ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ Ի ԴԵՄՍ «ՔՈՄՈԴԻԹԻ ՔՐԵԴԻԹ ՔՈՐՓՈՐԵՅՇՆԻ», ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ Ի ԴԵՄՍ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 20 օգոստոսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գ. Շահբազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ ի դեմս «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշնի», և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջև գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին 1999 թվականի օգոստոսի 4-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Շահբազյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի օգոստոսի 4-ին՝ Վաշինգտոնում, որի համաձայն «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշնի» կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու է տասը միլիոն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով ապրանքային վարկ:
Համաձայնագրով «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշնը» պարտավորվում է վարկի պայմաններով ֆինանսավորել 8.1 մլն ԱՄՆ-ի դոլար արտահանման առավելագույն շուկայական արժեքով գյուղատնտեսական ապրանքների վաճառքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված գնորդներին, եւ 1.9 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով՝ օվկիանոսային բեռնափոխադրումները:
Վարկի մարումն սկսվելու է համաձայնագրով նախատեսված գյուղատնտեսական ապրանքների վերջին առաքումից հետո հինգ տարի անց եւ իրականացվելու է քսանվեց տարվա ընթացքում՝ հերթական ամենամյա հավասարաչափ վճարումների միջոցով:
Կողմերը պարտավորվում են ապահովել մասնավոր առեւտրականների արդյունավետ գործունեության ծավալմանը նպաստող առեւտրի պայմաններ, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ համաձայնագրով գնվող գյուղատնտեսական ապրանքների վերավաճառքն այլ երկրների կամ երկրի ներքին կարիքներից բացի այլ նպատակներով դրանց օգտագործումը կանխելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է նաեւ համաձայնագրով նախատեսված գյուղատնտեսական ապրանքներն ամբողջությամբ վաճառել հասարակական աճուրդով և մրցունակ շուկայական գներով, եւ դրանց վաճառքից ստացված եկամուտները մասնավորապես նպատակաուղղել երկրի պարենային ապահովվածության բարելավմանը և գյուղատնտեսության զարգացմանը, այդ թվում գյուղատնտեսության մասնավոր սեկտորի վարկավորման համակարգի բարեփոխմանը, գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին աջակցելուն, ինչպես նաեւ վարկատուի
կողմից վարկային պայմաններով տրամադրվող ապրանքների վաճառքից գոյացած հասույթի տասը տոկոսը կամ ոչ պակաս մեկ միլիոն ԱՄՆ-ի դոլար հատկացնել Հայաստանում գյուղատնտեսական ոլորտում 1998-1999 թթ. երաշտի հետեւանքների վերացման ծրագրին:
Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ՝ այդ մասին միմյանց ծանուցելու պահից:
Սահմանադրական դատարանն արձանագրեց նաև, որ սույն համաձայնագիրը կիրառելու ընթացքում ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի պահանջներն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է իրականացնել համալիր միջոցառումներ, որը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի հիման վրա սահմանադրական դատարանի կողմից կգնահատվի գյուղատնտեսության ոլորտի միջազգային համաձայնագրերի իրավակիրառական պրակտիկան ուսումնասիրելիս:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ ի դեմս «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշնի», և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջեւ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին 1999թ. օգոստոսի 4-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 օգոստոսի 1999 թվականի
ՍԴՈ - 169