ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 15 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 28 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու՝ սույն գործով դիմող Սամվել Ավետիսյանի ներկայացուցիչներ Գ. Նարիմանյանի եւ Լ. Ավետիսյանի,
պատասխանող կողմի՝ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Վ. Մանուկյանի, Գ. Հովակիմյանի եւ Գ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի եւ 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի, 57 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ի ընտրության արդյունքները վիճարկելու մասին» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սամվել Ավետիսյանի՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, ուսումնասիրելով կողմերի բացատրությունները եւ պարզաբանումները, հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, այդ թվում՝ սահմանադրական դատարանի պահանջով թիվ 0187/15 ընտրատեղամասում ՀՀ գլխավոր դատախազության կողմից անցկացված ստուգման արդյունքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել են պատգամավորության թեկնածուներ Վլադիկ Աբրահամյանը, Սամվել Ավետիսյանը, Սերգո Երիցյանը, Ավագ Թադեւոսյանը, Ռուբեն Թովմասյանը, Սերգեյ Հարությունյանը, Սարգիս Ղազարյանը, Մարգար Մախսուդյանը, Ստեփան Մարգարյանը, Գեւորգ Պետրոսյանը եւ Մյասնիկ Սամվելյանը:
Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների քվեարկությունը թիվ 15 ընտրատարածքում կազմակերպվել է թվով 11 (0178-0188) ընտրական տեղամասերում:
2. Ընտրությունների ավարտից հետո Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովն ստուգել է թիվ 0187/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրությունների համապատասխանությունը ընտրությունների փաստացի արդյունքներին: Հանձնաժողովը՝ կազմով Գ. Հովակիմյանի եւ Վ. Սարգսյանի, ստուգելով թիվ 0187/15 տեղամասի ընտրողների ցուցակը, քվեաթերթիկները եւ թիվ 7, 8 արձանագրությունների պատճենները, իր 04.06.1999 թ. կազմած արձանագրության մեջ նշել է, որ 19 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 120 քվեաթերթիկ պակասել է, փաստաթղթերում բացակայում է մարված քվեաթերթիկների փաթեթը՝ թվով 714 քվեաթերթիկ, որն անճշտության չափը որոշելիս չի հաշվվել:
3. Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը, 1999 թվականի հունիսի 3-ին ամփոփելով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ընտրության արդյունքները, իր 21/15 որոշմամբ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետով, թիվ 15 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ընտրությունը ճանաչել է անվավեր:
4. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սամվել Ավետիսյանը սահմանադրական դատարանին ներկայացրած իր դիմումում եւ գրավոր բացատրություններում նշում է, որ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 3-րդ, 10-րդ կետերի, 116 հոդվածի 5-րդ կետի պահանջները եւ ընտրության արդյունքներն ամփոփել է ոչ թե մինչեւ 03.06.1999 թ. ժամը 24.00, այլ 04.06.1999 թ. գիշերը՝ ժամը 2-4-ը: Քաղաքային ընտրական հանձնաժողովն ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ նիստում չի ներկայացրել մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունը: Մինչեւ նիստն սկսվելը, դիմումատուի վստահված անձ Լ. Ավետիսյանը 03.06.1999 թ. ժամը 19.00-ի սահմաններում հրավիրվել է Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողով, որտեղ եղել է հրավիրված ժամից 20 րոպե հետո, սակայն առանց իր ներկայության արդեն բացվել էին թիվ 0187/15 ընտրատեղամասի փաստաթղթերի փաթեթները:
Դիմումատուն նշում է, որ Լ. Ավետիսյանի, հանձնաժողովի անդամներ Ն. Առաքելյանի, Մ. Տիգրանյանի եւ դիտորդի պահանջը՝ ցույց տալ, թե Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ո՞ր երկու անդամների կամ թեկնածուի վստահված անձի գրավոր պահանջով է (ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի) ստուգվել թիվ 0187/15 ընտրատեղամասի տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին, այդպես էլ չի բավարարվել:
Դիմումատուն նշում է, որ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից կատարված ստուգման արձանագրության մեջ բոլոր թվերը համընկել են ընտրության իրական արդյունքների հետ, բացառությամբ մարված քվեաթերթիկների թվի, որոնց փաթեթն այդպես էլ չի գտնվել:
Դիմումատուի վստահված անձ Լ. Ավետիսյանի կողմից Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովին է ներկայացվել թիվ 15 ընտրատարածքի բոլոր 11 ընտրատեղամասերից տրված, հանձնաժողովների անդամների ստորագրություններով եւ կնիքով կնքված ամփոփիչ արձանագրությունները, որոնց մեջ է եղել նաեւ թիվ 0187/15 տեղամասի արձանագրությունը՝ ստորագրված հանձնաժողովի 7 անդամի, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Վստահված անձի ներկայացրած թիվ 0187/15 տեղամասի ամփոփիչ արձանագրությունում մարված քվեաթերթիկների տողում նշված է եղել 835 թիվը, այն դեպքում, երբ թիվ 0187/15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից հանձնաժողովի 3 անդամի ստորագրած եւ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովին ներկայացրած ամփոփիչ արձանագրությունում մարված քվեաթերթիկների տողում նշված է եղել 714 թիվը:
Ըստ դիմումատուի, չնայած այս ամենին, Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը պատգամավոր ընտրվելու վերաբերյալ որոշում կայացնելու փոխարեն, 6 կողմ եւ 1 դեմ քվեարկության արդյունքով թիվ 15 ընտրատարածքում ընտրությունը ճանաչել է անվավեր:
Հանձնաժողովի նիստից հետո Ս. Ավետիսյանի վստահված անձ Լ. Ավետիսյանի պահանջը՝ իրենց տրամադրել հանձնաժողովի որոշման եւ դրա հիմքում ընկած մյուս բոլոր փաստաթղթերի պատճենները, մերժվել է: Եվ միայն հաջորդ օրն է՝ 04.06.1999 թ., իրենց տրամադրվել 490. 01.06.1999 թ. մուտքագրված թիվ 0187/15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի բացատրագրի պատճենը:
5. Պատասխանող կողմի՝ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վ. Մանուկյանի գրավոր բացատրության համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ընտրությունը Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովն իր 03.06.1999 թ. ընդունված 21/15 որոշմամբ ճանաչել է անվավեր:
Անվավեր ճանաչելու փաստական եւ իրավական հիմք է համարվել անճշտությունների չափը, որն ըստ ընտրական տեղամասերի հետեւյալ պատկերն ունի. 0178-11, 0179-0, 0180-3, 0181-7, 0182-0, 0183-18, 0184-0, 0185-0, 0186-0, 0187-117, 0188-47, ընդամենը՝ 203 անճշտություն:
Ըստ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի թիվ 4 ամփոփիչ արձանագրության, թիվ 15 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներից 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված անձանց օգտին տրվել է՝ Ավետիսյան Սամվել՝ 2134 ձայն, Աբրահամյան Վլադիկ՝ 2014 ձայն:
Ձայների տարբերությունը կազմել է 120: Ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը, որը կազմել է 203, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի, բացառել է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը:
Քաղաքային ընտրական հանձնաժողովի պնդմամբ, որքանով որ թիվ 0187/15 ընտրատեղամասում բացակայում էր մարված քվեաթերթիկների փաթեթը, ուստի անհնար էր դարձել ներկայացված երկու տարբեր ամփոփիչ արձանագրություններում տեղ գտած 835 եւ 714 թվերի ճշմարտացիությունը պարզելու միջոցով ընտրված թեկնածուի վերաբերյալ որոշում կայացնել:
Ըստ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի, իրենց կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի խախտում թույլ չի տրվել, որովհետեւ 1999 թվականի հունիսի 3-ին, օրենքով սահմանված ժամկետում, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վ. Աբրահամյանի վստահված անձ Քաջիկ Հակոբյանի 01.06.1999 թ. դիմում-բողոքի հիման վրա հրավիրված նիստում ստուգվել է թիվ 0187/15 ընտրատեղամասի տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրության փաստացի արդյունքներին, եւ ըստ օրենսգրքի ստուգմանը պատգամավորության թեկնածու Ս. Ավետիսյանի վստահված անձ Լ. Ավետիսյանի մասնակցությունը պարտադիր չէ:
Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը գտնում է նաեւ, որ, չնայած թիվ 15 ընտրատարածքում կայացած ընտրությունների վերաբերյալ որոշումն իրենց կողմից ընդունվել է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից մի քանի ժամ ուշացումով, այնուհանդերձ, այս հանգամանքը, որը պայմանավորված է եղել նիստի տեւողությամբ, չէր կարող ազդել ընտրությունների արդյունքների վերաբերյալ քաղաքային հանձնաժողովի կողմից կայացված որոշման օբյեկտիվության եւ օրինականության վրա, քանի որ խնդիրը զուտ ընթացակարգային է:
Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի բացատրության համաձայն թիվ 15 ընտրատարածքի վերաբերյալ դիմում-բողոքների գրանցման կապակցությամբ տեղ գտած խախտումների պատճառն այն է, որ մատյանի ավարտվելու հետեւանքով դիմում-բողոքները խմբավորվել են եւ միասին գրանցվել նոր մատյանում, որի պատճառով կրում են միեւնույն 555/1 համարը:
Պատասխանող կողմը խնդրում է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ս. Ավետիսյանի դիմումը մերժել:
6. Դիմող եւ պատասխանող կողմերի ներկայացրած ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերի, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի պահանջով ՀՀ գլխավոր դատախազության կատարած ստուգումների արդյունքների ուսումնասիրությունից պարզվեց.
ա/ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 0187/15 ընտրատեղամասում քվեարկությունների ավարտից հետո ի հայտ են եկել տարբեր ամփոփիչ արձանագրություններ: Այսպես, դիմող կողմի ներկայացրած երկու տարբեր ամփոփիչ արձանագրություններում, որոնցից մեկը կնքված է եւ ստորագրված հանձնաժողովի 7 անդամի, այդ թվում հանձնաժողովի նախագահի կողմից, իսկ մյուսը՝ հանձնաժողովի երեք անդամի, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից, մարված քվեաթերթիկների վերաբերյալ տողերում նշված է 835 թիվը, իսկ պատասխանող կողմի ներկայացրած թիվ 7 ամփոփիչ արձանագրությունում, որն ստորագրել է հանձնաժողովի 3 անդամ եւ որտեղ բացակայում է նաեւ թիվ 0187/15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը, մարված քվեաթերթիկների վերաբերյալ տողում նշված է 714 թիվը:
Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովին ներկայացված թիվ 0187/15 ընտրատեղամասի ամփոփիչ արձանագրությունում չի պահպանվել ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածի 4-րդ կետի պահանջը, համաձայն որի՝ «Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը».
բ/ գոյություն ունեցող տարբեր ամփոփիչ արձանագրությունների կապակցությամբ թիվ 0187/15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Շ. Շիրվանյանը դատախազությանը տրված իր բացատրության մեջ նշել է, որ հանձնաժողովի անդամները, քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո, վստահված անձանց պահանջով նախապես լրացրել եւ վերջիններիս են հանձնել ամփոփիչ արձանագրության օրինակները, իսկ այնուհետեւ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովին հանձնել արձանագրության նախնական օրինակը:
Դատախազության կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ քաղաքային հանձնաժողովում հրաժարվել են ընդունել փաստաթղթերը՝ պատճառաբանելով, որ բացակայում են թիվ 1-6 արձանագրությունները, իսկ թիվ 7 եւ 8 արձանագրություններն ստորագրել են միայն հանձնաժողովի 3 անդամներ:
Այս կապակցությամբ Շ. Շիրվանյանը 1999 թ. հունիսի 1-ին Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովին ներկայացրած իր բացատրագրում նշում է. «0187/15 տեղամասային ընտրատարածքում կատարված ընտրություններից հետո հանձնաժողովի բոլոր անդամները աշխատել են ողջ գիշերը, նրանց միջոցով ամփոփվել են ընտրությունների արդյունքները, կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրություններով: Սակայն անփութության պատճառով այդ արձանագրությունները մնացել են վստահված անձերի մոտ, որոնք առավոտյան շուտ դուրս են եկել ընտրատարածքից՝ մեզ մոտ թողնելով նախնական արձանագրությունները, որոնց մեջ բացակայում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությունները (նրանք՝ հանձնաժողովի անդամները նույնպես բացակայում էին ընտրատարածքից)»: Շ. Շիրվանյանն իր բացատրագրում նշում է նաեւ, որ «Հավաստիացնում ենք, որ մենք ձեզ կներկայացնենք արձանագրությունները նորմալ վիճակում: Խնդրում ենք ընդունել թիվ 0187/15 ընտրատարածքից բերված փաստաթղթերը»:
Այդուհանդերձ, թիվ 7 եւ 8 արձանագրությունները Շ. Շիրվանյանը՝ առանց ստորագրության, մնացած փաստաթղթերի հետ միասին ստացականով հանձնել է Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին: Թե ինչու ինքը չի ստորագրել ամփոփիչ արձանագրությունը, Շ. Շիրվանյանը բացատրում է նրանով, որ «կարծել է, թե քվորումի բացակայության պարագայում ինքն իրավունք չուներ հաստատել արձանագրությունները»:
Հանձնաժողովի չորս անդամների՝ դատախազությանը տրված բացատրության համաձայն մարված քվեաթերթիկները նույնպես մնացած փաստաթղթերի հետ միասին հանձնվել են Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովին:
Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից տրված ստացականի համաձայն Շ. Շիրվանյանը հանձնաժողովին չի հանձնել միայն մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների վերաբերյալ կազմված թիվ 1, 2, 3, 4, 5 եւ 6 արձանագրությունները:
Դատախազության ստուգմամբ պարզվել է, որ 22.06.1999 թ. թիվ 0187/15 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի եւ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ արխիվում ստուգվել է պարկի մեջ գտնվող թիվ 0187/15 ընտրատեղամասին առնչվող փաստաթղթերի առկայությունը: Ստուգումը ցույց է տվել, որ նշված պարկը կնքված չի եղել եւ դրա մեջ գտնվել են մի քանի այլ տեղամասերի վերաբերող ընտրական փաստաթղթեր: Չնայած գործավարության մատյանը գտնվել է պարկում, սակայն այնտեղ չի եղել մարված քվեաթերթիկների փաթեթը:
Դատախազությանը տրված թիվ 0187/15 ընտրատեղամասի հանձնաժողովի 4 անդամի բացատրության համաձայն Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովին ներկայացրած թիվ 7 ամփոփիչ արձանագրության մեջ մարված քվեաթերթիկների թիվը սխալմամբ նշել են 714 հատ: Իսկ Շ. Շիրվանյանն այս կապակցությամբ իր բացատրության մեջ նշել է, որ երկրորդ արձանագրությունը կազմելիս նկատի են ունեցել միայն պահարանից հանված 708 եւ 6 չօգտագործված եւ հետագայում մարված քվեաթերթիկները: Նշված քանակին հանձնաժողովը չի գումարել հանձնաժողովի անդամների կողմից հանձնված 121 չօգտագործված քվեաթերթիկները, որի դեպքում քվեաթերթիկների քանակը կկազմեր 835:
Դատախազության ներկայացրած եզրակացության եւ գործի քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն հանձնաժողովի 7 անդամների կողմից կազմված արձանագրության տվյալները համապատասխանում են իրականությանը եւ օրենսդրության պահանջներին, իսկ հանձնաժողովի 3 անդամների ստորագրությամբ երկրորդ արձանագրությունը կազմելու անհրաժեշտություն, ինչպես նաեւ իրավական հիմքեր չեն եղել:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածի՝ քվեարկության ավարտից մինչեւ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել: Սրանից հետեւում է, որ քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության կազմման եւ դրա հիման վրա անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրության կազմման գործընթացն ունի շարունակական՝ մեկը մյուսին հաջորդող բնույթ: Եվ, հետեւաբար, այս սկզբունքի խախտմամբ եւ հանձնաժողովի նիստից դուրս ընկած ժամանակահատվածում ստեղծված ամփոփիչ կամ անճշտությունների չափի վերաբերյալ ցանկացած արձանագրություն ընտրությունների արդյունքների ամփոփման եւ ընտրված պատգամավորության թեկնածուին որոշելու օրինական հիմք չեն կարող հանդիսանալ:
7. Նկատի ունենալով, որ դիմող կողմի ներկայացրած՝ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով ընտրությունների Երեւանի թիվ 0187/15 ընտրատեղամասի թիվ 7 ամփոփիչ արձանագրությունն ստորագրված է հանձնաժողովի յոթ անդամների, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից, կնքված է պատշաճ ձեւով եւ հանդիսանում է բնօրինակ, հաշվի առնելով, որ դրա իսկությունը եւ օրինականությունը պատասխանող կողմի բացատրություններում եւ կամ դատախազության ստուգման արդյունքներում չի վիճարկվում, այն կարելի է համարել որպես նշված ընտրատեղամասում մեծամասնական ընտրակարգով ընտրության ամփոփման իրավական հիմք:
Միաժամանակ, գործի քննությամբ պարզվեց, որ թիվ 15 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունն անվավեր ճանաչելու այլ բավարար հիմքեր նույնպես չկան:
Հաշվի առնելով, որ թիվ 0187/15 ընտրատեղամասում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմում է ոչ թե 714, այլ՝ 835, ուստի այս ընտրատեղամասում ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկված անճշտությունների թիվը կազմում է ոչ թե 117, այլ՝ 4, իսկ թիվ 15 ընտրատարածքում անճշտությունների ընդհանուր թիվը կազմում է 90, որն ավելի փոքր է, քան առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների օգտին տրված ձայների տարբերությունը (120):
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սամվել Ավետիսյանի պահանջը, ուժը կորցրած ճանաչել Երեւանի թիվ 15 ընտրատարածքից ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի 21/15 որոշումը, ընտրված պատգամավոր համարել Սամվել Ավետիսյանին:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
28 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ - 166