ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 23 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Գալուստյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 եւ 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման փոխառության համաձայնագրում (էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգի ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի ապրիլի 9-ին՝ Վաշինգտոնում:
Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգի ծրագրի իրականացմանը:
Ըստ համաձայնագրի Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տրամադրում է տարբեր արժույթներով տասնհինգ միլիոն SDR-ին համարժեք գումարի փոխառություն:
Վարկառուն պարտավորվում է հիմնական գումարի մարումն սկսել 2009 թվականի հուլիսի 15-ից եւ ավարտել 2033 թվականի դեկտեմբերի 15-ին: Ընդ որում, մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ յուրաքանչյուր մուծում կատարվում է տրամադրված գումարի 1.25%-ի չափով, իսկ այնուհետեւ՝ 2.5%-ի չափով:
Վարկառուն միաժամանակ պարտավորվում է օգտագործված վարկային միջոցների դիմաց մուծել տարեկան 0.75%-ի չափով սպասարկման վճար, իսկ չօգտագործված միջոցների դիմաց՝ մինչեւ 0.5%-ի չափով կատարման (պարտավորության) վճար:
Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Միջազգային զարգացման ընկերակցության զարգացման փոխառության համաձայնագրերի նկատմամբ կիրառելի ընդհանուր պայմանները եւ թվով 6 ցանկերը, որոնք վերաբերում են փոխառության միջոցների դուրսգրման կարգին, ծրագրի բովանդակությանը, ապրանքների մատակարարման ընթացակարգերին, ծրագրի իրականացման ընթացքում վարկառուի գործունեության ուղղություններին, հատուկ հաշիվ բացելու եւ դրանից օգտվելու, ինչպես նաեւ ենթավարկային համաձայնագրերի կնքման պայմաններին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1999 թվականի ապրիլի 9-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման փոխառության համաձայնագրում (էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգի ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
23 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ - 163