարկություններ է ներկայացրել այն մասին, որ թիվ 56 ընտրատարածքի 1054, 1055, 1057 եւ 1060 ընտրական տեղամասերում հաշվարկված անճշտությունների չափը կազմում է 24։ Եվ գտնում է, որ թիվ 56 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրված համարելու վերաբերյալ Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թ. հունիսի 3-ի որոշումը հիմնավորված է։ Միաժամանակ պատասխանող կողմը հերքում է դիմողի կողմից նշված մյուս խախտումները։

4. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, դիմումատուի հայցի կապակցությամբ, 1999 թ. հունիսի 3-ի վճռով հաստատված է համարել, որ 1054 ընտրական տեղամասում ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների հետեւանքով հանձնաժողովը չի կարողացել կնքել բոլոր քվեաթերթիկները, ընտրություններն այդ ընտրական տեղամասում սկսվել են 20-30 րոպե ուշացումով, իսկ ժամը 12.00-13.00-ի սահմաններում խախտվել է հանձնաժողովի բնականոն աշխատանքը, տեղամասային կենտրոնից դուրս են բերվել 59 համամասնական եւ 59 մեծամասնական քվեաթերթիկներ, որի հետեւանքով շուրջ 30-40 րոպե ընտրական տեղամասի աշխատանքները դադարեցվել են, ընտրողների ցուցակների անճշտությունների հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են ընտրական իրավունքից, միաժամանակ դատարանը որոշել է 1054 ընտրական տեղամասի ամփոփիչ արձանագրությունը թողնել անփոփոխ։

Այդ տեղամասում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ արձանագրության տվյալներով անճշտությունների թիվը կազմում է 54։

5. Սահմանադրական դատարանը գործի նախապատրաստման ընթացքում պահանջել է լրացուցիչ փաստաթղթեր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից եւ ուսումնասիրել դրանք։

6. Դիմումատուի կողմից Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության տվյալների հիման վրա անճշտությունների չափի որոշելը չի կարող հիմնավոր լինել, քանզի

մարզային ընտրական հանձնաժողովն անճշտությունների չափը որոշում է ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների։

Ըստ Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացրած թիվ 56 ընտրատարածքում անճշտությունների չափի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների, անճշտությունների ընդհանուր չափը թիվ 56 ընտրատարածքում կազմում է 95. 1052-0, 1053-13, 1054-54, 1055-1, 1056-0, 1057-7, 1058-10, 1059-0, 1060-1, 1061-0, 1062-1, 1063-0, 1064-0, 1065-0, 1066-0, 1067-6, 1068-0, 1069-0, 1070-2։ Սա այն դեպքում, երբ թիվ 1063, 1057, 1606 տեղամասերի՝ անճշտությունների վերաբերյալ արձանագրություններում անճշտությունների չափը նշված է 0, իսկ նույն արձանագրություններում առկա տվյալներով, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 4-րդ կետի կատարած հաշվարկի, դրանք համապատասխանաբար կազմում են 257, 307, 198։

Հիմնավոր չէ Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի այն պարզաբանումը, որ թիվ 1054 տեղամասում մարված քվեաթերթիկների թիվը պետք է համարել 679, իսկ հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը՝ 1840, քանզի դատարանի վերոհիշյալ վճռում նշվում է, որ թիվ 1054 տեղամասի ընտրական հանձնաժողովի կողմից կազմված թիվ 7 ամփոփիչ արձանագրության թվային տվյալները փոփոխման ենթակա չեն։

Սակայն, եթե անգամ հիմք ընդունվեն պատասխանող կողմի պարզաբանումներում բերված այն պնդումները, որ միայն թիվ 1054, 1055, 1057 եւ 1060 ընտրական տեղամասերում հաշվարկված անճշտությունների ընդհանուր չափը 24 է, ապա դրան ավելացնելով մյուս տեղամասերի՝ պատասխանող կողմի ներկայացրած արձանագրությունների (մասնավորապես, 1053, 1058, 1062, 1067, 1070) հիման վրա որոշված անճշտությունները (32), ընդհանուր գումարը կազմում է 56, այն դեպքում, երբ տվյալ ընտրատարածքում ըստ մարզային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության՝ առաջին եւ երկրորդ տեղերը գրաված թեկնածուների ձայների տարբերությունը 36 է։ ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի համաձայն նման իրավիճակը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի մայիսի 30-ի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում պատգամավորի ընտրությունը ճանաչել անվավեր։

2. Սույն գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ - 161

print page Տպել էջը