ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 30 օգոստոսի 1996 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի, մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի, ինչպես նաեւ դատարանի կողմից նիստին հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ Պ. Սաֆարյանի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով, դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախա-գահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հա-յաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Բարխու-դարյանի բացատրությունները, ինչպես նաեւ հրավիրվածներ Մ. Ալեք-սանյանի եւ Շ. Ավագյանի պարզաբանումները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրն ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երեւանում։ Պայմանագրի նպատակն է Կողմերի միջեւ համագործակցության զարգացումը, կապիտալ ներդրումների պաշտպանության եւ խրախուսման փոխադարձ բարենպաստ պայմանների ստեղծումը։

Պայմանագրով կարգավորվում է կապիտալ ներդրումների համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը՝ կապված մի պայմա-նավորվող կողմի տարածքում մյուս պայմանավորվող կողմի քաղաքա-ցիների եւ իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության, հնարավոր վեճերի լուծման կարգի հետ։ Պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող արձանագրությունում ճշգրտվում են պայմանագրի առանձին հոդվածների դրույթները։

Պայմանագրում սահմանված են նաեւ պայմանագրի ուժի մեջ մտնելու, տեւողության եւ գործողության դադարեցման կարգը։

Պայմանագրի առանձին դրույթների քննարկման արդյունքում սահմանադրական դատարանը եկավ այն եզրակացության, որ կապիտալ ներդրումների բռնագրավման, պետականացման կամ ներգործությամբ բռնագրավմանը կամ պետականացմանը հավասարեցված այլ միջոցառումների մասին պայմանագրի 4 հոդվածի 2 կետով նախատեսված դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածով նախատեսված սեփականության օտարման պայմաններին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածով սահմանված է, որ. «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ»։ Մինչդեռ, պայմանագրի նշված հոդվածով նախատեսվում է կապիտալ ներդրումների բռնագրավում, պետականացում կամ ներգործությամբ բռնագրավմանը կամ պետականացմանը հավասարեցված այլ միջոցառումների իրականացում՝ հասարակական շահերից ելնելով։

Ընդ որում, ըստ պայմանագրի փոխհատուցման չափը որոշելու եւ վճարելու համար պետք է հոգ տարվի բռնագրավման, ազգայնացման կամ իր բնույթով համանման միջոցառման իրականացման պահից ոչ ուշ, որը լիարժեքորեն չի կարող ապահովել նախնական փոխհատուցումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաս-տանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդված-ներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երեւանում ստորագրված պայմանագրի 4 հոդվածում ամրագրված պարտավորությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


30 օգոստոսի 1996 թվականի
ՍԴՈ-17

print page Տպել էջը