ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 39 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 28 հունիսի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Կ. Մարտիրոսյանի ներկայացուցիչներ Ա. Վարելջյանի, Ս. Մկրտչյանի, Վ. Զուռնաչյանի,

պատասխանող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Ա. Մանուկյանի, Լ. Հարությունյանի, Ջ. Ծատուրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի եւ 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի եւ 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Կիմ Մարտիրոսյանի՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը:

Սահմանադրական դատարանը, 1999 թվականի հունիսի 15-ի նիստում քննարկելով պատգամավորության թեկնածուի դիմումը, աշխատակարգային որոշում է կայացրել՝ գործն ընդունել քննության:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39, 40 եւ 41 հոդվածների, սահմանադրական դատարանի որոշմամբ սույն գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովը:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, կողմերի եւ նրանց ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով դիմումը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. 1999 թվականի մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքում, համաձայն Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի 03.06.99 թ. որոշման, պատգամավոր է ընտրվել Տարոն Սահակյանը: Նույն ընտրատարածքում երկրորդ տեղն է զբաղեցրել պատգամավորության թեկնածու Կիմ Մարտիրոսյանը: Ըստ դիմումատուի, ձայների տարբերությունն է 328: Սակայն, ըստ Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Տարոն Սահակյան՝ 2538 ձայն, Կիմ Մարտիրոսյան՝ 2199 ձայն, որոնց տարբերությունը կազմում է 339: Այս թիվը հաստատվում է նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրություններով:

2. Դիմող կողմի այն փաստարկը, թե 1005 քաղաքացիների դիմումներ՝ իրենց անուններն ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջով, քննության չեն առնվել Արմավիրի քաղաքապետի կողմից, օրենքով սահմանված կարգով չի հիմնավորվել:

3. Դիմող կողմը հայտնում է նաեւ, որ թիվ 0649 տեղամասային կենտրոնին հատկացվել է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսվածից 150-ով պակաս քվեաթերթիկ: Այս փաստը հաստատվում է նաեւ թիվ 0649 տեղամասի ամփոփիչ արձանագրությամբ, որտեղ նշված են ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը (381) եւ հատկացված քվեաթերթիկների թիվը (250): Դիմումատուն չի նշում, թե այդ խախտումը ի՞նչպես եւ ի՞նչ չափով է, ըստ իրեն, ազդել քվեարկության արդյունքների վրա, այլ հայտնում է միայն, որ նշված խախտման «նպատակն անհայտ է եւ հնարավորություն է ստեղծում կեղծիքներ կատարելու համար»: Պատասխանող կողմը պարզաբանեց, որ այդ քվեաթերթիկներն արձանագրությամբ վերադարձվել են ՄԸՀ՝ երբ ճշգրտվել է ընտրողների 381 թիվը:

4. Դիմումատուի կողմից նշված քվեաթերթիկների պահպանման՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 53 հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգի խախտումը, որը, ըստ նրա դիմումի, տեղի է ունեցել թիվ 0640, 0641, 0642 տեղամասերում, քննության է առնվել Արմավիրի առաջին ատյանի դատարանի կողմից եւ վճռի նկարագրական մասում արձանագրվել է, որ «0642 տեղամասի ընտրական փաստաթղթերի պարկի վրայի թափանցիկ մեկուսիչ ժապավենով ամրացված սպիտակ թուղթը մի մասից պոկվել էր եւ կնիքն էլ լավ չէր երեւում» (Արմավիրի առաջին ատյանի դատարանի 03.06.99 թ. վճիռ, էջ 2): Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել այդ խախտման հետեւանքը գնահատելոււ հարցին, սակայն, սույն տեղամասի անճշտությունների վերաբերյալ արձանագրության մեջ անճշտությունների չափն է 4, իսկ հաշվարկի բազային թվերը համապատասխանում են ամփոփիչ արձանագրության թվերին: Թեպետ, ամփոփիչ արձանագրության մեջ կան թվային շտկումներ, սակայն տառերով գրված թվերը հավաստում են, որ շտկված թվերը ճիշտ են:

5. Դիմող կողմը վիճարկում է անճշտությունների չափը ողջ ընտրատարածքում, հատկապես շեշտելով թիվ 0645 ընտրական տեղամասը, որտեղ փաստացի անճշտությունների թիվը, ըստ դիմումատուի, մոտ 500 է, իսկ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրության մեջ նշված է 5: 1999 թվականի մայիսի 31-ին թեկնածուի վստահված անձ Ֆ. Մանվելյանը, նշելով թիվ 0645 տեղամասում, ըստ իրեն, տեղ գտած կոպիտ խախտումները, դիմել է վերադաս ընտրական հանձնաժողով՝ նշված տեղամասի ընտրական փաստաթղթերն ստուգելու պահանջով: Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքում նշվում է, որ «հիմք ընդունելով Արմավիրի առաջին ատյանի դատարանի 01.06.99 թ. որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասին ... ՄԸՀ որոշեց ընտրական փաստաթղթերի ստուգումը կատարել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում»: Սակայն դատարանի կողմից ստուգվել են միայն թիվ 0640, 0641 եւ 0642 տեղամասերի ընտրական փաստաթղթերը, իսկ թիվ 0645 տեղամասինը հանձնաժողովի կողմից չեն ստուգվել ըստ մարզային ընտրական հանձնաժողովի թիվ 14 արձանագրության (1999 թ. 02.06)՝ դիմումն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու պատճառով:

6. Սահմանադրական դատարանը, քննության առնելով անճշտությունների չափը, հիմք ընդունելով Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական դատարանի պահանջով ներկայացված փաստաթղթերի պաշտոնական պատճեններում նշված թվերը, արձանագրում է, որ անճշտությունների թվի որոշման հարցում սխալ է թույլ տրվել: Այսպես, Արմավիրի թիվ 39 ընտրատարածքում մարզային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության 11-րդ կետում անճշտությունների թիվը նշված է 0, սակայն ըստ տեղամասային համապատասխան արձանագրությունների այն կազմում է 25:

7. Քանի որ դիմումատուն հատկապես նշում է թիվ 0645 տեղամասում անճշտությունների վերաբերյալ տվյալների անհամապատասխանությունն իրականին, եւ որ հենց այդ տեղամասի ընտրական փաստաթղթերն ստուգելու՝ վստահված անձի պահանջը, ինչպես վերը նշվել է, մերժվել է, սահմանադրական դատարանի կողմից ուսումնասիրվել են նշված տեղամասի թիվ 7 եւ թիվ 8 արձանագրությունները, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի որոշմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել է տեղեկանք թիվ 0645 ընտրական տեղամասում մարված քվեաթերթիկների թվի վերաբերյալ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 4-րդ կետին համապատասխան անճշտությունների թիվը պարզելու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական դատարան է ներկայացվել մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի ընտրության Արմավիրի մարզի թիվ 39 ընտրատարածքի թիվ 0645 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի թիվ 8 արձանագրության՝ օրենքով սահմանված կարգով հաստատված պատճենը, ինչպես նաեւ ստուգումների վերաբերյալ արձանագրություններ, որոնք փաստում են մարված քվեաթերթիկների 1450 թիվը: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի հիմքով սահմանադրական դատարանն իրավասու չլինելով քննության առարկա դարձնելու գործին առնչվող փաստական հանգամանքները, արձանագրում է, որ կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովների կողմից խախտվել է ընտրական փաստաթղթերի պահպանման՝ օրենսդրությամբ սահմանված կարգը, եւ այս առնչությամբ իրավասու մարմինները պարտավոր են քննություն կատարել:

Հիմք ընդունելով անճշտությունների չափի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալները, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանց ընդհանուր թիվը կազմում է 61, որը չի գերազանցում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին կողմ տրված ձայների տարբերությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Կ. Մարտիրոսյանի պահանջը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, մերժել:

2. Գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ - 168

print page Տպել էջը