ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 28 սեպտեմբերի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան, մուտքագրված՝ 15.09.1999 թ.:
Ծանոթանալով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդմանը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությանը, ուսումնասիրելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Երեւանում՝ Կողմերի միջեւ կանոնավոր միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման ու իրականացման եւ սահմանված երթուղիների շահագործման նպատակով: Համաձայնագիրը համահունչ է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում կնքված կոնվենցիայի դրույթներին, որին միացել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:
Համաձայնագրով Կողմերը փոխպայմանավորվածության հիման վրա իրավունք ունեն նշանակելու ավիաընկերություններ, կատարելու առանց վայրէջքի թռիչքներ միմյանց տարածքով, ոչ առեւտրական նպատակներով վայրէջք կատարելու նշված տարածքում, սույն համաձայնագրին կցված երթուղային չվացուցակներում նշված կանգառներում օդանավ վերցնելու կամ օդանավից իջեցնելու ուղեւորներ, փոստ եւ բեռներ, Կողմերի տարածքներում ունենալու իրենց ներկայացուցչությունները, միմյանց տրամադրելու համապատասխան տեղեկատվություն: Սահմանվել են նաեւ ավիաընկերություններին շահագործման լիազորություններ տրամադրելու եւ այդ նպատակով նախատեսված իրավունքները դադարեցնելու պայմանները:
Ըստ համաձայնագրի՝ Կողմերը պարտավորվել են նաեւ միմյանց օգնություն ցույց տալ ավիացիոն անվտանգությանն առնչվող հարցերում:
Համաձայնագրով սահմանված է սակագների հաստատման, մաքսա- տուրքերից եւ այլ հարկերից ազատման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
28 սեպտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 171