ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 18 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 հունիսի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախա- գահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սամվել Շահինյանի,

պատասխանող կողմի՝ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Ա. Մովսեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի եւ 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 3 կետի եւ 57 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 18 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սամվել Շահինյանի դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ս. Շահինյանի, Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Ա. Մովսեսյանի բացատրությունները եւ հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայն Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 1999 թվականի մայիսի 30-ի ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության, թիվ 18 ընտրատարածքում քվեարկված 7 պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Աղազարյան Հովիկ՝ 1310, Արամյան Սարիբեկ՝ 280, Կիրակոսյան Արմեն՝ 743, Հովհաննիսյան Մարտին՝ 6801, Մանուկյան Հրաչիկ՝ 1275, Շահինյան Սամվել՝ 551, Պետրոսյան Վադիմ՝ 233։

Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 3-ի որոշմամբ թիվ 18 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Մարտին Հովհաննիսյանը։

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սամվել Շահինյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկում է նշված որոշումը՝ գտնելով, որ թիվ 18 ընտրատարածքում առկա են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերը։

Ըստ դիմող կողմի, Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը թիվ 18 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն ամփոփելիս խախտել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 116 եւ 62 հոդվածների պահանջները եւ հաշվի չի առել ընտրությունների նախապատրաստման, անցկացման եւ արդյունքների ամփոփման ընթացքում տեղ գտած մի շարք օրինախախտումներ։ Մասնավորապես, նշվում է, որ բոլոր 13 տեղամասերում ընտրությունների օրն ընտրացուցակները չեն համապատասխանել իրականությանը, երկու ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանից հանված կնիքները թանաքոտված են եղել, երկու ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների նոր նախագահների նշանակումները Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից կատարվել են ապօրինի եւ այլն։

Դիմող կողմը նշված օրինախախտումները հիմնավորելու համար ներկայացրել է համապատասխան տեղամասերի ընտրացուցակների պատճեններ, Երեւանի քաղաքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների պատճեններ, Երեւանի մի շարք համայնքների առաջին ատյանի դատարանների վճիռների եւ որոշումների պատճեններ, որոշ տեղամասերի ընտրական հանձնաժողովների արձանագրությունների պատճեններ եւ այլ փաստաթղթեր։

3. Պատասխանող կողմը գտնում է, որ պատգամավորության թեկնածու Սամվել Շահինյանի դիմումն անհիմն է եւ ենթակա՝ մերժման, պատճառաբանելով, որ դիմումում նշված օրինախախտումները հիմնականում օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չեն արձանագրվել կամ օրինական կարգով մերժվել են, իսկ արձանագրված օրինախախտումները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։

4. Սահմանադրական դատարանը Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովից պահանջել եւ ստացել է թիվ 18 ընտրատարածքին վերաբերող հետեւյալ փաստաթղթերը.

ա) Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի՝ պատգամավոր ընտրվելու մասին որոշման, ինչպես նաեւ ամփոփիչ արձանագրության պատճենները,

բ) բոլոր 13 ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների ինչպես ամփոփիչ, այնպես էլ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները,

գ) տեղեկանք Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողով մուտքագրված դիմում-բողոքների վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետին համապատասխան պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել նույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Թիվ 18 ընտրատարածքի բոլոր 13 ընտրատեղամասերի՝ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների ուսումնասիրությունից պարզվել է, որ ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը կազմում է 35, իսկ ըստ ամփոփիչ արձանագրության տվյալների՝ 20։

Անճշտությունների այդ չափը չի բացառում ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, քանի որ առավելագույն «կողմ» ձայներ ստացած թեկնածուի եւ հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուի ձայների տարբերությունը կազմում է 5491, որն ավելին է, քան անճշտությունների չափը։

Դիմող կողմի՝ընտրացուցակների մասին փաստարկները վկայում են, որ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը եւ համապատասխան թաղապետարանը թերացել են ՀՀ ընտրական օրենսգրքի 9-14 եւ 42 հոդվածների պահանջները կատարելու հարցում եւ դժվարություններ են ստեղծվել քաղաքացիների ընտրական իրավունքի անկաշկանդ իրականացման համար:

Միաժամանակ, դիմումատուի կողմից բերված կոնկրետ փաստերի ազդեցության գնահատումը վկայում է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վրա:

Հարկ է նշել, որ թիվ 18 ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ մինչեւ 1999 թ. մայիսի 31-ի ժամը 14.00 Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողով ընդհանրապես ոչ մի դիմում-բողոք չի մուտքագրվել։ Դրա մասին է վկայում Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ա. Բալասանյանի կողմից ստորագրված եւ սահմանված կարգով վավերացված տեղեկանքը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սամվել Շահինյանի պահանջը՝ թիվ 18 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին, մերժել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ - 165

print page Տպել էջը